Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խաղ երկու լարի վրա՝ երկու «բարեկամի» արանքում

Խաղ երկու  լարի վրա՝ երկու «բարեկամի»  արանքում
13.10.2017 | 07:05

Քաղաքականության մեջ երբեմն բավականին հետաքրքիր նախագծեր ու իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կոնկրետ այս պահին արդյունք գրանցելու տեսանկյունից բացարձակապես անհեռանկարային են։ Սակայն յուրահատուկ այդ նախագծերը, որպես կանոն, միշտ շահեկան են լինում գրեթե բոլորի համար։


ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության հայտնի նախաձեռնությունը, թերևս, այդ դեպքերի շարքից է և բազմաթիվ շահառուներ ունի։ Բնականաբար, այն առաջին հերթին ձեռնտու է հենց «Ելքին». վերջինս ձևավորում է սեփական քաղաքական օրակարգը, և դժվար թե գտնվեր որևէ այլ թեմա, որ այսքան աղմուկ բարձրացներ ու կողմնակիցների սեգմենտ ունենար, ինչը կտարբերեր տվյալ քաղաքական ուժը մյուսներից։ «Ելքը» նաև բարձրաձայն հայտ ներկայացրեց միջազգային և արևմտյան ուժային կենտրոններին, ակնարկելով, որ պատրաստ է լրացնելու քաղաքական դաշտի արևմտամետ վակուումը, բաց է համագործակցության համար, և իրենց հետ կարող են համատեղ ծրագրեր իրականացնել։ Արևմտյան կառույցների համար թեև ակնհայտ է, որ «Ելքի» նախաձեռնությունն ընդամենը քաղաքական կամ աշխարհաքաղաքական խաղ է, այնուամենայնիվ, լավ առիթ է արթնացնելու պասիվացած կամ քուն մտած, այսպես կոչված, ՀՀ արևմտամետ քաղաքացիական կամ քաղաքական սեգմենտը։ Ըստ էության, փորձ է կատարվում «Ելքի» նախաձեռնությունն օգտագործել որպես կոնսոլիդացնող իդեֆիքս։
Այս նախագիծը շահեկան է նաև իշխանություններին, քանի որ «Ելքը», ըստ էության, բարձրաձայնում է այն, ինչի մասին իշխանությունները հասկանալի պատճառներով (հաշվի առնելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները) չեն կարողանում ասել։ Այս ամենը, գուցե, բխում է անձամբ Սերժ Սարգսյանի շահերից. «Ելքն» այն քաղաքական ուժն է, որն ընդգծված արևմտամետ դիրքորոշում ունի և, ըստ էության, անընդհատ շեշտում է, որ անընդունելի է Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը որպես վարչապետ, ինչպես նաև՝ գլոբալ առումով իշխանության վերարտադրությունը 2018 թվականի ապրիլից հետո։
Սա թույլ է տալիս նախագահ Սարգսյանին Ռուսաստանի իշխանական վերնախավի հետ խոսելիս ցույց տալ, թե մեր երկրում կան լուրջ քաղաքական ուժեր, որոնք փորձում են Հայաստանը շեղել դեպի Արևմուտք, ինչին էլ «հերոսաբար» դիմադրում է իշխող կուսակցությունը։ Միաժամանակ, ՌԴ ղեկավարության հետ բանակցելիս, Սերժ Սարգսյանը կարող է նշել, որ «Ելքը» նաև այն ուժն է, որ դեմ է անձամբ իրեն։ Այսինքն, այստեղ միանգամից խաչվում են երկու զուգահեռ թեմաներ։ Իհարկե, առայժմ դժվար է միանշանակ պնդել՝ տվյալ դեպքում ՀՀ նախագահը միայն օգտվու՞մ է ընձեռված հնարավորությունից, թե՞ ղեկավարում է խաղը։


Վարչապետ Կարեն Կարապետյանին նույնպես ձեռնտու է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու թեմայի արծարծումը։ Ըստ էության, «Ելքը» շատ դեպքերում քննադատում է ՀՀ նախագահին, սակայն վարչապետին, կարծես, առանձնապես չի անդրադառնում, ինչն առիթ է տալիս այլ «ընդդիմադիրների» բավականին թափանցիկ ակնարկներ անելու։ Պատահական չէ, որ մամուլի էջերում արդեն ակնարկվում է, որ արևմտամետ դիրքերից գործող «Ելքը» (կամ նրա մի մասը) քողարկված հանդիպումներ է ունենում Մոսկվայում։ Այսինքն, շրջանառության մեջ է դրվում «Ելքի» ոչ միատարր լինելու թեման և նույնիսկ նշվում է, թե նրա մի հատվածը «մոսկովյան նախագիծ» է։
Բնականաբար, շահառուների մեծ մասը փորձում է «Ելքի» այս նախաձեռնությունն օգտագործել հօգուտ իրեն։ Եթե «Ելքի» պարագայում հասկանալի է. որքան շատ աղմուկ, այնքան լավ, ապա իշխանությունները փորձում են այն օգտագործել իրենց հատուկ նպատակների համար՝ ցույց տալով, որ Հայաստանում կա լուրջ քաղաքական և, տնտեսական արևմտամետ ընդդիմություն, որը որոշակի ներկայություն ունի թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս, և եթե Հայաստանի իշխանությունը Մոսկվայի լուրջ աջակցությունը չունենա, հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը կարող է վտանգի տակ հայտնվել։ Ըստ այդմ, իշխանություններն այնքան ջերմեռանդ են պայքարում իշխանական գծի դեմ հանդես եկողների հետ, որ թույլ չեն տալիս անգամ՝ այն դառնա խորհրդարանի օրակարգային թեմա։ Այս գործունեությունը շատ բնորոշ է ՀՀ իշխանություններին, քանի որ վերջիններս այժմ փորձում են երկու լարի վրա խաղալ։ ՌԴ-ի հետ լինելով ռազմավարական դաշնակից՝ միաժամանակ փորձում են մեկումեջ գիծն անցնել, ոտքը գցել Արևմուտք, բայց այնպես, որ մեծ դաշնակիցը հանկարծ չնկատի Հայաստանի «ձախ» գնալը։ Նաև ցանկանում են ցույց տալ, որ նոյեմբերին Եվրամիության հետ համապարփակ համագործակցության փաստաթղթի ստորագրումը բացարձակ չի նշանակում, որ ՀՀ-ն ռուսների հետ համաձայնեցվածից ավելի է շեղվելու դեպի ԵՄ։ Ըստ էության, «Ելքի» նախագծին արտաքուստ բավականին կոշտ ու կտրուկ վերաբերմունքը հենց այդ ենթատեքստն ունի։


Ընդհանրապես, վերջին օրերին հայաստանյան արտաքին քաղաքականությունը, ինչպես մինչ վերջերս ընդունված էր ասել, բավականին կոմպլեմենտար էր. մի կողմից` հայ-ռուսական ընդհանուր զորամիավորման մասին օրենքն էր քննարկվում, մյուս կողմից` փորձում են հասարակության մեջ տեղայնացնել Եվրամիության կողմից Հայաստանին ակնհայտորեն պարտադրվող ընտանեկան բռնության մասին սկանդալային օրինագիծը, որը, ինչպես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էր ասում, «վիզաները ազատականացնելուն» ուղղված Հայաստանին տրված տնային առաջադրանքներից մեկն է։
Հետաքրքրական է, որ հենց այն նույն պահին, երբ հայաստանյան շահագրգիռ շրջանակներում քննարկվում է Արևմուտքի պարտադրած ընտանեկան բռնության մասին օրինագիծը, որը, իբր, աջակցություն է ստացել ՀՀ իշխանությունների կողմից, Սերժ Սարգսյանը Սոչիում անցկացված ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ հատուկ հայտարարում է, որ Հայաստանը կողմ է ընտանիքի ինստիտուտի և ավանդական ընտանիքի արժեքների պահպանման մասին ՌԴ-ի հայտարարությանը։


ՈՒշագրավ է, որ ակտիվացել են թե՛ ռուսական, թե՛ արևմտյան պատվիրակությունների այցելությունները Հայաստան, ընդհուպ և պատկառելի թվով ԱՄՆ-ի կոնգրեսականների ու Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչների այցը մեր երկիր։
Փաստորեն, այս օրերին Հայաստանը փորձում է ցույց տալ, որ կատարում է Արևմուտքի տնային առաջադրանքը՝ միաժամանակ կյանքի կոչելով Ռուսաստանի հետ ձեռք բերած բոլոր ռազմավարական բնույթի պայմանավորվածությունները։
Այս համատեքստում ուշագրավ է ՀՀ վարչապետի այցը Իրան։ Ըստ էության, այն բավականին երկար էր նախապատրաստվում. դեռևս գարնանն էին խոսում այդ այցելության մասին։ Եվ այստեղ կարևոր են ձեռք բերված պայմանավորվածությունները, մանավանդ, կյանքը ցույց է տվել, որ Իրանի հետ բավականին դժվար է պայմանավորվել, ինչպես նաև ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչել։ Իհարկե, դա երկկողմ խնդիր է, բայց կապված է նաև Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետ, որոնք սովորել են ամեն տեղ «այո» ասել, բայց ոչինչ չանել՝ ի վերջո տեղի տալով կոնկրետ ճնշմանը։ Եվ, որպես կանոն, ճնշող կողմը Ռուսաստանի Դաշնությունն է։


Այս ամենը դիտարկելով 2018 թ. իշխանական վերադասավորումների համապատկերում՝ նկատում ենք, որ թեև վարչապետի այցն Իրան պաշտոնական էր, սակայն արարողակարգային առումով ընդունելությունը մոտավորապես պետական այցի մակարդակի էր։ Սա Կարեն Կարապետյանի հերթական արտասահմանյան այցելությունն էր, և արդեն ակնհայտ է, որ թե՛ Մոսկվայում, թե՛ Թբիլիսիում, թե՛ Թեհրանում նրան ընդունում են ամենաբարձր մակարդակով։ Սա նույնպես հուշում է, որ հարևան երկրները, աշխարհաքաղաքական կենտրոնները, այնուամենայնիվ, զգուշորեն, բայց և հստակ շեշտադրված շարունակում են վարչապետին հետևել 2018-ի հեռանկարի համատեքստում։
Ի դեպ, նախագահ Սերժ Սարգսյանն ընդամենը երկու ամիս առաջ էր Իրանում՝ նախագահ Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցող բարձրաստիճան հրավիրյալների շարքում։ Այս ակտիվությամբ Հայաստանն ընդգծված ցույց է տալիս, որ Իրանի հետ համագործակցության առումով իր ընտրությունը կատարել է, թեև ամերիկյան վարչակազմը բավականին կոշտ հռետորաբանություն է ընտրել Իրանի նկատմամբ և փորձում է նույնիսկ չեղարկել ընդամենը վերջերս ձեռք բերված միջուկային համաձայնագիրը: Ակնհայտ է, որ այս առնչությամբ կա համագործակցություն առաջին հերթին հենց ռուսների հետ, քանի որ շատ նախագծերի համար, որոնց վրա հույս է դրել Հայաստանը, նախ և առաջ ՌԴ թույլտվությունը պետք է ստանալ, մանավանդ, եթե խոսքը տարանցիկ ծրագրերի մասին է։


ՀՀ արտաքին քաղաքական օրակարգն ակտիվանում է։ Հայաստանը փորձում է և փորձելու է խաղալ մի քանի լարի վրա, ընդ որում` շատ դեպքերում՝ միմյանց հակասող լարերի։ Հայաստանը ցույց է տալիս, որ իր արտաքին քաղաքական օրակարգը դիվերսիֆիկացվում է, ինչը կարևոր է՝ հաշվի առնելով արցախյան հարցում որոշակի տարաձայնությունները ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6261

Մեկնաբանություններ