Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանը բիլիարդի գնդակ է համաշխարհային դիվանագիտության ձեռքին

Ադրբեջանը բիլիարդի գնդակ է համաշխարհային դիվանագիտության ձեռքին
11.10.2017 | 11:34

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել կառավարության ընդլայնված նիստում և հերթական հետաքրքիր հայտարարություններն է արել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ: Նախ նա նշել է, որ կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացը «վերսկսվում է առանց որևէ նախապայմանի»։ Նրա խոսքով` Երևանը ամեն կերպ ձգտում էր ձախողել բանակցությունները` հնարելով տարբեր պատրվակներ, որ թույլ չտա բանակցությունների վերսկսումը` տարբեր պայմաններ առաջադրելով: «Սակայն ես միանգամից հայտարարեցի, որ ոչ մի պայման չի ընդունվի»` ասել է Ալիևը: Մի քանի հարցեր են ծագում միանգամից: Հայաստանի առաջադրած ո՞ր պայմանների մասին է խոսքը: Ինչու՞ Ալիևը չի կոնկրետացնում: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեք պայման նշեց բանակցությունների վերսկսման համար. վստահության միջոցների ձևավորում և միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայում (սահմանին), հասցեական հայտարարություններ (միջազգային հանրության) և երաշխիքներ, որ «Ադրբեջանը չի դիմի նոր ագրեսիայի ու ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»։

Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ «առանց Ստեփանակերտի հնարավոր չէ հասնել լիարժեք կարգավորման՚: Բայց հայտնի չէ` առաջադրե՞լ է Երևանն այդ պայմանը բանակցային գործընթացի վերականգնման համար, թե՞ սահմանափակվել է քաղաքական գործիչների հայտարարություններով:
Հետո եղան Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որ նախատեսում էին հակամարտող կողմերի շփման գծում վերահսկողության համակարգերի ու միջազգային դիտորդների տեղակայում, 1994-1995-ի զինադադարի կատարում: Այդ փաստաթղթերի տակ Բաքվի ստորագրությունը չկա: Բաքուն կարծում է, որ դրանց կատարումը իբր «սառեցնում է» կոնֆլիկտը: Ճիշտ է, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը ակնարկեց, որ Ադրբեջանը համաձայնել է ընդունել համաձայնությունները, բայց` բանավոր: Այնուհանդերձ, Բաքուն շարունակում էր բացահայտ փակել բոլոր դիրքերը` առաջարկելով սկսել նոր խաղ` համարյա թե մաքուր էջից: Վերջերս Ալիևը, հղում անելով իր աղբյուրներին, նշում էր, որ առաջիկա բանակցությունները խթանում է եվրոպական հանրությունը: Այդ դատողություններն իրենց տրամաբանությունն ունեն` Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել: ՈՒստի կարելի է ենթադրել, որ ճնշում գործադրվում է Բրյուսելից: Բացի այդ` Ալիևը ակնարկեց ԵԽ-ից Ադրբեջանի դուրս գալու մասին` պատճառներից մեկը նշելով, որ ԵԽ-ն չի աջակցում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծմանը: Աչքի է զարնում ևս մեկ կարևոր առանձնահատկություն, որ արձանագրել են շատ փորձագետներ` Եվրոպան գրոհում է և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որ օրերս հայտարարեց. «Թուրքիան այլևս ԵՄ անդամակցության կարիք չունի, որին ապարդյուն ձգտում էր հինգ տասնամյակ, և երկիրը ոչինչ չի կորցնի դրանից ու կշարունակի իր ճանապարհով գնալ»: Ստացվում է` թուրքական երկու պետությունները սինխրոն են գործում: Բայց Անկարան ԵՄ-ին այլընտրանք է առաջադրում` անդամակցություն Շանհայի համագործակցության կազմակերպությանը, խոսում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: Իսկ ի՞նչ կա Ադրբեջանի թիկունքում, բացի էներգետիկ ռեսուրսներից, որ իբր ապահովում են «Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»։ Դրա մասին չէ՞ր խոսում ՌԴ նախագահի եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը` ելույթ ունենալով 6-րդ ռուս-հայկական տարածաշրջանային և 2-րդ եվրասիական համաժողովում, երբ ճշտում էր, որ Ադրբեջանին ԵԱՏՄ ընդունելու վերջնական որոշումը կախված է Երևանից, որովհետև անդամակցումը հնարավոր է միայն ՙկոնսենսուսի հիման վրա՚ և «Հայաստանը, իբրև ԵԱՏՄ անդամ, կարող է օգտագործել վետոյի իրավունքը»: Եվս մեկ ինտրիգ` այլ հարց է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն է հայտարարում, որ նախապատրաստում է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների անձնական հանդիպումը, այլ հարց է, երբ նախաձեռնություն է դրսևորում Մինսկի խմբի համանախագահներ երկրներից մեկը (2015-ի ամռանը Սանկտ Պետերբուրգում Ալիև-Սարգսյան հանդիպումը անցավ ՌԴ նախագահի անձնական միջնորդությամբ, ավելի ուշ Ֆրանսիայի նախագահը բարձրաձայնեց Փարիզում հանդիպման կազմակերպման նախաձեռնության մասին): Բոլորովին այլ հարց է, երբ հենց Ալիևն է անոնսում Սարգսյանի հետ իր հանդիպումը` հայտարարելով, որ «դա զիջում չէ Ադրբեջանին»:

Ընդ որում` հանդիպման տեղի ու ժամկետի մասին չի նշվում: Վարկած` երբ պաշտոնապես հայտարարվի ճշգրիտ ժամկետը` ճնշումը Երևանի վրա կնվազի, իսկ Բաքվի մանևրի տարածքը կնեղանա: Երբ հանդիպումը կայանա, ԱՄՆ-ը, գուցե նաև Ֆրանսիան, բիլիարդի գնդակի պես Բաքվին անկյուն կքշեն` պարտադրելով սկսել զինադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրումը, այսինքն` կատարել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Պատահական չէ, որ հենց այս պահին հնչեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը, որ ԱՄՆ-ը աջակցում է Լեռնային Ղարաբաղում ականազերծման արագ և ամբողջական աշխատանքներին, իսկ ԱՄՆ օրենսդիրները կոչ արեցին շփման գծից հեռացնել դիպուկահարներին, ընդլայնել սահմանային վերահսկողությունը և տեղակայել կրակ բացող կողմին հայտնաբերող մեխանիզմները: Առաջիկայում մեծ իրադարձություններ են սպասվում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ի՞նչ կապ ունի ԵԽ-ն ԼՂ հարցի լուծման հետ, եթե այդ մանդատն ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ադրբեջանը վերջապես պիտի՞ ընդունի հարցը միջազգային տարբեր ատյաններում քննարկելու և բանաձևեր, որոշումներ, հայտարարություններ գնելու կամ պոկելու մարտավարության սնանկությունը: ԵԽ-ի իրավասությունների մեջ չի մտնում որևէ կոնֆլիկտի կարգավորում, իսկ ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ԵԽ-ն ու Ադրբեջանը առանց կաշառքի իրար հետ լեզու չեն գտնում: Որ ԵՄ-ին պատերազմ հայտարարած Թուրքիան ու ԵԽ-ի հետ պատերազմող Ադրբեջանը սինխրոն են գործում, փաստ է, բայց փաստ է նաև, որ հաջողություններ չեն արձանագրում: Հավելեք, որ Անկարան բացի Արևմուտքից` հասցրեց հարաբերությունները եթե չփչացնել, կասկածի տակ դնել Ռուսաստանի հետ էլ: Սոչիում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը մասնակցում են ԱՊՀ նախագահների խորհրդի նիստին: Հնարավո՞ր է հանդիպում: Հեռակա ՙփոխհրաձգությունից՚ հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ