Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞վ է պատասխանատու երկրի ու պետականության, ազգի ու պատմության առջև

Ո՞վ է պատասխանատու երկրի ու պետականության, ազգի ու պատմության առջև
10.10.2017 | 00:28

(Նախորդ մասը)

Ընթերցողն իրավացիորեն կարող է հարցադրել՝ եթե այդքան բացասական գծեր ունի հայությունը, ապա ինչպես է, որ մարդկության արշալույսից ի վեր հայ ազգը և Հայաստան աշխարհը դիմակայել և գոյատևում են մինչ այժմ: Եվ սա այն դեպքում, երբ հին աշխարհի նրա հարևան Ասորեստանը, Էլամն ու Բաբելոնը և այլ պետություններ անհետացել են պատմության ասպարեզից: Իրոք, դա ի՞նչ ֆենոմեն է, որով էլ հաճախ հպարտանում ու մատնացույց ենք անում: Այս խնդրի ուսումնասիրողներից Անժելա Տերյանը իր՝ «Ո՞րն է հայ ցեղի հարատևության գաղտնիքը» հոդվածում, անդրադառնալով Հայաստանի հարևան հին պետությունների կործանման և Հայաստանի հարատևման խնդրին, իրավացիորեն եզրահանգել է, որ Հայաստանը «դիմացել է իր ընդարձակ տարածքների շնորհիվ»: Քանզի «Տիգրան Մեծից հետո ընդարձակ հայկական պետությունը այլևս չվերականգնվեց: Իսկ Հայաստանն անընդհատ տարածքային կորուստներ էր ունենում: Վաղ միջնադարից սկսած (IV-V դդ.) հայոց արքայական տները (Արշակունիներ, Բագրատունիներ, Զաքարյաններ) սկսեցին բավարարվել միայն Մեծ Հայքի (մոտ 300000 քառ. կմ) սահմաններում ստեղծված պետության գոյությամբ: Պատահական չէ, որ V դարում պատմահայր Մ. Խորենացին ցավով ու տխրությամբ Հայաստանը փոքր երկիր, իսկ հայ ժողովրդին «փոքր ածու» է համարում: Այսօր զարմանում ենք Մովսես Խորենացու այս բնութագրման վրա, քանի որ այսօրվա Հայաստանի համեմատ V դարի Հայաստանն ընդարձակ երկիր էր: Անընդհատ փոքրացող երկրի ու հայրենիքի մասին ցավով նշում է նաև V դարի մեկ այլ պատմիչ՝ Փավստոս Բուզանդը: Խոսելով Հայաստանի առաջին բաժանման մասին (387 թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև)՝ Փ. Բուզանդը գրում է. «…և այն ժամանակ ու այնուհետև Հայոց թագավորությունը բաժանվեց, ցրվեց, նվազեց, իր նախկին մեծությունից ընկավ» (Փ. Բուզանդ, Պատմություն Հայոց, Եր., 1968, էջ 299):


Հայաստանը դարերի ընթացքում ունեցել է ոչ միայն տարածքային կորուստներ, այլև պետականության երկարատև կորուստ: 1045 թ. վերացել է Բագրատունյաց թագավորությունը (885-1045): 1375 թ. վերացել է Կիլիկյան Հայաստանի թագավորությունը (1080-1375): Եվ հրաշք էր, որ 20-րդ դարի սկզբին՝ 1918 թ. (մայիսի 28), նորից վերականգնվեց հայոց պետականությունը, ու ստեղծվեցին նախ Հայաստանի առաջին Հանրապետությունը (մոտ 58000 քառ. կմ տարածքով), ապա Խորհրդային Հայաստանը (29800 քառ. կմ տարածքով): Այսօր՝ 21-րդ դարի սկզբին, ունենք Հայաստանի Հանրապետություն (29800 քառ. կմ տարածքով), Արցախի Հանրապետություն (12000 քառ. կմ տարածքով) և հայաբնակ Ջավախք Վրաստանի կազմում:


Ինչպես տեսնում ենք, հայ ժողովուրդը սեղմվել է իր հայրենիքում: Անհետացած պետությունները Հայաստանի համեմատ տարածքով փոքր էին, և հաճախ մեկ ճակատամարտում պարտվելը բավական էր լինում երկրի կործանման ու պատմության թատերաբեմից անհետանալու համար: Այսպես, երբ մ.թ.ա. 612 թ. Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն գրավվեց մարերի, հայերի, բաբելացիների ու սկյութների կողմից, Ասորեստանը դադարեց գոյություն ունենալուց: Երբ մ.թ.ա. 592 թ. Բաբելոնը գրավվեց մարերի, հայերի և սկյութների կողմից, Բաբելոն պետությունը ևս դադարեց գոյություն ունենալուց և այլն:
Այլ է եղել Հայաստանի դեպքում: Հայաստանն ընդարձակ երկիր էր, և երբ թշնամին գրավել է երկրի մի մասը, ապա ժողովուրդը նահանջել, սեղմվել է իր տարածքում: Սա կրկնվել է բազմիցս, և հայ ժողովուրդը անընդհատ կորցրել է իր երկրի, իր հայրենիքի ինչ-որ մասը: Ժամանակի ընթացքում կորուստը մեծացել է, նկատելի դարձել և այժմ՝ 21-րդ դարի սկզբին, ունենք այսօրվա վիճակը, ունենք փոքր Հայաստան երկիր, Արցախ, հայաբնակ Ջավախք ու հայաթափված բազմաթիվ տարածքներ: Պետք է նշել, որ այլ օբյեկտիվ պատճառներից բացի նաև այս վիճակն էր (փոքր Հայաստան) պատճառը, որ Ադրբեջանին բռնակցված Գարդման աշխարհի բնակչությունը, 20-րդ դարի վերջերին տեղահանվելով իր բնօրրանից, չկարողացավ ապաստանել այսօրվա Հայաստանում և ցրվեց՝ տեղավորվելով հիմնականում Ռուսաստանի հարավային մասերում՝ էլ ավելի մեծացնելով Հյուսիսային Կովկասում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում գոյություն ունեցող հայ բնակչության թիվը (նշենք, որ այդ գործում մեղքի շատ մեծ բաժինն ունեն այն ժամանակվա Հայաստանի իշխանավորները):
Այսպիսով, մեր պատմությունը և անցյալի դասերը հուշում են, որ հայ ժողովրդի հետագա ընթացքը դեպի ապագա, նրա անվտանգությունը և ապահովությունը պահանջում են չզիջել անգամ մեկ թիզ հող: Նահանջելու տեղ այլևս չունենք և իրավունք չունենք որևէ տարածք կորցնելու, զիջելու ուրիշներին: Սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ ու հասկացնի, բացատրի նաև ուրիշներին: Ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրելու կամ ստիպելու, որ հանձնենք բռնագրավված մեր հայրենիքի ազատագրված տարածքները» (Ա. Տերյան, «Հայաստանը և Պատմությունը» (հոդվածների ժողովածու, Եր., 2007): Ինչպես սովորաբար ասվում է, պատմությունը կրկնվում է: Այդպես էր, օրինակ, 1921 թ., երբ Արցախն ու Նախիջևանը, փաստորեն, Հայաստանը զիջեց Ադրբեջանին: Այսօր էլ՝ որպես փոխզիջում, բանակցային օրակարգ է բերվել արյան գնով ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը:


Հայաստանը, հայությունը, ինչպես վերոգրյալ փաստերն են ապացուցում, այսօր էլ գտնվում են 5-րդ դարում Մովսես Խորենացու գրած Ողբի և մեր այլ երևելիների նկարագրած իրավիճակներում: Եվ այդ իրավիճակն անփոփոխ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չենք փոխել մեր մտածելակերպն ու համոզմունքները, մեր աշխարհընկալումն ու ազգային գիտակցությունը: Իսկ դա էլ խիստ կասկածելի է, քանզի այդպիսի ապագայի համար այսօր գրեթե ոչինչ չի արվում: Ավելին, կարծես ամեն ինչ ուղղորդվում է Հայաստանը ներսից՝ մեր իսկ ձեռքերով քայքայելուն: Այդ տեսակետից շատ ուսանելի է դիտարկել մերօրյա ամերիկացի հետախույզ Դանի «Ինչպես փլուզել օտար երկիրը ներսից» նոթերում արձանագրված բազմաթիվ առաջադրանքները: Վերջիններիս թվում, որոնք շատ տիպիկ են մերօրյա Հայաստանին, Դանն ընդգծել է, որ «Յուրաքանչյուր երկրում կան մի քանի կարևորագույն ոլորտներ, որոնք սահմանում ու ձևավորում են հասարակության համոզմունքները և կյանքը: Հենց այդ ոլորտներն են այն առանցքային թիրախները, որոնք պետք է ենթարկվեն հարձակման:


…Ծանրության կենտրոնների վերահսկումով հնարավոր է իրականացնել երկրի անկումը, այն ներսից փլուզելու ճանապարհով… Եթե ուզում ես ձևավորել քեզ ցանկալի ճշմարտությունը, պետք է վերահսկես լրատվամիջոցները: Մեր օրերում մարդկանց մեծամասնությունը կյանքի մասին հիմնական տեղեկությունները և պատկերացումները քաղում է լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, մամուլ և այլն):
…Լրատվամիջոցները և հեռուստատեսությունը ձևավորում են կյանքի պատկերը: Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ապա ժողովուրդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն: Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել, և հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի իբրև փաստ:
…Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել թերահավատություն ազգային ինքնատիպ մշակույթի նկատմամբ: Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր:


…Ապագա սերունդները պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ: Խուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին տալ հիմնական փաստեր իրենց իսկ պատմությունից և սահմանադրական իրավունքներից: Սովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու-հնազանդությունը ճիշտ է… Ձևավորեք քաղաքական գաղափարախոսություն՝ ներթափանցելով կառավարություն:
…Ձեր գաղափարների համակիրներին պաշտոններ տվեք և բարձրացրեք նրանց բոլոր մակարդակներում՝ որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն և ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով, հասարակությանը խոստանալով լուծումներ և բարեկեցիկ, լավ կյանք: Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը և կառավարության կախվածությունը ձեզնից՝ փոխեք օրենսդրության նկատմամբ վստահությունը: Նշանակելով կոռումպացված դատավորներ, որոնք չենք գործի Սահմանադրության շրջանակներում, նպաստեք, որ հասարակության մեջ ծնվեն անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն և, որ ամենակարևորն է, անհուսության զգացողություն: Եթե կարողացել եք ներթափանցել և հասնել բարձր պաշտոնական դիրքերի, ապա ամենաբարձր մակարդակներում կարող եք նաև բյուջետային կրճատումների միջոցով թուլացնել այդ երկրի բանակը…


…Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն: Հարված հասցրեք լեզվին՝ խեղելով այն: Մշակույթն ու լեզուն են, ի վերջո, միավորում ժողովրդին: Տնտեսությունը դարձրեք ծախսարար՝ ծախսե՛լ, ծախսե՛լ և ծախսե՛լ, հարկե՛ր, հարկե՛ր և հարկե՛ր, սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը:
…Երկիրը հզոր է, երբ տնտեսությամբ և ֆինանսապես անկախ է: Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ազատ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է՝ կառավարության իշխանությունը և վերահսկողությունը սահմանափակ են:
Օրենքի և օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրեք հնարավորինս մեծ գումարներ և իրականացրեք երկու կարևոր նպատակ:
Առաջին՝ հանրային և մասնավոր բիզնեսները, որոնք ունեն կանոնակարգված օրենքներ, դրեք պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ:
Երկրորդ՝ երկիրը դրեք «պարտքի տակ» և նվազեցնելով արժույթի դրամային արժեքը՝ խափանեք տնտեսության զարգացումը:


Եվ, իհարկե, հոգալով բոլոր ծախսերը, այս գործընթացը պետք է ներկայացնեք, թե իբր կառավարության կողմից կատարվող շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է «ներդրում անի», դուք դրանք պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք նրանց: Սրանով դուք գողանում եք հասարակության, աշխատավորի գրպանի փողը և միաժամանակ նրանց անկախությունը: Ի վերջո, եթե դուք բավարար չափով, անընդհատ, բարձրացնում եք հարկերը և ապրանքների գինը, մյուս կողմից ավելացնում երկրի արտաքին պարտքը, ապա կկարողանաք ֆինանսապես այն աստիճանի ճնշել ժողովրդին, որ ստրկությունից ծանրաբեռնված երկիրը ենթարկվի փլուզման» («Անդին» 1, 2014):


Եվ այսպես կարելի է նմանատիպ փաստ-փաստարկները շարունակել: Սակայն բավարարվենք վերոգրյալներով և այս հրապարակում-վերլուծությունը վերջակետելուց առաջ մեկ անգամ էլ հիշենք, որ անցյալի մոռացումը պարտադրում է վերստին այն ապրել և մշտապես հետապնդում է ներկան ու ապագան: Ցավոք, Հայաստանի մերօրյա կառավարիչները, զանց առնելով պատմության ու ազգի առջև ունեցած իրենց պատասխանատվությունը, շարունակում են հույն մտածող Անակրեսի (Ք.ա. 560-478 թթ.) տողերի նորմերով գործել .
Ինչ որ ունես, տուր այսօր,
Ինչ որ ունեմ, առ այսօր,
Այսօր խմի, քեֆ արա,
Այսօր փոխ առ կամ մուրա,
Վաղվա մասին մի հոգա,
Նա դեռ մունջ է մեզ համար:

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Դիտվել է՝ 10192

Մեկնաբանություններ