Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Երբ գնում եք ՌԴ կամ ԱՄՆ ու մի պիժոնի հետ խոսում, դա դեռ չի նշանակում, թե խոսել եք ռուսի կամ ամերիկացու հետ»

«Երբ գնում եք ՌԴ կամ ԱՄՆ ու մի պիժոնի հետ  խոսում, դա դեռ չի նշանակում, թե խոսել եք ռուսի կամ ամերիկացու հետ»
13.10.2017 | 03:03

Ամեն աշնանն ու գարնանը քաղաքական դաշտի ընդդիմադիրները խոստանում են թեժություն: Այս աշնանն Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից ավելի թեժ «գործընթաց» դեռ չի եղել, չնայած արտախորհրդարանական երկու ընդդիմադիր ուժեր ընդվզման կոչեր են անում: «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը համահայկական ընդվզման գործընթաց է նախաձեռնել, բանտում գտնվող Ժիրայր Սէֆիլյանի կոչով նրա համախոհները փորձում են ընդդիմադիր ճակատ ձևավորել, սակայն թե՛ մեկի, թե՛ մյուսի նկատմամբ հասարակական մեծ անտարբերություն կա, իշխանությունն էլ այդ ուժերից ոչ մի սպառնալիք չի տեսնում: Այս և այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:

-Ինչու՞ հասարակությանն այլևս չեն հետաքրքրում ընդդիմադիր շարժումները. քաղաքական փոփոխությունների այս տարբերակն սպառե՞լ է իրեն:
-Դա, այսպես ասած, մրցակցային ճանապարհն է: Առաջատար երկրներն էլ այս ճանապարհը անցել են: Խնդիրն այն է, որ մարդկությունն արդեն այդ ընթացքն անցել է և հիմա հայտնվել է ճգնաժամում: Ինչպես Խորհրդային Միությունը չկարողացավ սոցիալիզմը հաղթահարել (չնայած այդտեղ այլ պատճառներ կան), այնպես էլ այսօր խորագույն ճգնաժամի մեջ է այդ մրցակցային համակարգը: Եվ հիմա այլ տրամաբանության ինտենսիվ փնտրտուք է: Մենք մեծագույն խանդավառությամբ ցանկանում ենք մշտապես մրցակցային համակարգում մնալ ու գործընթացները կազմակերպել այդ տրամաբանությամբ: Սա հանգեցրել է քաղաքատնտեսական մեծ ճգնաժամի, որի լավագույն արտացոլանքն էին խորհրդարանական վերջին ընտրությունները: Փորձում էին ինչ-որ բան կայացնել արդեն մեռած համակարգում: Շատ կարևոր մի հանգամանք ևս կա. ինչ խաղեր դեռ կարելի է խաղալ, ինչ չի կարելի: Ոչ մեկն իրավունք չունի կոտրելու ժողովրդին: Առանց այդ էլ ժողովուրդը հիասթափության ծայրահեղ աստիճանի է հասել, որովհետև վերջին տարիների թափանիվների պտույտներն անցնում են ժողովրդի կյանքով, էությամբ: Արդեն երկիրն են ոչնչացնում: Հիմա պետք է հակառակ տրամաբանությունը կյանքի կոչել: Զուտ այն իմաստով, որ որոշ մարդիկ փորձում են երկրում ինչ-որ բան փոխել, ողջունելի է, բայց պետք է իմանան, որ եթե մի բան են այսօր հայտարարում, դա հետո չպետք է բերի վհատվածություն: Վերջին ընտրություններին ընդդիմադիր ուժերը նույնիսկ ունակ չեղան միավորվելու, ինչը հասարակության համար առաջին ազդակն էր: Մեր ժողովուրդը մի քանի հիմքային դրույթներ ունի և եթե քաղաքական ուժերի մեջ տեսնում է դրանք, վստահում է նրանց: Եթե ընդդիմադիր ուժերն իրար մեջ չեն կարողանում պայմանավորվել, ի՞նչ կարելի է ակնկալել: Եթե երկրի ապագայի մասին խոսելիս անգամ տարբեր տեսակետներ ունեն, սակայն ցանկությունը մեծ է որևէ փոփոխություն անելու, ուրեմն զիջումների կարող են գնալ: Կա աստվածաշնչյան հայտնի ճշմարտություն. երբ նորածին երեխայի համար երկու կին վիճում են, թե ում փոքրիկն է, նրանց բերում են Սողոմոն Իմաստունի մոտ, նա հրամայում է երեխային մեջտեղից կիսել ու տալ մի կեսը մի կնոջը, մյուս կեսն էլ՝ մյուս կնոջը: Իսկական մայրն անմիջապես ասում է, որ երեխային տան մյուս կնոջը, որովհետև նա երեխայի մասին է մտածում: Ընդդիմադիր ուժերն ինչքան էլ իրար հետ չհամադրվեին, պետք է միասին հանդես գալու ինչ-որ ձև գտնեին: Միասնականությունը ժողովրդի համար առաջին ազդանշանն է: Սա առաջին քայլն է, որն այն ժամանակ չարվեց, ինչը մեծ հարված հասցրեց ժողովրդի վստահությանը: Մյուս հարվածն էլ իշխանության պահվածքն էր, երբ, զոռբայի կեցվածք ընդունած, հայտարարում էր, թե ես եմ ու վերջ, հաղթել եմ երկրին, ժողովրդին` պահպանելով իմ զոռբայությունը:
-Ձեր խոսքից հետևում է, որ ընդդիմադիրների նման նախաձեռնությունները, որոնք միասնականություն չեն ապահովում, տապալվելու՞ են:
-Այդ նախաձեռնություններում նախկին տրամաբանությունը պահպանվում է, չկան բեկումնային քայլեր: Ընդդիմություն ասելով պետք է հասկանալ մարդկանց խումբ, որը ցանկանում է երկիրը տանել ուրիշ ուղիով, բայց այդ մարդկանց դատողություններում ուրիշ ուղի չկա: Այսինքն, նրանք հավատացնում են, որ այստեղ Շվեյցարիա կկառուցեն, իսկ նույն Շվեյցարիան ասում է, թե ինքը «փակում» է Շվեյցարիան, ուրիշ երկիր է կառուցում, քանի որ այս Շվեյցարիան չի աշխատում: Արդեն հանրաքվե են անցկացնում, որ իրենց քաղաքացիներին հենց այնպես աշխատավարձ տան, որովհետև Արևմուտքն սկսում է կառուցել կոմունիզմ, բայց ոչ խորհրդային կոմունիզմ: Բացի տեխնոլոգիական զարգացումից, երկրորդ բանը, որ աշխարհում իրականացվում է, այն է, որ մարդը պետք է ենթակա լինի, տարբեր մանիպուլյացիաների հեշտ տրվի: Օրինակ, Հայաստանի քաղաքական դաշտին համոզել են, որ միակ բանը, որ պետք է անել, Ֆինլանդիա կառուցելն է: Այսինքն, ամեն կին ամուսնուց պետք է պահանջի բարեկեցիկ կյանք, ամուսինը մյուսներին պիտի «խեղդի», պոկի տանի տուն, որ կնոջ բարեկեցությունն ապահովի: Իսկ կինն էլ հարևան Հռիփսիկին ասի` մարդս էս-էս է բերել, իսկ քոնը բանի պետք չէ: Այս խաղը երեսուն տարի մենք խաղում ենք, երբ ամեն կին չհասկանալով «սպանում» է իր երեխային` նրա «լավը» ուզելով: Այդ երեխան սովորում է մի դպրոցում, որտեղ կան սոված երեխաներ, սոված ուսուցիչ, սակայն նա «պոկելու-տանելու» մթնոլորտում չի հասկանում դա: Եթե անգամ նրան տանում են գերեվրոպական մի հաստատություն, պետք է իմանան, որ եվրասեքսն էլ հետն է: Ասել է` այդ Եվրոպան էլ մի այլ ձևով է խեղված: Եթե դու այստեղ ամեն ինչ ավերել ես, երեխայի համար ապագա չես թողել ու նրան տանում ես ուրիշ աշխարհ, նա հայ չի մեծանալու: Է՜, այդպիսի երեխան ու՞մ է պետք, ավելի ճիշտ, դու, որպես ծնող, նրա ինչի՞ն ես պետք, «լափելու» դասը ով էլ ասես նրան կդասավանդեր, ինքը քեզ հետ, դու նրա հետ ոչ մի կապ չունեք: Քեզ տանելու է հանձնի ծերանոց ու լավ էլ կանի, մի հատ էլ կասի` որպես ցախ, կարող եք վառել: ՈՒ՞մ է պետք էդպիսի ծնողը, որը երեխայի ապագան վերածել է տանջանքների: Գրեթե «Բենթլիի» գնին հավասար տաբատ են գնում, լավ, այդ ի՞նչ ավանակ պետք է լինել նման բան անելու համար: Հարևանդ սոված է, որովհետև աշխատելու տեղ չունի, իսկ դու քեզ համար 600 հազար դոլար արժողությամբ տաբատ ես գնում կամ մեկ միլիոն դոլարով՝ «Ռոլս-ռոյս»: Ինքն իր ընտանիքը, տունը Շվեյցարիա է դարձնում՝ երկիրը ավերակ դարձնելով: Եթե կառավարությունը չի կարողանում անգամ Ամուլսարի շահագործումը կանգնեցնել, նշանակում է` նա Չառլզ արքայազնի գործիքն է, ինչպես խորհրդարանը, բոլոր վարչապետները, նախագահները: Ամուլսարը երկիրը ոչնչացնելու գործիքներից ամենակարևորն է: Եթե այլ ձևով դա անեն, ենթադրենք, երկիրը զավթեն ու մեզ այստեղից քշեն, մենք հնարավորություն կունենանք բանակ հավաքելու և վերադառնալու: Բայց Ամուլսարով ոչնչացված երկրում ոչ ոք չի կարող ո՛չ ապրել, ո՛չ վերադառնալ:
-Այս վիճակից ելք կա՞:
-Անշուշտ, փրկությունը միշտ մեզ հետ է ու մեր մեջ: Այդքան խոսում ենք հայկականությունից, իսկ ո՞րն է դա: Առաջին կետը` սուտ մի խոսիր: Հայկական քաղաքական ողջ դաշտը միայն սուտ է խոսում: Եթե միայն իշխանությունը ասեր, դեռ հույս կլիներ, ընդդիմությունն էլ է նույն վիճակում: Այս ընտրություններում ընդդիմադիրները հայտարարեցին, թե հաղթելու են, գիտեին, չէ՞, որ սուտ են ասում, բայց մինչև վերջին օրն ասում էին` հաղթելու ենք: Քաղաքականությունում սուտ խոսելու մշակույթը կա արդեն երեսուն տարի:
-Քաղաքականություն վարելու այլ տարբերակ չկա: Բոլորը սուտ են խոսում, որ մնան իրենց կարգավիճակում, պաշտոնին, կառավարեն երկիրն ու մարդկանց:
-Այսօրվա աշխարհը շահի աշխարհ է, որը մոտենում է իր ավարտին: Գալու է ուրիշ աշխարհ, և դեռ չբացահայտված որոշ ուժեր ապստամբելու են: Հենց այդ ուժը տեսան՝ շահի հետևից վազող մարդիկ փորձելու են մաս կազմել դրան, բայց պարզվելու է, որ այդ ուժը սուտասանների կարիքը չունի, դա ճշմարտախոս, մարդկային խորքային էությունը զարգացնող ուժ է:
-Քանի դեռ այս «աշխարհում» ենք, իշխանությունն իրեն շատ հզոր է զգում, ընդդիմությունն է խղճուկ վիճակում: Ի վերջո, գոնե հակակշիռների մեխանիզմը ապահովելու համար հույս կա՞, որ կձևավորվեն ընդդիմադիր լուրջ ուժեր:
-Անկախ ստեղծված իրավիճակից, դրական գործընթացներ կան, այդ ուժերը ձևավորվում են: Հայության մեջ արդեն հետաքրքիր կղզյակներ են ձևավորվում, որոնք հետագայում հանդես կգան կոնկրետ ծրագրերով, սկզբում կթվան լոկալ, բայց շատ արագ կբռնկվեն ամբողջականության մեջ: Օրինակ, կա Գրիգոր Բարսեղյան գիտնական, որն առաջարկել էր գիտությունը կազմակերպելու մի ձև, բայց մեր իշխանությունը գիտությունը համարում է ավելորդություն, դա եկամուտ չի բերում: Դրա համար պետք է ֆունդամենտալ գիտությունը վերացնել, տեղը սունկ աճեցնել, կազինո բացել: Այս մտածողությունը ունեցել են բոլոր կառավարությունները, ներառյալ գործողը: Հիմա կան մարդիկ, ովքեր գիտությունը կարող են զարգացնել: Գրիգոր Բարսեղյանը Մարի Կյուրիի անվան մրցանակի դափնեկիր է, մեր ակադեմիան որոշել է նրա թեման չֆինանսավորել, իսկ ֆրանսիական ակադեմիան ոչ միայն գնահատել է, այլև տվել է Կյուրիի մրցանակ: Կա՛ն այսպիսի մարդիկ, որոնք ուզում են գիտությունը զարգացնել, բայց մերոնք ասում են` ի՞նչ գիտություն, ի՞նչ բան: Երևանյան բուհերի ֆիզիկայի, քիմիայի և այլ առաջատար ֆակուլտետներում մարդ չի ընդունվել, որովհետև երեխաներին ասել են, որ փող ունենալու և կազինոյում խաղալու համար պետք է լինես օլիգարխի թիկնազորում կամ հարկայինում, իսկ դրա համար գիտելիք պետք չէ, այ, վերևում նստած քեռիներից սովորիր: Այս իրավիճակում մեր քաղաքական դասը չի ասում՝ էս ի՞նչ եք անում գիտության հետ: Գիտությունը, մշակույթը, հոգևոր կյանքը, կրթությունն ավերել են: Քաղաքական ուժը, որ մտնելու է ասպարեզ ու նոր բան անելու, պետք է սկսի մեկ տարրական բանից` հայ օլիգարխին հասկացնի, որ ավանակի կյանքով չպետք է ապրել:
-Չե՞ք գերագնահատում օլիգարխի գիտակցական մակարդակը:
-Ոչ, պարզ լեզվով պետք է նրանց բացատրեն Բրիտանիայում և ԱՄՆ-ում ընդունվող օրենքները, ըստ որի, բոլոր փողերը, որ հայտնվում են այդ երկրներում, պետք է ստուգվեն: Նրանք գիտեն՝ որտեղ են աշխարհի «սխալ» փողերը, ու հիմա դրանք վերցնելու որոշում են կայացրել: Դրա համար, եթե մերոնք հասկանան, որ շուտով սկսվելու է իրենց «կաշին հանելու» գործընթացը, մարդավայել կապրեն: Երկրորդ հանգամանքը. ի՞նչ են ասում մեր մտավորականները, ընդդիմությունը և կանայք: Այո, կանայք, որովհետև նրանք պետք է ասեն՝ իմ երեխան պետք է մարդ դառնա ու երջանիկ կյանք ունենա, ոչ թե տասնչորս հատ ջիպ, պապայի գործարանը, որոնց հետ չգիտի ինչպես վարվել: Այն, ինչ իր մեջ է լինելու, իրենն է, ինչն իրենից դուրս է, լինելու է բացարձակ անիմաստ ու անկայուն: Ես ընդամենը նկարագրեցի վերջակետերը, իսկ ընթացքը տառապալից է լինելու, հատկապես ունևորների համար:
-Ձևավորվող ընդդիմադիր ուժերում հայտնի՞ անձինք պետք է լինեն, թե՞ հասարակությանն անծանոթ:
-Կարող է լինել ցանկացած մարդ, որը գիտի, թե ինչ պետք է ասել: Եթե ասելու են այն անհեթեթությունները, ինչ մինչ այժմ, ոչինչ էլ չի լինելու: Մեր քաղաքական դասն ի զորու է այս ամենը հասկանալու, այնտեղ խելացի, կայացած մարդիկ են, մի քիչ որ իրենց ստիպեն, կհասկանան այս զարգացումներն ու կգնան այլ ճանապարհով: Մենք արդեն հասել ենք կրիտիկական այն սահմանին, որից այն կողմ անդունդն է: Մեր մարդկային ռեսուրսն արդեն բավարար չէ, որ սպասարկի գիտությունը, քաղաքականությունը, հոգևոր զարգացումը: Իսկ առանց այս ամենի մենք ոչ մի բան ենք: Դրա համար Հայաստանից գնացած երկու միլիոն հային պետք է հետ բերել ընդհանուր համակարգի մեջ: 1988-1994-ին աշխարհում բոլորը փնտրում էին՝ իրենք հայկական արմատներ ունեն, թե ոչ, որովհետև գիտեին՝ հայ լինելն ինչ մեծ պատիվ է: Մեր ժողովուրդը հոգևոր ֆանտաստիկ վիճակի էր հասել: Հիմա էլ ենք այդ վիճակում, մեզ պակասում է մի բան՝ մի օր պետք է իրար հետ նստենք ու լուրջ խոսենք, քարը փեշներիցս թափենք ու հայտնվենք այդ վիճակում: 1988-ին մենք մի օրում ենք հայտնվել այդ վիճակում: Հիմա էլ մեր միջի հային «անջատել-գցել» ենք մի կողմ, որ մեզ չխանգարի, ու դարձել ենք անգլիացի, ֆրանսիացի, շվեյցարացի... Հարգանքով եմ վերաբերվում այդ ազգերին, բայց ամեն մեկն ունի իր մշակույթը, իր ճակատագիրը, կյանքը, չի կարելի ուրիշի կյանքով ապրել, նրանք էլ իրենց փնտրտուքի մեջ են:
-Քաղաքական դաշտն էլ այդ հային «անջատել» է ու բաժանվել երկու մասի` ռուսամետներ և արևմտամետներ: Դրանից ի՞նչ ենք շահելու:
-Բոլոր «մետերին» կարելի է ասել մի տարրական բան՝ բոլոր ուղղությունները անհրաժեշտ են սպասարկման և աշխատանքի համար: Բայց պետք է համադրելու քաղաքականություն վարել, որը նախ և առաջ ժողովուրդների հետ խոսելու ունակությունը վերադարձնելն է: Երբ գնում եք ՌԴ կամ ԱՄՆ ու մի պիժոնի հետ խոսում, դա դեռ չի նշանակում, թե խոսել եք ռուսի կամ ամերիկացու հետ: Պետք է իմանալ՝ աշխարհում քիչ երկրներ կան, որոնց ղեկավար դասը ներկայացնում է իրենց: Քիչ թե շատ այդպիսին են Չինաստանը, Իրանը, բայց հաստատ այդպիսին չեն Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը: Մի խորհուրդ այդ «մետերին». դուք ուզում եք ռազմավարական գործընկերություն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի հետ, գնացեք, խոսեք նրանց հետ, իմացեք` դա ինչ է: Ստրատեգիական դաշինք կոչվածը ՀԱՊԿ-ը կամ ՆԱՏՕ-ն չեն, ռազմավարական դաշինքն այն է, թե մարդկությունը, այս աշխարհն ինչի համար են ստեղծված, ուր ենք գնում, ինչպիսի հասարակություն ենք ստեղծում: Այս մասին պայմանավորվեցիք, ընթացիկ «հապկները», «նատօները» կստեղծվեն:
Իսկ մեր իշխանությունը, ողջ ընդդիմության հետ, սահմանադրական հանրաքվեն անցկացրեց, եթե ընդդիմությունն էլ դեմ է խոսել, միայն այն պատճառով, որ իր փայն ավելացնի: Երբ ասում էինք՝ երկիրն ամբողջապես դրվելու է արտաքին կառավարման տակ, գալու են երեխաներին ընտանիքներից վերցնեն, իրենց հեչ պետքն էլ չէր: Հիմա հենց այդ օրենքն են անցկացնում: Ընդդիմությունը լուռ է, եթե միայն ասեր, որ այս օրենքով երեխաներին ընտանիքներից վերցնում են, կարող էր ամբողջ ժողովրդին հավաքել:
-Խորհրդարանական ընդդիմությունն այլ թեմա է «տաք պահում»` ԵԱՏՄ-ի անդամակցության դադարեցում: Սա ըմբոստության թեմա չէ՞:
-Դրանք խաղեր են, մեկն ասում է՝ մտնենք ՆԱՏՕ, մյուսը ռուսերենի հայեցակարգ է ընդունում: Մի անհեթեթ էակ փակել է Աճառյանի անվան դպրոցը և ՀԱՊԿ-ի ակադեմիա բացել: Լսեք, Աճառյանը մեր լեզուն է, որը տիեզերքի հետ խոսելու բոլոր գաղտնիքներն է պարունակում: Դու, որ պատկերացում չունես, թե ինչի հետ գործ ունես, ո՞նց կարող ես սիմվոլիկ շենքերի հետ խաղ անել: Այդ շենքերը մեր կապն են պատմության հետ, մեզ ամբողջականացնում, մեր դերն են հիշեցնում տիեզերքում: Այս ամբողջն ավերել են հանուն փողի, որն ամեն ինչ է որոշում: Բոլոր անհեթեթությունները, որոնք ռուսական կամ հակառուսական ուղղությամբ են, նշանակում են` տրվել ես մի գծի և դրա խաղն ես առաջ տանում: Ես կողմ եմ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքին, որովհետև խոսել եմ խորքային ռուսների հետ և գիտեմ, թե ինչպիսին են նրանք տեսնում մարդկության ընթացքը: Ինձ պետք չէ խոսել նրանց վարչապետների, փոխվարչապետների, չգիտես ում հետ: Ովքեր ասում են՝ գնանք դեպի ՆԱՏՕ, շատ լավ, թող գնան գերմանացու, անգլիացու հետ խոսեն ու գան մի լուրջ բան ասեն, սկսած պրիմիտիվ հարցադրումներից. եթե Թուրքիան մեզ վրա հարձակվի, Ռուսաստանն ուզած-չուզած ռմբակոծելու է հարձակվողին, դա գրված է, և այդպես էլ անելու է, իսկ ՆԱՏՕ-ն պարտավորություն վերցնու՞մ է, թե՞ հերթական անգամ լսելու ենք, որ նրա նավերը չեն կարողացել բարձրանալ Արարատի գագաթը: Իսկ եթե ՆԱՏՕ-ն պարտավորություն է վերցնում, գնա այնտեղ, ստացիր ստորագրություններով փաստաթուղթ ու բեր մտցրու մեր աչքը: Սրանք դատարկ թեմաներ են, մեզ պետք է խորքային խոսակցություն բոլորի հետ:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ