Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արորդու խաչը

Արորդու խաչը
04.10.2017 | 13:32

Նա շրջանցեց իր պատանեկությունը և քայլեց դեպի հասունություն, անցավ փորձությունների միջով և կրեց իր խաչը, կրեց պատվով, հավատով և քրիստոնեական սիրով:

Անհնար է կշռել խաչի ծանրությունը: Յուրաքանչյուրս իր խաչն է կրում, ոմանք` լուռ ցավով, մյուսները` տառապանքը դրոշ դարձրած, ոմանք էլ` ճանապարհի կեսին խաչը վայր են դնում և «գաղտագողի» հեռանում: Բայց. դե, խաչը չի ներում հեռացողին:
Երևանի Նալբանդյան փողոցում նրան ճանաչում էին մեծն ու փոքրը: Վտիտ, շարժուն և հայացքում հասուն այրին բնորոշ որձաքար կար: Նա դիրքերում էր, երբ ուրվագծվում էր հանրային վտանգ, նա «երևանյան ճշտի» կրողն էր և խնդիրներ էր լուծում, երբ ինչ-որ մեկը փորձում էր խախտել համակեցության նորմերը, մյուսն էլ անվտանգության արժեհամակարգը արհամարհելով ձգտում էր միջավայրում կայանալ որպես տեղական խաժամուժի առաջնորդ:
Նա դուրս եկավ ճանապարհ: Ռազմաճակատը շատերի ճակատը պճնեց պսակով, ոմանց ուսերին էլ իջեցրեց հաղթանակի դափնեպսակները:


Հաղթանակից հետո ազատամարտի մասնակիցները` զինվորից մինչև հրամանատար, հայտնվեցին «խաղաղ գոյակցության» ռազմաճակատում: Պսակակիր-դափնեկիրներից ոմանք աներեր գտան «Տաճար» տանող ճանապարհը, որը հասցնում էր բազալտակոփ դղյակ և մարմարակերտ շոգեբաղնիք: Քաղաքական համակարգը իսկույն բացեց դավերով խորիզված թատերախաղի վարագույրը հաղթանակի պտուղները վայելելու պատրաստ ազատամարտիկների առաջ: Շատերը սայթաքեցին լպրծուն գայթաքարերով շարված նորահայտ մայրուղու վրա, շատերը շեղվեցին մայրուղուց և վերադարձան իրենց սովալլուկ օջախը, որտեղ չարքաշ ընտանիքն էր և ամբարված կարոտը: Նաև` քաղաքական համակարգի քինոտ գթասրտությունը` մեկ-երկու մեդալի, երկու-երեք պատվոգրի, չորս-հինգ բուռ լոբու և ալյուրի տեսքով: Եվ ամենանշանակալիցը` տոնահանդեսներում վերին օթյակում մի պահ հայտնվելու, վերնադասայինների հետ մի պատառ հաց կիսելու վեհագույն պատիվը:
Գևորգ Գևորգյանը` որդին Ալեքսանդրի, ուղիղ 14 տարեկան էր, երբ ազգը կանգնել էր պատմության հերթական խաչմերուկում և պետք է կատարեր իր դարակազմիկ ընտրությունը` հնազանդվել և ծնկի՞ գալ, թե՞ անկախացնել Հայաստանը, միավորել Արցախը երկրին, այլ կերպ ասած` ջրել հայկական կենաց ծառը:


1989-ի ապրիլի 25-ին նա անդամագրվեց Հայոց ազգային բանակին` հռչակավոր ՀԱԲ-ին: Այդ օրը Գևորգը 14 տարեկան էր, սակայն, հստակ գիտակցում էր, որ հայոց կազմավորվող բանակներին անհրաժեշտ է հատուկ մարտական պատրաստություն, որ նվիրումն ու արիությունը հաճախ բավարար չեն հաղթանակի համար:
1989-ին ազգային ազատամարտում լեռնանում էր մի այլ գաղափարակիր մարտիկ` Լեոնիդ Ազգալդյանը, որը ձևավորում էր հայկական բանակի հայեցակարգային հենքը, հանձին «Ազատագրության բանակ» զորամիավորման:


Նրանց բաժանում էին ափաչափ մի երկրամաս և կյանքի 33 տարիներ:
Գևորգը թրծվեց բազում մարտերում, հետագծեց իր մարտական ուղին նվիրյալ զինվորների հետ` Խոջալու, Շուշի-Լաչին, Լիսագոր և Դրմբոն, Չլդրան և Կիչան, շատ այլ գյուղեր և շեներ Հայաստանում ու Արցախում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսային մասսահայաց եզերքում:
Մարտերը կենաց-մահու էին: Պատանեկությունը Նալբանդյան փողոցին ի պահ հանձնած և որձաքարի կուռ ամրությունը աչքերում պահող խիստ վաղաժամ հասակ առած Գևորգը հրադադարի օրը 19 տարեկան էր և դեռ մանուկ հոգում սրբություն սրբոցի նման պահպանում էր հաղթական ուղու անմեկնելի բերկրանքն ու զինընկերների ողջակիզման կսկիծը:
Հայկական լեռնաշխարհի հյուսիսում հայկական Կենաց ծառը ծաղկում էր և փթթում, զի նրա զինվորները Թորգոմի տնից էին` Մովսես Գորգիսյան, Թաթուլ Կրպեյան, Սիմոն Աչիկգյոզյան, Լեոնիդ Ազգալդյան, Վազգեն Սիսլյան, Վլադիմիր Բալայան:


Տակավին երիտասարդ տղաներ (Մովսես, Թաթուլ, Վլադիմիր), լիարյուն ձևակերտված այրեր (Սիմոն, Լեոնիդ և Վազգեն) և մի մանչ` Գևորգը Գևորգյան:
Դպրոցական տարիներին նա իր «տաճարը» հայտնաբերեց, թաքուն բոլորից, սակայն, ի սպաս ամենեցուն: «Տաճարը» կերտեց և դարձավ «տաճարի» պատգամաբերը:
Մարտարվեստի տարբեր դպրոցներ էր նա ուսումնասիրում, յուրացնում դրանք և ի մի բերելով, ձևավորում էր որոշակի կրթարան: Պատերազմական գործողությունների թանկ դադարներում Գևորգը իր յուրացրած ռազմամարտական և մարտական ունակությունները փոխանցում էր զինընկերներին, մարզում Հատուկ նշանակության ջոկատի մարտիկներին:
Մի ափաչափ հեռու նրա ավագ գաղափարական կաթնեղբայր Լեոնիդը մարզում-կոփում էր հրամանատարներ և նրանցով համալրում արհեստավարժ հրամկազմի խիստ կարիք ունեցող հայոց մարտական ջոկատները:


Պատերազմի դեմքը մեկն է, դիմակները բազում են: Մարտի դաշտը անցյալում էր, պատերազմը` հրադադարի տիրույթում: Հրադադար: Սոսկալի մի բառ է, որը ենթադրում է անթիվ դավեր, անկանխատեսելի քաղաքական զարգացումներ, որի թիրախը հայ զինվորն է, սպան է հայ, հողն է հայոց և ընկած զինվորի ու սպայի շիրմաքարը, դարձած մասունք, մի չսպիացող վերք` փառքով ընկած հերոս-նահատակների ընտանիքների և երկրի սրտում:
Գևորգը` արիաքրիստոնյա այս մարտիկը, հրաշալի գիտակցում էր պատմական իրավիճակի խորհուրդը: Պատերազմն ընդհատակում է ընթանում, սոցիալական ահարկու դևը պահանջում է սխրանքի հատուցում և, անպատճառ, նյութական բարիքների տեսքով ու բովանդակությամբ, ասենք, բաժնեմասով գործող մի ընկերությունում, հողատարածքով և այլնով:


Հասարակությունը հրադադարից հետո երկփեղկվում էր օր օրի: Հասարակությունը կորցնում էր իր հյուսիսն ու հարավը: Հասարակությունը դառնում էր պահանջատեր: Այլ կերպ ասած` հաղթող հայությունը և նրա ղեկավարությունը ներքաշվեցին փորձությունների տեղատվության մեջ: Գևորգը իր ուխտի զինվորն էր, իր խաչի կրողը: Ազգի հոգեկերտվածքի վերարթնացումը նրա նոր մարտն էր, ոչ պակաս նշանակալի, քան պատերազմական գործողություններն էին: Ազգը, հասարակությունը, ժողովուրդը պետք է վերադառնային ի շրջանս յուր, իրենց զարթոնքը, 1988-94 թվականները:
2010-ին Գևորգը հիմնադրում է «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական կենտրոնը: Անցած տարիների ընթացքում կենտրոնում ուսանել է հազարից ավելի անձ, 108-ը նրանցից օտարերկրացի են: Սա առանձնահատուկ կառույց է, որտեղ ուսումնասիրում են հայկական մարտարվեստ, ռազմագիտություն, ազգային գաղափարախոսություն, հայ ազգային մշակույթ: Սաները` 4-ից 70 տարեկան, երբեմն էլ ավելի հասակավոր: Այս աննախադեպ մարտարվեստը յուրահատուկ կիրառության շրջանակում է. հայերեն-մեսրոպակերտ տառերը ուրվագծվում են մարդու ֆիզիկական շարժումների տեսքով, ինչը և մարմնակրթությամբ անհատի ներաշխարհում սերմանում է ազգային մշակույթի ճանաչողություն և վերադարձ դեպի հայկական արմատները:


Սա մի զարմանահրաշ, աննախադեպ կրթարան է, Գևորգ Գևորգյանի բարձրակետային երազանքներից մեկը` հայ քաղաքացու հոգում սերմանել ազգային համախմբման գաղափարը: Կրթարանում քաղաքացի անհատը նախ հոգեպես, ապա և ֆիզիկապես պատրաստվում է «ազգ-բանակ-ընտանիք» համահայկական զինվորագրմանը: Այսպիսով նա այն եզակի գործիչն է, որը սկզբունքորեն անտեսելով անձնական որևէ խնդիր, առաջնորդվում է հայկական աշխարհի կառուցմամբ խաղաղ պայմաններում, քաջ գիտակցելով, որ երկրի առջև մարտահրավերներ են ծառացել։


Կրթարանում մարտակոչեր չեն հնչում, առավել ևս չեն ծավալվում բանավեճեր` այս կամ այն օրախնդիր հարցերի շուրջ: Ազգային-հասարակական կենտրոնում համախմբված են մշակույթի, գրականության, ռազմական, հանրային կյանքի այլ ոլորտների գաղափարակիր ներկայացուցիչներ: Այստեղ է հենց այսօր ամբողջանում 3-րդ հանրապետության ճշմարիտ քաղաքացին: Երկրի քաղաքացին: Այստեղ այսօր դարբնվում է հայկական պետականությունը, որպես շնորհապետական հանրապետության նախօրինակ:
«Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը տեսանելի հեռանկարում իր մասնաճյուղերն է բացելու ՀՀ մարզերում, Արցախի Հանրապետությունում և հայաշատ համայնքներում:
Գևորգ Գևորգյանի և նրա կերտած կենտրոնի մասին ժամանակին նկարվեց և հանրության դատին հանձնվեց «Գաղափարի ուժը» փաստագրական ֆիլմը:

Որպես վերջաբան


Սեպտեմբերի 1-ին Գևորգի դուստրը` 6-ամյա Անին, անցավ դպրոցի շեմը:
Յուրաքանչյուրս իր խաչն է կրում. ոմանք` լուռ ցավով, մյուսները` տառապանքը դրոշ դարձրած, ոմանք էլ` ճանապարհի կեսին խաչը վայր են դնում և «գաղտագողի» հեռանում:
Բայց դե, խաչը չի ներում հեռացողին:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ