Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Պատահական չէ, որ Աստված կնոջ միջոցով է շարունակում կյանքը»

«Պատահական չէ, որ Աստված կնոջ միջոցով է շարունակում կյանքը»
13.10.2017 | 07:07

Էջմիածնի վարժարաններից մեկում ինտերակտիվ ներկայացում էր։ Արվեստի հզորագույն ճյուղերից մեկի՝ թատրոնի, դերասանական խաղի և հանդիսատեսի հետ ուղիղ շփման միջոցով ներկայացվում էր գլխավոր ասելիքը՝ սելեկտիվ աբորտները մեր կյանքում չպետք է տեղ ունենան։ Նախաձեռնությունը «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությանն էր։


Ըստ ՀԿ նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ՝ իրենց նպատակն է պատանիներին, երիտասարդներին կոչ անել Աստծո կամքի դեմ քայլ չանել, չմիջամտել մարդու ծննդի հետ կապված հարցերին, այլ խաղաղությամբ, ընտանեկան սիրով սպասել երեխայի ծնվելուն։ «Պատահական չէ, որ մեր ներկայացումն ավարտվում է երեխայի ճիչով։ Երբ հանդիսատեսին հարցնում ենք՝ ի՞նչ եք կարծում՝ տղա՞ ծնվեց, թե՞ աղջիկ, պատասխանը լինում է՝ երեխա ծնվեց»,- ասում է Արմեն Սաֆարյանը։
Ներկայացման հատվածներն ընտրվել են աշխարհի տարբեր ազգերի հեքիաթներից։ Ցույց են տրվում հատկապես այն դրվագները, որոնք խոսում են այն մասին, որ համախմբվածությունն ընտանիքում բերում է հաջողության։ «Իրոք, սեռը այս հարցում կապ չունի։ Ավելին, շատ դեպքերում կանայք ավելի կենսունակ, խոհեմ ու հեռատես են, քան տղամարդիկ։ Լինելով տղամարդ՝ պետք է խոստովանեմ դա։ ՈՒ պատահական չէ, որ Աստված կնոջ միջոցով է շարունակում կյանքը։ Մեր նպատակն է կանխել երիտասարդ ընտանիքների կյանքը շեղող ու խեղող ծրագրերը»,- նշում է ՀԿ ղեկավարը։


Նման ներկայացումներ կազմակերպվել են նաև Երևանում, Ստեփանավանում, «Զատիկ» մանկատանը, կլինեն նաև Տավուշի մարզում։
Պարոն Սաֆարյանը նշում է, որ ներկայացման ավարտին նկատում են, որ իրենց զրույցներն ու դերասանական խաղը տալիս են արդյունք, փոխվում է մարդկանց վերաբերմունքը։ Ըստ մեր զրուցակցի՝ թատրոնը շատ ավելի մեծ դեր է խաղում մարդու վերաբերմունքի փոփոխության, աշխարհայացքի ձևավորման գործում, քան հեռուստածրագրերը, էժանագին շոուները կամ որևէ բուկլետ։


Նշենք, որ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ ուղղված այս միջոցառումը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի հատկացրած դրամաշնորհային ծրագրով և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Արդեն մի քանի տարի է՝ Նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, տարվում է հստակ քարոզարշավ, որոնք տալիս են իրենց արդյունքը։ Լայնածավալ նախագծեր են իրականացնում նաև ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները։
Ըստ այդմ, Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը նվազել է: Եթե տարիներ առաջ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում էր 115-120 տղա, ապա ներկայումս այդ հարաբերակցությունը փոխվել է. 2016 թվականին 100 աղջկա դիմաց ծնվել է 112 տղա: Այսինքն` այս ցուցանիշը երեք կետով նվազել է: Բնական հարաբերակցությունը, սակայն, համարվում է 100 աղջկա դիմաց 105-106 տղայի ծնունդը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ