ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արևմուտքը ճանաչում է միայն իր «շանորդիներին»

Արևմուտքը ճանաչում է միայն իր «շանորդիներին»
13.10.2017 | 07:19

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հուսահատության ճիչը այն բանից հետո, երբ հետևեց Եվրահանձնաժողովի հայտարարությունը, թե ինչ տեղի է ունենում իսպանական Կատալոնիայի մարզում և սերբական Կոսովոյի ու Մետոխիայի (Կոսմետ) երկրամասում, «չի կարելի համեմատել», ոչ միայն Արևմուտքը, այլև ամբողջ աշխարհը վերադարձրեց այն բանին, ինչ տեղի էր ունենում 90-ականներին Ղրիմում, Արցախում, Աբխազիայում, Հարավային Օսիայում ու Մերձդնեստրում, և նույն 90-ականներին՝ նախկին Հարավսլավիայում, ինչու չէ, նաև վերջերս Հյուսիսային Իրաքում կայացած քրդական հանրաքվեին:

Վուչիչն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից Կոսմետի ու Կատալոնիայի նախադեպերի հենց նման համեմատության պարագայում է ակնբախորեն երևում, որ աշխարհում գործում են տխրահռչակ երկակի ստանդարտներ, և որքան քստմնելի է համաշխարհային քաղաքականությունը: Հոկտեմբերի 2-ին Վուչիչը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով և հայտարարել, որ Սերբիայի յուրաքանչյուր քաղաքացի այսօր ընդամենը մեկ հարց ունի Եվրամիությանը. այդ ինչպե՞ս է, որ Կատալոնիայի դեպքում անկախության հանրաքվեն ուժ չունի, իսկ Կոսմետի դեպքում առանձնացումը հնարավոր է նաև առանց հանրաքվեի. «Ինչպե՞ս կարող էիք դուք օրինական հայտարարել Կոսովոյի անջատումը նույնիսկ առանց հանրաքվեի, և ինչպե՞ս կարող էին ԵՄ 22 երկրներ օրինականացնել այդ անջատումը, դրանով խարխլելով եվրոպական իրավունքն ու նրա հիմքը, որի վրա խարսխվում է եվրոպական քաղաքականությունը»:


Առաջ անցնենք. այդ նույն համաշխարհային քաղաքականության սյուներից մեկը՝ Իսրայելը, 2013 թվականից միանգամայն հրապարակայնորեն խոսում է «քրդական պետականության ստեղծման անհրաժեշտության» մասին: Ընդ որում, այլոց հողերում: Ժամանակակից Իրաքի Նայնավա քաղաքն ու համանուն նահանգը, որ օկուպացրել է Մասուդ Բարզանիի քրդական փեշմերգան, իրականում Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն է: Հարց է առաջանում. այդ ի՞նչ հիմունքներով պիտի ասորական Նինվեն հետագայում «Քրդստան» համարվի: Այդուամենայնիվ, հիմա էլ Իսրայելը աշխարհում համարյա միակ երկիրն է, որ ոչ միայն պարզապես ողջունում է 2017 թ. քրդական հանրաքվեն, այլև շարունակում է օգնել Բարզանիի կլանին և Քրդական հարցին ընթացք տալ համաշխարհային քաղաքականության ամենաբարձր ոլորտներում: Միևնույն ժամանակ, նույն Իսրայելը Ադրբեջանին է աջակցել (1992 թվականից) և աջակցում արցախահայության հետ զինված դիմակայությունում: Եվ հենց Իսրայելն է ընթացք տվել Անդրկովկասի այդ մասում սպառազինությունների աննախադեպ մրցավազքին: Հիշեցնեմ, որ ժամանակակից սպառազինությունների մատակարարման առաջին բազմամիլիարդ պայմանագրերը Բաքվի հետ առաջինը կնքել է հենց Իսրայելը, իսրայելական սպառազինություններն իրենց ամբողջ զորությունը ցույց տվեցին 2016 թ. ապրիլի մարտական գործողությունների ժամանակ: Իսկ այն ռազմական գործողությունների դրվագներից մեկի շուրջ բարձրացած աղմուկը (իբր այն կապակցությամբ, թե Իսրայելը հրաժարվել է ցուցադրել անօդաչու թռչող սարքերի որակը անմիջականորեն հայերի դեմ ուղղված մարտական գործողություններում), որը, չգիտես ինչու, բարձրացել է միայն 2017 թ., ակնբախորեն ցույց է տալիս, թե ով է պատասխանատվություն կրում այն իրադարձությունների զարգացման համար, որոնք տեղ են գտնում առնվազն 2010 թ. աշնանից, երբ սկսվեց Իսրայելի ու Ադրբեջանի իրական ռազմական գործակցությունը: Չէ՞ որ առաջին իսրայելական անօդաչու սարքերը Արցախում խփվել են հենց 2010-ի աշնանը: ՈՒ չէ՞ որ բոլորին է հասկանալի, որ, զենք մատակարարելով Բաքվին, Իսրայելը հիանալի է իմացել, որ Ադրբեջանը չի համարձակվի «նեղացնել» Թել Ավիվի տարածաշրջանային գլխավոր հակառակորդին՝ Իրանին, այլ ստացած ամեն ինչն օգտագործելու է ընդդեմ Հայաստանի ու Արցախի:


Հասկանալի է, որ Վուչիչն իր ցավն է լալիս և իրավունք ունի: Բայց խնդիրն այն է, որ Արևմուտքը երկակի, նույնիսկ եռակի ստանդարտներով է առաջնորդվում ոչ միայն նախկին Հարավսլավիայի ու Սերբիայի առնչությամբ: Նույն 2008 թ., երբ ԱՄՆ-ը և նրա եվրոպական արբանյակները հիացմունքով կոչ էին անում բոլորին, այդ թվում՝ Հայաստանին, ճանաչել ալբանական պետականությունը սերբական պատմական հողում, ինչպես հայտնի է, Հարավային Օսիայի դեմ Վրաստանի օգոստոսյան ագրեսիայի արդյունքում Ռուսաստանն ու մի շարք այլ պետություններ քայլեր ձեռնարկեցին Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման ուղղությամբ: Բայց Արևմուտքը ոչ միայն հրաժարվեց «ալբանական Կոսովոյից» հետո ճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան, այլև մերժեց Ռուսաստանի առաջարկությունը՝ միասնական մոտեցում մշակելու Կոսմետի, Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգի հարցերի նկատմամբ: Իսկ Հայաստանի ամենատարբեր ներկայացուցիչներին, սկսած իշխանություններից և վերջացրած տխրահռչակ «ոչկառավարական կազմակերպությունների» ներկայացուցիչներով, ամենատարբեր մակարդակներում խստիվ հրահանգված էր. ոչ մի դեպքում չհամարձակվել «Կոսովոյի հարցը» համեմատել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որովհետև դրանք «միանգամայն տարբեր հարցեր են»: Մինչդեռ բոլոր հիշատակված դեպքերում նմանություններ ու տարբերություններ, անկասկած, կան: Եվ գլխավորն այն է, որ եթե իրոք արտահայտվում է որևէ ժողովրդի ինքնորոշման կամքը, ապա այդ դեպքում Արևմուտքը, որպես կանոն, խիստ բացասաբար է արձագանքում: Իսկ այ երբ պետք է անկախություն ստանա Արևմուտքից ու Իսրայելից կախված երկիրը, անգամ այլոց հողերում, այդ ժամանակ Արևմուտքն ամեն ինչի դիմում է, նույնիսկ բանած ուրանով լիցքավորված ռումբերով Հարավսլավիայի ռմբակոծությանը:


Հյուսիսային Իրաքի մասին շատ է խոսվել՝ նավթ, գազ և, առհասարակ, գերշահեկան ռազմավարական դիրք տարածաշրջանում, Հին աշխարհի պատմությունից հայտնի Միջագետքի ամենահարուստ (ժամանակին) մասը: Կոսմետի մասին ավելի քիչ գիտեն: Բայց չէ՞ որ իր բնական պաշարներով երկրամասը Բալկանյան թերակղզու ամենահարուստ շրջանն է: Նրա տարածքում կան օգտակար հանածոների խոշոր պաշարներ՝ կապար, ցինկ, նիկել, կոբալտ, բոքսիտներ և մագնեզիտ, հազվագյուտ հանքատեսակների պաշարներ՝ ինդիում, կադմիում, գերմանիում, թալիում և զեոլիտ: Լիգնիտի (գորշ ածխի) պաշարները գնահատվում են ավելի քան 15 մլրդ տոննա, ինչը Կոսմետին հնարավորություն է տալիս այդ հանքերը շահագործելու 150-200 տարի՝ զարգացնելով էներգետիկան: Կան նաև քրոմի, պղնձի, արծաթի, նույնիսկ ոսկու և ուրանի հանքեր: Մի՞թե այս ֆոնին տարօրինակ է, որ հիմա, որոշ տվյալների համաձայն, Կոսմետի մի շարք ոլորտներում «ներկա» է Հարավսլավիայի ոչնչացման ճարտարապետ, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի կապիտալը: Իսկ Կոսմետում կա՞, արդյոք, Իսրայելի «հետքը»: Դժվար հարց է: ՈՒղղակի «հետքեր» չկան: Բայց երբ հրապարակումներից տեղեկանում ես, որ երկար ժամանակ Կոսմետում «փող են սարքել» մարդու օրգանների վաճառքով, և որ այդ «բիզնեսը» վերահսկել են ալբանացի «քաղաքական առաջնորդները», ինչպիսիք են Հաշիմ Թաչին և Ռամուշ Հարադինայը՝ «անկախ Կոսովոյի հրապարակային ղեկավարները», իսկ աշխարհում գործում է մարդու օրգանների «սև պատվաստողների» մի ամբողջ շղթա, որի կենտրոններից մեկը հենց Իսրայելում է, ապա մնացածը դժվար չէ պատկերացնել: Հաճախ դեռ կենդանի ոչալբանացիներից կորզված օրգանների փոխադրման երթուղին «տրամաբանական» է. Կոսմետից՝ Ալբանիա, Ալբանիայից՝ Թուրքիա, ապա՝ Իսրայել: Հիշում եմ, Հարավսլավիայի գործով Հաագայի դատարանի նախկին դատախազ Քարլադել Պոնտեն նույնիսկ խոստովանել էր այդ բանը: Ափսոս, որ միայն այն բանից հետո, երբ արդեն Հաագայի դատարանից «խռիկ էին տվել»՝ հուշագրություններում: Իսկ երբ նա գլխավորում էր Հաագայի դատարանի մեղադրող կողմը, չհամարձակվեց դեմ գնալ «ալբանական անկախության» հովանավորներին և բազմաթիվ հաշիմթաչիների ու ռամուշհարադինայների պատասխանատվության ենթարկել մարդկության դեմ գործած հանցանքների համար: Փոխարենը լիուլի պատասխանատվության էր ենթարկել և, ըստ էության, բանտում մեռցրել սերբերին, իսկ Կրաինայի սերբերի ցեղասպանության մեջ մեղավոր խորվաթ ֆաշիստներին արագորեն ձևակերպել էր «իրերով ազատություն»:


2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայում օսերի ու ռուս խաղաղապահ զինվորականների սպանությունները լռության մատնեց Արևմուտքը: Բարզանիի քրդերի կողմից իրաքցի եզդիների սպանությունները՝ նույնպես: Բալկաններում սերբերի ու մյուս ուղղափառների սպանությունները՝ ևս: Վերցնենք Սրեբրենիցա քաղաքի օրինակը, որ Արևմուտքը ներկայացրեց իբրև «մուսուլմանների ցեղասպանության օրինակ»: Բաց թողնենք այն, ինչ արդեն հայտնի է՝ Սրեբրենիցայի մոտ կանգնած «ՆԱՏՕ-ի նիդերլանդցի և անգլիացի խաղաղապահների» անվայել դերը: Չէ՞ որ, պարզվում է, դա հասարակ քաղաք չէ, և, նախքան մուսուլմանների զանգվածային թաղումների մասին Արևմուտքի բարձրացրած աղմուկը այնտեղ մուսուլմանները «սրի էին քաշել» սերբերին: Եվ Արևմուտքը լռում էր: Արևմուտքը լռում է մինչև հիմա, թեև Հայաստանն ու Արցախը և՛ Արևմուտքի, և՛ համայն աշխարհի ուշադրությունը հրավիրել են այն բանի վրա, որ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կռվում էին թե՛ մինչ այդ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում «կոփված» անձինք, թե՛ եղան հենց ԻՊ-ական դաժանության դրսևորումներ՝ դիակների պղծման և այլ դեպքեր: Արևմուտքը լռում էր, ՈՒկրաինայի նեոնացիստները փորձում էին արյան մեջ խեղդել Ղրիմը 2014 թվականի պետական հեղաշրջումից հետո: Արևմուտքը լռում է, երբ ՈՒկրաինան շարունակում է Դոնբասում ծանր սպառազինություն օգտագործել ռազմական գործողությունների ժամանակ և գրեթե ամեն օր սպանում քաղաքացիական անձանց: Բայց Արևմուտքը աղմկել է և շարունակում է աղմկել ի պատասխան այն բանի, որ Ղրիմը միանգամայն օրինական հանրաքվեով որոշեց իր ճակատագիրը՝ հեռու մնալ նեոնացիստներից և վերամիավորվել Ռուսաստանին:


Դառնանք Կատալոնիային, Կոսմետին և Հյուսիսային Իրաքին: Կատալոնիան փոխհարաբերությունների իր պատմությունն ունի Կաստիլիայի, այսինքն` Մադրիդի հետ: Ընդ որում` այնքան էլ մեծ չեն լեզվական ու կրոնական տարբերությունները իսպանացիների ու կատալոնացիների միջև: Ի դեպ, պատմական Կատալոնիայի մի մասը մտնում է ֆրանսիական Արևելյան Պիրենեյների կազմի մեջ, հիմա ի՞նչ... Այստեղ գրեթե նույն խնդիրներն են, ինչ բասկերի մոտ, միայն թե բասկերը ռոմանալեզու ժողովուրդներից չեն: Իսկ Կատալոնիան Կաստիլիայի մի մասն է դարձել սոսկ դինաստիական ամուսնությունների շնորհիվ: Զգում եք, չէ՞, տարբերությունը Կատալոնիայի և թեկուզ նույն Էուսկադիի՝ բասկերի երկրի միջև: Բասկերի թիկունքում ինքնուրույն թագավորությունների դարեր են, ընդհուպ մինչև Հանրի դյու Նավառի (Հենրիխ Նավարացու) Փարիզ գնալը՝ դառնալու առաջին Բուրբոնը Ֆրանսիայի գահին: Բասկերը զինված պայքարի բազմաթիվ փուլեր են ունեցել, մեկ՝ իսպանական թագավորների դեմ, մեկ՝ Ֆրանկոյի վարչակարգի: Տարբերությունը Կատալոնիայի ու Կոսմետի, առավել ևս, բազմաչարչար Միջագետքի միջև շատ էական է. Կատալոնիայում ոչ ոք դարերով ոչ ոքի ցեղասպանության չի ենթարկել: Կոսմետում և Հյուսիսային Իրաքում ցեղասպանությունները մինչ օրս էլ շարունակվում են: Տարբերություններն է՛լ ավելի մեծ են Կատալոնիայի և հետխորհրդային ինքնավարությունների միջև (եկեք չմոռանանք, որ մի ժամանակ Մերձդնեստրը ինքնավարություն էր ԽՍՀՄ-ի կազմում, մինչև խորհրդային զորքերը մտան Քիշինյով՝ 1940 թվականին):


Այնպես որ, արևմուտքցի պարոնայք ինչ-որ բանում իրավացի են. իրոք, շատ միամիտ կլիներ նույն Կոսմետը, ասենք, Աբխազիայի կամ Արցախի հետ համեմատելը: Արևմուտքը համառորեն չի ուզում տեսնել սերբերին, աբխազներին ու արցախահայերին: Ճիշտ է, կատալոնացիներին չի տեսնի այլ պատճառով, բայց դարձյալ հազիվ թե տեսնի: Չէ՞ որ Իսպանիայում ապրող կատալոնացիների նախադեպը կբորբոքի Ֆրանսիայում ապրող նրանց ցեղակիցներին, իսկ կայծերը կհասնեն Էուսկադի և Գալիցիա, այդտեղից՝ դարձյալ Բրիտանական կղզիներ, և այսպես շարունակ: Չի տեսնում նաև Ղրիմի ռուսներին, Դոնբասի ռուսներին ու կազակներին: Իսկ այ Կոսմետի և Հյուսիսային Իրաքի իր խամաճիկներին տեսնում է: Նկատում է: Ակտիվորեն օգնում է: Մի դեպքում մարդկանց կարելի է անվանել (Թուրքիայի նման) «ահաբեկիչներ», մյուս դեպքում՝ «անջատականներ»: Բայց կա նաև երրորդը՝ «օրինական պայքարը բռնապետական ռեժիմից ազատվելու համար» և այլն, և այլն: Ինչ կարելի է «ձեռնասուն շնիկներին», չի կարելի մնացածներին: Փոխարենը կարելի է «թխել» արհեստածին սահմանամերձ երկրներ և այն էլ՝ այլ ազգերի տարածքներում՝ ալբանական Կոսովո կամ անկախ Քրդստան Իրաքում, Միջագետքում... Վուչիչն ուղղակի բառացիորեն մեջտեղից ճղվում է: «Հիմա ի՞նչ: Ես ի՞նչ հարց եմ տալու Բրյուսելում: Ինչու՞ ենք մենք՝ սերբերս, նման վատ վերաբերմունքի արժանանում»,- Վուչիչի խոսքերն է մեջբերում Բելգրադի «Պոլիտիկա» պարբերականը: Երևի լավ չէ, որ նման միամիտ մարդիկ են պետություն ղեկավարում: Վուչիչը, ինչպես և հետմիլոշևիչյան Հարավսլավիա-Սերբիայի բոլոր ղեկավարները, ջանք չեն խնայում Արևմուտքի, մասնավորապես Եվրոպայի աչքին «լավը» երևալու, իսկ Արևմուտքը թքած ունի օտարների, «ոչ յուրայինների» վրա, ու բոլոր արևելյան քրիստոնյաները Արևմուտքի համար օտարներ են: Դա շատ ցայտուն դրսևորվեց, երբ Արևմուտքը համառորեն լռության մատնեց 2012-17 թթ. նույն Իրաքում և Սիրիայում քրիստոնյաների սպանություններն ու այլ կարգի բռնությունները:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ