Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչ է գուժելու կամ ավետելու վաղվա օրը

Ինչ է գուժելու կամ  ավետելու վաղվա օրը
06.10.2017 | 08:41

Այս շաբաթն ամբողջովին ֆուտբոլի ազգային հավաքականների տնօրինությանն է հանձնված: Եթե ոչ ամբողջությամբ, գոնե առավելապես հայտնի կդառնան եկող տարի Ռուսաստանում մեկնարկելիք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք նվաճած թիմերը: Մերոնցից չխոսենք: Մենք չենք մասնակցելու այս տոնախմբությանն ու դրան հաջորդելիքներին այնքան ժամանակ… Ինչ ասեմ` ինձնից էլ լավ գիտեք, թե որքան ժամանակ: ՈՒստի իզուր արյուն չպղտորելու, նյարդեր չքայքայելու համար դառնամ բուն ասելիքիս:

Շատ բարդ իրավիճակ է Իսպանիայի հավաքականի հետ կապված, ու այստեղ իր հանգուցային դերն ունի քաղաքականությունը, որքան էլ ասենք, պնդենք, համառապնդենք, թե սպորտը դրա հետ կապ չունի:
Ավաղ, ունի, այն էլ ինչպե՜ս ունի:
Խմբային փուլն անցնելու առնչությամբ Իսպանիայի հավաքականը, բնականաբար, խնդիրներ չունի: ՈՒնեցած 23 միավորի ու խմբայինը միանձնյա գլխավորելու պարագայում այն եթե անգամ մնացած երկու հանդիպումում էլ պարտվի, ինչը ֆանտաստիկայի ոլորտից է, միևնույն է, ոտքով-գլխով եզրափակչում է:


Քաղաքականությունից, համաշխարհային իրադարձություններից փոքր-ինչ հեռու կանգնած ընթերցողը, բնականաբար, կհարցնի` եթե այսպիսին է գործերի վիճակը, բա ի՞նչն է բանը, էս ի՞նչ ավելորդ տագնապներ են:
Բանը, սիրելի անտեղյակ ընթերցողներ, եթե, իհարկե, ուղտի ականջում դեռ քնածներ կան, Կատալոնիայի անկախության հարցն է, որը համակատալոնյան քվեարկության էր դրվել հոկտեմբերի մեկին, ու որի անցկացմանը դեմ էր Մադրիդը:
Հիմա թե դեպքերն ի՞նչ զարգացում կստանան, ուղղակի ու անուղղակի առնչվում է և սպորտին, ու դրա առաջին շորշոփներն արդեն իսկ եղել են, կան:
Հանգամանքների բերումով այդ նույն հոկտեմբերի 1-ին «Բարսելոնը» «Կամպ Նոուում» հյուրընկալելու էր «Լաս Պալմասին» ու առանձնապես վառ երևակայություն ունենալ պետք չէր պատկերացնելու համար, թե Մադրիդ կոչված կենտրոնի գործուղած ոստիկանների ու կատաղած ամբոխի հնարավոր բախման հետևանքով ինչեր կարող էին լինել:
Ակումբի ղեկավարության որոշմամբ, բարեբախտաբար, կայացվել էր մրցակցությունն առանց մարզասերի ներկայության անցկացնելու վճիռ, թեպետ, կներեք, ու՞մ է պետք այն մրցակցությունը, որը հանդիսատես չի ունենալու: Լա՜վ, ասենք այս հանդիպումը ոչ թե Բարսելոնում էր, այլ բուն իսպանական մեկ ուրիշ տարածքում կամ երկրամասում: Ասելս այն է, որ երկրի ներսում եղած այս ջղաձիգ լարվածության պայմաններում այդ ո՞վ կարող է հարյուրտոկոսանոց անվտանգության երաշխիք տալ:
Սակայն հոկտեմբերի մեկով հո չավարտվե՞ց Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը: Ասենք թե, այն այս պահին պատահականորեն ընդմիջվեց հավաքականի մրցելույթներով:
Բա հետո՞:


Ի դեպ, արդեն իսկ հավաքականի մակարդակով լարվածության դրսևորումներ են եղել: Մասնավորապես, հանդիսատեսը սրերով է ընդունել անկախության հանրաքվեի վերաբերյալ իր կարծիքը բացահայտ հայտնած Ժերար Պիկեի մարզադաշտ դուրս գալը, ու որ բանը բանից չանցնի, հավաքականի մարզչական կազմը որոշում է ընդունել պարապմունքները դադարեցնելու մասին, որը սովորաբար անցկացվում է մարզասերների ներկայությամբ:
Տեղեկացնենք, որ ոստիկանությունը ավելի շատ միտինգավորների հիշեցնող մարզասերներից առգրավել է «Բարսելոնի» կիսապաշտպանին այպանող, վիրավորանք հասցնող պլակատներ: Ֆուտբոլասերների` «Չքվի՛ր, Պիկե՛, հեռացի՛ր» վանկարկումներին, ճիշտ է, պաշտպանը սառն է արձագանքել, սակայն, այ, «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոն գլուխն առել է ափերի մեջ, փակել երեսը` շատ լավ հասկանալով, թե ինչին ինչ կարող է հաջորդել, որովհետև ամբոխի սիրուց մինչև ատելություն մեկ քայլ է:


Ավելի ուշ տարածված հաղորդագրության հերքմամբ, որը փաստել է հանդերձարանում իբր թե Սերխիո Ռամոսի ու Ժերար Պիկեի միջև եղած լեզվակռվի, շիկացած կրքերի մասին, հանդես է եկել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավորի ժամանակավոր պաշտոնակատար Խուան Լուիս Լարեան. «Պիկեն չի լքի Իսպանիայի հավաքականի տարածքը: Եթե նա չստանա վնասվածք, կմնա թիմի հետ: Հավաքականում մթնոլորտը բնավ էլ լարված չէ: Ես այդ մասին կարդացել եմ մամուլում, սակայն դա այդպես չէ: Պիկեի ու Ռամոսի հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին եղել են, ու նրանց միջև խնդիր չկա»:
Ինքնին հասկանալի է, որ պիտի փորձ արվի ամեն կերպ լիցքաթափելու իրավիճակը, հանդես գալու այն ժխտող հայտարարություններով, քանի դեռ ջինն ամբողջապես չի ելել շշից, սակայն այս կարգի բարձրաձայնումներին հանրությունը դժվարությամբ է հավատ ընծայում:
Ամեն դեպքում նշենք, որ կատալոնյան ակումբից հավաքական հրավիրվածներից ամենաշատ քաղաքականացվածը Պիկեն է, և որ նրա վարքագիծը միարժեքորեն չի ընկալել անգամ նրա թիմակից Սերխիո Բուսկետսը, որը ի միջի այլոց, նույնպես բնիկ կատալոնացի է: Նա մասնավորապես հայտարարել է, որ գերադասում է քաղաքական հայացքները հավաքականից դուրս թողնելը. «Մենք այստեղ եկել ենք խաղալու, դա որքան հնարավոր է լավ անելու համար»:


Սակայն խնդրո առնչությամբ հավաքականն էլ թողնենք մի կողմ ու տեսնենք, թե ինչ է կատարվում այդ նույն «Բարսելոն» թիմի կտրվածքով, որը համաշխարհային ակումբային ֆուտբոլի մակարդակով այնքան առանձնացված կանգնած է, որքան առանձնացված կանգնած չէ անգամ երկրի հավաքականը:
Հանրաքվեին հաջորդած օրը այն գործադուլ է հայտարարել, չեղարկել է մարզումները:
Ի՞նչ է հետևելու այս ամենին:
Եթե իրադարձությունները զարգանում են նման արմատական առճակատման ճանապարհով, ակումբը, բնականաբար, չի կարողանա հանդես գալ երկրի առաջնությունում թեկուզև այն պարզ պատճառով, որ վտանգված կլինի ֆուտբոլիստների ֆիզիկական մասնակցությունը լա լիգային:
Սակայն, չմասնակցելով առաջնությանը, թիմը, բնականաբար, կզրկվի խաղային պրակտիկայից ու հարցականի տակ կմնա նրա հետագա ճակատագիրը: Սա անասելի ծանր հարված կլինի համաշխարհային ակումբային ֆուտբոլին:
Բնականաբար նման պայմաններում օրակարգային հնչողություն է ստանում այն որևէ երկրի առաջնության մեջ ներառելը:
Զուտ մրցակցային տեսանկյունից ապշեցուցիչ կլիներ «Բարսելոնը» պրեմիեր լիգայում տեսնելը: Հապա մի մտովի պատկերացրեք ոսկու համար պայքար մղող ակումբների հետևյալ աստղաբույլը` «Չելսի» «Մանչեստր Սիթի», «Մանչեստր Յունայթեդ», «Արսենալ», «Տոտենհեմ», «Լիվերպուլ» ու… «Բարսելոն»: Սա չէր լինի պրեմիեր լիգա, սա իրականում միանգամից կլիներ Չեմպիոնների լիգա:


Անգլիան մրցակցային առումով շահավետ է ներկայանում, սակայն ունի իր թերի կողմերը: Նախ՝ հաշվի առնենք տևական այն թռիչքներն ու դրանց հաջորդականությունը, որ կունենան ինչպես «Բարսելոնը», այնպես էլ նրանց հետ մրցակցող անգլիական ակումբները: Բացի այս, կա երկու ժողովուրդների մենթալիտետների միջև եղած տարբերությունը, որը պակաս գործոն չէ:


Նույն այս տարբերակով բացառվում է և կատալոնյան ակումբի ներառումը բունդեսլիգայի կազմ` «Բավարիայի» մոնոտոն նվաճումների դեմն առնելով: Թերևս վատ տարբերակ չի ներկայանում իտալական առաջնությունը, որտեղ վերջին տարիներին անմնացորդ տնօրինություն է անում «Յուվենտուսը», որի հետ դեռևս դժվարությամբ է ստացվում «Նապոլիի», «Ինտերի», «Ռոմայի» ու էլի մի երկու ակումբների մրցակցությունը: Սկուդետե ներառված «Բարսելոնը» փառահեղ տարբերակ կլիներ այս առաջնության մարտական ոգու տոնայնությունը մի քանի նիշով բարձրացնելու համար, թեպետ պակաս գրավիչ տարբերակ չի ներկայանում և ֆրանսիական դիվիզիոնը, որտեղ վերջին տարիներին իրեն ամեն ինչ զգացող «Պարի Սեն Ժերմենի» կողքին հասակ է առնում մոնեգասկների թիմը ¥հիշենք, թե անցած տարի մայրաքաղաքցիների ձեռքից այն ինչպես խլեց ոսկին¤: Ի միջի այլոց, եկեք չմոռանանք, որ «Մոնակոն» համանուն իշխանությունը ներկայացնող թիմ է` մեկ այլ երկրի առաջնությանը մասնակցող: Այնպես որ, «Բարսելոնը» շատ զիլ կդիտվեր այդ առաջնությունում: Մյուս կողմից էլ կստացվեր այնպես, որ ընթացիկ տարում կատալոնյան ակումբը լքած Նեյմարը ճակատագրորեն դատապարտված կլիներ «Բարսելոնին» դիմակայելուն, որն իր նախկին թիմակցին բացատրելու քիչ բան չէր ունենա:


Սակայն մենք, կարծես, շատ առաջ ընկանք, թեպետ այսօրվա հակասությունների մեջ վաղվա օրը կանխատեսել չկարողանալը ոնց որ թե բութերի մենաշնորհն է: Բոլոր դեպքերում, եկեք հետևենք զարգացումներին ու հավատանք ամեն ինչի հետևելիքի բարի լինելուն կամ բարի ավարտին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ