Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երևանի ավագանու որոշմամբ մի շարք մշակույթի գործիչներ կոչումներ և բնակարաններ ստացան

Երևանի ավագանու որոշմամբ մի շարք մշակույթի գործիչներ կոչումներ և բնակարաններ ստացան
11.10.2017 | 13:09

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանու որոշմամբ բնակարաններ են տրամադրվել և «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչմանն են արժանացել մի շարք մշակույթի գործիչներ։

Կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացան նաև հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Այս բոլոր նախագծերին ավագանու ԵԼՔ և ՀՀԿ խմբակցությունները կողմ քվեարկեցին, իսկ «Երկիր Ծիրանին»՝ դեմ։

Նախատոնական արտահերթ նիստին Երևանի քաղաքապետի առաջարկով քննարկման էին դրված նաև երեք մշակույթի գործիչների անհատույց բնակարան տրամադրելու հարցերը։

«Երևան համայնքի սեփականությունը համարվող Սիսակյան փողոցի հ.16 շենքի հ. 30՝ 62.7 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց նվիրել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին»,- ասված է որոշման մեջ։

Անհատույց բնակարաններ տրամադրվեցին նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին՝ Սիսակյան փողոցի հ. 16 շենքի հ. 92 հասցեում, և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանին՝ Սիսակյան փողոցի հ. 16 շենքի հ. 93 հասցեում։

Այս հարցերին կրկին դեմ քվեարկեցին ավագանու երեք անդամները։

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Աննա Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով են ընտրվել այս գործիչները, որոնց պետք է բնակարաններ տրամադրվեն։

«Բազմաթիվ անտուն մարդկանցից դիմումներ կան, մի՞թե չէր կարելի այս մարդկանց տուն տալ։ Ռուբեն Մաթևոսյանը և մնացածը դիմումատուները, այնպես չէ, որ բնակարան չունեին»,- ասաց Աննա Խաչատրյանը։

Նրա հարցին ի պատասխան, ավագանու ՀՀԿ անդամ Աստղիկ Գևորգյանը նշեց, որ հաշվի են առնված այս գործիչների անցած ուղին, գործունեությունը, ժողովրդի կողմից ընդունված լինելը։

«Նրանք ազգային արժեք են, միայն այսքանը կասեմ»,- ընդգծեց նա։

«Երկիր Ծիրանիի» մեկ այլ անդամ՝ Սոնա Աղեկյանն էլ հարց բարձրացրեց, թե ինչու մշակույթի գործիչների փոխարեն բնակարաններ տալիս չեն զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին։

Քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետ Արսեն Ամյանը հայտնեց, որ այս պահին Երևանի քաղաքապետարանը Պաշտպանության նախարարության հետ համատեղ ուսումնասիրություններ է կատարում՝ Երևանում անապահով ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած կամ զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար։ Արդեն ստեղծվել է հանձնաժողով, իսկ բնակարանների տրամադրումը իրականացվելու է ՊՆ-ի կողմից։

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ