Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քո անկայմ նավի փարոսը

Քո անկայմ նավի փարոսը
06.10.2017 | 08:36

Արդեն տպարանում է Ֆելիքս Պետրոսյանին նվիրված ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԻ երրորդ՝ «Նեղ դուռ» գիրքը: Ներկայացնում ենք մի հատված:

Դատավարությունների ընթացքում քո կյանքում հայտնվեց Աղավնին՝ մի բարետես, մի հոգատար աղջիկ, ում համար Ֆելիքս Պետրոսյանի պոեզիան անչափ սիրելի էր, ամենօրյա ընթերցելիք: Աղավնին սիրեց քո պոեզիան, և դո՛ւ մի տեսակ քեզ լավ զգացիր կալանավայր նրա այցերի, խորհուրդների, ջերմության միջավայրում: Նա այցելում էր քեզ, և ձեր երկար զրույցները քեզ մոռանալ էին տալիս այդ տաղտուկ միջավայրը, անգամ քո կարգավիճակն էիր մի պահ մոռանում:


Նա եղել է քո միջավայրում, երբ դու դրսում էիր: Երբեմն հանդիպում էիք: Նույնիսկ մի անգամ Ռիմայի հետ եկել էր քեզ այցի, երբ դու մի քանի օր տնից դուրս չէիր գալիս՝ ջերմում էիր: Դա ընկերների սովորական, բարեկիրթ այց էր հիվանդ ընկերոջը, բայց վերջաբանը մի փոքր խաթարվեց՝ ընտանեկան, բոլորիս հայտնի, սովորական միջադեպով:
Դրանք աննշան բան էին ընկերության մեջ, և Աղավնին արդեն կալանավայրում էր սիրով այցելում քեզ, ու դուք երկար զրուցում էիք:
Ի՞նչ էին տալիս քեզ այդ զրույցները. հոգեբանորեն դու խաղաղվում էիր, դրսի աշխարհն այդ հմայիչ աղջկա ներկայությունից գալիս-հասնում էր քեզ, ու այդ պահերին տեսակցության վանդակապատ այդ նեղլիկ սենյակն ընդարձակվում, դառնում էր մեծ աշխարհի քո անկյունը, որտեղ դու ազատ էիր, որտեղ՝ այդ հմայիչ աղջկա ներկայությամբ, ազատորեն արտահայտում էիր մարդկանց միջավայրում լինելու, կողքիդ հարազատի ներկայություն զգալու կարոտը, և բանաստեղծի քո խառնվածքը հանգավորում էր քո ասելիքը, ու դու հաջորդ հանդիպմանը քո հերթական նամակի տողերի արանքում պիտի ամփոփեիր ու հանձնեիր նրան.
Աստաշխարհի կապույտ
հեռուներից անհաս
Ինձ եկել ես այցի…
Հեղեղիր ինձ հիմա
աստղահմա գինուդ
սարսուռներով կենաց,
Ծարավի է սիրտս
օրհնանքիդ ու սիրուդ,
Իմ հոգեառ Աստված…:

Քեզ համար հոգեբա՞ն էր Աղավնին, խոստովանահա՞յր, ում առաջ դու բացում էիր հոգիդ, սիրտդ, գաղտնիքներդ բոլոր: Մենակության զգացու՞մն էր քեզ կապել փարոսին, որի լույսը պիտի հանգչեր պարտադրված բաժանումի պահից սկսած, երբ հսկիչ կոչվածի՝ տեսակցությունն ավարտված լինելու մասին անդուր ձայնը տխրեցնում էր երկուսիդ էլ: Դուք պիտի հարկադիր բաժանվեիք՝ նրա աչքերին՝ կարոտ, քո հայացքում՝ կարոտ, և ձեր երկուսի շուրթերի դողոցը սեր ու սպասում պիտի անձայն մրմնջար:
Ձեր մտերմությունն ի՞նչ սահմաններ ուներ, միայն Աստծուն ու ձեզ երկուսիդ հայտնի այս գաղտնիքը դու տարար հետդ, իսկ ինքը՝ սրտի մի անկյունում դեռ ծածուկ, պահում է շարունակ ջերմացնող մի զգացում որպես, որ միայն իրենն է:
Նա ու՞մ մոտ բացեր իր սրտի այդ անկյունը, ու՞մ կարող էր վստահել անցած-գնացած օրերի անթեղ կրակը, ու՞մ պիտի ներկայացներ նամակներդ ու դրանց մեջ եղած բանաստեղծություններդ, որոնք պոեզիայի հրաշալի նմուշներ են, և ափսոս, շա՜տ ափսոս կլիներ, եթե դրանք այդպես էլ փակի տակ մնային:


Աղավնին եկավ քո «Կիսատ անուրջներ» գրքի շնորհանդեսին Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճ…
Շնորհանդեսին եկածները համարյա բոլորն ինձ ծանոթ էին, ինքը՝ անծանոթ:
Չներկայացավ, չծանոթացավ, և ես իմ խոսելու պահին շարունակ նրան էի նայում՝ անծանոթ այդ տիկնոջը, որ լռին նստած էր վերջին շարքի նստարանին ու… լուռ արտասվում էր: Դահլիճում դա ոչ մեկին արտառոց չթվաց, որովհետև քո գիրքն արդեն թերթողներ էին եղել, և նրանց հայացքներում հուզմունք ու թախիծ կար, և դա այդ միջավայրում, այդ պահին, շատ բնական էր դիտվում:
Աղավնին թերթում էր գիրքդ, կրկին շրջում կազմի առաջին էջը, նայում քո տխուր նկարին ու շարունակում արտասվել:


…Շնորհանդեսի ավարտին աննկատ հեռացավ գրադարանից:
Շնորհանդեսի մասնակիցները՝ բոլորն անխտիր, քեզ արդեն գիտեին ֆեյսբուքյան իմ և շատ այլոց գրառումներից, իրենք էլ ամեն եղանակով իրենց ջերմ վերաբերմունքով արձագանքում էին դրանց: Աղավնին չկար այդ հարթակում, և շնորհանդեսի մասնակիցներին, ովքեր իրար գիտեին ֆեյսբուքյան հարթակից, Աղավնին անծանոթ էր: Հետո միայն պարզվեց, որ ինքն էլ կա ֆեյսբուքում, բայց միայն պասիվ նայող որպես և ինքը կարդացել, թաքուն հրճվել է, որ քո անունն արդեն տարածվում է: Կարդացել է, ուրախացել, բայց չի արձագանքել: Կարդացել է, ու դրանց զուգահեռ նորից ու նորից թերթել քո նամակները: Եվ երբ արդեն հայտնի դարձան «Կիսատ անուրջներ»-ի տպագրությունն ու շնորհանդեսի օրը, մեկիկ-մեկիկ քո նամակներից արտագրել է դրանցում գրված քո բանաստեղծությունները և դրանցով եկել շնորհանդեսին:
Այդ օրը նա, այսպես ասած, չբացվեց, լեփ-լեցուն դահլիճի մասնակիցներին նայեց ջերմությամբ, սիրով, որ այդքան երկրպագու ունես: Այդ օրը նա չմոտեցավ ինձ, ես էլ չնկատեցի նրա հեռանալը:


…Շնորհանդեսից օրեր անց Աղավնին զանգահարեց ինձ և ուզեց հանդիպել:
Նույն հուզմունքը, նույն լացը… մեկիկ-մեկիկ կարդաց ու ինձ տվեց բանաստեղծություններ, որ քաղել էր նամակներից:
-Ներեցեք,- ասաց,- նամակները չեմ կարող տալ՝ դրանք միայն իմն են ու ինձ հետ էլ էն աշխարհ կգնան:
-Միայն Ձեզ եմ վստահում,- շարունակեց,- որովհետև Դուք մամուռներից հանեցիք Ֆելիքսի քերթվածքներն ու պարզեցիք աշխարհին…
Երկար դադար տվեց: Դանդաղ ըմպում էր սուրճը, հետո.
-Այստեղ՝ սրանց մեջ, սիրող Ֆելիքսն է, հանիրավի դատված ու անորոշության մեջ իրեն պատեպատ խփող Ֆելիքսը…
Դադարներով էր խոսում, հուզմունքից եկող այդ դադարները երբեմն երկար էին տևում՝ իր այն օրերն էր հիշում երևի:


-Մեր անցած հեքիաթների արձագանքն է այստեղ,- շարունակեց Աղավնին՝ գուրգուրանքով շոյելով արտագրած բանաստեղծությունները,- ինքն իր դեմ ու նաև աշխարհի դեմ ըմբոստանալու մոլուցքի պահին գրված Ֆելիքսի տողերն են այստեղ, տանջանքով ծնված բառերի բանաստեղծական շարադրանքը… Այստեղ Ֆելիքսն ինքն է:
Հիշեցի Ռազմիկ Դավոյանի մի քանի տողը.
«…Զգու՜յշ շոշափիր պատերը բանաստեղծության՝
Քո մատների տակ սի՛րտ է բաբախում»:
Հետո Աղավնին պայուսակի մեջ ինչ-որ բան փնտրեց: Հանեց երկու փոքր, մաշված թուղթ: Դրեց սեղանին, խնամքով հարդարեց ծալված մասերը:
-Սրանք էլ չեմ տա՝ նամակների հետ եմ պահում, բայց մեկը կկարդամ, հիշեք պարզապես.
Ահա և ես… Երկարապոչ աստղի նման
Նորից եկա՝ պղտորելու երկինքդ լուրթ,
Ավերելու հոգու մի սուրբ աղոթարան,
Հմայելու միտք և ուղեղ, աչքեր ու շուրթ…
Ի՞նչ կարող եմ անել, ասա՛, ես քեզ համար,
Տիեզերքի ո՞ր անկյունից քեզ հույս բերեմ,
Իմ լա՜վ, իմ ջինջ, իմ ուղեծրի կանա՜չ կամար,
Նստիր կողքիս, ձեռքերդ տուր՝
սարսուռներդ համբուրեմ…:

Կարդաց, կրկին դրեց պայուսակի մեջ:


Անմիտ բան կլիներ հարցեր տալ, և ես անխոս լսում, հետևում էի նրան:
Ներքին ի՜նչ փոթորկումներ կային նրա հոգում՝ արցունքախառն աչքերը, դողացող ձեռքերը մատնում էին: Ի՞նչ հարցնես՝ ինձ գոնե` Ֆելիքսին լավ իմացողիս, բաց ափի պես պարզ էր այդ կինը:
-Մի վերջին բան էլ,- ասաց հրաժեշտին,- եկավ ժամանակ, երբ դադարեցին ինձ գրվող նամակները: Իմ մեջ վրդովմունք, չարություն չառաջացավ՝ գուցե Ֆելիքսը հարմար էր գտել, որ իր նամակներն արդեն այլ հասցե ունենային…
Նամակներ չստանալը նաև փակեց կալանավայր իմ այցերի ճանապարհը:
Հա՞րց կարդաց իմ հայացքում, որ որոշ դադարից հետո ասաց.
-Չէ, չէի նեղվում, հիմա էլ հանգիստ եմ տանում դա՝ Ֆելիքսը շա՜տ նկատելի էր, և հարաբերությունների, վերաբերմունքի այդ փոփոխությունը, գուցե թե, տրամաբանական է:
…Հիմա, Ֆելիքս սիրելի, Աղավնուն գրած քո նամակներից քաղված այս բանաստեղծություններդ եմ զետեղում գրքում.
Քո այդքան ճերմակ վարսերից
Քանի՞սն են կրում անունս,
Ինչքա՛ն ես հսկել գիշերն ինձ,
Որ աստղոտ լինի այս տունս:

ՈՒ հիմա նստել ենք դեմ դիմաց,
Խոսում ես ու ինչ-որ բան ասում,
Միամիտ, իմ խելառ անաստված,
Պատմածդ ինքդ չես լսում:

Էլ չգաս… կարոտի քո հեռվում,
Գիսաստղի քո դերում դու մնա,
Հոգնածին նոր բեռ չեն բեռնում՝
ՈՒսերը էլ չեն դիմանա:

Աշուն չէ, գարուն է, մայիս է,
Խառնեցիր ամեն ինչ, գնում ես…
Քո ճերմակ վարսերից քանի՞սն են
Արմատում կրում անունս:

Մենք բաժանվեցինք՝ Ֆելիքսով եկած մեր տխրությամբ և «Նեղ դուռ» գիրքը լույս տեսնելու մխիթարանքով:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2100

Մեկնաբանություններ