Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կրթության մեջ հնարավոր չեն արագ քայլեր»

«Կրթության մեջ հնարավոր չեն արագ քայլեր»
06.10.2017 | 01:18

«Իրատեսի» հարցերին պատասխանում է կրթության և գիտության փոխնախարար ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

-Ձեր կարծիքով` անկախության քառորդ դարում կարողացե՞լ ենք ստեղծել կրթական այն համակարգը, որի արդյունքը անկախության սերունդ է դառնում:
-26 տարում մենք երկու լուրջ ձեռքբերում ունենք` հայոց բանակը և կրթական համակարգը: Երկու հզոր համակարգեր, որոնց հետ առնչվում է ամբողջ հասարակությունը: Ես կարծում եմ, որ անկախության սերունդ կրթելը ստացվել է, սակայն ասել, թե դա միայն կրթական համակարգի արդյունք է, ճիշտ չի լինի, ես կասեի` նաև կրթական համակարգի արդյունք է: Հեղինակավոր անհատի խոսքը, մամուլի հրապարակումը, հեռուստատեսությունը նույնպես անմիջական ազդեցություն ունեն անկախության սերնդի դաստիարակության վրա: Անկախության սերունդ, որ յուրովի է մտածում, մի կողմից` առաջադեմ և ազատ՝ կաղապարված մտածողությունից զերծ, նաև անհանդուրժող, մյուս կողմից` հայրենիքին նվիրված և խնդիր լուծող, խնդրի շուրջ համախմբվող: Օրինակները բազմաթիվ են՝ ապրիլյան պատերազմ, «Էլեկտրիկ Երևան» և այլն: Խնդիրն ավելի բարդ է՝ կրթական համակարգում փոքր-ինչ անտեսվել է դաստիարակության բաղադրիչը, կարծես թե շատ գործընթացներից դուրս է մնացել, բուհերից հատկապես:
-Հիմնական գործը դարձյա՞լ ընտանիքի վրա է:
-Նաև ընտանիքի վրա է: Կրթությունը երկու առանցքային բաղադրիչ ունի` ուսուցում և դաստիարակություն: Ինչպիսի՞ մարդ ենք ուզում ունենալ` որակյալ մասնագետ` գիտելիքներ ու հմտություններ ունեցո՞ղ: Քիչ է: Մեզ պետք է քաղաքացի, որը հայրենասեր կլինի, պատասխանատու, արտաքին վտանգի դեպքում մեկ վայրկյան էլ չի մտածի` ինչ անել: «Ազգ-բանակ» հայեցակարգի մեջ դաստիարակչական ընդգծված բաղադրիչ կա, մենք էլ լուրջ գործ ունենք անելու:
-Ի՞նչ պիտի անենք` Խորենացու ժամանակներից սկսենք ու մեր պատմական կորուստները ողբալո՞վ` իդեալ դաստիարակենք, թե՞ այսօրվա ընկալումներով, առաջ նայող հերոսի կերպար ստեղծենք:
-Իհարկե, պատմությունը պետք է լավ իմանալ, որ գնահատելով և վերարժևորելով անցյալը, կարողանանք ապագան կառուցողի դիրք ստանալ: Կրկնում եմ` ապագան կառուցողի դիրք, որ քո նախագծած ապագան կառուցես, այլ ոչ թե ուրիշի նախագծում հայտնվես:
-Չե՞ք կարծում, որ նաև կրթական համակարգի մեղքով է, որ մենք գերազանցապես հետ ենք նայում, առաջ նայելու փոխարեն:
-Ասել, որ ամեն ինչ ճիշտ է ու հրաշալի, անթերի, ոչ ոք չի կարող: Կրթության և գիտության նախարարությունը կենտրոնանում է հատկապես կրթության որակի բարձրացման վրա` դպրոցում, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, բուհերում: Կրթական գրեթե բոլոր մակարդակներում ունենք եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելու գործընթացներ: Արվում է հնարավորը օր առաջ ավելի լավ համակարգ ունենալու համար, սակայն երբեմն միջոցները չեն բավարարում:
-Իսկ ի՞նչ է արվում:
-Օրինակ, մշակվում է բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագիծ, որը լուրջ փոփոխությունների պետք է ենթարկի ամբողջ բուհական համակարգը: Բարձրացվելու են բուհերի ակադեմիական ազատությունները և ինքնավարությունը, զուգահեռ ավելացվելու են թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Ներդրվելու են բուհերի արդյունավետ կառավարման և ֆինանսավորման նոր մեխանիզմներ: Մենք պետք է անենք մի քանի կարևոր քայլեր, որոնք կապահովեն եվրոպական ընդհանուր կրթական տարածքում մեր ինտեգրումը: Դրանցից մեկը բուհերի միջազգայնացման հարցն է` հայկական բուհերը պետք է միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագիր իրականացնեն, և ոչ միայն հայերենով, նաև օտար լեզուներով, որ կարողանանք արտասահմանցի ուսանողներ ներգրավել: Հաջորդը բուհերի արդյունավետ կառավարման հարցն է, որը խիստ արդիական է դարձել: Հիմա գրեթե բոլոր բուհերը դարձել են հիմնադրամներ:
-Դա կառավարման առավել ճկունությու՞ն է ապահովում:
-Այո: Բուհը դառնում է ավելի ինքնուրույն և ավելի ճկուն:
-Դա նշանակում է նաև ինքնաֆինանսավորվո՞ղ:
-Բուհերի ֆինանսավորման համակարգում լուրջ փոփոխություններ ենք նախատեսում: Այսօր բուհերն ամբողջությամբ ֆինանսավորվում են ուսման վարձավճարներով, որոնց մի մասը ուսանողներն են տալիս, մի մասը պետությունն է փոխհատուցում: Եվ փաստը, որ բուհը կախված է ուսանողի ուսման վարձավճարից, ստիպում է ուսանողի նկատմամբ մեղմ վերաբերմունք ցուցաբերել:
-Այսինքն` դա ուղղակի ազդում է կրթության որակի վրա:
-Անխուսափելիորեն: Բուհը շահագրգռված է պահել ուսանողին` բազում հնարավորություններ է տալիս` հաղթահարելու ամենացածր շեմը ու շարունակելու ուսումը: Դա հասկանալի է, բուհերի ռեկտորները կաշկանդված են ֆինանսական խնդիրներով և հանդուրժում են ստեղծված վիճակը:
-Կա՞ ֆինանսավորման այլ մեխանիզմ, որը չի անդրադառնում ուսման որակի վրա:
-Նախատեսում ենք փոխել բուհերին պետական բյուջեից ֆինանսավորման սկզբունքները՝ ներդնելով բազային, կրթաթոշակային և մրցակցային ֆինանսավորման մեխանիզմներ: Կրթաթոշակներ տրվելու են ըստ առաջադիմության և ըստ կարիքավորության, հաշվի են առնվելու նաև գերակա մասնագիտությունները, տրվելու են նաև կեցության նպաստներ: Ընդլայնելու ենք բուհերի ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունները: Ստեղծելու ենք համապատասխան մեխանիզմներ և բարենպաստ պայմաններ գիտական արդյունքի առևտրայնացման համար: Մի նոր մեխանիզմ ևս՝ ստեղծելու ենք անձեռնմխելի ֆոնդեր, որտեղ հավաքված գումարը կառավարման տրամադրելով շահույթ կառաջանա, որն էլ կօգտագործվի բուհերի ընթացիկ ծախսերի համար:
-Անձեռնմխելին ինչպե՞ս է ստեղծվում:
-Հարվարդի համալսարանը, օրինակ, տասնյակ միլիարդների հասնող ֆոնդ ունի:
-Ո՞ր դարում է Հարվարդը հիմնվել ու ո՞ր երկրում է գործում: Չե՞ք կարծում, որ մեր տնտեսության պարագայում դա ռեալիստական տարբերակ չէ:
-Ամենևին, անձեռնմխելի ֆոնդը ձևավորվում է մի քանի աղբյուրներից` տվյալ բուհի հաջողության հասած շրջանավարտի նվիրատվությունից, բարեգործական գումարներից, բուհին տրվող որոշ հարկային արտոնություններից: Մենք կարող ենք շահութահարկից ազատել բուհն այն չափով, ինչ չափով զեղչվում է ուսման վարձը: Չվճարված շահութահարկը կարող է փոխանցվել անձեռնմխելի ֆոնդ: Երբ բուհը հիմնադրամ է դառնում, հնարավոր է և խրախուսվում է ձեռնարկատիրական գործունեությունը` սկսած արտադրությունից մինչև գրահրատարակչություն, վճարովի ծառայություններ այլ ոլորտներում` խորհրդատվություն, լեզուների ուսուցում և այլն: Մենք առաջարկում ենք, որ բուհի ռեկտորի և գիտխորհրդի նախագահի պաշտոնները լինեն անհամատեղելի, իսկ գիտխորհրդի նախագահը ընտրովի լինի: Գիտխորհուրդը պետք է զբաղվի ակադեմիական հարցերով, իսկ ռեկտորը և կառավարման խորհուրդը՝ ֆինանսատնտեսական և բուհի զարգացման:
-Ռեկտոր-մենեջերի պարագայում վտանգ չկա՞, որ անցումային փուլում ձախողումներ կլինեն:
-Եվրոպական երկրների փորձը վկայում է, որ գիտխորհուրդները առանձին են կառավարվում, իսկ ռեկտորը ֆինանսական մենեջերն է: Հայկական իրականության մեջ գուցե կարող է ամբիցիաների բախում լինել, բայց ոչ ձախողում:
-Իսկ եթե մենեջերը բավարար գումար չի՞ կարողանում հայթայթել կամ աշխատել: Բուհը կփակվի՞:
-Հիմա բուհի ռեկտորն ու գիտխորհրդի նախագահը մեկ անձ է, եթե առանձնացնում ենք, լրացուցիչ խթան է տրվում, որ ռեկտորը ուսումնական գործընթացի կազմակերպումից ազատվի և զբաղվի գումար հայթայթելով ու բուհի զարգացման խնդիրներով:
-Ինչպե՞ս եք պատկերացնում բուհական համակարգի ապագան:
-Բուհերը պետք է խոշորանան՝ փոքր ուսանողական համակազմ ունեցող բուհը որակյալ կրթություն չի կարող ապահովել: Վերջերս Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի հետ քննարկում էինք Դանիայի բուհերի խոշորացման փորձը՝ 25 համալսարաններ վերակազմակերպվել են 8-ի՝ արդյունքում էապես բարձրացել է կրթության որակն ու արդյունավետությունը: ՀՀ-ում պատկերը հետևյալն է՝ կա 66 բուհ, որից 23 պետական (հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, 16-ում կառավարության լիազոր ներկայացուցիչը ԿԳՆ-ն է), 5 միջպետական պայմանագրերով գործող, 7 արտերկրի պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր և 31 մասնավոր: Բոլոր բուհերում ուսանողների թիվը շուրջ 95000 է, 85000-ը սովորում է պետական բուհերում, մնացած 10000-ը` մասնավոր: Ավելին` մասնավոր 5-6 բուհերում սովորում է շուրջ 6000 ուսանող, այսինքն` մնացած 25 բուհերը թերբեռնված են և որակյալ կրթական ծառայություն չեն կարող մատուցել՝ սա ուղղակի զավեշտ է: Մենք կոշտ քաղաքականություն ենք վարելու բոլոր բուհերի նկատմամբ և խրախուսելու ենք բուհերի խոշորացումը, սա վերաբերում է նաև պետական բուհերին:
Այսօր բարձրագույն կրթության համակարգը հիմնականում մայրաքաղաքային է, բայց բուհեր կան և մարզերում` Գյումրի, Վանաձոր, Գորիս, Գավառ, Կապան: Բնականաբար, մարզային բուհը չի կարող ապահովել մայրաքաղաքին համարժեք կրթական որակ: Մարզային բուհը ասպիրանտական կրթական ծրագիր իրականացնելու ներուժ չունի: Շատ ավելի արդյունավետ կլինի, որ մարզային բուհերը կենտրոնանան բակալավրական կրթության վրա: Գյումրիում ունենք երեք արվեստի բուհի մասնաճյուղ` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, շատ ավելի արդյունավետ կլինի այս երեք մասնաճյուղերը միավորվեն և դառնան Գյումրու արվեստի ակադեմիա: Բուհ-գիտություն-տնտեսություն եռանկյունը պետք է սերտ համագործակցության մեջ լինի: Մենք մշակել ենք գիտակրթական կլաստերի մոդելը:
-Կա՞ այսօր բուհ-գիտություն-տնտեսություն եռանկյուն:
-Գիտության որոշ ոլորտներ բավականին թանկ հետազոտական սարքավորումներ են պահանջում, օրինակ` ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ ոլորտներ: Հաճախ միևնույն ոլորտում նույնանման խնդիրներով զբաղվում են տարբեր հետազոտական հաստատություններ և բուհեր, այսօր նրանցից յուրաքանչյուրը սահմանափակ հնարավորություններ ունի և չի կարող ժամանակակից լաբորատոր բազա ստեղծել՝ նրանց հնարավորությունները կբազմապատկվեն, եթե միատեղվեն և ստեղծեն միասնական հետազոտական լաբորատորիաներ, որոնցում կկատարվեն առանձին ոլորտների բազմաթիվ հետազոտություններ: Իսկ ուսանողները առաջին կուրսից սկսած կինտեգրվեն հետազոտական աշխատանքներում:
-Այդ ամենը ե՞րբ եք իրականացնելու:
-Շուտով կառավարություն կներկայացվեն ՀՀ կրթության զարգացման 2018-2030 թթ. ծրագիրը և բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագիծը: Մինչև 2020-ը առանձնացնում ենք որպես բարեփոխումների իրականացման փուլ, իսկ 2025-ից սկսած արդյունքներն արդեն նկատելի կլինեն: Լիահույս եմ, որ 2025-2030-ին մենք ականատես կլինենք հայկական կրթական հրաշքի:
-Ավելի արագ հնարավոր չէ՞:
-Կրթության մեջ հնարավոր չեն արագ քայլեր, կրթական համակարգը իներցիոն համակարգ է, բայց եթե հանգույցները ճիշտ ենք ամրացնում, որակը անպայման կփոխվի: Նախարարությունը կրթական բոլոր աստիճանների որակի բարձրացման հայեցակարգեր է մշակում, որոնց մասին կխոսենք հետագայում:

Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 5993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ