Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լյուստրա՞ցիա

Լյուստրա՞ցիա
10.10.2017 | 00:09

Հայաստանյան ԶԼՄ-ներում մի տեսակ անուշադրության մատնվեց Սաուդյան Արաբիայի թագավորի այցը Ռուսաստան, ինչը գրեթե համաշխարհային նշանակության իրադարձություն էր. առաջին անգամ սաուդյան թագավոր էր այցելում Ռուսաստան: Չծանրանանք այցի անչափ հետաքրքիր մանրամասների, կնքված պայմանագրերի, ընդհուպ մինչև «Կալաշինկովի» սաուդյան արտադրության վրա, այլ նկատենք` պաշտոնական Մոսկվայում հայտնված Սալման բեն Աբդել Ազիզը նախ և առաջ քաղաքական նպատակներով էր Ռուսաստանում, պայմանավորված նույն Ռուսաստանի` Իրանի հանդեպ ունեցած վերջին շրջանի դիրքորոշմամբ: Այո, Ռուսաստանն այս փուլում, որքան էլ պարադոքսալ թվա, թելում է Թրամփի ասեղը և փորձում խաղից հանել Իրանը` տարածաշրջանում, Սիրիայում ունեցած իր հետաքրքրություններից ելնելով:


Եվ որքան էլ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այսօր սառը պատերազմի ամենախոր փուլում են, Իրաքյան Քրդստանի անկախության նկատմամբ լոյալ այս երկրների շահերը համընկել են նաև Սիրիայում, որտեղ ընթանում են վերջին մարտերը, իսկ այդ խաղում Իրանն ամենևին երկրորդական երկիր չէ. բացի «մնացյալից», Ռուսաստանի օդային «մարտերը» Սիրիայում ապահովվել են նույն Իրանի ցամաքային ուժերի օժանդակությամբ, ինչի մասին Իրանն առանձնապես չի «սիրում» խոսել:


ՈՒ այս պահին, երբ Մեծ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը հաջորդական թիրախավորմամբ փորձում է Իրանը քշել անկյուն (հիշենք` փոթորկից տուժած իր քաղաքացիների վրա զուգարանի թղթեր նետող Թրամփը պատրաստվում է Իրանի միջուկային համաձայնագիրը ապավավերացնելու), Ռուսաստանն էլ իր հերթին փորձում է օգտվել առիթից` գրեթե բոլոր ուղղություններով: Այդ թվում՝ ղարաբաղահայաստանյան` ցանկանալով Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման ժամանակ հասնել լուրջ «արդյունքների», ինչը մեկ անուն ունի` ռուսական «խաղաղապահական» ներկայություն ղարաբաղյան գոտում, հատկապես Մեղրու երկայնքով` Իրանի սահմանագծին: Երկրորդենք` նույն «մտահոգությամբ» Ռուսաստանն արագացրեց հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագրի վավերացման հարցը, հույս ունենալով, որ «իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու» (թե՛ պատերազմական, թե՛ ներքին «ապաստամբության») դեպքում ինքը սողացող ձևերով կկարողանա իրականացնել «խաղաղապահական» իր իդեֆիքսը:


Շատերին, թերևս, զարմացրեց օրերս «Սասնա ծռերի» (Ժիրայր Սէֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Կարո Եղնուկյան) հրապարակած նամակը, որն ամբողջովին «նվիրված» էր Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին: Եթե վերջիններիս պայքարի մեթոդները փոքր-ինչ այլ եղած լինեին մինչ այս, և իրենց «եզրութաբանության» մեջ «քիլլերության» դոզան շատ ավելի մեղմ լիներ, ինչպես որ էր վերջին նամակում, կարելի էր և մասամբ համամիտ լինել նրանց առաջ քաշած որոշ տեսակետներին` նույն Իրանի մասով: Սույն նամակը, սակայն, «լյուստրացիոն» «երես» ուներ նաև. այն բացապարզում էր այդ կոնգլոմերատի իրական «բխումներն» ու շահագրգռությունները` Լիբանան-Սիրիա «ծիրում». Ռուսաստանից` Հայաստանի ապագաղութացման իրենց պահանջներում այս անգամ «տղերքը» բավականին շատ էին անկեղծացել ու հեռուն գնացել: Ասել է` Ռուսաստանից սույն նամակով ցուցանվել էր, որ Հայաստանում կան ուժեր (մի մասը` թեկուզ ձերբակալված), որոնք ոտքի կկանգնեն, եթե Ռուսաստանը որոշի «օկուպացնել» Իրանի հետ սահմանը: Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահական «ծրագրին» մշտապես դեմ է եղել Իրանը` բազմիցս հայտարարելով, որ Հայաստան-Ղարաբաղ սահմանագծում ոչ մի երրորդ ուժ չի կարող «հայտնվել»` իրենք դա չեն հանդուրժի:


Ի դեպ, հայաստանյան ներքաղաքական խաղի իմաստով բավականին հետաքրքիր էր նաև «Գեղամյան-Նիկոլ» «դարի ձեռնամարտը», որտեղ կային լուրջ «մեսիջներ». Գեղամյանը, որն արդեն յոթանասուն տարեկան է, և որի անչափ հարուստ կենսագրության էջերում ինչեր ասես չկային, բայց ոչ երբեք` ձեռնամարտ, մեկ օր ուշացմամբ էր «անդրադարձել» իր վիրավորված լինելու հանգամանքին` խիստ «յուվիլիրնի» (այլապես տեսագրությունը կլիներ` լրագրողների տեսախցիկներից ու հեռախոսներից) «լուծելով» մի շարք հարցեր: Ինչպիսի՞ք:
Դա ևս արդեն այլ «կինոյից» է: Համենայն դեպս, «առանցքում» կրկին Ռուսաստանն է: Ընդդիմադիր պայքարի լիդերությունը: Մի քիչ էլ` հայոց կառավարությունը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ