USD483.75
EUR568.65
RUB8.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Ծրագրերը կիրականացվեն հավելյալ ջանքերի, կադրերի արհեստավարժության և աշխատանքների արդյունավետության բարձրացման հաշվին»

«Ծրագրերը կիրականացվեն հավելյալ ջանքերի, կադրերի արհեստավարժության և աշխատանքների արդյունավետության բարձրացման հաշվին»
13.10.2017 | 02:38

Մի կողմից՝ հիվանդությունների և հիվանդների թիվը գնալով ավելանում է, մյուս կողմից՝ նվազում է առողջապահության ֆինանսավորումը: Չնայած սրան, վերջերս առողջապահության նախարարը իր տարեկան հաշվետվություն-ասուլիսում նշեց, որ նախատեսված ծրագրերը իրականացվել են: Ինչ խոսք, սա ձեռքբերում է, սակայն գաղտնիք չէ, որ առողջապահական ոլորտի զարգացումը պահանջում է լուրջ ֆինանսավորում, մինչդեռ 2018-ի պետբյուջեի նախագծով առողջապահության ֆինանսավորումը զգալիորեն կրճատվում է: Այս տխուր փաստն անուղղակիորեն արտացոլում է Հայաստանի տնտեսության վիճակը, և լավ կյանքից չէ, որ կառավարությունը ստիպված գնում է առողջապահության ֆինանսավորման կրճատման՝ փորձելով խնդիրը լուծել պարտադիր ապահովագրության ներդրմամբ: Սա վաղուց սպասված մոտեցում է, սակայն կա մի մտավախություն: Եթե այս պահին տնտեսությունը չի կարող ապահովել զգալի աճ, որտեղի՞ց պետք է գոյանան «երկար փողերը» պարտադիր ապահովագրության համար: Հարց, որով սկսեցինք մեր զրույցը առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ հետ:

-Եթե սոցիալապես անապահով խավին տրամադրվող պարտադիր ապահովագրության մասին է խոսքը,- ասաց նախարարը,- ապա այդ գումարները մասամբ գանձվելու են առողջապահության բյուջեից, մասամբ՝ կառավարության պահուստային կամ այլ ֆոնդերից:
-Ամեն դեպքում, ֆինանսների կրճատումը բացասաբար է անդրադառնալու առողջապահության համակարգի վրա, կկարողանա՞ք նախատեսված ծրագրերն իրականացնել:
-Իհարկե՝ այո:
-Ինչի՞ հաշվին:
-Մեր հավելյալ ջանքերի, կադրերի արհեստավարժության և աշխատանքների արդյունավետության բարձրացման հաշվին:
-Պարոն նախարար, օրերս Ձեր հաշվետվություն-ասուլիսում Դուք նշել էիք, որ սոցիալապես անապահով 6021 քաղաքացի կօգտվի պետպատվերից՝ ապահովագրության տեսքով: Այսինքն, պետպատվերը փոխարինվում է պարտադիր ապահովագրությամբ, և արդյո՞ք այդ դեպքում մարդիկ կարող են ստանալ նույն բարձրակարգ բուժօգնությունը, մասնավորապես՝ վիրահատությունների ժամանակ:
-Իհարկե: Այն, ինչ տրամադրում էին կլինիկաները պետպատվերի շրջանակներում, նույն ծառայությունները կտրամադրվեն ապահովագրության դեպքում: Մեր նպատակը պետպատվերով հատկացվող գումարի ավելացումն է:
-ԶԼՄ-ներն իրազեկում են, որ շտապօգնության որոշ ծառայություններ պետք է դառնան վճարովի: Դուք ևս Ձեր ասուլիսում չբացառեցիք դա, նշելով, որ, օրինակ, ճնշում, ջերմություն չափելը կարող է դառնալ վճարովի: Իսկ ինչպե՞ս մարդը պետք է որոշի՝ դեպքը շտա՞պ է, թե՞ ոչ: Դուք, որպես բժիշկ, բոլորից լավ գիտեք, որ սրտի կաթվածը, օրինակ, հաճախ արտահայտվում է ստամոքսի ցավով կամ թեթև թունավորման երևույթներով, ու եթե մարդը փող չունի, չպե՞տք է դիմի շտապօգնությանը:
-Նման դեպքերում չպետք է մտածել շտապ օգնության ծառայության վճարովի լինելու մասին: Առաջին հերթին պետք է ձևակերպել կանչը, և տեղում արդեն բժիշկը կախտորոշի: Եթե դեպքը շտապ է, ապա շտապօգնության ծառայությունն անվճար է: Երբ խոսում ենք որոշ ծառայություններ վճարովի դարձնելու մասին, նկատի ունենք ստանդարտ դեպքերը: Մասնավորապես, այսօր շտապօգնության ցանկացած կայան ունի 20-50-հոգանոց ցուցակներ, երբ գրեթե ամեն օր կանչ են ձևակերպում, իրենց առողջական վիճակը մոնիտորինգ անելու նպատակով:
-Անկեղծ ասած, մի փոքր դժվարանում եմ պատկերացնել, որ օրական 30 հոգի՝ նույն մարդիկ, կանչ է ձևակերպում հենց այնպես: Գուցե միայնակ ծերեր կամ հաշմանդամնե՞ր են:
-Գուցե, բայց առողջական վիճակը մոնիտորինգ անելու համար գործում է պոլիկլինիկական ծառայություն:
-Պոլիկլինիկաներում ևս մի շարք ծառայություններ դառնում են վճարովի: Օրինակ, իմ գործընկերը մի քանի օր առաջ այն պոլիկլինիկայում, որտեղ հաշվառված է, բիոքիմիական յուրաքանչյուր ստուգման համար վճարել է 5-6-հազարական դրամ, վահանաձև գեղձի ուլտրաձայնային ուսումնասիրության համար՝ 6 հազար դրամ, որի համար նրան տրվել է անդորրագիր, իսկ մինչ այդ նույն ծառայություններն անվճար էին:
-Մենք պոլիկլինիկական ծառայությունները վճարովի չենք դարձնում, վճարովի են միայն այն դեպքերը, եթե հետազոտությունն իրականացվում է քաղաքացու որոշմամբ և ընտրությամբ: Իսկ եթե հետազոտությունը նշանակել է բժիշկը, ապա պոլիկլինիկայում այն վճարովի չէ:
-Այսինքն, կարո՞ղ ենք արձանագրել, որ պոլիկլինիկաները մեզ մոտ անվճար են և վճարովի չեն դառնալու:
-Այո, անկասկած:

Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ