Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բոլոր հերոսներն արժանի են հիշատակման

Բոլոր հերոսներն արժանի են հիշատակման
09.10.2017 | 20:24

«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ն իրականացնում է ազգանվեր մի գործունեություն՝ հավաքագրելով 90-ականների սկզբից մինչև մեր օրերը Արցախի ազատագրման և պահպանության համար մղված ազգային ազատագրական պայքարում զոհված կամ անհետ կորած մեր հերոսների տվյալները, ամեն ամիս` «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ հարկի տակ, «Հերոսներն անմահ են» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկոյի շրջանակներում ներկայացնում տեսաֆիլմ նախաբանով՝ «ՈՒնենք ապահով այս օրը մեր հերոսների շնորհիվ»…

Հանդիսատեսի առաջին շարքերը զբաղեցնում են մեր հերոսների սևազգեստ մայրերը: «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի նախագահ Մանուշակ Ստեփանյանը Հայաստանի անգամ հեռավոր մարզերից յուրաքանչյուր ամիս «Նարեկացի» արվեստի միություն է հրավիրում հերոսացած տղաների մայրերին, հայրերին, երախտագիտությամբ կրկնում, որ նրանց որդիների շնորհիվ ունենք ապահով այս օրը և ընտանեկան ջերմությամբ փորձում գոնե մի քանի ժամով նրանց կտրել իրենց տան «հուշ անկյուններից»:
Որդեկորույս մայրերին, հայրերին գլխահակ տեսնելով՝ տիկին Մանուշակն ասաց.
-Թող գլուխները կախ քայլեն այն մայրերը, ովքեր մարդասպան ու ավազակ որդիներ են մեծացրել, դուք հերոսներ եք մեծացրել, պետք է քայլեք հպարտ, բաց ճակատով, ձեր որդիներն արդեն ողջ հայ ազգի հերոսացած զավակներն են:
90-ականների սկզբին, երբ օրհասական էր Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցը, համայն հայությունը ոտքի կանգնեց Արցախի ու Հայաստանի ադրբեջանաբնակ բնակավայրերն ազատագրելու, երկրի սահմաններն անառիկ պահելու համար: Հայոց աշխարհի բոլոր ծայրերից, մտավորական, թե ռամիկ, զենք վերցրին ու մեկնեցին պատմական արդարությունը վերականգնելու՝ մեր պապական հողերը զենքի ուժով մեր ժողովրդին վերադարձնելու հաստատակամությամբ:


Միջուկային զենքի այս դարում մեր ազգային ազատագրական պայքարը սկսեցինք մեր պապերի ժանգոտած հրացաններով, դեսից- դենից ձեռք բերած զինվորական համազգեստով… ՈՒ հաղթեցինք՝ ինքներս մեզանով, հայի անպարտելի ոգով: Եվ այդ հաղթանակով ձեռք բերված հողերն անառիկ պահելու համար թշնամու անհամեմատ մեծաքանակ ուժերի դեմ մղված մարտերում իրենց կյանքը չխնայեցին նաև մեր երիտասարդ սպաներն ու զինվորները: Հայ ազգը շատ նվիրյալներ ունի, որոնց անունները հաճախ չեն հնչում: Հերոսների մասին խոսելիս մի քանի տասնյակ անուններ են տրվում, շատ նահատակներ կամ անհետ կորածներ, ցավոք, մոռացության են մատնված:
Ըստ ներկայացված տվյալների՝ արդեն երկու տասնամյակ և ավելի շարունակվող այս պայքարի ընթացքում ունենք 10500 վիրավոր, 9400 զոհ, նրանք բոլորն արժանի են հիշատակման:


Տիկին Մանուշակը հորդորում է «Մայր Մանե» ՀԿ-ի` mane_62@mail.ru էլեկտրոնային հասցեով ուղարկել ձեր բակի, ձեր թաղամասի կամ փոքրիկ քաղաքի զոհված կամ անհետ կորած այն հերոսների տվյալները, ում անունները դեռևս չեն հնչել տեսաֆիլմում: Ապարանից մինչև Մասիս, Գյումրուց մինչև Երևան՝ հարկավոր է խնամքով հավաքագրել լուսանկարները, անունները և նրանց սխրանքի մասին պատմել բոլորին: Հարկավոր է ճանաչել մեր հերոսներին:


90-ականներին հաշմանդամ դարձած ազատամարտիկները, զոհված հերոսների ընտանիքները՝ հաճախ անուշադրության մատնված, անտեսված, իրենց վշտի ու խնդիրների հետ մեն-մենակ ապրեցին: Անգամ համապատասխան գերատեսչությանը նրանց համար հատկացվող «օգնությունը» այդպես էլ նրանց չհասավ… Այսօր, համացանցի շնորհիվ նաև, գրեթե ոչ մի զինհաշմանդամ կամ հերոսի ընտանիք անտեսված չէ: Եվ երախտագիտության են արժանի այն մարդիկ, ովքեր հավաքագրում և ներկայացնում են հերոսների մասին պատմող ֆիլմեր, այն կազմակերպությունները կամ մարդիկ, ովքեր օգնում են հերոսների ընտանիքներին, որպեսզի նրանց զավակները զրկանքներով չմեծանան, իրենց մինուճար որդիներին, իրենց միակ խնամողին կորցրած մայրերը անուշադրության չմատնվեն:
Մեր կողքին ապրող հերոսները և մեզնից հեռացած հերոսների ընտանիքները յուրաքանչյուրիս ուշադրության, հոգածության կարիքն ունեն, հարկավոր է ճանաչել մեր հերոսներին…


Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5986

Մեկնաբանություններ