Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞վ է պատասխանատու երկրի ու պետականության, ազգի ու պատմության առջև

Ո՞վ է պատասխանատու երկրի ու պետականության, ազգի ու պատմության առջև
06.10.2017 | 08:22
Անշուշտ, երիցս ճիշտ է Րաֆֆին: Դարերի ընթացքում երկար ժամանակ օտարի լծի տակ գտնվելով՝ հայ մարդու մեջ արմատավորվել է զորեղ մի անհատապաշտություն, որը, ի ցավ սրտի, միաժամանակ արգելանք ու խոչընդոտներ է հարուցել ժողովրդի հավաքական ու միասնական լինելու, ազգային ու պետական ծրագրերը իրագործելիս: Եվ այդ անհատապաշտությունը, ժամանակ առ ժամանակ տարանջատումներով, վերածվել է (և այսօր էլ այդպես է) զանազան խմբավորումների ու կուսակցությունների: Դարեր շարունակ մենք երազել ենք անմիաբանությունը վերացնելու և միասնականություն ստեղծելու մասին, քանի որ, մեծն Չարենցի խոսքերով. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ավա՜ղ… Ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ «երազելը ձրի է»: Կամ՝ այստեղ անտեղի է հիշել Պարսկաստանի տիրակալ Դարեհ Առաջինի (Ք.ա. 550-486 թթ.) այն խոսքերը, որ, նկատի ունենալով հայերիս միասնական ուժի անհաղթահարելիությունը, իրավացիորեն նշել է, որ «հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է բաժանել»:
Հավանաբար, Դարեհի այս միտքը մեր թշնամիները դարեր շարունակ մեզնից առավել են սերտել, ուղեցույց ընտրել և հայկական ուժն ու տաղանդը շարունակաբար գործադրում են հենց ներսից քայքայելու, մեր ձեռքերով դրանք չեզոքացնելու և նսեմացնելու համար:
Ժամանակին մի առիթով Լեոն գրել է, որ հայերն ազգային դիվանագիտության բնագավառում «երբեք չկարողացան իմանալ ամենագլխավորը. այն, որ եվրոպական դիվանագիտությունը մարդասերների հրամանի տակ չի գտնվում, այլ բորսայի, կապիտալի, բանկերի հրամանի տակ» է:
Հովհաննես Թումանյանն էլ Ավետիք Իսահակյանին հղած իր մի նամակում դառնությամբ արձանագրել է. «…Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը:
Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր:
Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում - չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»:
Նշան Պեշիկթաշլյանը իր «Հայը» ոչ այնքան ծավալուն գործում մատնանշում է, որ «հայուն մէջ երկու հոգի կայ` վախկոտ մը եւ քաջ մը, կամ ստրուկ մը եւ հերոս մը։ Ամէն ազգի մէջ վախկոտը կը կծկուի քաջին ետեւը. ընդհակառակն է Հայուն մէջ. քաջը կը գտնուի վախկոտին տակը։ Ամէն բռնակալ կրնայ իր առաջին հոգին հանել։ Հանե՞ց. սոսկալի է հրաշքը։ Կը ցցուի պահեստի հոգին` խենթի նման։ ՈՒ կը զարնէ։ Եւ իր հարուածը անսխալական է… Պապին պէս։ Երբ վտանգի օրերը անցնին, Հայը կը մեռցնէ իր մէջի հերոսը ու վախկոտին հետ քաջաբար շուկայ կ’իջնէ` գրաւելու՛ համար Ոսկեբերդ մը»: Պեշիկթաշլյանը, անդրադառնալով հայի քաղաքական դիրքորոշման դիմագծին, գրում է, որ «հայը, երբ կուսակցական է, կը ճառէ ազատութենէ, երբ չեզոք է, կը խօսի միութենէ: Իբր մարդ՝ անիշխանական է, իբր Հայ՝ ազգայնական: Անգամ մը, որ տիրանայ իր հայրենիքին, կրկին անիշխանական կը դառնա»:
Միքայել Նալբանդյանն էլ իր հերթին դառնությամբ փաստում է, թե «Մենք այն ազգն ենք… որ ճշմարիտ խօսողը համարում ենք մեզ թշնամի, այն ազգն ենք, որի կաթողիկոսը եւ աբեղաները Մովսէս Խորենացու պէս մարդուն, որ հայրն էր մեր մատենագրութեան եւ գլխաւոր թարգմանիչ Սուրբ գրքին, մինչեւ ի մահ հալածելուց յետոյ, ոսկորները եւս հանգիստ չթողեցին գերեզմանի մէջ, այլ հանեցին ու գետը թափեցին… Դեռ չեմ ասում, որ վանքից ոտաբոբիկ դուրս քշեցին Ղազար Փարպեցու պէս մարդուն, եւ իրենց յիմար գործունէութեամբ յուսահատութեան մէջ սպանեցին Խոսրովիկը»:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դ. Գասպարյանը իր «Անկում» հրապարակախոսական հոդվածում վերոնշյալ խնդիրների հանգամանալից քննարկումներից հետո նշում է. «Հայաստանը երբեք այսքան վտանգված չի եղել:
Այս ամենը հետևանք է այն բանի, որ հայ մարդը իր բազմաթիվ առավելությունների հետ մեկտեղ, որոնք դրսևորում են ազնիվ միջավայրում, ունի նաև պատմականորեն ձևավորված, պատմական հոգեբանությամբ նստվածք տված, թանձրացած, իրենը դարձրած ակնհայտ թերություններ, որոնցից կառանձնացնեմ հետևյալները:
1. Իր հայրենիքը չի սիրում, փախչում է իր տեսակից, ապրուստի վայր է որոնում, եթե ոչ ինքը, ապա այդ պայմաններն ստեղծում է իր ժառանգների համար:
2. Օտարամոլ է, շատ արագ կարող է փոխել լեզուն, հատկապես լեզուն, իրեն վերագտնել արևելյան, արևմտյան, ռուսական կենցաղավարության ու դրվածքի մեջ:
3. Օրենքը և օրինականությունը չի հարգում, ամեն կերպ պատրաստ է շրջանցելու այն: Եվ դա հատկապես ի՛ր երկրում:
4. Սուտ հավատացյալ է, խարդախ է, անազնիվ, ստախոս, վախկոտ, անպահանջկոտ, սնապարծ, թերակշռող, հարմարվող...
5. Շատ անփույթ է մի կողմից՝ իր անցյալի արժեքների, մյուս կողմից՝ իր ապագայի հանդեպ: Ինքն իր ստեղծածի տերը չէ:
6. Մի կողմից՝ կարող է տրվել ազգային սնապարծության, մյուս կողմից՝ ազգային բացասումների: Իրատես չէ՝ կա՛մ պետք է գերագնահատի, կա՛մ թերագնահատի...
7. Անմիաբան է: Ինչքան հայ, այնքան կարծիք ու տեսակետ: Ազգային միաբանության բարձր գաղափարներն ու խորհրդանշանները կարող են հեշտությամբ տրոհել՝ ո՜վ է Վարդան Մամիկոնյանը, ո՜վ է Անդրանիկը, ո՜վ է Րաֆֆին... և այսպես շարունակ:
Էլի կան, շատ են, չեմ ուզում կուտակել, ասելիքս փաստելու համար այսքանն էլ բավական է» («Հայոց լեզու և գրականություն», թիվ 8, 2010, էջ 43-44):
Եվ այսպես, կարդում ենք այս ամենը, տմբտմբացնում մեր գլուխները և ընկղմվում խորհրդավոր լռության մեջ: Քանզի մեզնից շատերի համար՝ աճպարարների շարժումներով պապանձված, մեր լռությունը գին ու հատուցում ունի, որն արտահայտվում է այս կամ այն իշխանական կերակրատաշտակից բաժին, պաշտոն ու կոչում, պարգև ունենալ-կորզելու և այլ հանգամանքներով: Եղկելի ու դատապարտելի մի արարք, որից ոչ մի կերպ ազատվել չենք կարողանում: Ամենագլխավորը, իմ կարծիքով, վերջին երկու տասնամյակներում մարդկանց մեջ հավատի խեղումն ու անկումն է: Քանզի այսօր մեզ հավատ չի ներշնչում գրեթե ոչ մի բան: Դա լինի առկա օրենքների կիրարկում, թե պետական պաշտոնյայի խոսք ու գործելաոճ: Վերից վար կարծես վարակվել ենք կեղծիքով ու կասկածամտություններով: Քանզի մենք մեր ներքին մտամթերքով գրեթե մերկացել ենք և հագուրդ ենք տալիս շահին ու շահամոլությանը: Ֆրիդրիխ Շիլլերի խոսքերով ասած, որտեղ չկա հավատ, խախուտ է ամեն բան: Այնպես որ, պատահական չէ, որ վերջին 15-20 տարում Հայաստանում օր օրի աճում են ինքնասպանություններն ու մարդկային արժանապատվությունների ոտնահարումները, անբարոյականությունների աստիճանաբար աճը սովորական դառնալու միտումները, դրանց նկատմամբ դրսևորվող հասարակական ու պետական անտարբերություններն ու անտեղի հանդուրժողականությունը: Այս ամենը մարդուն հասցնում է հուսալքության ու ընկճախտի, իշխանությունների ու օրենքների, ապագայի նկատմամբ անհավատության դրսևորումներին, հարազատ երկրից ու հայրենիքից կամովին արտագաղթելուն, նույնիսկ օրինական համարելով պետական դավաճանությունների ուղին ընտրելու կործանարար գործունեությունը: Իսկ սա փոքրաթիվ ժողովուրդների համար կործանարար երևույթ է: Հետևապես մեր պետության գլուխ կանգնած այրերը, ի վերջո, պետք է շիտակորեն և պատասխանատվության ամենաբարձր զգացումով հաշվի նստեն այս ամենի հետ, կամ էլ կամովին իրենց տեղը զիջեն ավելի կարող ուժերին: Այլապես մեզ և մեր երկրին ամենևին պատիվ չեն բերում այսպիսի անկայուն ու ոչինչ չխոստացող իրավիճակն ու ապագան: Հիշեցնեմ հայ գրականության դասական Վահան Տերյանի այն միտքը, որ զգուշանալով վանդալիզմից, իրավացիորեն հուշում էր, որ վանդալիզմի ենթարկված նյութական արժեքները, թերևս, հնարավոր է վերականգնել, բայց հոգևորը՝ երբեք:
Այնպես որ, պետական այրերի ստահոդ ու անհիմն փաստարկումները, ցուցամոլությունները, պետական միջոցների գրեթե անարգելք մսխումները, ի վերջո պետությանը մի օր կանգնեցնելու են անելանելի իրավիճակի առջև, որը, մեղմ ասած, պետական դավաճանությանը հավասարազոր երևույթ է: Քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք մտածում ենք, սակայն գերադասում ենք լռություն պահպանել, գիտակցում ենք, բայց կանխարգելիչ միջոցների չենք դիմում: Միով բանիվ, տեսնում ենք՝ անտեսելու ենք տալիս, խոսում ենք համամարդկային, եվրոպական արժեքներից, սակայն մեր առօրյա գործունեությամբ անօրինականություն ու չարություն ենք սերմանում: Եվ կարծես այսօրվա մեր կյանքում շահամոլությունն ու պետական միջոցների աննպատակ ու անպատասխանատու ծախսումներն ու կողոպուտը պետության առաջին դեմքերի համար դարձել են հավատարմության չափանիշ: Ավելին, այսօրինակ «գաղջ» մթնոլորտի ստեղծման, փտախտի անբուժելի վիրուսներ տարածողների հեղինակներն ամենևին էլ չեն խորշում հանրությանը նորանոր կեղծ ու պատիր հայրենասիրական երազանքներով, հույս ու հավատով կերակրելուց:
Գյուղական բնակչության անընդմեջ պակասելը ՀՀ կառավարությանն այս տարի ստիպեց խոշորացնել հանրապետության գյուղական համայնքները և աշակերտության թվաքանակի սակավության պատճառով էլ` մի քանի գյուղերի համար թողնել մի դպրոց: Եվ ակամայից մարդ հիշում է Ալբերտ Էյնշտեյնի այն խոսքը, որ «հիմարությունն այն է, երբ մենք կրկնում ենք նույն սխալները` ամեն անգամ սպասելով նոր արդյունքի»: Իրոք, ինչու՞ ենք դարեր շարունակ սխալվում և այդ ամենի նկատմամբ էլ, մեղմ ասած, նենգադավ լռություն պահպանում: Արդյո՞ք մենք չենք տեսնում: Եթե այդպես է, ապա երիցս ճիշտ են Ք.ա. 1-ին դարի հռոմեացի մտածող Պուբլիլիոս Սիրիոսի այն խոսքերը, որ մարդու «աչքը կույր է, երբ միտքն այլ բանով է զբաղված»: Իրոք, մինչև ե՞րբ չպետք է տեսնենք մեր առջև օր օրի կուտակվող-դիզվող վտանգներն ու որոգայթները, մեր իսկ ընչաքաղցությունն ու անտարբերությունը... և զբաղվենք ազգային արժեքներն ու միջոցները մսխելու ու զանազան եղանակներով կողոպտելու գործով...
Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Դիտվել է՝ 7729

Մեկնաբանություններ