«Շատ կարևոր է, որ փաստաբանները միահամուռ պայքարեն իրենց մասնագիտական պրակտիկան վերահսկելու իշխանությունների ձգտման դեմ»

«Շատ կարևոր է, որ փաստաբանները միահամուռ պայքարեն իրենց մասնագիտական պրակտիկան  վերահսկելու իշխանությունների ձգտման դեմ»
10.10.2017 | 00:19

Վերջերս վստահության մեծ քվեով (1087 ընտրողից 1002 կողմ, ընդամենը 69 դեմ) ՀՀ փաստաբանների պալատի նախագահ վերընտրվեց պալատի նախկին նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: Փաստաբանների պալատի առջև եղած, լուծման անհրաժեշտություն ունեցող ներքին և արտաքին խնդիրների, ինչպես նաև այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը պարոն Զոհրաբյանի հետ:

-Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունն արդեն հետևում է մնացել, Դուք մեծ հաջողությամբ, ձայների գերակշիռ մեծամասնությամբ վերստին ընտրվել եք: Շնորհավորելով փայլուն հաղթանակի կապակցությամբ, նախ՝ ցանկանում ենք տեղեկանալ, թե նախորդ ընտրաշրջանից մնացած ի՞նչ անավարտ խնդիրներ կան, որոնց լուծումը պետք է փորձեք իրականություն դարձնել որպես պալատի նախագահ պաշտոնավարելու երկրորդ կամ նոր ժամանակահատվածում:
-Ես արդեն փաստաբանների դատին եմ ներկայացրել նախընտրական ծրագիրս, և ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ փաստաբանները հավանություն են տվել այդ նախընտրական ծրագրին: Այդ պահից սկսած, տվյալ ծրագիրը դարձել է ինձ համար պարտադիր կատարման ենթակա պայմանագիր, որի դրույթներով պետք է ղեկավարվեմ:
Նախընտրական ծրագրում երկու տեսակի խնդիրներ են արձանագրված` ներքին և արտաքին, և այդ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն են ներկայացվել: Մասնավորապես` ներքին խնդիրներից մեկն է հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը: Ընդ որում՝ տվյալ խնդիրը նշված էր նաև իմ նախկին (2013-2017 թվականների) նախընտրական ծրագրում:
-Ինչու՞ տվյալ խնդիրը 2013-2017 թվականներին չի լուծվել և հիմա դարձյալ ներառվել է առկա խնդիրների ցանկում:
-Պատճառը հետևյալն է. նախ, գործերի քանակը տարեցտարի ավելացել է: Երկրորդ պատճառը հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպանների ծառայությունների որակի բարձրացումն է: Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ հասարակությունը միշտ չէ, որ պետության կողմից ֆինանսավորվող ծառայություններն ընկալում է որպես որակյալ ծառայություններ: Այսօր, սակայն, հանրային պաշտպանի գրասենյակն ապացուցել է, որ այդ ծառայությունները որակյալ են, իսկ որակյալ ծառայությունները, բնականաբար, որոշակի իմաստով հանգեցնելու էին և հանգեցրել են ծանրաբեռնվածության ավելացման: Սա կարևոր պայման է, և մենք չենք կարող որակի հաշվին ժամանակի խնայման ու գործերի քանակի ավելացման խնդիր լուծել: Այդ իսկ պատճառով հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության հարցն այսօր էլ արդիական է:
Խնդիրներից մեկը, որն արդեն որպես նոր խնդիր ենք ձևակերպել, փաստաբանական գրասենյակների դանդաղ զարգացումն է, ինչպես նաև փաստաբանների աշխատանքում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մշակույթի բացակայությունը: Այս խնդրի լուծման նպատակով մի շարք միջոցառումներ ենք նախատեսել, մասնավորապես պետք է փաստաբանական գրասենյակների կառավարման վերաբերյալ փաստաբանների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպենք, փորձենք միջազգային փորձը տեղայնացնել, այսինքն` ուսումնասիրենք, թե զարգացած երկրներում փաստաբանական գրասենյակներն ինչպես են աշխատում, և իրենց փորձն ընդօրինակենք: Բացի այդ, ինչպես գիտեք, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման դաշտում մարդկանց աշխատանքը և՛ հեշտացել է, և՛ դժվարացել: Այսօր թույլատրելի տեղեկատվությունը հասանելի է, ցանկացած տեղեկություն համացանցից կարող ես հանգիստ ներբեռնել, հետևաբար շատ կարևոր է իմանալ, թե որտեղից պետք է այդ տեղեկությունը հավաքես: Բացի այդ, փաստաբանը պետք է ունենա որոշակի գործիքներ, որոնցով կարողանա հեշտ պլանավորել իր աշխատանքը:
Կարծում եմ, փաստաբանների պալատն այս առումով ունի անելիք, մասնավորապես պետք է այդ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մշակույթը ներդնի Հայաստանում և փաստաբաններին օգնի ինչպես Հայաստանում գործող այլ գրասենյակների կամ այլ փաստաբանների, այնպես էլ արտերկրի փաստաբանների և գրասենյակների փորձով: Օրինակ, մենք մտադիր ենք փաստաբանների համար կազմել փաստաբանի գրասենյակի էլեկտրոնային կառավարման ծրագիր և այն անվճար հանձնել փաստաբաններին կամ գրասենյակներին, որ նրանք հեշտ պլանավորեն իրենց աշխատանքը: Ծանրաբեռնված աշխատանքը կարող է հանգեցնել նաև սխալների, եթե փաստաբանը, ասենք, մեկ շաբաթվա ընթացքում ունի մի քանի դատական նիստեր, ծանրաբեռնված է, կարող է մոռանալ նիստերից մեկի մասին, հետո չհասցնել այդ գործով որոշակի գործողություններ իրականացնել: Այդ ծրագիրը, սակայն, կօգնի փաստաբանին, կհիշեցնի նախատեսված դատական նիստերի, անհրաժեշտ գործողությունների մասին, և, կարծում եմ, կնպաստի, որ փաստաբանական ծառայությունների որակը բարձրանա:
Մեկ այլ խնդիր էլ փաստաբանների միասնականությունը պառակտելուն նպատակաուղղված փոքրաթիվ փաստաբանների միտումներն էին: Որպես այդ խնդրի լուծում, նախատեսել էի, որ կկատարեմ միասնականությանը նպաստող որոշակի քայլեր: Ինչպես տեղյակ եք, համերաշխության կոչ արեցի այն փաստաբաններին, ովքեր վիրավորված կամ դժգոհ էին ինձնից, կամ ովքեր դժգոհ էին փաստաբանների պալատի աշխատանքից: Պետք է խոստովանեմ, որ, բնականաբար, իդեալական չեմ աշխատում, դա գիտակցում եմ և աշխատանքի տրամադրվելիս, որևէ բան գործելիս, ղեկավարվում եմ այն սկզբունքով, որ ամենաշատ թերությունն ունեցողը ես եմ, որպեսզի լավ աշխատելու ձգտումն ինձ ավելի մոտիվացնի: Ինչևէ, այդ փոքրաթիվ խմբի իմ գործընկերների մի մասը համերաշխության այդ կոչիս չպատասխանեց, մի մասը ծաղրանքով պատասխանեց, մի մասը չհավատալով պատասխանեց… Իրենց գործն է, ես, բոլոր դեպքերում, փորձելու եմ միասնականությանն ուղղված այդ գիծը պահել:
-Նշեցիք նաև արտաքին խնդիրների առկայության մասին, որո՞նք են դրանցից հիմնականները:
-Խնդիրներից կարևորը կապված է փաստաբանների մասնագիտական պրակտիկան իշխանությունների վերահսկելու մտադրության հետ: Այդ ձգտումը միշտ եղել է, կա և, վստահ եմ, կլինի որպես արտաքին խնդիր, հետևաբար, այս առումով շատ կարևոր է, որ փաստաբանները միահամուռ պայքարեն այդ ձգտումն իրականություն դարձնելու իշխանությունների քայլերի դեմ: Վերջին շրջանում այն աղմկահարույց գործերով, երբ փաստաբանները դատական նիստերի դահլիճները լքում էին կամ չէին գալիս դատական նիստերի, շրջանառվեցին լուրեր, թե պետք է համապատասխան օրենքում, որպես դատական սանկցիայի միջոց, մի այնպիսի լրացում ունենալ, որը թույլ կտա դատարանի ներգործությունն անմիջապես փաստաբանի նկատմամբ: Ինչպես գիտեք, այսօր փաստաբանի պատասխանատվությանը հասնելու նպատակով դատարանը փաստաբանների պալատին դիմելու սանկցիան է կիրառում, որը պարտադիր հիմք է, որպեսզի վարույթ հարուցվի փաստաբանի նկատմամբ: Վարույթի շրջանակում փաստաբանների պալատի խորհուրդը որոշում է` փաստաբանը թույլ տվե՞լ է խախտում, թե՞ ոչ: Այդ գործընթացն ինքնին երկարատև է, տևում է մինչև 8 ամիս, ինչն այսօր դատական իշխանության համար կարող է խնդրահարույց լինել: Մանավանդ եթե փաստաբանների պալատն էլ որոշի, որ փաստաբանի արարքում խախտում չկա, դա կարող է անհանգստացնել դատական իշխանությանը: Սակայն, եթե օրենքի փոփոխությամբ, լրացմամբ փաստաբանի վրա ներգործելու, նրա նկատմամբ սանկցիա կիրառելու իրավունքն անմիջականորեն տրվի դատարանին, կարծում եմ՝ լուրջ խնդիրներ կառաջանան փաստաբաններիս ու մեր վստահորդների համար: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ իշխանությունները չկարողանան այդ գործիքը տալ դատարանին: Ի վերջո, մենք` փաստաբաններս, շատ լավ ենք պատկերացնում` փաստաբանն իրականում խախտում թույլ տվե՞լ է, թե՞ ոչ, և ինքներս էլ կարողանում ենք, ինչպես ասում են, իրերը կոչել իրենց անուններով: Կարծում եմ՝ մեզ երբևիցե չեն կարող մեղադրել, որ փաստաբանների պալատի խորհուրդը զուտ փաստաբանների մասնագիտական համերաշխության համար անօրինական որոշում է կայացրել: Մենք խախտման դեպքում հայտարարել ենք, որ փաստաբանի կողմից խախտում է եղել, իսկ եթե չի եղել, արդարացրել ենք փաստաբանի արարքը: Եթե չի եղել խախտում, փաստաբանների պալատի խորհուրդը միշտ էլ վարույթը կարճել է, իսկ եթե եղել է խախտում, փաստաբանին պատասխանատվության է ենթարկել:
-Այս առումով ինչպիսի՞ն է զարգացած երկրների օրենսդրությունը:
-Տարբեր է, օրինակ, ԱՄՆ-ում փաստաբանի նկատմամբ ներգործության միջոցը դատական իշխանությունն է կիրառում, սակայն մենք չենք կարող ամերիկյան օրենսդրության և իրականության միայն այդ հատվածը վերցնել ու բերել մեր երկիր, Հայաստան չբերելով ամերիկյան դատական իշխանության վստահության աստիճանը:
-Արտաքին էլ ի՞նչ խնդիրներ ունեք:
-ՈՒնենք նաև խնդիր որոշ պետական մարմինների կողմից փաստաբաններին անհրաժեշտ տեղեկության տրամադրումը մերժելու առումով: Դրանց մի մասը կախված է պրակտիկայից, այսինքն` օրենքի ոչ ճիշտ կիրառումից, մի մասն էլ կախված է հենց օրենքից: Օրինակ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները փաստաբաններին չեն տրամադրում տեղեկություն, թե փաստաբանի հարցման մեջ նշված անձն ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ: Դա շատ հաճախ անհրաժեշտ է լինում բռնագանձման վարույթների դեպքում, որպեսզի իմանան, թե տվյալ անձն արդյոք համասեփականատեր չէ՞ կնոջ անունով գրանցված գույքի, կամ հակառակը` կինը` ամուսնու, որովհետև գույքն ամուսինների համասեփականությունն է, եթե այն իրենց ամուսնության ընթացքում են ձեռք բերել: Շատ հաճախ, որպեսզի փաստաբանները համոզվեն` ամուսնական հարաբերությունների մե՞ջ են գտնվում, թե՞ ոչ, հարցում են կատարում, սակայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են տեղեկության տրամադրումը: Սակայն, ինչպես արդեն նշեցի, այս դեպքում մերժման հիմքն օրինական է, որովհետև օրենքն է այդպես նախատեսել: Հիմա պետք է փորձենք համապատասխան օրենսդրական փոփոխության հասնել:
-Բավական խնդրահարույց էին նաև փաստաբաններին դատարաններում խուզարկելու կամ զննելու դեպքերը, որոնք վերջին շրջանում հասարակական մեծ հնչեղություն ստացան: Դրանից հետո փաստաբանների պալատը և դատական դեպարտամենտը համատեղ հայտարարություն տարածեցին, թե ինչպես պետք է վարվել նման դեպքերում: Այդ հայտարարությունում առկա դրույթներն այսօր իրականում հարգվո՞ւմ, կատարվու՞մ են:
- Իմ կարծիքով, կատարվածը զննություն էր, որովհետև զննությունը խուզարկությունից տարբերվում է այն պարզ առանձնահատկությամբ, որ զննության դեպքում զննողն ինքնուրույն չի միջամտում և ինքնուրույն խոչընդոտը չի վերացնում, դիտարկում է միայն տեսանելի օբյեկտները: Այսինքն` եթե բաց իր է, զննողը տեսնում է այն, սակայն ինքը չի կարող ինքնուրույն բացել, ասենք, պայուսակը, ձեռքը տանել պայուսակի մեջ, այդ դեպքում արդեն կլինի խուզարկություն: Նա կարող է անձից պահանջել կամ խնդրել, որ նա բացի իր պայուսակը, հանի կամ տեսանելի դարձնի նրանում գտնվող իրերը: Սա «զննություն» հասկացության մեջ տեղավորվում է, մինչդեռ խուզարկության պարագայում խուզարկողը կարող է նույն պահանջը ներկայացնել, սակայն եթե, ասենք, պայուսակի սեփականատերը չի համաձայնում կատարելու նրա պահանջը, խուզարկողը հարկադրանքի միջոց է կիրառում, ինքը ստիպողաբար բացում է պայուսակը: Զննության դեպքում, եթե անձը չի կատարում զննողի այդ պահանջը, վերջինս առավելագույնը կարող է չթույլատրել, որ այդ պայուսակը մտնի դատարան, քանի որ չգիտի, թե նրա մեջ ինչ կա:
-Իսկ զննության դեպքում պարտադիր պայման չէ՞, որ զննությունը կատարվի երրորդ անձի համար անտեսանելի պայմաններում, առանձին սենյակում կամ խցիկում, որովհետև այդ պայուսակում կարող են լինել անձնական օգտագործման այնպիսի իրեր, որոնք փաստաբանը չէր ցանկանա, որ, զննողից բացի, մեկ ուրիշը տեսներ:
-Այո, փաստաբաններն էլ այդ տեսակետն արտահայտում էին, դատական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ բանակցելիս առաջարկեցինք, որ եթե փաստաբանը պահանջի, դուք իր համար պետք է ապահովեք այնպիսի մեկուսի պայմաններ, որ նա իր մոտ եղած անձնական իրերը տեսանելի չդարձնի անցանկալի աչքի համար: Բացի այդ, պետք է ապահովվի ընթերակայի ներկայությունը, ընդ որում՝ և՛ դատական կարգադրիչը, և՛ ընթերական պետք է լինեն նույն սեռի ներկայացուցիչ, ինչ փաստաբանը: Դատական դեպարտամենտը համաձայնել է այս պայմանին, և այն իր արտացոլումն է գտել հայտարարության մեջ:
-Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահի հետ համագործակցելով՝ կարողանու՞մ եք գործնականում պաշտպանել այնտեղ գտնվող մեր այն հայրենակիցների իրավունքները և օրինական շահերը, որոնք Ռուսաստանում իրավապահ ու դատական մարմինների հետ կապված խնդիրներ են ունենում:
-Մենք, այո, համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի հետ, ունենք կապեր նաև Ռուսաստանի հայ փաստաբանների հետ, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են և այնտեղի փաստաբանների պալատի անդամ: Եղել են դեպքեր, երբ նշված համագործակցության շրջանակում խնդրել ենք իրավական առումով օժանդակել այնտեղ գտնվող մեր հայրենակիցներին: Օրինակ, այնտեղ մի դեպք էր տեղի ունեցել, որի առնչությամբ օգնության խնդրանքով դիմել էին պալատին: Ավտովթարի պատճառով մահացել էր մեր հայրենակիցը, իսկ հանդիպակաց գոտի դուրս եկած և այդ վթարի ու մահվան պատճառ հանդիսացած անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էին, քրեական գործի վարույթը կարճել: Այդ առումով մեր այնտեղի գործընկերներին խնդրեցինք, հնարավորության դեպքում, իրավական օգնություն ցուցաբերել զոհվածի ընտանիքին: Նրանք ներգրավվեցին այդ գործի մեջ, կարճման որոշումը վերացնել տվեցին, հիմա քննություն է գնում: Նմանատիպ դեպքեր էլի են եղել:
Լինում է նաև, որ մեր հայ փաստաբաններն են խնդրում իրենց օժանդակել Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում և այլ երկրներում գործող փաստաբանների հետ համագործակցության համար, մենք այդ առումով կապը ստեղծում ենք: Շատ լավ հարաբերություններ ունենք Եվրոպայի, հիմնականում Ֆրանսիայի փաստաբանական համայնքների հետ, արդեն ակտիվացնում ենք աշխատանքները նաև Միացյալ Նահանգներում գործող մեր գործընկերների հետ գործնական կապեր հաստատելու նպատակով:
Տեղեկացնեմ նաև, որ մտադիր ենք մոտակա ժամանակներում կազմակերպել փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդես, ուզում ենք այդ մշակույթը նույնպես ներդնել, որովհետև մենք պետք է հասարակության մեջ հանդես գանք մեր ծառայություններով, հասարակությանը հավաստենք, որ փաստաբաններն ի վիճակի են որակյալ ծառայություններ մատուցելու: Օրինակ, Ֆրանսիայում, Գերմանիայում և զարգացած այլ երկրներում այդպիսի ցուցահանդեսներ հաճախ են կազմակերպվում, ընդհուպ դրանք հասցնում են մինչև միջազգային մակարդակի: Կարծում եմ, դա լավ հարթակ է նաև օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ