Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայրենիք թալանողը թշնամուց էլ վատն է

Հայրենիք թալանողը  թշնամուց էլ վատն է
10.10.2017 | 00:15

Հարգելի Մերուժան, անշուշտ, դժվար է մտավորական լինել և անկախ բոլոր հանգամանքներից, պայմաններից միշտ պահպանել մտավորականի էությունը:
Ես Ձեզ չեմ ճանաչում, բայց մամուլում միշտ կարդալով Ձեր հրապարակումները (թող որ երբեմն էլ համաձայն չլինեմ որոշ հարցադրումների, դրանց մասին հպանցիկ` փոքր-ինչ հետո), չեմ կարող չհարգել, որովհետև հեղինակն ունի կարծիք, ունի իր դիրքորոշումը, և այն չունի ենթատեքստ: Հպանցիկ ասեմ, որ նույն բանը եթե կրկնում ես լոկ վատաբանելու համար, այսինքն` կորցնում ես առողջ դատելու բանականությունը (խոսքը վերաբերում է խորհրդային կարգերին), ընթերցողը դադարում է քեզ հարգելուց, որովհետև եղած վատի կողքին սովետները լավ բաներ շատ են արել: Միայն մեկ տողով. 700-հազարանոց բզկտված, սոված Հայաստանն ընդամենը մի քանի տասնյակ տարում (ծանր պատերազմական տարիներ, մարդկային կորուստներ), վերածվեց ծաղկուն արդյունաբերական երկրի, իսկ բնակչությունը հնգապատկվեց: Ավելին չեմ ցանկանում ասել, որովհետև չեմ ուզում շեղվել Ձեզ ուղղված բուն խոսքիցս:


ՀԺ-ում կարդալով Ձեր «Երեք դիմանկար` երեք դիմակով. հետադարձ հայացք» հոդվածաշարը սկզբից ևեթ կցանկանայի ասել, որ գրողին հատուկ ոճով փորձել եք դրական հերոսի կերպարի ֆոնին (տվյալ դեպքում նկատի ունեմ Վանո Սիրադեղյանին) ստեղծել մնացած բոլոր բացասական տիպերը: Ասեմ անկեղծորեն, պարոն Մերուժան, ինձ համար անցած երեսուն տարիների քաղաքական դաշտում չկա այն քաղաքական գործիչը, որն իր բոլոր թերություններով հանդերձ, գոնե մի փոքր Խանջյան կամ Մյասնիկյան, Հարությունով կամ Զարոբյան լիներ: Կարող եմ անթիվ նշել երկրորդ հանրապետության շատ ղեկավարների լուսավոր անուններ և այդ փայլուն պլեադայի մեջ միայն մի առաջին դեմք` Ամատունի, որ վարկաբեկել է իրեն: Իսկ երրորդ հանրապետության մեջ չեմ կարող նշել մի պայծառ գլուխ, որը ողջ էությամբ, ուղնուծուծով լիներ նվիրյալ Հայրենիքին: Ես երբեք չեմ ասում, թե երրորդ հանրապետության առաջին կամ մնացած դեմքերը հայրենասերներ չեն եղել, բայց հաստատ ասում եմ, որ բոլորը անցած տարիներին հայրենասիրաբար թալանել են հայրենիքը:
... «Սակայն, լինելով փառատոչոր մարդ, նա (իմա` ԼՏՊ-ն-- Ս. Հ.) իր նախագահության առաջին օրվանից սկսեց մանր ու ճղճիմ ինտրիգների միջոցով իրար դեմ հանել իր իսկ ճակատագրի ընկերներին, որպեսզի միանձնյա իշխանություն հաստատեր և այսպիսով հավերժանար իբրև պատմական դեմք: Այս խաղը խաղալ նրան հաջողվեց, ինչի հետևանքով աստիճանաբար քաղաքական ասպարեզը թողեցին իրեն իշխանության բերող տղաները` Վազգեն Մանուկյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Դավիթ Վարդանյանը և այլք»: Ասեմ, պարոն Մերուժան, եթե Ձեր թվարկած մարդիկ ազնիվ լինեին, չաղտոտված այս կամ այն մեքենայությունների մեջ, ժողովրդին ապավինելով նրանք Լևոնի կոկորդը կկրծեին: Հիշիր էն ժամանակվա իշխանությունների կողմից 1996 թվականի նախագահական ընտրություններում իշխանական մամուլում հայտնված տնտեսական հանցագործությունների մասին բարձրաձայնումը, որ կատարել էր Վազգեն Մանուկյանն իր ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ եղած ժամանակ, և վերջապես Դավիթ Վարդանյանի` 1998 թվականին որպես պետական գույքի կառավարման վարչության պետ եղած ժամանակ ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 90 պրիմ հոդվածով հարուցված քրեական գործի մասին, որը կարճվեց Ռոբերտ Քոչարյանի ցուցումով 1999, թե 2000 թվականին: Այդ քրեական գործի անհիմն կարճելու վերաբերյալ տողերիս հեղինակը ծավալուն օբյեկտիվ տեղեկանք էր կազմել… Ի՜նչ օգուտ: Զուր թշնամի վաստակեցի: Ասեմ, պարոն Մերուժան, թե ովքեր էին այդ կտրիճ տղաները, որոնք իշխանության էին բերել Լևոնին, հայ ժողովրդի ամենաանփառունակ ղեկավարին:
Չեմ ցանկանում հիշել ՀՀՇ-ի և անձամբ Լևոնի խղճին (ինչ ապուշություն եմ հիշում` խիղճ) ծանրացած 1990 թվականի մայիսի 27-ի կայարանամերձ հրապարակի նախճիրը, Մասիսի կայարանի, մետաքսի ֆաբրիկայի թունավորման զոհերին և... Գիտեմ, որ պաշտոնյա հանցագործի անունը տամ, թերթը չի տպի, ուստի նշեմ, որ 1990 թվականի մայիսի 27-ին կայարանամերձ հրապարակում նա հոգեվարքի մեջ սպասում էր, որ իրենց սարքած պրովոկացիայի արդյունքում բոլոր տղաները կզոհվեն և իրենք մեկ անգամ ևս իրենց կեղտոտ արարքի հետևանքները կհասցեագրեն կոմունիստներին, ռուս զինվորներին: Բայց ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և պրովոկացիայի մասնակից Խաչիկ Նազարեթյանը ողջ մնաց, չնայած խորհրդային բանակի զինվորի իրեն ամրագրված K-74 ավտոմատից արձակված պտտվող գնդակը մտել էր Խաչիկի ձախ քթանցքից և դուրս էր եկել աջ ակնախոռոչից: Ռոբերտ Քոչարյանին որպես կեղեքիչ ներկայացնելու համար տեղին եմ համարում բերել վերոգրյալը հաստատող երկու խայտառակ դրվագ:


-Անցյալ տարի,- պատմում է Վանո Սիրադեղյանը,- ՀՀՇ գրասենյակ եկան երկու երիտասարդ և առանց թույլտվության բացեցին իմ աշխատասենյակի դուռը: Ներս մտան և դիմեցին ինձ, ասելով. «Դու ճանաչու՞մ ես մեզ»: Ես ասացի, որ իրենց առոգանությունից հասկանում եմ, թե նրանք ում կողմից են առաքված: Նրանք նայեցին դեմքիս և ամբարտավանորեն պահանջեցին. «Մեզ մեկ միլիոն դոլար պիտի տաս»: Ես պատասխանեցի. «Դուք չգիտե՞ք, որ ես փող չունեմ»: Նրանք թթված դեմքով նայեցին ինձ և շարունակեցին. «Դու չունես, բայց քո բարեկամն ունի, զանգ տուր նրան, թող նա տա»: Բարեկամս նրանց պահանջը բավարարել էր և ճանապարհել: Եվ այդպես ևս մեկ անգամ մեկ միլիոնի պահանջով:

Հարգելի Մերուժան, քաղաքական բանտարկյալ, բա մարդ այդքան միամիտ կլինի՞: Չհարցրի՞ր Վանոյին, որտեղի՞ց 1998-ին նրա բարեկամին միլիոնավոր դոլարներ, և ինչու՞ բարեկամը պիտի վճարեր Վանոյի համար: Դու չես տալիս այդ բարեկամի անունը, ես էլ չեմ տա, բայց պարզից պարզ է, թե ով է նա: Էն մութ ու խավար տարիներին, երբ ժողովուրդը սովից մեռնում էր, հայտնի «Ռոսիա» կինոթատրոնի տարածքում մեկ քառակուսի մետր առևտրի սեղանիկի համար վաճառողը վճարում էր շաբաթը քսան դոլար: Եթե չեմ սխալվում, այդպիսի սեղանիկների 2200 տեղ կար: Էնպես որ, միամիտ քաղբանտարկյալ, մի զարմացիր մեկ միլիոն դոլարի պահանջի համար: Թող թույլ տրվի հարցնել, դու երբևէ մեկ միլիոն դրամ (ոչ թե դոլար) կանխիկ ունեցե՞լ ես, թե՞ ոչ: Թող թույլ տրվի հարցնել, պարոն Մերուժան, հանուն ինչի ես պայքարել Խորհրդային Միությունում, որ այսօր կարողանաս ազատ խոսել: Ասեմ` պարոն Մերուժան, Խորհրդային Միությունում ասում էին` մեր հասցեին մի հաչիր, այլապես մամադ կլացացնենք։ Իսկ հիմա ասում են` որքան կուզես հաչիր, մենք ում մաման ոնց ուզում, այնպես էլ լացացնում ենք: Սա ի միջի այլոց:


Շարունակեմ տաղանդավոր մտավորական Վանոյի մասին: 1992 թվականին, ՀԽՍՀ-ի բոլոր մեծ ու փոքր խանութներից, նոր բացված կրպակներից, սեղանիկներից ապօրինի հավաքում էին ԽՍՀՄ ռուբլով գումարները, և այդ գումարներն այնքան շատ էին, որ ոչ թե հաշվում, այլ կշռում էին:
Երբ ես գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին ասացի` փաստի առթիվ եթե ոչ քրեական գործ, ինչու՞ գոնե նյութեր չեն նախապատրաստվում ապագայի համար, նա ասաց. «Ես Վանոյի դեմ չեմ կարող գործել»:


Պարոն Մերուժան, Վանոն էդ ժամանակ կարծում էր, որ իր գլխին երբեք արևը մայր չի մտնելու: Հապա հիշիր Համբարձում Գալստյանի սպանությունը: Հիշիր Արշալույս գյուղի խնջույքը, գաղտնի տեսագրությունը և Վանոյի խոսքերը. «Եթե պետք լիներ, 500 մարդ էլ տանկերի տակ կլխճեինք»: Մի փաստ էլ հիշեմ, որը լիակատար կբնութագրի Ձեր ասած տաղանդավոր մտավորականին: Այդ մասին ինձ պատմել է դեռևս 1992 թվականին Ալիկ Պետրոսյանը, որը հետագայում դարձավ դատավոր:


Հանքավանում, պատմում էր նա, «կառավարական առանձնատանը երկար սեղան էր գցված: Մենք թվով 10 երաժիշտներ էինք: Թամադան Վանոն էր: Մինչև լուսաբաց կերուխում էր: Մեզ որպես վարձատրություն դեմ էին տվել շորից մի տոպրակ և ասում էին, հանիր մեկ իր և այն քոնն է: Ինձ բաժին հասավ փոքրիկ ադամանդի քարով կանացի մատանի»:
Հիշում եմ նրա խոսքերը. «Վանոն ասաց` կուտեմ, կխմեմ, կվայելեմ կյանքը (որոշ բաներ չեմ կարող մեջբերել հասկանալի պատճառներով--Ս.Հ.) և երբ կհասնեմ անդունդի եզրին, ինքնասպան կլինեմ»: Լավ եմ հիշում իմ խոսքերը. «Վանոն ճիշտ է ասել, բացառությամբ մեկ բանի, երբ հասնի անդունդին, նա այդքան տղամարդկություն չի ունենա ատրճանակը քունքին դնելու»: Հետագայում, երբ Վանոն այլևս Վանո չէր, պատահական հանդիպման ժամանակ Ալիկն ասաց. «Որքա՜ն ճիշտ էիր բնութագրում Վանոյին»: Սա Վանոն է, պարոն Մերուժան: Քոչարյանը նույն ՀՀՇ-ի դպրոցն անցած տղա է: Որ հանուն հայրենիքի նրանք ոտքի ելան, ոչ մեկը չի կասկածում, բայց գալով իշխանության` հանուն հարստության նրանք մոռացան իրենց կոչումը: Հիմա, ինչպես կուզեք, պարոն Մերուժան, բնութագրեք մոտ երեսուն տարվա մեր անցյալը, նրա դերակատարներին, ոչինչ չի փոխվելու, որովհետև նրանք կոչված են հայրենիքը թալանելուն: Իսկ մեզ, պարոն Մերուժան, մնում է ազատության զավզակությունը:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Կեցցե՜ դեմոկրատիան, բռնակալ բոլշևիկների հերն անիծած: Հիմա զավզակության համար ոչ մեկը քեզ բանտ չի ուղարկի: Նույնիսկ ավելին, կկարդան Ձեր գրածը և կասեն` միևնույն է, «հիմարները» չեն ուղղվում: Եվ նրանք ճիշտ են: Ավելացնեմ մեկ տող` հայրենիք թալանողը թշնամուց էլ վատն է:

Դիտվել է՝ 10422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ