«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Բաժանիր, որ տիրես». պահպանելով ինտրիգը

«Բաժանիր, որ տիրես». պահպանելով ինտրիգը
06.10.2017 | 06:29

Քաղաքական և փորձագիտական շրջանակների տրամադրություններին ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո Հայաստանի քաղաքական շրջանակներում առավել ակտիվորեն սկսեց շրջանառվել, նույնիսկ արմատավորվել այն կարծիքը, թե 2018 թ. ապրիլից հետո իշխանական և պետական դաշտերում ձևավորվելու է երկու իշխանական կառավարման կենտրոններով ինչ-ինչ համակարգ։ Ըստ էության, վերջին օրերի ամենաակտիվ խոսակցություններից մեկը, որը շատ դեպքերում դիտարկվում էր նաև որպես փաստարկ, ԱԺ ուղարկված «Պաշտպանության մասին» նոր օրինագիծն էր։ Ընդ որում` ոչ թե եղած օրենքում են փոփոխություններ կատարվում, այլ առաջարկվում է ամբողջովին նոր փաստաթուղթ։ Այդ օրինագծով, ինչպես հայտնի է, պաշտպանության և անվտանգության հետ կապված լիազորությունները շեշտակիորեն վերաբաշխվել են վարչապետից դեպի անվտանգության խորհուրդ։ Ավելին, շատ գործառույթներ վերցվում են վարչապետից, բայց մնում են կառավարության մոտ։ Ասել է թե՝ որոշ հարցեր որոշվելու են կոլեգիալության սկզբունքով։

Այս օրենքի ի հայտ գալը միանգամից շատերին հանգեցրեց այն եզրակացության, որ դեռևս 2017-ի գարնանն Արցախում 2018 թվականից հետո ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերով զբաղվելու հայտ ներկայացրած Սերժ Սարգսյանն այդ լիազորությունները ցանկանում է ուղղորդել դեպի այն մարմինը, որը ենթադրաբար հետագայում ինքն է ղեկավարելու նախագահական պաշտոնավարումից հետո։ Այդ փաստարկի օգտին էր խոսում նաև այն, որ վերջին շրջանում ՀՀ նախագահը բավականին ակտիվացրել է անվտանգության խորհրդի գործունեությունը։ Ընդ որում` նա շատ տարբեր հարցեր է բարձրացնում այդ կառույցում՝ սկսած արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը առնչվող խնդիրներից մինչև ներքին քաղաքական, տնտեսական և այլն։ Այս գործելաոճը քաղաքական շրջանակներին հիմք էր տալիս եզրակացնելու, որ Սերժ Սարգսյանն աստիճանաբար ցանկանում է հավասարազոր պետական համակարգին և շահագրգիռ հասարակական շերտերին սովորեցնել գրեթե երկկենտրոն իշխանական հնարավոր սխեմային։ Ըստ էության, սա կարող էր տրամաբանական հնչել, քանի որ ցանկության դեպքում կարելի է յուրաքանչյուր հարց որակավորել որպես ազգային անվտանգության խնդիր և քննարկել ու լուծում տալ անվտանգության խորհրդում: Ընդ որում, ենթադրվում է, որ անվտանգության խորհուրդն օրենքով նախատեսվող փոփոխություններից հետո այսօրվա խորհրդատվական մարմնից կվերածվի որոշումներ պարտադրողի:


Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մի տեսակ անտեսվում էր այն փաստը, որ ըստ նոր սահմանադրության համապատասխան կետի, որն առնչվում է վարչապետի լիազորություններին, անվտանգության խորհրդի ղեկավարը հենց վարչապետն է։ ՈՒշագրավ է, որ դրա մասին իր ասուլիսում բոլորին հիշեցրեց հենց նախագահ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ պաշտոնյաներից մեկը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս պարագայում առաջին հայացքից բավականին պարզ իրավիճակ է ստացվում. թե՛ անվտանգության խորհուրդը, թե՛ կառավարությունը ղեկավարելու է նույն մարդը՝ ապագա վարչապետը։ Այսպիսով՝ երկկենտրոն իշխանության գաղափարը դեյուրե բացառվում է, ինչը, սակայն, գուցե հնարավոր է կազմակերպել դեֆակտո։ ՈՒստի դերերի վերաբաշխման մասին նախկին համոզմունքները պետք է որոշակիորեն վերանայվեն։


Բայց ամեն դեպքում, անկախ հնարավոր բոլոր վարկածներից, բոլոր ազդեցիկ խմբավորումների ներկայացուցիչները միաբերան բացառում են, որ Սերժ Սարգսյանը կսահմանափակվի միայն կուսակցության առաջնորդի իր պարտականություններով, քանի որ այդ խմբավորումների ներկայացուցիչները, իրենք էլ լինելով համակարգի մարդիկ, շատ հստակ հասկանում են, որ առանց իրական լծակների՝ ուժային, տնտեսական, գրեթե հնարավոր չէ կառավարել համակարգը։ Եվ դա հասկանալի է, քանի որ հայաստանյան նորագույն պատմության մեջ եղել են բազմաթիվ օրինակներ, երբ համակարգը կամ վարչական ռեսուրս կոչվածը միշտ թեքվել են ուժեղի կամ այդ պահին իրական լծակներ ունեցողի կողմը՝ ուղղակի դավաճանելով նախկին «կնքահայրերին»։ Ի դեպ, այդ մասին զարմանալի ուղղամտությամբ վերջերս հայտարարել էր նաև ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը՝ Գալուստ Սահակյանը: Այսուհանդերձ, վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներ, շրջանակներ սկսել են հիշեցնել Սերժ Սարգսյանի 2014 թ. հայտարարությունը, որտեղ նա պաշտոնապես և շեշտակիորեն հայտարարեց, թե չի հավակնելու լինել ոչ նախագահ, ոչ վարչապետ։ Այս պարագայում չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կփորձի գոնե մի փոքր ժամանակով դադար վերցնել, որպեսզի ցույց տա, որ այդ խոսքերը հենց այնպես, պահի ազդեցության տակ չեն հնչեցվել, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապագա վարչապետը քաղաքական մեծամասնությունից բավականին կախյալ ֆիգուր է։ Առավել ևս, որ համապատասխան պատրվակի պարագայում (իսկ երկրի վիճակը դրա հնարավորությունը միշտ տալու է) վարչապետի փոփոխություն ցանկացած պահի կարելի է բեմականացնել։
Հատկանշական է, որ ներիշխանական վերջին տարվա որոշակի հավասարակշռությունը, որ ձևավորվել է նախագահի և գործող վարչապետի կամ նրանց գլխավորած համակարգերի միջև, այժմ արդեն փորձում են ոչ թե ՀՀԿ-ականները սասանել, ինչպես մի պահ եղավ, այլ այդ գործառույթն իր վրա վերցրել է խորհրդարանական ընդդիմադիր համարվող ուժերից մեկը՝ «Ծառուկյան» դաշինքը։


Մասնավորապես, վերջին օրերին նկատվում է աննախադեպ ակտիվություն «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների շարքերում։ Վերջիններս կառավարության նկատմամբ երկարատև և շեշտադրված չեզոքություն և բարյացակամություն դրսևորելուց հետո հերթով և հետևողականորեն սկսեցին «հանկարծ» քննադատել Կարեն Կարապետյանի կառավարությանը։ Հաշվի առնելով «Ծառուկյան» դաշինքում տարիներով ձևավորված ավանդույթները՝ հասկանալի է, որ դա չէր կարող հանպատրաստից բնույթ ունենալ, և հստակ հրահանգավորված էր դաշինքի առաջնորդի կողմից, որը կարծես թե վերջին օրերին նորից նոր խաղ սկսեց։ Ընդամենը մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր, որ վարչապետն իր ընկերն է, և իսկապես նրանից որևէ սուր բառ չի լսվում Կարեն Կարապետյանի հասցեին, սակայն այդ «ընկերական» սև գործը նրա փոխարեն մեծ ջանասիրությամբ անում է իր թիմը։ Նույնիսկ Ծառուկյանին պաշտոնապես պատկանող լրատվական ռեսուրսներում պահպանվում է լոյալությունը, սակայն անհատները բավականին կոշտ քննադատություն են հնչեցնում։ Ամենայն հավանականությամբ, ճշմարտությունից հեռու չեն այն լուրերը և ենթադրությունները, թե Ծառուկյանը մեծ ցանկություն ունի 2018-ից հետո ԱԺ-ում ստացած իր ձայներին համարժեք գրավելու իրեն ավելի հոգեհարազատ տեղը կոալիցիայում։ Սակայն, ամենայն հավանականությամբ, հասկանալի պատճառներով դրան դեմ է Կարեն Կարապետյանը։ Եվ ըստ էության Ծառուկյանին հասկացրել են, որ դա ցանկալի տարբերակ չէ, առավել ևս հաշվի առնելով մեծ ախորժակները, որ ունեն դաշինքի անդամները, որոնք վաղուց արդեն հոգնել են ընդդիմության և իշխանության արանքում մնալուց ու անընդհատ ընդդիմություն խաղալուց։


Չի բացառվում՝ Բաղրամյան 26-ում այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ Ծառուկյանին մերժումը տրվի հենց կառավարությունից, և Կարեն Կարապետյան-Գագիկ Ծառուկյան ընկերական հարաբերություններում որոշակի խնդիրներ առաջանան։ Ի վերջո, «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը բազմիցս է ապացուցել իր արդյունավետությունը:
Ծառուկյանական թևի հետ սրացման արտացոլումը հստակ երևաց այն ժամանակ, երբ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, որին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ընդամենը «ատամնաբույժ» էր անվանել, տարիներով ծպտուն չէր հանում, հանկարծ որոշեց իր հաշվետու ասուլիսի ժամանակ ուղղակիորեն հարվածել վարչապետ Կարեն Կարապետյանի գործընկեր և լուրջ տնտեսական հենարան համարվող Սամվել Կարապետյանին՝ նրան անվանելով ըմբշամարտի գործերը տապալող և առանձնակի շեշտելով Ծառուկյանի արժանիքներն ու սխրանքները, որոնց շնորհիվ փրկվեց հայկական ըմբշամարտը։ Պակաս սուր չէր Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի արձագանքը, որը «շատ փոքր մարդ» անվանեց սպորտի նախարարին։ Այս կոնֆլիկտը բացահայտ դրսևորումներ ստացավ։


Կարելի է ենթադրել, որ վարչապետի հետ որոշակի շրջանակներ փորձում են ինչ-որ հարցեր լուծել, այսպես կոչված, ոչ իշխանական թևի միջոցով։ Դա գալիս է ապացուցելու այն թեզերը, որ Գագիկ Ծառուկյանի խմբակցությունը լինելու է լրացուցիչ ռեսուրս իշխանական շրջանակների, մասնավորապես, Բաղրամյան 26-ի համար՝ անցանկալի սցենարների դեպքում գործարկելու նպատակով և իշխանական վերադասավորումների ժամանակ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5623

Մեկնաբանություններ