Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵՏՀ բարձրագույն խորհրդի նիստում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵՏՀ բարձրագույն խորհրդի նիստում
12.10.2017 | 13:31

Նախ և առաջ կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին այսօրվա գագաթնաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ղրղզ գործընկերներին Եվրասիական միությունում Ղրղզստանի նախագահության համար: Եվրասիական միության գրեթե եռամյա գործունեության ընթացքում բավականին մեծ ծավալի աշխատանքի է իրականացվել ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների գործնական իրականացման մասով: Մշտապես լրացվում է իրավապայմանագրային բազան, արդեն իսկ սահմանված են Միության առաջնահերթությունները, իրականացվում է տնտեսության կարևորագույն ոլորտներում քաղաքականության համատեղ կոորդինացիա, հետևողականորեն ընդլայնվում է ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության ընդգրկումը:


Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին փոխադարձ առևտրի ծավալի շուրջ 28 տոկոս աճ ունենք՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: 2017-ի հունվար-հուլիս ամիսներին, 2016-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրների շուկա ապրանքների արտահանման 29 տոկոս աճ է գրանցվել: Երրորդ երկրների հետ անդամ պետությունների արտաքին առևտրի ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 26 տոկոսով, և Վլադիմիր Պուտինը ներկայացրեց շատ թվեր, որոնք հաստատում են մեր ընդունած որոշման ճշմարտացիությունը: Այս միտումը պետք է ամրապնդել, ապահովել նրա կայուն բնույթը:


Դրա համար, մեր պատկերացմամբ, անհրաժեշտ է.
Առաջին հերթին շարունակել համատեղ աշխատանքը ոչ միայն խոչընդոտներն ի հայտ բերելու, այլև վերացնելու ուղղությամբ, ապահովել առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու համար անհրաժեշտ նախադրյալները: Պայմանագրային բազայի ընդլայնման ուղղությամբ աշխատանք տանելով՝ անհրաժեշտ է շեշտը դնել այն նորմատիվ ակտերի վրա, որոնց ընդունումից հետո մեր երկրների տնտեսավարող սուբյեկտները գործնականում կզգան դրանց ընդունման հիմնավորվածությունը:


Երկրորդ հերթին ակնկալում ենք, որ թվային օրակարգը պետք է նպաստի համագործակցության թափանցիկության առաջխաղացմանը, արտադրողականության բարձրացմանը, ծառայությունների որակի բարելավմանը: Կիսում ենք հարցի արդիականության մասին տեսակետը և կարծում ենք, որ այն պետք է լուծել՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները. ծրագրերի տնտեսական հիմնավորվածության գնահատականները, մեր երկրների տնտեսությունների համար դրանց նշանակությունը և ինտեգրացիոն բաղադրիչները, Միության անդամ պետություններում նմանատիպ ծրագրերի իրականացման դրական փորձը, համաձայնեցված չափանիշների հավաքագրումը, որի հիման վրա կարելի է գնահատել ծրագրերի համապատասխանությունը անդամ պետությունների և, ընդհանուր առմամբ, Միության շահերին:


Կարծում եմ, որ թվային որոշումների մշակումը կարելի է սկսել էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումից: Քանզի հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումը առանցքային է մի շարք թվային նախաձեռնությունների համար, այդ թվում՝ վերահսկողության և էլեկտրոնային առևտրի համար, առաջարկում եմ, որ պետությունների կառավարությունները Հանձնաժողովի հետ համատեղ հնարավորինս սեղմ ժամկետներում մշակեն այդ հարցը: Կարևոր է նաև, որ թվային օրակարգով հետագա գործողությունները բիզնեսը զերծ պահեն վարչական և նոր ֆինանսական անհամաչափ հնարավոր ծանրաբեռնվածության աճից:


ԵԱՏՄ ամրապնդման ևս մեկ քայլը, և դա արդեն երրորդն է, միջազգային մակարդակում համագործակցությունն է: Ելնում ենք նրանից, որ ինչպես Միության, այնպես էլ առանձին պետությունների մակարդակներում, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև համագործակցությունը, բնականաբար, մեր ստանձնած պարտավորությունների պահպանմամբ, կարող է իր կարևոր ներդրումն ունենալ փոխլրացնող և փոխշահավետ, առանց բաժանարար գծերի տարածքի ձևավորման գործում՝ ի շահ բոլոր պետությունների:
Գոհունակությամբ ենք նշում ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբունքային ավարտը: Դա հնարավոր դարձավ նաև Չինաստանի հետ մեր երկրների երկկողմ համագործակցության կուտակած փորձի շնորհիվ: Կարծում ենք, որ փոխգործակցության տվյալ ձևաչափը պետք է նպաստի ամբողջ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև հավասարապես ԵԱՏՄ համագործակցությունն այս կամ այն ուղղությամբ պետք է հարստացնի մեր պետությունների երկկողմ հարաբերությունները:


Կարծում ենք, որ միասնական եվրասիական առևտրատնտեսական տարածքի և տրանսպորտային միջանցքի ստեղծումը հնարավոր է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման միջոցով՝ միավորելով ԵԱՏՄ-ն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ՝ Միության բոլոր երկրների ներգրավմամբ: Դա թույլ կտա նվազագույնի հասցնել ինտեգրացիայի համար առկա ենթակառուցվածքային բոլոր սահմանափակումները, և, որպես հետևանք, ձևավորել տրանսպորտային ուղիների փոխկապակցված ցանց:
Կցանկանայի նաև հաստատել Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրվածությունը, և ես վստահ եմ, որ դա մեր ընդհանուր մոտեցումն է: Հայաստանի վարչապետի կողմից՝ երեկ Իրան կատարած այցի ընթացքում, այս հարցին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ: Ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են շարունակել և ավարտել բանակցությունները առաջիկայում:
Վերջում կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննարկել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, և առաջիկայում փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան վավերացման: Հուսով ենք, որ հետագայում ևս մեր երկրներում բոլոր հարցերը լուծվելու են կառուցողական հունով՝ ի շահ մեր ժողովուրդների և ի բարգավաճում մեր երկրների:
Շնորհակալություն ուշադրության համար»:

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ