Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արամ Սարգսյան. Այստեղ ու հիմա քննարկվում է Հայաստանի Հանրապետության անկախության հարցը

Արամ Սարգսյան. Այստեղ ու հիմա քննարկվում է Հայաստանի Հանրապետության անկախության հարցը
03.10.2017 | 22:27

ԱԺ նիստում «Ելքի» առաջնահերթ ճանաչված նախագծի քննարկման ժամանակ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ելույթի սկզբում առաջարկեց մի կողմ դնել թվերը, փաստերը, վիճակագրությունը.

«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումը ապացուցեց` ով չի ուզում տեսնել, կեսօրին էլ կասի` ինչ մութ գիշեր է: Փաստացի` մենք այսօր պատասխանում ենք հարցին` ի՞նչ Հայաստան ենք ուզում ունենալ: Հայաստանում չի եղել իշխանություն, որ Նոբելյան մրցանակակրի մակարդակով չներկայացնի իր տեսլականը` չխնայելով ածականները ու հավելելով, որ իրեն ժամանակ է պետք: ՈՒնի՞ Հայաստանն այդ ժամանակը: Սա է խնդիրը: Դուք այսօր կարող եք,ինչպես 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո, փառաբանել աշխարհի եվրասիական հատվածը, որտեղ երկրային դրախտն է, որի դուռը միայն ձեզ համար արդարացված, իմաստուն գիշերային որոշումով բացվեց Հայաստանի առաջ: Ձեզնից որևէ մեկը կասի, թե քանի՞ երեխա չի ծնվել Հայաստանում, որովհետև տան տղամարդը մեկնել է արտագնա աշխատանքի։ Քանի՞ երեխա է մեծանում որբի կարգավիճակով` նույն պատճառով: Քանի՞ կին է ստիպված տան տղամարդը դարձել։ Քանի՞ փակ ու բաց դագաղ է Հայաստան եկել ու քանի՞ տան դուռ է փակվել:


Գիտեք, թե ո՞րն է մեր ու ձեր տարբերությունը: Մենք ուզում ենք հայը մնա Հայաստանում ու իր տանը աշխատանք ունենա, ոչ թե գնա օտար աշխարհներ ու պատանդ դառնա` պատանդ դարձնելով իր ընտանիքն ու հայրենիքը: Մենք մեր հայրենիքը չենք տեսնում սպասարկման ոլորտում կամ առավելագույնը հումք արտահանող, մենք մեր հայրենիքում ուզում ենք արդյունաբերություն վերականգնել ու գյուղատնտեսությունը չդարձնել լոլիկի ու ծիրանի գերի: Կամ էլ` խաղողի:


Դուք ասում եք` փոփոփոխությունն անհնար է, մենք ցույց ենք տալիս հնարավորությունների տեղը: Դուք շարունակ անլիարժեքության բարդույթ եք զարգացնում` փոքր ու աղքատ երկիր լինելու, չավարտված պատերազմի, հարևանների ու էլի մեկ տասնյակ պատճառներով: Մենք ասում ենք` ելք կա:
Ելքը մեր մեջ է: Հայաստանի Հանրապետությունը երբեք չի լինի անկախ պետություն` ունենալով կախյալ իշխանություն, որի երազանքների գագաթնակետը Ռուսաստանի անվան Հայաստանի Հանրապետություն դառնալն է:


Մեր անկախությունն ավարտվեց 1999-ի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակի շքերթում եղբորս հպարտության արցունքներով և հոկտեմբերի 27-ին այս դահլիճում կատարված սպանություններով: Դրանից հետո ձեր ընթացքը եղել է ՙԱմեն ինչ` իշխանության դիմաց՚ կարգախոսով: Այդպես հանձնել եք շարժական ու անշարժ գույք, տնտեսություն, ընդերք, երկինք, անվտանգություն, վերջինը` ապահովագրական համակարգերը: Այստեղ ու հիմա քննարկվում է Հայաստանի Հանրապետության անկախության հարցը, և մեծամասնությունը խրոխտ ՙոչ՚ է ասում անկախությանը` սա է իրականությունը: Մտածեք էս երկրի մասին` ձեր մասին մտածելուց առաջ ու անգամ հետո: Պատասխանատվությունը ձեր քայլերի համար դուք եք կրելու` այսօր, թե վաղը։ Մնացածը թող դատի Աստված ու մեր ժողովուրդը»:

Դիտվել է՝ 2069

Մեկնաբանություններ