Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՀՀԿ-ն «Ելքի» սլաքներն ուղղում է դեպի կառավարություն

ՀՀԿ-ն «Ելքի» սլաքներն ուղղում է դեպի կառավարություն
03.10.2017 | 21:50

Խորհրդարանում բուռն քննարկվեց «Ելքի»` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը թանկ է նստելու Հայաստանի վրա, ընդդիմադիրներն էլ հակառակն են փաստում, թե ԵԱՏՄ-ում մնալն է մեծ վնասներ հասցնում մեզ: Սակայն երկու կողմերն էլ ակնհայտ փաստարկների պակաս ունեն: Այսինքն, ոչ «Ելքն» է կարող հիմնավորել, եթե դուրս ենք գալիս այդ միությունից, ինչ հեռանկար է սպասում Հայաստանին, ինչ ենք շահում կամ կորցնում, ոչ էլ իշխանությունն է տվյալներ հստակ նշում, թե ինչ շահեց այս տարիներին Հայաստանը` լինելով այդ Միության անդամ: Հատկապես որ հակառակի մասին են խոսում տնտեսական ցուցանիշները: Ասել է` երկուսն էլ անկեղծ չեն հասարակության հետ, երկուսն էլ չեն ասում, թե, օրինակ, ԵԱՏՄ-ից զրկվելով, Հայաստանին ինչ քաղաքատնտեսական վիճակ է սպասում (իսկ որ լուրջ ու ռեալ վտանգներ են չոքելու մեր դռանը, կասկածից վեր է), կամ ինչու չենք խոստովանում, որ անդամակցության տարիներին մեր երկիրը ոչինչ չշահելով, նաև բավական շատ կորուստներ ունեցավ և՛ քաղաքական, և՛ տնտեսական հարթակներում: ՈՒ պետք չէ հիմա ամեն քաղաքական ուժ, սեփական շահից ելնելով, ԵԱՏՄ-ի անդամակցությունը դարձնի մեր փրկության օղակը կամ մահվան մահիճը:


Այս ողջ քննարկումների ընթացքում իշխանության ներկայացուցիչները որոշ հետաքրքիր մտքեր արտահայտեցին: Օրինակ, Էդուարդ Շարմազանովը, դիմելով «Ելքին», ասաց. «Ես չեմ հիշում, որ «Ելք» դաշինքն ընտրությունների ժամանակ խոսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Էդ հլը հարց է՝ որ հայտարարեիք ԵԱՏՄ-ից դուրս եք գալիս, 7 տոկոսը կհաղթահարեիք, թե չէ»: Նախ` ԱԺ փոխխոսնակը շատ չի՞ գերագնահատում խորհրդարանական ընտրություններում «գաղափարական» պայքարի գործոնը: Իսկ մի՞թե այդ ընտրության ժամանակ գաղափարների միջև պայքար տեղի ունեցավ, մարդկանց հետաքրքիր չէին անգամ ներքին հարցերի կարգավորման մոտեցումները, էլ ու՜ր մնաց արտաքին քաղաքական ուղղություններին ուշադրություն դարձնեին: Կարևորը տասը հազար դրամը, թաղային հեղինակությունը և ՀՀԿ-ի մյուս լծակներն էին, որոնք հիանալիորեն իրենց դերը խաղացին: Ով էր այդ մրցավազքում հետևում, թե քաղաքական ուժերն ընդհանրապես ինչի մասին էին խոսում: Սակայն եթե մեկ այլ կողմից ենք մոտենում Շարմազանովի մտքին, լիովին այլ բան է ստացվում: Փաստ է, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ ռուսական հետքը բավական մեծ է, և այս խորհրդարանի ընտրությունից հետո շատ վերլուծաբաներ հայտարարեցին, թե սա ամբողջովին ռուսամետ խորհրդարան է: ԱԺ խոսնակի ասածից կարելի է ենթադրել, որ եթե «Ելքը» ԵԱՏՄ-ի անդամակցության դեմ այն ժամանակ խոսեր, մի՞թե Ռուսաստանը թույլ կտար Հայաստանի խորհրդարանում նման քաղաքական ուժ մտներ: Փաստորեն, երկսայրի հայտարարություն է արել Էդուարդ Շարմազանովը, սակայն այս հարցում նա միակը չէ իր խմբակցությունում:


Արմեն Աշոտյանը ևս այս առումով ակնարկ արեց ընդդիմադիրներին, որոնք ապրիլյան պատերազմը կապում են ԵԱՏՄ-ի հետ. «ԵԱՏՄ-ն կապված է ապրիլյան պատերազմի հետ այնքան, որքան «Ելքի»՝ ԱԺ-ում հայտնվելը կապ ունի ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ: Ես կարող եմ ասել, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ դուք մտաք խորհրդարան, եթե ուզենամ այդպես ասել»: Ասածը կրկին Ռուսաստանի «դաբրոյի» մասին է հուշում: Սակայն Աշոտյանն ավելի առաջ գնաց և մեկ այլ համեմատություն արեց, որն այս անգամ ուղղված էր սեփական «դարպասին»: «Եթե ձեր բերած հայտարարության մեջ բոլոր տնտեսական ցուցանիշները իրական են, դա խոսում է կառավարության վատ աշխատանքի մասին: Ինչու՞ չեք պահանջում կառավարության հրաժարականը, պահանջում եք ԵԱՏՄ-ից դուրս գալը»: Այստեղ արդեն ներքին ինտրիգ կա, և խոսքն ամենևին էլ ընդդիմադիրների պահվածքի մասին չէ: Հատկապես, որ «Ելք» խմբակցության անդամները պարբերաբար նշում են, թե իրենց տվյալները վիճվարչության տեղեկագրքից են, այսինքն` պաշտոնական են: Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչը ընդդիմությանն ուղղություն է ցույց տալիս, թե ում թիրախավորեն, ընդ որում` բաց տեքստով:


Ավելին, բոլորին, այդ թվում` իշխանության ներկայացուցիչներին, պարզ է, չէ՞, որ տնտեսական ցուցանիշները հուսադրող չեն, այսինքն` այդ 4,5 տոկոս աճի խոստումը փոշիանում է, երբ շարքային քաղաքացու աշխատավարձը, թոշակը չեն բարձրանում, ապրանքների գները բարձրանում են, իսկ արտաքին պարտքն էլ 7 մլրդ-ի շեմը հատում է: Այսքանից հետո էլ ուղիղ խոսքն ինչպե՞ս են ասում: ՀՀԿ մի փոխնախագահը`Արմեն Աշոտյանը, «Ելքին» առաջարկում է թիրախները փոխել և խոսել ՀՀԿ մյուս փոխնախագահի` Կարեն Կարապետյանի կառավարության բացերի մասին: Սա արդեն ԵԱՏՄ-ի անդամակցության կամ այն դադարեցնելու պատմություն չէ, այլ ներիշխանական պայքար, որին, ըստ Աշտյանի, պետք է լծվի նաև «Ելքը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ