Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եթե կարողանանք վերացարկվել եղածից, 1:6 հաշվով պարտվելը ողբերգություն չէ

Եթե կարողանանք վերացարկվել եղածից, 1:6 հաշվով պարտվելը ողբերգություն չէ
10.10.2017 | 09:28

Այո, այո՝ եթե վերնագրի առաջին հատվածում եղած նախապայմանը վերցնենք մեկնակետ, ապա 1:6 հաշվով պարտվելը բնավ էլ պետք չէ որպես ողբերգություն ընկալել և, իսկապես էլ, չարժե դրա առնչությամբ համազգային սուգ ու շիվան կապել, քանի որ… կարող էինք ավելի խոշոր հաշվով պարտվել:

Այս հաշվով պարտության առնչությամբ հանրապետական նշանակության մի քանի հանրապետական ինքնահռչակ ամենագետներ համեմատություն են արել աշխարհի վերջին առաջնության Գերմանիա-Բրազիլիա եզրափակիչ դիմակայության 7:1 հաշվի հետ ու, թեպետ փաստացի չեն կոնկրետացել, սակայն տողատակով բխեցրել են, որ մեզ պատուհասածը չարյաց փոքրագույնն է:


Քանի որ նման հիվանդ, անհեթեթ, զառանցանքի հասնող միտք-մեթոդաբանությամբ այս արևի տակ աբսուրդի կարելի է հասցնել ամեն ինչ, առաջարկում ենք պարտության խաղք-խայտառակությունը վերացնելու ավելի ռացիոնալ միջոց. քանի որ 1:6-ի փոխարեն կարող էինք ավելի մեծ հաշվով պարտվել ու չենք պարտվել, եզրակացնել, որ իրականում չենք պարտվել: Սույն պարզ ճշմարտությունն ընդունելուց հետո անցնում ենք հաջորդ քայլին՝ եթե չենք պարտվել, կնշանակի հաղթե՞լ ենք (թերահավատության տարրը պետք է պահպանել, որովհետև եղածի ցավի զգացումը դեռևս շարունակում է միտք պղտորել): Ինչ խոսք, որ միանգամայն ակնկալված կլիներ դրական պատասխանը, սակայն եկեք պատրանքներով չկերակրվենք, լինենք առավելագույնս անկեղծ` ո՛չ, չենք հաղթել:
«Չենք հաղթել, բայց և չենք պարտվել» իրարամերժության պարագայում միանգամայն տրամաբանորեն մեջտեղ է գալիս խնդրո հանգուցալուծման երրորդ` ոչ-ոքիի տարբերակը, սակայն ողջ ցավն այն է, որ ոչ-ոքի էլ չենք խաղացել:


Լավ, եթե հնարավոր այս երեք տարբերակից ոչ մեկը չի եղել, հարց է առաջանում` հոկտեմբերի 5-ի երեկոյան 20.00-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում իրականում ի՞նչ է եղել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում:
Միանգամից պատասխանենք՝ ոչինչ էլ չի եղել: Իսկ եթե ուզում ենք ճշտող-ճշգրտող տեսակ-տեսակ հարցերի շարանի դեմն առնել, պատասխանում ենք՝ այդ օրը մենք ազգովին հանրապետությունում չենք եղել: Մնացածն իրենց մուրն իրենց գլուխը` թող գնան իրենց համար ռեալ, մեզ համար գոյություն ունենալուց դադարած հարցի պատասխանը ո՜նց ուզում են գտնեն: Մենք՝ փաս, մենք դրանում չկանք: Մենք այս պարագայում Երկիր մոլորակից բացակա ենք:


Այս հուսավառ նոտայով էլ կարելի էր ամեն ինչին վերջ դնել, բայց չէ՜, պարզվում է եղածի մասին մասնավոր կարծիք ունի ֆուտբոլագիտության մեջ խորանալու փորձեր կատարող Շարմազանով Էդիկը, քանի որ այդ պարտության առնչությամբ, ըստ նրա, հանիրավի անվանարկվել է Հայրապետյան Ռուբիկը: Հարդարացումն սեփական կուսակցի՝ նա չափից ավելի լուրջ եզրահանգումների է գնում՝ համարելով, որ ֆուտբոլիստների փոխարեն հո նա՛ (իմա՝ Ռուբեն Հայրապետյանը-Մ. Հ.) չէր խաղադաշտ դուրս գալու:
Իր դիրքորոշման, կարծիք հայտնելու մեջ խորհրդարանի խոսնակը միանգամայն ազատ է, քանի որ, փառք Աստծո, բացախոսությունը մեզանում շղթայված չէ ու երկրում դեռևս փայփայվող արժեհամակարգերից է, սակայն խնդրո առնչությամբ ցավը հատկապես գիտե՞ք որն է:


Որ երիցս ճիշտ է Շարմազանով Էդիկը՝ Հայրապետյան Ռուբիկից ի՞նչ ֆուտբոլիստ:
Չէ, չէ, «Հայրապետյան Ռուբիկից ի՞նչ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ» հավելումը ձերն է:
Առարկելու ոչինչ չունեմ, որ այդ նույն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում (ի դեպ, հիշեցնեմ, ընտրովի՜) նա 2002 թվից է, բայց որ այդ թվից անցել է արդեն տասնհինգ տարի, թույլ տվեք, թվաբանությունից ձեր իմացությանը չկասկածելով հանդերձ, ասել, որ ամեն հանում չէ, որ հանում է, և ամեն անցած տարի չէ, որ անցած տարի է: Անցած կարող է լինել, զորօրինակ, ձեր երիտասարդությունը, որի մասին ձեզ ամեն օր տհաճորեն հուշում է ձեր տան հայելին: Սակայն դա պատճառ չէ, չէ՞, որ վերցնեք այն ու տնից դուրս շպրտեք:
Ինչ եմ սույնով ուզում ասել: ՈՒզում եմ ասել, որ Հայրապետյան Ռուբենը թեև հայկական ֆուտբոլի հայելին է, սակայն անձամբ հայելի չէ, այլ մարդ է՝ իր խոսքին, ամենայն հավանականությամբ, տեր կանգնելու վճռականությամբ, իր, ամենայն հավանականությամբ, ունեցած հիշողությամբ, իր քայլերի համար ունեցած, ունենալիք պատասխանատվություն-պատրաստակամությամբ: Բնականաբար՝ նույնպես ամենայն հավանականությամբ:
Ասե՞լ է, որ ազգայինի մակարդակով հայկական ֆուտբոլում եղել է դավաճանություն ու որ կհասնի դրա բացահայտմանը, որից հետո նոր կանի իր անելիքը (լավ, թող ձեր այդքան երազած «հրաժարական» բառը հնչի):


Ասե՛լ է:
Բա մարդուն գործելու ժամանակ տվեք ու այն մի չափեք տարիներով՝ չափման այլ միավորներ էլ կան:
Ասե՞լ է, որ հայկական ֆուտբոլ է մուտք գործել տոտալիզատորը, ու որ կհասնի դրա բացահայտմանը:
Ասե՛լ է:
Բա թողեք հասնի, որ դուք էլ ձեր ուզածին հասնեք կամ հասկանաք, որ ձեր ուզածի մեջ սխալական էիք:
Թե չէ դրել 2017-ից 2002 եք հանում, ձեր արևին տակը 15 եք ստանում, էդ 15-ի կողքին տարի բառն եք ավելացնում, վարպետորեն լուն ուղտ եք շինում ու մարդուն մեղադրում անգործության մեջ:
Է, եղա՞վ:


Հիմա, որպեսզի ավել-պակաս հնչած բաների կողքին մի քիչ էլ ռեալություն լսեք, մի քիչ Շարմազանով ու նույնքան մի քիչ Հրայր Թովմասյան (թե քե՞զ ինչ եղավ, որ ձենավորվեցիր), հայկական պատանեկան ֆուտբոլի զարգացման ռուբենհայրապետյանական քայլերին գոնե մի քիչ հաղորդակից դարձեք ու աջակցությունից կամովին հրաժարված խռովկան մանկան միամտությամբ համեստ անձիս մի հակադարձեք, թե Էդիկ Շարմազանովի հիշատակած ու Ռուբեն Հայրապետյանի կողմից զարգացվող մանկապատանեկան ֆուտբոլը այս տասնհինգ տարիների ընթացքում կարող էր գոնե հույսի փոքրիկ ծիլ տալ, ֆուտբոլն առհասարակ կարող էր գոնե մի փոքր զարգանալ:
Հաստակողի պես ամեն ինչում ու ամեն ինչին մի հակառակվեք:
Հետխաղյա մամլո ասուլիսից հետո (էն հետխաղյա, որը, ինչպես վերը պայմանավորվել ենք, չի եղել) հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը չխոստովանե՞ց, որ կգերադասեր գետինը մտնել, սակայն ասուլիսին չգալ: Այս տարիներին հայկական ֆուտբոլի ունեցած ձախողումների համար ո՞վ է այդպես անկեղծորեն, այդպես հրապարակայնորեն մեղքերն ընդունել, եթե առհասարակ ընդունել է:


Ձեր չհիշելը միամտաբար չպատճառաբանեք հիշողության կորստով, հիշողներ կան ու հաստատապես ասում են, որ նման բան չի եղել:
Վերադառնալով վերն անավարտ թողած մտքին՝ ուզում եմ հարցնել՝ մարզչի այս բարձր գիտակցությունն ու՞մ շնորհքն է, ու՞մ աշխատանքի արդյունքն է:
Է՜, չեղավ, չէ՞: Հասկացանք, որ Արթուր Պետրոսյանը գյումրեցի է ու պահվածքի մեջ գյումրեցու թասիբի գործոնը կա, բայց մարդկանց վաստակը մի թերագնահատեք: Այո, այո, չեք սխալվում, նկատի ունեմ հայկական ֆուտբոլի թիվ մեկ դեմքի վաստակը թե՛ Արթուր Պետրոսյանի մեջ սեփական սխալի գիտակցման զգացումը դաստիարակելու, թե հայկական ֆուտբոլի առաջընթացն ապահովելու առումով: Այնպես որ, առաջին տասնհինգ տարում թասիբի գործոնը կարող է ծիլ տալ, հաջորդ տասնհինգ տարում մեկ այլ գործոն կարող է բողբոջել, դրան հաջորդելիք տասնհինգ տարում…


Գիտե՞ք ինչ, քանի որ այս բողբոջում-ծլարձակումները ժամանակատար բան են, մտածեցի՝ չբռնե՞նք ու մեզնից ամենաթերահավատին սառեցնենք՝ իմանալու համար, թե ժամանակային ամեն կարգի չափումներից դուրս գտնվող հայկական ֆուտբոլը զարգանալու ինչ միտումներ է դրսևորելու այդ նույն ժամանակային սպասվելիք ընթացքում ու, մասնավորապես, ազգայինի մակարդակով ո՞րերորդ հարյուրամյակում կկարողանանք դուրս գալ ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Ակումբային ֆուտբոլի մասին չենք հիշատակում, որովհետև այստեղ վիճակն այնքան անհուսալի է, որ ինչ-որ բան շտկելու համար հազարամյակներ են պետք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ