Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Իրականացվել են խխունջային ներպատվաստումներ` լսելու հնարավորություն ընձեռելով ևս երեք երեխայի»

«Իրականացվել են խխունջային ներպատվաստումներ` լսելու հնարավորություն ընձեռելով ևս երեք երեխայի»
10.10.2017 | 08:57

«Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել են հերթական խխունջային ներպատվաստումները (կոխլեար իմպլանտացիա)` լսելու հնարավորություն ընձեռելով ևս երեք երեխայի: Լրագրողներն ականատես եղան, թե ինչպես է երկու տարեկան ութ ամսական Հասմիկ Մկրտչյանն արձագանքում ականջին հասնող առաջին ձայներին: Սարքի միացումն ու ծրագրավորումն իրականացրեց սուրդոմանկավարժ Ինեսա Հարությունյանը: Հասմիկը լսողությունը կորցրել է ութ ամսականում: Մեկ ամիս առաջ իրականացվել է խխունջային ներպատվաստում:


«Էրեբունի» բժշկական կենտրոնում առաջին երեք երեխան վիրահատվել են 2004-ին: Խխունջային ներպատվաստումը Հայաստանում զարգացել է Կալիֆոռնիայի UCLA համալսարանի վիրաբույժ, ազգությամբ ճապոնացի Ակիրա Իշիյամայի աջակցության շնորհիվ. այս մասին լրագրողներին ասաց Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու ՍԱԼԲԻ ԱԳԱՐԱԿՅԱՆԸ:
Խխունջային ներպատվաստման վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնելու ծանրալսությունն ու խլությունը: Սարքը կազմված է երկու մասից՝ ներքին և արտաքին: Վիրահատության ժամանակ ներքին սարքը տեղադրվում է ականջի մեջ, իսկ արտաքինը՝ ականջի արտաքին մասում:


Սարքը բավական թանկ է, Սալբի Ագարակյանը փաստեց, որ վերջին մոդելն են օգտագործում: Մեկ կոխլեար իմպլանտն արժե միջին հաշվով 38 հազար դոլար, բարեգործական, կամավոր աշխատանքի արդյունքում սարքը ձեռք են բերում 17 հազար դոլարով: Այդ գնով իմպլանտներ չի ստանում աշխարհի ոչ մի երկիր:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության ղեկավար, Հայաստանի գլխավոր ԼՕՌ-մասնագետ ԱՐԹՈՒՐ ՇՈՒՔՈՒՐՅԱՆՆ ասաց, որ այս երեխաների ու մեծահասակների հետ պետք է աշխատեն նրանք, ովքեր որոշակի փորձ ունեն. «Կան ռեֆլեքսներ` կապված աչքի բիբերի շարժման հետ, երբ ձայնը լսվեց, երեխան միանգամից արձագանքեց: Ընթացքում ձևավորվում է ռեֆլեքսների մի խումբ, պետք է սարքը միացնելիս, ծրագրավորման ժամանակ հասկանաս, թե հիվանդն ինչպես է զգում այդ ձայները: Դա շատ կարևոր է»:


Արթուր Շուքուրյանը նշեց նաև, որ թիմային աշխատանք է կատարվում բոլոր ուղղություններով, քանի որ այս ծրագրում կարևոր է ոչ միայն բուն վիրահատությունը, այլև հետվիրահատական շրջանում հիվանդի հետ տարվող աշխատանքը. «Երեխաներն ու մեծահասակներն այդ վիրահատությունից հետո պետք է սովորեն նորից հասկանալ խոսքը, վարժվեն լսելուն, ինչը երկարատև աշխատանք է պահանջում»: Հանրապետության գլխավոր ԼՕՌ-մասնագետը ուրախությամբ փաստեց նաև, որ վիրահատության տեսանկյունից բարդություններ չեն գրանցվել:


Սուրդոմանկավարժ ԻՆԵՍԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, խոսելով լսողական ընկալման մասին, ասաց, որ երեխային մինչ վիրահատությունը նախապատրաստում են` սովորեցնում են արձագանքել այն ձայներին, որոնք լսելու է. «Ձայները, որոնք ստացվում են խխունջային ներպատվաստումից, տարբերվում են այն ձայներից, որոնք երեխան լսել է մինչ այդ օգտագործած սարքից։ Տեխնիկայի օգնությամբ վիրահատությունից հետո մասնագետները կարող են արձանագրել երեխան ստանու՞մ է ձայնային ազդանշաններ, թե՞ ոչ»: Սուրդոմանկավարժը նշեց, որ տվյալ դեպքում այդ առումով իդեալական արդյունք ունեցան: Թե ինչ արդյունք կարելի է ակնկալել ապագայում, Ինեսա Հարությունյանի խոսքով` կախված է երեխայի անհատականությունից, ծնողների աշխատանքից, մասնագետների հետ համագործակցությունից: «Մեծահասակների հետ իրականացնում ենք ռեաբիլիտացիա` վերականգնում, երեխաների հետ` աբիլiտացիա, նրանք զրոյից սովորում են լսել»,- ընդգծեց նա:


«2004, 2005 թվականներին վիրահատված երեխաներ ունենք, որ հաճախել են սովորական դպրոցներ, ոմանք ավարտել են դպրոցը: Այդ բարդ ճանապարհն անցնելուց հետո երեխաները վերադառնում են նորմալ կյանքի»,- ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, նշելով, որ իր ղեկավար Հարություն Քուշկյանը դեռ 2004-ին է պայմանավորվել UCLA համալսարանի հետ, և այն ժամանակ է ներպատվաստումը ներդրվել Հայաստանում, ինչի համար շատ հպարտ է:
«Էրեբունի» կլինիկայի խխունջային ներպատվաստման կենտրոնը 13 տարի է՝ ինչ գործում է, շուրջ 120 երեխա է վիրահատվել: «Խխունջային ներպատվաստումը երկրի համար մի աստիճան է, դա նշանակում է, որ այդ երկրի առողջապահությունը հասել է մի բարձր կետի, ծրագիրը անպայման շարունակվելու է: Բանակցում ենք մեր գործընկերների հետ, որ վիրահատությունների քանակն ավելացնենք»: Կենտրոնի գործադիր տնօրենն ասաց, որ ստույգ չի կարող ասել, թե քանի երեխա է սպասում վիրահատության, բայց շատ են: Նշեց նաև, որ Հայաստանում գործում է պետական ծրագիր, որի շրջանակներում ծննդատներում իրականացվում են հետազոտություններ, ծանրալսություն ունեցող երեխաներն անմիջապես ներառվում են սքրինինգային ծրագրում, սկսում են աշխատել երեխաների հետ, հետագայում նրանց համար ավելի հեշտ է լինում վիրահատական միջամտություն տանելը:


Հայաստանում թանկարժեք տեխնոլոգիաները ներառված չեն պետպատվերում: ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆՆ ասաց, որ ժամանակին եղել է նման նախագիծ, երբ պետությունը վճարել է խխունջային ներպատվաստման համար, բայց բյուջետային միջոցները չեն բավականացնում: Այս տարի նախարարությունը փորձել է օգնել երեք երեխաների, որոնցից մեկը Հասմիկ Մկրտչյանն է: Կարինե Սարիբեկյանը նշեց նաև, որ երբ չի բավարարում գումարը, «Էրեբունի» հիվանդանոցը նույնպես միանում է աջակցությանը:
Ծրագրին մասնակից բժիշկները նշեցին, որ եթե լսողական խնդիրը շուտ ախտորոշվի, խխունջային ներպատվաստումը կիրականացնեն մեկուկես տարեկանում, երեխան առավել դյուրությամբ կսովորի խոսել և կապրի լիարժեք կյանքով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ