Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մուշի ու Արդահանի կռիվ Ազգային ժողովում

Մուշի ու Արդահանի կռիվ Ազգային ժողովում
05.10.2017 | 22:50

Ինչու՞ տեղի տվեցին Արտաշես Մամիկոնիչի նյարդերը։ Բազմամյա պատգամավորական կյանքում, նույնիսկ ձևական ընդդիմության երանելի տարիներին, երբ շատ ավելի երիտասարդ ու ավյունով լի էր, նա բռունցքներին ազատություն երբեք չի տվել: Միշտ եղել է ինտելեկտուալ ու քաղաքակիրթ: Պատգամավորներին ու հանրությանը զարմացրել ու ձանձրացրել է իր ինտելեկտի պոռթկումներով, նրա երկլեզու` հայերեն ու ռուսերեն գրքերի շնորհանդեսներին նախագահն էր ներկա լինում: ՈՒ` ի՞նչ:

Երևի բաժակը լցվել էր: Հաստատ` ինքն էլ հասկանում էր, որ ելույթ ելույթի հետևից ավելի խոցելի է դառնում ու իր բոլոր փաստարկները, դրույթները, հայտարարությունները հակառակ ազդեցությունն են ունենում: Եթե մինչև հիմա հարուստ անցյալը աշխատում էր հօգուտ, հիմա արդեն ընդդեմ է դարձել: Ընդհանրապես` ի՞նչ ունի այս խորհրդարանում Արտաշես Գեղամյանն անելու: Ոչինչ: Գլխավոր բոլոր դերերն իր կյանքում նա արդեն խաղացել է, դրվագային դերերում էլ է եղել: Բայց հիմա այլևս ինքը չէ ՙկինոյի տղեն՚, կինոն է փոխվել: Ռուսաստանի իշխանությունները շատ ավելի մարդասեր կլինեին, եթե վաստակած հանգստի ուղարկեին Արտաշես Մամիկոնիչին, բայց երևի զինանոցում ուրիշ զենքեր չկան, պահեստայիններ չկան, ուստի վետերանները պիտի ճակատը պահեն: Եվ, այնուամենայնիվ, այսօր ԱԺ միջանցքում Նիկոլ Փաշինյանի հետ նրա սարքած ծեծկռտուքը չէ զարմանալին, այլ` հետագա պահվածքը: Քաղաքի տղայի վարքագիծ չէ արածից հետ կանգնելը, իսկ Արտաշես Գեղամյանը հրապարակավ փորձել է հերքել, նաև հոխորտալ` եթե ինքը Նիկոլ Փաշինյանին խփեր, հիվանդանոցում կլիներ և այլն, և այլն: Հետո էլ խեղճացել է, թե ինչ եք բորբոքում, 4 տարի համատեղ աշխատելու ենք: Ինչու՞: Սովորե՞լ էր, որ իբրև ելույթ անկապ մամուլի տեսություն անի` նախաբան, ոչ մի բան, վերջաբան սկզբունքով, ու հպարտ դուրս գա դահլիճի՞ց` պարտքը կատարած համարելով և աչքի պոչով նայելով իրենով զմայլված դեմքերին: Զմայլանք այլևս չկա: Ավելին` դիմակայում են ու հանդգնում իրենից մեջբերումներ անել ու հրապարակավ վրան ծիծաղել: Դե ինչպե՞ս տեղի չտան Մամիկոնիչի նյարդերը: Մոսկվայում Պուտինն անձամբ է իր գրքերը կարդում, Երևանում իրեն շարքայինի տեղ են դնում: Բայց Արտաշես Գեղամյանը մի սխալ էլ է արել: Պետք չէր թիրախ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Ով-ով, նա գիտի պաշտպանվել թե բռունցքներով, թե շոուի օրենքներով: Հանցանք կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը օդից ընկած առիթը բաց թողներ, առավել ևս, որ ինքը ճիշտ է ու ինքն է հաղթողը` լեզվակռվից մինչև ՀՀԿ-ի հետ քննարկում: Հանցանք կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը չհիշեր ու հիշեցներ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի «պադյեզդների» սպառնալիքը ու բացատրություն չպահանջեր:


ՈՒ` գնաց: Էլի պարզվեց, որ ՀՀԿ-ն տեղյակ չէ ինչ է եղել, ԲՀԿ-ն հորդորում է պարզաբանումներ և գնահատականներ տալ: Ի դեպ, Գեղամյանից բացի, խիստ բնորոշ կեցվածք է դրսևորել և Նապոլեոն Ազիզյանը` մեկ միջանցքում է եղել, մեկ չի եղել, մեկ տեսել է, մեկ չի տեսել, մեկ բաժանել է, մեկ չի բաժանել: Շատ վախեցած տղա է դարձել Նապոլեոն Ազիզյանը: Լավ կյանքից չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը ասաց, որ որոշման նախագիծ են ներկայացնելու, որ հարցը քննարկվի ԱԺ էթիկայի հանձնաժողովում` «Մենք կխուսափենք կանխակալ գնահատականներ տալուց, որպեսզի խնդիրը քննարկվի, և հանձնաժողովը եզրակացություն տա», Արմեն Աշոտյանն էլ միանգամից համաձայնեց: Այդքան անփո՞րձ է «Ելքը», որ նորից հանձնաժողովին է ապավինում: Էթիկայի հանձնաժողովը կպարզի, որ Արտաշես Գեղամյանն այդ օրը ԱԺ չի էլ եկել, Նիկոլ Փաշինյանն էլ կամ երազ է տեսել, կամ այլմոլորակայիններ են վրան հարձակվել: Բայց, հարկավ, կողմերին կհորդորի ժողովրդավարական խորհրդարանին հարիր վարքագիծ դրսևորել և ձեռնպահ մնալ ոչ կոռեկտ արարքներից: Եվ` չի սխալվի: Իսկ ընդհանրապես հարցը գերկարևոր է` Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը իրավականորեն վտանգելը վավերացնել խորհրդարանում: Եվ երբ ընդդիմացողներին ՀՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանում է բռունցքներով, ևս մեկ վկայություն է սեփական անզորության:

Կամ էլ մեղավորը Արա Բաբլոյանն է, որ չխախտեց կանոնակարգը ու Արտաշես Գեղամյանին ձայն չտվեց պատասխանելու Նիկոլ Փաշինյանին, երբ նա հայտարարում էր. «Արտաշես Գեղամյանը ասում ա՝ Արաքսը անցնենք, մտնենք Մուշ, Արդահան։ Պարոն Գեղամյան, էդ Հայ հեղափոխական դաշնակցության հռետորիկան ա, դրա հետ ի՞նչ գործ ունեք։ Դուք խոսեք լենինիզմի, մարքսիզմի մասին, Մուշի, Արդահանի հետ ի՞նչ գործ ունեք։ Մենք ասում ենք, որ բոլորը նույնն են, ոչ թուրքերն են փոխվել, ոչ ռուսները, ոչ էլ ամերիկացիք։ Պատմության դասեր եք տալիս ստեղ, գնացեք պատմություն ինքներդ սովորեք»։ Արտաշես Գեղամյանն էլ գործի դրեց իր իմացած պատմության տարբերակը` երբ փաստարկներն ավարտվում են, գործադրվում են բռունցքները: Երբ կարիերան է խորտակվում, հետևանքների մասին մտածելը ուշ է:

Դիտվել է՝ 5667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ