«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանից «ինչ-որ բան» են նախապատրաստում իրենց հարևանների դեմ

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանից «ինչ-որ բան» են նախապատրաստում իրենց հարևանների դեմ
10.10.2017 | 00:23

(Նախորդ մասը)

Ադրբեջանի քաղաքականությունից Իրանի ու Ռուսաստանի, հիմա կարծես նաև Թուրքիայի դժգոհության մասին խոսակցությունները՝ Իրանի հյուսիսարևմտյան շրջաններ ներխուժելու փորձերի մասին հաղորդագրությունների զուգորդմամբ (չմոռանանք, դա Արևմտյան Ադրբեջան օստանն է, որը նույնպես սահմանակից է Հայաստանի Մեղրու շրջանին), ինչպես նաև Սոչիում Պուտին-Ալիև հանդիպման մասին հիշատակությունը, փոխկապակցված գործընթացներ են: Չէ՞ որ հուլիսի սկզբներին տեղի ունեցան Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության (ՍՎ) Մեղրու սահմանապահ ջոկատի և Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի երկրորդ սահմանապահ ջոկատի համատեղ զորավարժությունները: Եվ զորավարժությունների նախնական առասպելի համաձայն, Ռուսաստանի ԱԴԾ ՍՎ ու Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները մշակել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն սահմանախախտների ներխուժման փորձի խափանման սցենար. «Տարբեր իրադրություններում Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումների գործողությունների համաձայնեցվածությունը բարձրացնելու նպատակով, կազմակերպվել և անցկացվել է համատեղ վարժանք «Սահմանային որոնման անցկացումը կցտեղանքային (Նյուվադիի) ուղղությունում» թեմայով»,- ասվում էր Ռուսաստանի ԱԴԾ ՍՎ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ճիշտ է, Բաքվի բողոքներից հետո ՍՎ մամուլի ծառայության հաղորդագրությունից ԼՂՀ-ի հիշատակումը հանվեց, այդուամենայնիվ, հիշողությունից, ինչպես երգից, բառերը դուրս չես շպրտի, ինչպես ասում են:


Ահա թե էլի ինչ է հաղորդվել հուլիսի սկզբին Մեղրիում «կայացած» տարօրինակ զորավարժությունների մասին. «Վարժանքի ընթացքում մշակվեցին գործակցող ստորաբաժանումների փոխադարձ ծանուցման կարգը և ռուս ու հայ սահմանապահների գործողությունները պետական սահմանը խախտածներին որոնելիս, որոնք «ջանում էին թափանցել Լեռնային Ղարաբաղի խորքերը»: Հղացմանը համապատասխան, հայ-իրանական պետական սահմանը պայմանականորեն խախտած երկու հոգի, անցնելով ազդանշանային համալիրի գծային մասը, խախտելով Հայաստանի և ԼՂՀ-ի վարչական սահմանը, փորձել էին թաքնվել լեռնային տեղանքում: Որոնման արդյունքում, պայմանական սահմանախախտներից մեկին սահմանապահ ջոկատը բռնել է թաքնվելու փորձ անելիս, իսկ երկրորդը հայտնաբերվել է կվադրոկոպտյորի վրա տեղադրված տեսախցիկով: ՈՒսումնական սահմանախախտներին հայտնաբերելուց հետո նրանք խուզարկվել և հսկողության տակ են վերցվել»,- ասվում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ ՍՎ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հավաստիացնում ենք, որ հայ-իրանական սահմանագլխին անցկացված զորավարժությունների մասին Հայաստանն ու Ռուսաստանը անպայման և նախապես ծանուցում են Իրանի ԻՀՊԿ-ին. առհասարակ այսպիսին է միջազգային պրակտիկան և ոչ թե իրանա-հայկական սահմանին հայ և ռուս սահմանապահների համատեղ զորավարժությունների կապակցությամբ է արվում միայն:


Այն ժամանակ թեթև տարակուսանք պատճառեց այն հանգամանքը, որ զորավարժությունների առասպելը մի տեսակ ճշմարտանման չէր, հաշվի առնելով այն, որ Հայաստանի և Իրանի միջև անվիզա ռեժիմ է գործում: Եվ կարծես անհրաժեշտություն չկա խախտելու հայ-իրանական սահմանը: Սակայն հյուսիսարևմտյան սահմանով Իրան թափանցելու փորձերի մասին Թեհրանից ստացված լուրերի լույսով, Մեղրու հուլիսյան հայ-ռուսական համատեղ զորավարժությունները արդեն միանգամայն գիտակցված և Իրանի հետ համաձայնեցված կանխիչ պատրաստություն են թվում` ի դեպս, եթե ինչ-ինչ պատճառներով զինված ավազակախմբին կամ նույնիսկ զույգին հաջողվի թափանցել Իրան և միայն հետո հետևի Մեղրի, ապա ԼՂՀ ներթափանցելու փորձը: Առաջին հայացքից կարծես շատ է բարդացված, սակայն մենք պատահաբար չընդգծեցինք, որ իրանական աղբյուրները համառորեն չեն ասում, թե որտեղից են ձեռնարկվել հյուսիսարևմտյան սահմանով Իրան թափանցելու «օտարերկրացի ահաբեկիչների» հուլիսյան փորձերը: Եթե ենթադրենք, որ Թուրքիան մայիսի 27-ին նախազգուշացված լինելով Իրանի կողմից, հետագա ամիսներին չէր համարձակվի համագործակցել քրդական PJAK-ի կամ որևէ այլ խմբավորման հետ, ապա մնում է համարել, որ Իրանի վրա հարձակումներն իրականացվել են հենց Նախիջևանից: Եվ հարձակումներին լիովին կարող էին մասնակցած լինել տարբեր կարգի քրդեր՝ 2000-ականների սկզբներին, ինչպես արդեն վերն ասացինք, նույնիսկ ադրբեջանցի լրագրող Է. Ֆաթուլլաևն է իր «Իրական Ադրբեջան» կայքում բազմիցս գրել այն մասին, որ Ալիևի հետ դավ նյութած Թուրքիան և՛ Նախիջևան, և՛ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի հակամարտության գոտի է ուղարկում թե՛ «իր» քրդերին, թե՛ Իրաքի քրդերին: ՈՒ նաև, ի վերջո, տեղին է հիշել, որ երկար տասնամյակներ Ալիևների ընտանիքը համարել և համարում են քրդեր, իսկ Ադրբեջանի ներկա նախագահի հանգուցյալ հայրը, լինելով ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի գեներալ, պատասխանատու էր հենց «քրդական հարցի» համար:


Հենց վերոհիշյալից ելնելով, հյուսիսարևմտյան սահմաններից Իրան ներխուժելու փորձերի ձախողման գործում Իրանի ԻՀՊԿ-ի հաջողությունները դժվար է գնահատել. դա կամ ձգտում է տխրահռչակ «քրդական գործոնը» ուղղելու բացառապես ընդդեմ Իրանի, կամ էլ փորձ է, թեկուզև քրդերի միջոցով, պայթեցնելու իրադրությունը Անդրկովկասում, բայց Իրանի տարածքի օգտագործմամբ: Հայտնի է, որ Իրանի դեմ ամերիկացիներն ու իսրայելցիներն օգտագործում են ոչ միայն «Իսլամական պետության» ահաբեկիչներին կամ PJAK խմբավորումը: Կան նաև մի ինչ-որ, իբր «մարքսիստական», «Կոմալա» կուսակցություն և այլ քրդական կազմակերպություններ: Իրանի պատասխանը միայն այն չէր, որ 2014 թ. օգոստոսին իրանական հատուկ ծառայությունները մերկացրին ԱՄՆ-ի ու Իսրայելի, ինչպես նաև Թուրքիայի մտադրությունը՝ Մերձավոր Արևելքի ու Կովկասի «վերաձևման» համար օգտագործելու «Իսլամական պետությունը», այլև իր թշնամիների դեմ միջնորդավորված հակապատերազմի խորացման ուրիշ շատ քայլեր էին: Այդ շարքում են նաև Թեհրանի երկու նախազգուշացումը, մասնավորապես, Իրանի քրդերին, ինչպես նաև Հարավային Իրաքի շիա իշխանություններին. 1) «Մենք ուզում ենք Իրաքի տարածքային ամբողջականություն և կենտրոնական կառավարության իշխանություն: Իրաքի Քրդստանի անկախությունն անընդունելի է Թեհրանի համար» (Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմի), «Իրաքի Քրդստանի տարածաշրջանի անկախության հանրաքվեի կազմակերպումը կվնասի քրդերին և Իրաքի մյուս ժողովուրդներին» (Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար (ԱԱԲԽ) Ալի Շահմանի), 2) Մենք Իրաքին նախազգուշացնում ենք երկրում անջատական մոտեցումներ դրսևորելու առնչությամբ, որովհետև դա կարող են շահարկել Իրանի իրաքցի ագահ թշնամիները, հող նախապատրաստելով Իրաքում անկարգությունների ու անկայունության համար» (դարձյալ Շամհանի): Ավելացնենք նաև այն, ինչ հայտնի է, առնվազն, 2016 թ. նոյեմբերից. Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները հիմա Իրաքում կռվում են շիական «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի դրոշի ներքո, որը հիմնականում ղեկավարվում է Իրանի ԻՀՊԿ-ի զինվորական հրահանգիչների կողմից: Այնպես որ, տպավորություն է ստեղծվում, որ Իրանի սահմանի հյուսիսարևմտյան հատվածի ճեղքման փորձերի թիկունքում թաքնված են արտատարածաշրջանային պետությունների մեկ կամ երկու հատուկ գործողություններ՝ ուղղված, ի վերջո, Իրանի, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի դեմ: Մնում է ստանալ հարցի պատասխանը, ուրեմն, Թուրքիայի՞ց, թե՞ Նախիջևանից են կատարվել վերջին ռազմական ներխուժումներն Իրան:


Այսպիսով, Քրդական հարցի և Նախիջևանի գործոնի ինչ-որ գաղտնի կապերը, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և Իրանի անվտանգության վիճակի վրա Քրդական հարցի հնարավոր միջնորդավորված ազդեցությունը ակնհայտ են: Եվ «ահաբեկչական խմբերի դեմ համատեղ գործողությանը» մասնակցելուց վերջերս Իրանի ԻՀՊԿ-ի հրաժարումը, ինչի մասին բարձրագոչ ազդարարեցին Թուրքիայի նախագահ Էրդողանն ու թուրքական լրատվամիջոցները, նշանակում է, որ Իրանը ռազմական գործողությունների չի դիմի ընդդեմ քրդերի, ասենք, Իրաքում ու Սիրիայում: Հարցն ամփոփում է Tasnim գործակալությանը Թուրքիայում Իրանի նախկին դեսպան Ֆեյրոզ Դոուլեթոբադիի տված հարցազրույցը. Անկարան ավելի կոշտ դիրքորոշում ունի Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի նկատմամբ, քան նույնիսկ Բաղդադի կենտրոնական (շիական) կառավարությունը. «Թուրքական իշխանությունների անհանգստության հիմնական առարկան Իրաքում քրդերի հանրաքվեից հետո Թուրքիայի արևելքի և հարավ-արևելքի քրդաբնակ նահանգներում քայքայիչ գործընթացների հնարավոր սկիզբն է»: Եվ ստացվում է, որ Իրանը, ինչպես և Իրաքի շիաները, այնքան էլ չէին երկյուղում սեպտեմբերի 25-ից: Հետևաբար, կամ Թեհրանն արդեն մի շարք միջոցներ էր ձեռնարկել իրաքցի քրդերի հանրաքվեի հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ, կամ էլ համոզված էր, որ ամեն ինչ կանցնի հենց Իրանի վերահսկողությամբ և ոչ թե ԱՄՆ-ի ու Իսրայելի:


Բայց Իրանը իրեն չի կարող զրկել Թուրքիայից ներխուժող ահաբեկիչներին ակտիվորեն դիմակայելու հաճույքից, անգամ նաև թուրքական տարածքում: Էլ ավելի կոշտ կարող է լինել Իրանի հակահարվածը, եթե Թեհրանում քաղաքական որոշում ընդունեն Իրանի անվտանգության դեմ Նախիջևանի տարածքի օգտագործման մեղադրանքների վերաբերյալ: Հիշեցնեմ նրանց, ովքեր մոռացել են 1990-93 թթ. դեպքերը. Իրանն արդեն ներխուժել է Նախիջևան, ռազմական վերահսկողության տակ առնելով Արաքսի ջրամբարին հարող տարածքները: Բայց հետաքրքրություն է ներկայացնում այն հանգամանքը, որ 1993-ին ոչ ոք «չէր առարկել», թեև թե՛ «Նախիջևանի երաշխավորների», թե՛ այլ դերակատարների կարգավիճակը մեր տարածաշրջանում, մեղմ ասած, հարցականի տակ էր: Սակայն ընդհանուր առմամբ Իրանը, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը, պետք է Ռուսաստանին համոզեն, որ նորագույն պայմաններում, ելնելով անվտանգության շահերից, Մոսկվան ստիպված է նորից զբաղվել Նախիջևանի հարցով, որպեսզի ոչ միայն Թուրքիան, այլև ցանկացած արտատարածաշրջանային ուժ, այլևս չհամարձակվեն ծրագրել Նախիջևանի տարածքն օգտագործելու ո՛չ որպես ռազմահենակետ, ո՛չ որպես ռազմահետախուզական բազա:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ