«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Եթե չլիներ պետական աջակցությունը, դժվար թե կարողանայինք այս ամենը կազմակերպել»

«Եթե չլիներ պետական աջակցությունը, դժվար թե կարողանայինք այս ամենը կազմակերպել»
06.10.2017 | 07:42

Վաղը` հոկտեմբերի 7-ին, Արենիում (Վայոց ձորի մարզ) կազմակերպվելու է հայկական գինու 9-րդ ավանդական փառատոնը, որը միջոցառման կազմակերպիչները մտադիր են, ինչպես նախորդ տարիներին, վերածելու ազգային տոնի: Այս կապակցությամբ է ստորև ներկայացվող հարցազրույցը «Արենի» գինու մրցույթ-փառատոնի կազմակերպչի` «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն ՆՈՒՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

-Ի՞նչ նպատակ կամ նպատակներ է հետապնդում հայկական գինու փառատոների կազմակերպումը:
-Երբ մենք սկսում էինք, հետապնդում էինք երեք նպատակ` համայնքների զարգացում, զբոսաշրջության խթանման միջոցով Հայաստանի ճանաչելիության բարձրացում և գինու զբոսաշրջության զարգացում: Ինը տարվա ընթացքում ապացուցեցինք, որ մեր ծրագիրը ճիշտ է, և հասնում ենք այն նպատակներին, որոնք մեր առջև դրել ենք: Այսօր արդեն բազմաթիվ զբոսաշրջիկներ ունենք, որոնք հատուկ գալիս են փառատոնին մասնակցելու: Զբոսաշրջիկներ են ժամանելու Ռուսաստանից, դեռ հունվարին գիտեինք, որ լեհական խմբեր են գալու, Իրանից են գալու, Իսրայելից ունենք հարցումներ, ինչը նշանակում է, որ արդեն ճանաչելի ենք: Փառատոնի կազմակերպումը մեկ օրվա աշխատանք չէ, անցած ժամանակաընթացքում էլ զբաղվել ենք դրանով: Մենք փառատոնի շրջանակում անցկացնում ենք գինու համտես, խանութներից գնում ենք գինիներ, դրսից հրավիրում գինու համտեսի մասնագետների, որոնք անցկացնում են համտես-մրցույթ, և մենք տեղում որոշում ենք, թե հայկական գինիներից որն է լավագույնը:
Նախորդ տարիներին ժյուրիի անդամներ ենք ունեցել Պորտուգալիայից, Իտալիայից, Ֆրանսիայից` 3 անգամ, Միացյալ Նահանգներից, Իսրայելից, Վրաստանից: Երբ նրանք այստեղից գնում ու գրում են, թե իրենք Հայաստանում են եղել որպես ժյուրիի անդամ, դա էլ է նպաստում, որ Հայաստանը, նրա գինեգործությունը ճանաչվեն արտերկրում: Բոլորս քիչ-քիչ աշխատել ենք այդ ուղղությամբ և այսօր արդեն ունենք գինիների բազմաթիվ սիրահարներ, տեսնում եք, թե Հայաստանում ինչպես է զարգանում գինու արդյունաբերությունը:
-Դուք գինու սիրահա՞ր եք:
-Այո:
-Ո՞ր գինիներն եք նախընտրում:
-Հայկական բոլոր գինիները:
-Այս տարի ժյուրիի անդամները ո՞ր երկրներից են լինելու:
-Նրանք հինգն են` Ֆրանսիայից, Գերմանիայից և Կիպրոսից:
-Իսկ զբոսաշրջիկները հիմնականում ո՞ր երկրից են գալիս:
-Ռուսաստանից, ընդ որում՝ նկատի ունեմ հենց ռուսներին, որոնք գալիս են փառատոնին մասնակցելու (արտերկրից եկող հայերին որպես զբոսաշրջիկ չեմ ընկալում, նրանք իրենց հայրենիքն են գալիս): Անցյալ տարի Արենիում մեկ օրում ունեցել ենք 23 000-ից ավելի այցելու, եկել են և՛ հայեր` այստեղից և Սփյուռքից, և՛ տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
-Ինչպե՞ս է լուծվելու այդքան մարդկանց տեղափոխման խնդիրը:
-Նախորդ տարիներին շատ մարդիկ եկել և այս տարի էլ գալու են իրենց սեփական տրանսպորտային միջոցներով: Բացի այդ, տուր-օպերատորները նրանց նախկինում առաջարկել, այս տարի էլ առաջարկում են զբոսաշրջային տարբեր փաթեթներ, որոնց մեջ ներառված են նաև այցելությունները Նորավանք, Խոր վիրապ և այլ տեսարժան վայրեր: Դա տուր-օպերատորներն են առաջարկում, իրենք էլ գումար են աշխատում, լուծում այդքան մարդու տանել-բերելու տրանսպորտային խնդիրը: Դա շատ կարևոր է: Երբ ուզում էինք «Արենի» գինու փառատոնը կազմակերպել, ցանկանում էինք նաև, որ Հայաստան եկող զբոսաշրջիկները նաև տուր-փաթեթներից օգտվեն, գնան նաև համայնքներ, ծանոթանան Հայաստանին, նրա մարդկանց, տեսարժան վայրերին, միաժամանակ դա նպաստի տարածաշրջանների զարգացմանը: Տեսեք, օրինակ, խորովածի փառատոնը նպաստեց, որ Ախթալան ավելի մեծ ճանաչելիություն ունենա, հազարավոր մարդիկ գնացին Ախթալա, ուր նախկինում երբևէ չէին եղել:
-Գինի արտադրող հայաստանյան քանի՞ ընկերություն է մասնակցելու մրցույթ-փառատոնին:
-Ներկայացված են լինելու գինի արտադրող 21 ընկերություն` ի տարբերություն նախորդ տարվա 16-ի, հայաստանյան 25 արտադրողներից չորսն այս տարի չեն մասնակցելու, որովհետև նրանց արտադրանքների ծավալը մեծ չէ, որ դրանք կարողանան ներկայացնել և՛ համտեսի, և՛ վաճառքի: Անցյալ տարիներին, սակայն, նրանք մասնակցել են մրցույթ-փառատոնին: Ի դեպ, կան գինի արտադրողներ, օրինակ, «Վանարդի», «Ոսկեվազ», «Արմաս» ընկերությունները, որոնք առաջին անգամ մեզ մոտ են ստացել ոսկե մեդալ, մեզ մոտ են եղել փառատոնում ներկայացված և մեր մոտից է սկսվել նրանց ճանաչելիությունը: Տեղեկացնեմ նաև, որ անցյալ տարվա մրցույթ-փառատոնին մասնակցել է նաև տնական գինու շուրջ 100 արտադրող:
-Ի՞նչ գինիներ են մասնակցելու մրցույթին:
-Ե՛վ տնական, և՛ գործարանային արտադրության: Բոլոր անվանակարգերում մրցանակային տեղերը երեքն են: Մրցույթին գինիները մասնակցել և մասնակցելու են տարբեր անվանակարգերում, այդ թվում` գնային երեք անվանակարգերում (մինչև 2500 դրամ գին ունեցող, 2500-5000 և 5000 դրամից բարձր գին ունեցող): Բացի այդ, կան նաև գինիների «Կարմիր անապակ» և «Սպիտակ անապակ» անվանակարգերը: Քաղցր և մրգային գինիները մրցույթ-փառատոնին չեն ներկայացվում:
-Ինչու՞:
-Որովհետև մրգայինը չի կարող «գինի» անվանումն ունենալ:
-Պետական մարմինները հիմնադրամին աջակցու՞մ են այս գործում:
-Այո, եթե չլիներ պետական աջակցությունը, դժվար թե կարողանայինք այս ամենը կազմակերպել: Սա մեկ հոգու կամ կազմակերպության գործ չէ: Շատ շնորհակալ եմ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարությանը, որը հավատում էր մեր ներկայացրած այս նախագծի իրագործելի լինելուն: Ի սկզբանե, նախարարությունն աջակցեց մեզ, անվանափոխված այդ նախարարությունը հիմա էլ է մեզ աջակցում: Մեր աջակիցներին միացել է նաև գյուղատնտեսության նախարարությանը կից գործող գինեգործության և խաղողագործության նորաստեղծ հիմնադրամը: Ի դեպ, արդեն 5-րդ տարին է, որ գյուղատնտեսության նախարարությունն է տալիս տնական գինիների անվանակարգում մրցույթի հաղթողների համար նախատեսված մրցանակները:
-Գինու փառատոնը որքանո՞վ է նպաստում հայկական գինիները միջազգային ասպարեզում ճանաչելի դարձնելուն:
-Եթե, ասենք, ֆրանսիացին կամ ռուսն իր երկրի ինչ-որ մի խանութում տեսնում է հայկական գինի, որի համը չգիտե, այդ գինին նրան գրեթե ոչինչ չի ասում, դժվար թե այն գնի: Սակայն եթե եղել է Հայաստանում և այն փորձել է, համն արդեն գիտե, նշանակում է, որպես սպառող, հայկական գինին արդեն ճանաչում է, դրանից հետո նա իր երկրում կփնտրի ու կփորձի գտնել այդ գինին:
-Մրցույթ-փառատոնին Հայաստանը այցելուներին ներկայացնու՞մ եք որպես գինեգործության հնագույն կենտրոն, այդ կապակցությամբ արդյոք ներկայացնու՞մ եք հայ և օտար պատմիչների վկայությունները, մեր քարանձավներում պեղված, գտնված և այդ մասին վկայող հնագիտական գտածոների մասին տեղեկություններ:
-Անշուշտ, ներկայացնում ենք, մենք այնտեղ հատուկ ցուցանակ ունենք, որը դրված է կենտրոնում ու տեղեկություններ է ներկայացնում Արենի քարանձավի մասին: Այդ օրն Արենի քարանձավն ընդունում է հյուրերի, և այնտեղ պատմում են այդ ամենի մասին: Ի դեպ, նախորդ փառատոների ժամանակ նաև տեղեկատվական թերթիկներ ենք բաժանել, որով ներկայացրել ենք այդ տեղեկությունը: Այո, տեղեկությունը շատ կարևոր է, օրինակ, երբ Պորտուգալիայից ժյուրիի անդամ հրավիրեցինք, նա մեծ հաճույքով եկավ և ասաց` եկել եմ, քանի որ գիտեմ, դպրոցում անցել եմ, որ գինեգործությունն առաջինը եղել է ձեզ մոտ:
-Իսկ այս տարի այդ տեղեկատվական թերթիկներն ինչու՞ չեք բաժանելու, ֆինանսական միջոցների անբավարարությո՞ւնն է պատճառը:
-Այո: Նախորդ տարիներին շատ բան էլ անվճար արվել է հովանավորների շնորհիվ, երկար տարիներ «Տիգրան Մեծ» տպագրատունն է աջակցել մեզ, «Անտարեսն» է աջակցել, «Էդիտ պրինտը»… Մեր բոլոր հովանավորներն էլ հասկացել են, որ փառատոնը կազմակերպվում է երկրի համար, ոչ թե ինձ համար, սա իմ բիզնեսը չէ: Եթե փառատոնը հաջող կազմակերպվի, գոհ զբոսաշրջիկը հաջորդ կամ մյուս տարի իր հետ կբերի, ասենք, տասը զբոսաշրջիկ, իսկ դժգոհ զբոսաշրջիկն այլևս չի գա և պատճառ կհանդիսանա, որ իր հայրենակիցներից ուրիշներն էլ չգան: Եթե դուք գաք, մասնակցեք փառատոնին, կտեսնեք, թե որքան ուրախ մարդիկ են լինելու, չէ՞ որ այդ մեկ օրվա մեջ նրանք գինիներ, ուտեստներ են համտեսելու, ժողովրդի հետ շփվելու, երգ-երաժշտություն լսելու, էմոցիաներ ձեռք բերելու, զբոսաշրջիկները հետո գնալով իրենց երկիր, Հայաստանի մասին լավ բաներ են պատմելու, և ամբողջ տարին զբոսաշրջիկներ ենք ունենալու:
-Փառատոնը ժամը քանիսի՞ն է բացվելու և փակվելու:
-Պաշտոնապես բացվելու է ժամը 12-ին, շքերթով: Նախորդ տարիներին բացել ենք նաև բեմականացված կերպով, օրինակ, Քաջ Նազարն է եկել էշի վրա նստած, եղել է, որ Օրբելյան իշխանն է եկել ձիով և ազդարարել բացումը, եղել է, որ Նոյն է եկել իր զավակների հետ ու չանի մեջ լցրել խաղողը, եղել է նաև, որ շքերթով է սկսվել փառատոնը, ու խաղողագործությամբ զբաղվող տարբեր համայնքներ զամբյուղներով բերել, ներկայացրել են իրենց արտադրանքը: Այս տարի նախատեսել ենք գինեգործների և համայնքների ներկայացուցիչների շքերթով սկսել: Թեև շատ կուզեինք, որ փառատոնն ավելի երկար տևեր, բայց միջոցառումն ավարտելու ենք ժամը 17-ին, որովհետև այդ գյուղով է անցնում Խաչիկ գյուղի ճանապարհը, որն ավելի երկար չի կարող փակված մնալ:

Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ