Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ներգաղթ-2

Ներգաղթ-2
06.10.2017 | 07:59

(Նախորդ մասը)

ԹԻՎ 1 ԽՆԴԻՐԸ ԿՐԿԻՆ ՈՐԲԵՐՆ ԷԻՆ
Նորը` նոր, բայց նրա առջև ծառացած թիվ 1 խնդիրը կրկին որբերն էին, Պողոս Նուբարի ուղեգծի շարունակումը` արդեն հասակ առած որբերին Հայաստան ներգաղթեցնելը: Այս տեսակետից տիպական է Երուսաղեմի որբանոցների սաների հետևյալ վերաբերմունքը. «Մենք բոլորս ալ որբ տղաքներ ենք 18-20 տարեկան եւ շատ կը փափաքինք Հայաստան երթալ. տարիներէ ի վեր մեր իտէալը այդ է: Որքա՜ն կարօտ ենք մեր հայրենիքին: Վեց-եօթ տարի է որ որբանոցէն ելած ենք, կ’աշխատինք չարաչար եւ… կ’ապրինք, չենք գիտեր ինչպէս պարզել վիճակնիս, այո, կ’ապրինք մեր աշխատանքով, մեր վիշտերով: Կը մտածենք որ ահաւասիկ հասակ առեր ենք, երիտասարդ ենք այլեւս, առողջ ենք, կ’ուզենք աշխատիլ, կ’ուզենք ապրիլ, բայց սիրտերնուս վրայ յիշատակներ կան որ կը տխրեցնեն մեզ եւ աչքերնիս հեռուներն են միշտ: Մենք անհարազատ ենք հոս, կարօտավառ տղաքներ, այս տեղերը մեր եռանդը կը մեռցնեն, երիտասարդ կեանքերնիս կը մաշի հոս, կը խամրի:
ՈՒ մենք հայրենիքնիս կ’երեւակայենք, այնտեղի կեանքին մասին սխալ շիտակ կը խօսինք, արդեօք հոն շատ հայ կայ, բոլորն ալ հայերէն կը խօսին:


Փոխանակ Ֆրանսա կամ ուրիշ տեղեր երթալու, մենք կ’ուզենք մեր հայրենիքը երթալ: Քանի մը տարի առաջ պատրաստուած էինք արդեն երթալ, եւ միայն անցագիրներու կ’սպասէինք, երբ յանկարծ երկրաշարժի աղէտը պատահեցաւ (խոսքը 1926 թ. Լենինականի երկրաշարժի մասին է - Խ. Դ.)… Հոն տարէք մեզ, հո՛ն, մեր երազի երկիրը, մեր հայրենիքը: Կեանքերնիս հոն թո՛ղ սառի, այնտեղ թո՛ղ իր հանգիստը առնէ»:
Այսինքն, բոլոր կողմերը պատրաստակամ էին, մնում էր գործին ընթացք տալ:
ԱՌԱՋԻՆ ՔԱՐԱՎԱՆԸ
ՀԲԸՄ-ի ուժերից վեր էր միայնակ քարավան կազմավորելը և Խորհրդային Հայաստան ուղարկելը: Բարեգործականին պատկանում էր մարդը, ցեղասպանության գեհենը վերապրած հայը, բայց կազմակերպական հարցերը լուծում էին Հունաստանի կառավարությունը, Կարմիր խաչի միջազգային լիգան ու հունական Կարմիր խաչը, Ժնևի Նանսենյան գրասենյակը, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ ներկայացուցիչները:


Առաջին քարավանը բաղկացած էր 1988 հոգուց, որից 95-ը ՀԲԸՄ Բեյրութի ու Նիկոսիայի երկսեռ որբերն էին` Քելեկյան որբանոցի մատակարար Արամ Գրասերյանի ղեկավարությամբ, 40-ը` Երուսաղեմի որբերից, 22-ը` Խարբերդի նահանգի Հաբուսի գյուղից, 14-ը` Ֆրանսիայից:
Բոլոր ներգաղթյալներին ժողովեցին հունական Պիրեա նավահանգստում, որտեղից 8000 տոննա բեռնատարողությամբ «Հիտրեոս» շոգենավով պիտի ճանապարհվեին Բաթում:
Նավում կատարվել էին հարկ եղած փոփոխություններ, որպեսզի ծովային ճամփորդության ժամանակ տհաճ անակնկալներ չլինեին: Այսպես, հատկացվել էր 10 մահճակալով հարկաբաժին, որը տնօրինում էր հույն բժիշկ Ստիլոս Յորգիոսը:
Բացի այդ, շոգենավի վրա կարգապահությունը վերահսկելու համար առանձնացվել էին 40 երիտասարդներ` եգիպտոսցի Հակոբ Փափազյանի գլխավորությամբ, որը կնոջ հետ մեկնում էր Հայաստան` բնակություն հաստատելու:


Կարմիր խաչի միջազգային լիգան և հունական Կարմիր խաչը երեխաների համար տրամադրել էին 6239 կտոր գործածված հագուստ, 200 հատ նոր հագուստ, 9 սնդուկ չորացրած կաթ, իսկ չքավոր գաղթականներին` 100 հատ նոր վերարկու և 500 հատ անկողնային ծածկոց:
1931 թ. դեկտեմբերի 30, Պիրեա նավահանգիստ: Գաղթականներն արդեն շոգենավի վրա էին, իսկ նավամատույցում խռնվել էր հոծ բազմություն: Այստեղ էին Հունաստանում ԽՍՀՄ դեսպան Պոտյոմկինը, հունական կառավարության ներկայացուցիչ Պապադակիսը, արտգործնախարարության պաշտոնյա Աքսելոսը, Նանսենյան գրասենյակի հունական ներկայացուցիչ Կոտելնիկովը, ՀԲԸՄ պատվիրակ Թադևոսյանը, քաղաքացիներ Շահվերդյանն ու նրա օգնական Քարտաշյանը (Խորհրդային Հայաստանի ու սփյուռքի հայերը միմյանց անվանում էին («քաղաքացի այսինչյան»), լրագրողներ, կառավարական ու ոստիկանական պաշտոնյաներ:
Ելույթներ ունեցան դեսպանը` ռուսաց լեզվով, որը թարգմանվեց հայերեն, և քաղաքացի Շահվերդյանը:


Ժամը 16-ին «Հիտրեոսը» շարժվեց: Ծովը հանդարտ էր, եղանակը` արևոտ:
Կ. Պոլսի նավահանգստում կանգառ չարեցին: Տարեց գաղթականները դառը հուշերով ու տրտմագին հայացքով նայեցին այն քաղաքին, ուր այլևս երբեք ոտք չէին դնելու:
Ամանորը դիմավորեցին շոգենավի վրա` միմյանց շնորհավորելով ու բարեմաղթանքներ հղելով, իսկ հույն նավաստիները լուսային հրթիռներ արձակեցին:
Հունվարի 4-ին շոգենավը հասավ Բաթում: Նավահանգիստը մարդաշատ էր, կազմակերպվել էր ջերմ ընդունելություն` դրոշակներով ու երաժշտությամբ: Ներկա էին Հայաստանի կառավարության հանձնախումբը` առողջապահության ժողովրդական կոմիսար Ղևոնդյանի գլխավորությամբ, ՀԲԸՄ ներկայացուցիչ Հ. Կարագյոզյանը, ՀՕԿ-ից` Գ. Վարդանյանը, Կարմիր խաչից` Ծովյանը, Աջարիայի կառավարության պաշտոնյաներ: Նավի վրա տեղի ունեցավ միտինգ, որի ժամանակ բարիգալստյան ողջույններ հղվեցին, իսկ հաջորդ օրը ՀԲԸՄ-ի կենտրոնակայանում ստացվեց հետևյալ հեռագիրը. «Ներգաղթողներու առաջին խումբը ողջամբ Պաթում ժամանեց: Հայաստանի մասնաւոր յանձնախումբը և Աճարիստանի կառավարութիւնը ըրին ջերմագին ընդունելութիւն մը և ընծայեցին հարկաւոր օգնութիւնը: Գաղթականներուն բարոյականն ու տրամադրութիւնը շատ բարձր է: Իսկոյն մասնաւոր կառախումբերով գաղթականները պիտի մեկնին Հայաստան»:
Եվ մեկնեցին փոքրալիտրաժ բեռնատարներով:


Հայաստանում ամեն ինչ վաղօրոք նախապատրաստված էր: Գաղթականներին տեղավորեցին Սադախլուում, Ձորագէսում, Անի-Պեմզայում, Ալավերդիում` պղնձահանքերում աշխատելու համար, 234 հոգու` Լենինականում, 48 հոգու` Սարդարապատում, 150 ընտանիք` Երևանում, իսկ արաբկիրցիները, սեբաստացիները, խարբերդցիները և թոմարզացիները բնակեցվեցին հայրենակցական միությունների կառուցած գյուղերում: Մելքոնյան վարժարանի ուսյալ շրջանավարտները կրթությունը պիտի շարունակեին Երևանի պետական համալսարանում, բայց քանի որ ուսումնական տարին կես էր եղել, նրանց տեղավորեցին Քանաքեռում, որտեղ պիտի աշխատեին և ապրուստ վաստակեին` մինչև հաջորդ սեպտեմբեր:
Այսպես տեղի ունեցան ՀԲԸՄ առաջին քարավանի ներգաղթը և 1988 հոգու տեղավորումը: Ի՞նչ էր դա տալիս Խորհրդային Հայաստանին. բանվորական աշխատուժ ու կրթական ներուժ, բացի այդ` ներգաղթյալներն արտասահմանից բերում էին աշխատանքի կազմակերպման նոր մեթոդներ, բարքեր, սովորույթներ, կենցաղավարություն: Իսկ ի՞նչ էին ստանում գաղթականները. հայրենիք և ապահովություն:
Առաջին քարավանին հաջորդեցին ևս երեքը, բայց անսպասելիորեն մուտք գործեց քաղաքական գործոնը:

ԹՈՒՐՔԻ ՓՍՓՍՈՑԸ


Մինչ ընթանում էին առաջին քարավանի կազմակերպական աշխատանքները, տեղի ունեցավ աներևակայելի, անբացատրելի մի բան: 1931 թ. հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը ելույթ ունեցավ կուլտպրոպ աշխատավորների խորհրդակցությունում, որն ուղղված էր Գալուստ Գյուլբենկյանի դեմ: Նա մասնավորապես ասաց. «Սիրիայում «ազգային ոճախ» ստեղծելու համար դաշնակների արած գործնական քայլերը, որոնք, ի դեպ, արվում են անգլո-ֆրանսիական իմպերիալիստական խմբակներին մոտ կանգնած Կիւլպէնկյանների անմիջական հովանավորությամբ և հակադրվում են արտասահմանի գաղթական աշխատավորության Խորհրդային Հայաստան ներգաղթի մեր ծրագրին, նպատակ ունեն «հավատարիմ ուժ» տրամադրել ֆրանսիական իմպերիալիզմին` Սիրիայի գաղութային շահագործման և տեղական ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները ճնշելու, ինչպես նաև Կիւլպէնկյանի նավթահանքերին կամ նավթամուղին էժան ուժ մատակարարելու համար: «Ազգային ոճախ» ստեղծելու այդ փորձի գլխավոր նպատակն է թնդանոթի միս պատրաստել հակախորհրդային իմպերիալիստական ինտերվենցիայի համար»:


Դա պայթյունի ազդեցություն ունեցավ սփյուռքում: Ո՞վ, ի՞նչն էր դրդել Ա. Խանջյանին նման անհեթեթ ճառով հանդես գալու: Շուրջ կես տարի սփյուռքից նրան հղվեցին բազմաթիվ հորդորներ, բողոքներ, դիմումներ, բայց առաջին քարտուղարը մնաց անդրդվելի:
Ի՞նչն էր առիթը: Ավելի քան 30 հազար հայ վերապրածներ գոյություն էին քարշ տալիս Հունաստանի գաղթակայաններում: Թիթեղյա ու փայտե հյուղակներում, թոքախտի համաճարակով բռնված գաղթականների վիճակն այնքան անտանելի էր, որ մարդիկ անգամ… խոտ էին ուտում:
Այս իրադրությունը մեղմելու համար Գ. Գյուլբենկյանը Սիրիայի հյուսիսում, Դել Բրաք նահանգում, Ջաղջաղ գետի ափին կառուցեց երկու գյուղակ` Սահակաշեն ու Մեսրոպաշեն: Սահակաշենն ուներ 75 միահարկ տուն ու 334 բնակիչ, Մեսրոպաշենը` 62 տուն ու 229 բնակիչ: Բոլոր վերաբնակեցվածները բերվել էին Հունաստանից, զբաղվում էին խոպան հողերի մշակմամբ և ապագայում պիտի աշխատեին Գ. Գյուլբենկյանի միջնորդությամբ կառուցվող Մոսուլ-Տրիպոլի-Հայֆա նավթամուղի շինարարությունում: Սա՛ էր «սիրիական օջախը», որն անհանգստացնում էր… Թուրքիային:


ԽՍՀՄ-ն ու Թուրքիան այդ ժամանակ «կարդաշներ» էին, և թուրքերը փսփսացին, թե` Գ. Գյուլբենկյանն «օջախ» է պատրաստում` հարմար ժամանակ Թուրքիա ներխուժելու համար: Եվ դա պիտի անեին անասնական վիճակի հասցված գաղթականները… Ա. Խանջյանի ելույթը, փաստացի, թուրքական փսփսոցի արդյունք էր:
Երբ բոլոր հորդորներն ու խնդրանքները մնացին անհետևանք, 1932 թ. ապրիլի 22-ին Գ. Գյուլբենկյանը Կաննից հեռագրեց ՀԲԸՄ կենտրոնական վարչական մարմնին, որում մասնավորաբար ասում էր. «Ինչպէս լաւ կը յիշէք, ՀԲԸ Միութեան նախագահութիւնը ընդունելու պատիւն ստանձնելուս, միակ պայմանս եղաւ թէ այն օրը երբ տեսնեմ որ օգտակար չեմ կրնար լինիլ, կը հրաժարիմ:
…Ամէն դժուարութեանց հետ նոր անակնկալ դէպք մը կուգայ Միութեան խաղաղութիւնն վրդովել, այն է Երեւանի կառավարութեան պաշտօնական ներկայացուցիչ պ. Խանճեան` անհեթեթ առարկութիւնով իմ անձիս դէմ նախատինքներ ըրած է. ի զուր սպասեցինք որ Հայաստանի կառավարութիւնը հերքէր այդ բացարձակ անտեղի յարձակումը. ուստի, ես իբրեւ նախագահ ՀԲԸ Միութեան պարտաւորուած եմ հրաժարիլ, ի նկատի ունենալով որ Բարեգործականը Երեւանի կառավարութեան հետ զանազան բարեգործական ձեռնարկներու համար անհրաժեշտ կապ ունի, եւ ես իմ անուամբ եւ ստորագրութեամբ չեմ կրնար յարաբերութիւն ունենալ անոնց հետ, իբրեւ նախագահ, ներկա պարագաներու ներքեւ»:
Հետաքրքիր է, որ անգամ Գ. Գյուլբենկյանի հրաժարականից հետո նրան «թունավորելու» գործընթացը չդադարեց: Այսպես, 1932 թ. մայիսի 24-ին կենտկոմի օրգան «Խորհրդային Հայաստան» թերթը տպագրեց «Ներգաղթի եւ «սիրիական ոճախի» շուրջը» հոդվածը, որտեղ կրկին անխնա քննադատվեցին ոչ միայն Գ. Գյուլբենկյանը, այլև դաշնակցությունն ու ՌԱԿ-ը, որոնց հետ ապակուսակցական Բարեգործականը առնչություն ուներ այնքանով-որքանով:
Ի վերջո, ի՞նչ եղավ արդյունքում:


Առաջին լուրջ խզումն ու անվստահությունն առաջացան Սփյուռքի ու Հայաստանի միջև, և թուրքական խայծը կուլ տվեց խորհրդային իշխանությունը` ազգային շահը զոհաբերելով հանուն դասակարգային հաղթանակի:
Հետագա տարիներին Գ. Գյուլբենկյանը կատարեց մի քանի անէական նվիրատվություններ, ապա քաշվեց ազգային կյանքից և անտիկ իրերի իր բացառիկ հավաքածուն կտակեց Պորտուգալիային: Նա իշխանությունը նույնացրեց ժողովրդի հետ:
Ճակատագիրն է’լ ավելի դաժան հաշվեհարդար տեսավ Ա. Խանջյանի և նրա թիմակից բազում կուսակցական-պետական գործիչների հետ: Մավրերը կատարել էին իրենց սև գործը, մավրերը պիտի հեռանային: Այլանդակ Քրոնոսը խժռեց իր զավակներին:

Ներկայումս շատ է խոսվում Երևանի ինչ-ինչ փողոցներ վերանվանելու մասին: Եթե դա տեղի ունենա, ապա ես կնախընտրեի, որ առաջին հերթին անվանափոխվեր Կամուրջ այրողի` Խանջյանի փողոցը:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Գալուստ Գյուլբենկյան
Դիտվել է՝ 2668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ