ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Լռության աստվածը

Լռության աստվածը
06.10.2017 | 01:07

Աստված արարում է լռության մեջ, մնացածը վատ թարգմանություն է: Էկհարտ Տոլեն կարծում է, որ իրականում լռությունը տարածությունն անվանելու ևս մեկ բառ է. «Լռության գիտակցումը, որտեղ էլ նրա հետ հանդիպենք կյանքում, մեզ միացնում է ձև ու ժամանակ չունեցող մեր ներքին չափումի հետ, չափում, որ դուրս է մտքի ու եսի սահմաններից: Դա կարող է լինել բնության լռությունը, վաղ առավոտյան լռությունը քո սենյակում կամ հնչյունների միջև դադարը: Լռությունը ձև չունի, ու մենք չենք կարող մտածելով գիտակցել: Միտքը ձև է: Գիտակցել լռությունը նշանակում է հանգիստ լինել: Հանգիստ լինել նշանակում է գիտակցել մտքերի բացակայության ժամանակ: Դու երբեք ավելի մոտ չես լինում էությանը և քո խորքին, քան այն ժամանակ, երբ հանգիստ ես: Երբ դու հանգիստ ես, դու նա ես, ով եղել ես ինչ-որ ժամանակ` մինչև այս ֆիզիկական ու մենթալ ձևն ընդունելը և քեզ անհատ անվանելը: Դու նա ես, ով կլինես, երբ ձևն անհետանա: Երբ դու հանգիստ ես, դու նա ես, ով կա իր ժամանակային գոյության սահմաններից դուրս` գիտակցությունը պատճառաբանված չէ, անձև է ու հավերժ»: Աշխարհի բոլոր ժողովուրդներից լռության աստված ունեն միայն սկանդինավները` Վիդարը, որ նաև ամենավրիժառու աստվածն է: Իսկ դուք գիտե՞ք լռել: Դուք գիտե՞ք լսել լռությունը: Հասկանու՞մ եք լռությունը:
Աշխարհում, որ մենք գիտենք, լռություն երբեք չի լինում: Համենայն դեպս այն պատճառով, որ մեր ներսում աղմկում են մեր մտքերը, եթե նույնիսկ դրսում բացարձակ լռություն է, որ լինում է հազար տարեկան եկեղեցիներում, որտեղ ոչ ոք չկա: Մնացածը, եթե բախտներս բերի` ձայն է, եթե չբերի` աղմուկ:


Այս շաբաթ աշխարհը հատկապես աղմկոտ էր:
Իրաքյան Քրդստանում նոյեմբերի 1-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Նախագահի թեկնածու չի առաջադրվել: Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին Իրաքյան Քրդստանի իշխանություններին առաջարկել է համատեղ կառավարել վիճելի տարածքները, այդ թվում՝ Քիրկուկը` պայմանով, որ քրդերն ընդունեն Բաղդադի «գերագույն հեղինակությունը»: Դեռ պատասխան չկա:
Ռոհանին ու Էրդողանը հանդիպել են Թեհրանում ու հայտարարել, որ միասնական տեսակետ ունեն Իրաքի հարցում: Սա Էրդողանի ռևանշն է` Ռոհանիից Թեհրանում ստացավ այն, ինչ չստացավ Անկարայում Պուտինից: Կրեմլը չի արձագանքել:


Հոկտեմբերի 1-ի հանրաքվեից հետո ՄԱԿ-ը Իսպանիային կոչ է արել հետաքննել հանրաքվեի ժամանակ ուժի անհամաչափ կիրառումը: Հոկտեմբերի 9-ին Կատալոնիայի խորհրդարանի նիստում կարող է սկսվել անկախության հռչակման գործընթացը: Արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հրապարակավ չի բացատրել իր ընդունած որոշումները: Խոսեց Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդը` ուղերձով դիմելով Իսպանիայի ժողովրդին: Նա հայտարարեց, որ Իսպանիան գտնվում է «ծայրահեղ ծանր իրավիճակում», և Կատալոնիայի հանրաքվեն համարեց անընդունելի ու ոչ ժողովրդավարական: Ֆելիպե 6-րդը հայտարարեց. «Իսպանիայում, որն ավելի լավը կլինի, քան մենք ցանկանում ենք, կլինի նաև Կատալոնիան»: Արքայական խոսք է:
Ոստիկանությունն ու ՀԴԲ-ն չեն կարողանում պարզել` ինչու՞ 64-ամյա Սթիվեն Պադոկը Լաս Վեգասի Մանդալայ Բեյ հյուրանոցի 32-րդ հարկի իր համարում ձեռքն առավ ինքնաձիգը ու սկսեց կրակել քանթրի երաժշտության փառատոնի 20000 մասնակիցների վրա` սպանելով 59 մարդու ու 527-ի վիրավորելով: Հազարից ավելի փամփուշտ է կրակվել: Ոստիկանությունը տեղեկացրեց, որ նա ինքնասպան է եղել` նախքան իրենք կմտնեին սենյակ: Իսկ նրա համարը զինապահեստ էր` 23 ինքնաձիգ, մի քանի հազար փամփուշտ ու պայթուցիկներ: Ինչպե՞ս է այդքանը հյուրանոց տարել: Պադոկին ոչ ոք չանվանեց ահաբեկիչ: Ի՞նչ էր կատարվել երբևէ բանակում չծառայած և միայն մեկ անգամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտած մարդու ներսում: Գիտակցության մեջ պարապ էր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայից հասավ Անկարա` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ ընթրելու և բանակցելու:

Նրանց հանդիպումն ամփոփող մամլո ասուլիսում ոչ միայն չհնչեց, որ «Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում լիակատար համաձայնության» են հասել, այլև ակնարկ չեղավ C-400-ների մասին: Ավելի վաղ Էրդողանը ասել էր. «Մենք կանխավճար ենք տվել», հասցրել էր հպարտանալ, որ ՆԱՏՕ-ն տասնամյակներով զենք արտադրելու հնարավորություն չտվեց, Ռուսաստանի հետ համաձայնագրով Անկարան ստանում է C-400-ների արտադրման տեխնոլոգիաներ ու համատեղ արտադրության արտոնագիր: Պուտինի այցից հետո ռուսական մամուլը գրեց, որ Մոսկվան հրաժարվել է Թուրքիային փոխանցել C-400-ի տեխնոլոգիաները, 2,5 միլիարդ դոլարի համաձայնագիրը «հրթիռների սովորական վաճառք» է. «Ներքին համակարգերն ու կոդերը մենք թուրքական կողմին չենք տրամադրելու: Պայմանագրում նշված է, որ համակարգերի սպասարկումն իրականացնելու է ռուսական կողմը, թուրքերն այդ համակարգերը բացելու հնարավորություն չեն ունենա: Նույնիսկ «Յուրային-օտար» ճանաչման համակարգը տեղադրելու են ռուս մասնագետները»: Այդ «աղաղակող անարդարության» առաջ Էրդողանը լուռ էր: Գուցե այն պատճառով, որ առաջինն ինքն էր պայմանը խախտել, ասենք, Թուրքիան դուրս է գալիս ՆԱՏՕ-ից, Ռուսաստանը ապահովում է Թուրքիայի անվտանգությունը: Ի՞նչը չստացվեց: Երկուսով չկարողացա՞ն լռել, երբ աշխարհը խոսում էր:
Աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն ավելանում ու չեն ավելանալու, կառավարությունը դեմ է վարկ վերցնելով սոցիալական վիճակ բարելավելուն, ցանկանում է սեփական տնտեսության ներսում աշխատած փողերով անել: Իսկ կարագի ու մսի գները չեն սպասում այդ պայծառ օրվան ու անկանգ վերելք են սկսել: Կարագի «մեղադրյալը» Նոր Զելանդիան է: Կարծես` միայն Նոր Զելանդիան գիտի կարագ արտադրելու տեխնոլոգիան: Կամ էլ ամբողջ աշխարհը դավադրության մեջ է ու հրաժարվում է Հայաստանին կարագ վաճառելուց: Մսի համար էլ մեղավոր գտնվեց: Պարզվեց` սանիտարական նորմերի խստացումը և սպանդանոցների ի հայտ գալը վերածվեց «փայ մտնելու»: ՈՒրիշ պատճառներ էլ են նշվում, որոնցից միայն ախորժակդ է փակվում: Պարզվեց նաև, որ ոչ մի ՀՀԿ-ական պատգամավոր անձամբ գնումներ չի անում ու թանկացումներից անտեղյակ է: Կամ էլ` լռում է, ասելիք չունի:
Ամենաաղմկոտն այս շաբաթ խորհրդարանի կյանքն էր: Հանգիստ չի ստացվում:
«Ելքը», օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքից, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը համարեց արտահերթ և ներկայացրեց ԱԺ լիագումար նիստի քննարկմանը` լավ իմանալով, որ քվեարկելիս ապավինելու է իր ձայներին միայն: Փաստորեն` ժամուկես նվիրվեց ոչնչին: Բայց այդ «ոչինչը» Հայաստանի Հանրապետության անկախությունն է: Արտառոց է հնչում, բայց ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու դեմ ելույթներն ավելի էին համոզում հանձնաժողովի անհրաժեշտությունը: ԱԺ-ի «ռուսական» խմբակցությունը ողջ պերճանքն ու թշվառությունը ի ցույց դրեց անթաքույց ու խանդավառ փաստարկեց այն, ինչ «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը բանաձևեց. «Հայաստանի Հանրապետությունը երբեք չի լինի անկախ պետություն` ունենալով կախյալ իշխանություն, որի երազանքների գագաթնակետը Ռուսաստանի անվան Հայաստանի Հանրապետություն դառնալն է»։ Դաժան բանաձև է, բայց` բովանդակային: Ստացվեց, որ իրոք «Ելքը» դրել է Հայաստանի ինքնիշխանության վերականգնման հարցը, իսկ Հայաստանի անկախ Հանրապետության խորհրդարանը դեմ է` հոգով ու մարմնով։ Վախից: Իշխանությունը կորցնելու: Պատասխանատվության: Ինքնուրույն ապրելու: Գուցե «Ելքն» ինքն էլ չէր սպասում, որ ժամուկեսում իբրև առարկություն թվերին ու փաստերին կստանա շանտաժի, դեմագոգիայի ու սոփեստության կոկտեյլ, որ առաջին հերթին թունավոր է պատրաստողի համար: Նկատեցի՞ն կոալիցիան ու «Ծառուկյան» դաշինքը իրենց համատեղ մարտավարության բումերանգը: Թե՞ իրենք վաղուց գիտեն, որ Հայաստանի անկախությունն ավարտվեց 1999-ի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակի շքերթում Վազգեն Սարգսյանի հպարտության արցունքներով և հոկտեմբերի 27-ով: Եվ` համաձայն են: Այնքան համաձայն էին, որ առաջարկում էին ԵԱՏՄ-ից դուրս գալու փոխարեն կառավարության հրաժարականը պահանջել, փաստորեն ընդունելով, որ տարբերություն չկա։ Իսկ երկրորդ գծով` նոյեմբերին ԵՄ-ի ասոցացման համաձայնագիր ստորագրել պատրաստվող երկրի խորհրդարանի պատգամավորները ԵՄ-ն ներկայացնում էին ազգակործան արժեքների մեծագույն վտանգ, որից խուսափելու միակ ճանապարհը ԵԱՏՄ-ն է: Չկասկածեք, որ նույն եռանդով նրանք փառաբանելու են ԵՄ-ի ազգապահպան արժեքները, եթե կարգավորվեն ՌԴ-ԵՄ հարաբերությունները:


ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը լակմուսի միակ թուղթը չէր: Հաջորդ օրը պատմությունը շարունակվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագրի քննարկումով: Ո՛չ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ո՛չ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը չկարողացան բացատրել, թե Հայաստանի ինչին է պետք համաձայնագիրը: Պարզվեց` կողմերի անվտանգությունն ապահովելու համար ստեղծվող միացյալ խմբավորումը արդեն 15 տարի գործում է Հայաստանում և հիմա միայն իրավապայմանագրային բազան է ստեղծվում։ Համաձայնագրում նշվում է, որ «հաշվի առնելով հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Կողմերի տարածքների առանձնացվածությունը և դրանց սահմաններում լուծվող օպերատիվ-ռազմավարական խնդիրների ծավալը», անհրաժեշտ է ստեղծել զինված ուժերի միացյալ խմբավորում, որը կպաշտպանի կողմերի քաղաքացիներին և հասարակությանը արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից։ Ո՛չ «արտաքին», ո՛չ «ներքին» սպառնալիքը չբացատրվեց: Մի կողմից՝ ասվեց, որ «Հայաստանի պաշտպանական համակարգը ի վիճակի է լուծելու իր խնդիրները» (Կորյուն Նահապետյան), մյուս կողմից ասվեց` «Հայաստանի Հանրապետությունը միայնակ ամբողջությամբ չի կարող իրականացնել իր պաշտպանությունը» (Էդուարդ Շարմազանով): ՈՒ այդպես էլ չհասկացվեց, թե ինչ կապ ունի Հայաստանը Մերձավոր Արևելքի հետ, որ Արտակ Զաքարյանը համեմատում է ու եզրակացնում. «Քանի որ այսօր Մերձավոր Արևելքը ցույց է տալիս, թե ներքին ինչպիսի վտանգներ կարող են ծագել այս կամ այն պետության մեջ, բնականաբար, նաև համաձայնագրով նախատեսվում են ներքին ծագում ունեցող ռազմական սպառնալիքների դեմ համապատասխան գործողություններ, եթե, իհարկե, կողմերը գալիս են ընդհանուր համաձայնության»: Պատկերացնու՞մ է իշխանությունը` ինչ ական է դնում պետության տակ, անգամ` ինքն իր տակ: Այսպես է բանակը դառնում «թղթապանակ»` Կարսի բերդն էլ ներսից վերցրին։ Կրակոց չեղավ:
Աղմուկ և միմիայն աղմուկ: Նույնիսկ սեփական մտքերը լսելու համար պետք է լռություն, որ գոյություն չունի աշխարհում: Մարդկությունը լռության միայն մեկ աստված է ունեցել՝ Վիդարը, իսկ նա վրիժառու աստված էր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իր տնօրենության տարիներին բուլղարուհի Իրինա Բոկովան համաշխարհային ժառանգության օբյեկտները ՌԴ տարածքում բազմապատկեց: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրենի 9 թեկնածուներից Մոսկվան պաշտպանում է Ադրբեջանի թեկնածուին` Փոլադ Բյուլբյուլօղլուն: Հայաստանը ինչպե՞ս է բացատրելու, որ նրան ձայն չի տալիս, թե՞ տալու է` նախընտրելով Վիետնամից, Եգիպտոսից, Կատարից, Գվատեմալայից, Իրաքից, Լիբանանից, Ֆրանսիայից: Ավետիսյանների սպանության գործով Սահմանադրական դատարանը իրեն ներկայացված գործի վարույթը կարճել է` առանց քննության: Գագիկ Հարությունյանն ունի՞ բացատրություն, թե՞ վստահ է, որ հանգուցյալները հարցեր չեն տալիս: Կամ էլ` Հրաչյա Հարությունյանի չթե խալաթը մաշվել է: Ամենից լավ մտածվում է լռության մեջ, լռության մեջ խոսքը նաև մեռնում է, թեկուզ «վատ թարգմանություն է», բայց ի սկզբանե էր, չէ՞: ՈՒ` հավերժ։

Դիտվել է՝ 4036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ