Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այս հրացանը իմ կեանքիս անբաժան ընկերը եղած է»

«Այս հրացանը իմ կեանքիս անբաժան ընկերը եղած է»
13.10.2017 | 07:31

1919 թ. ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հովանու ներքո կայացավ Փարիզի խաղաղության վեհաժողովը, որին մասնակցեցին նաև Ազգային պատվիրակության ղեկավար, ՀԲԸՄ նախագահ Պողոս Նուբար փաշան և ՀՀ պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը: Վիլսոնը կայացրեց հայանպաստ իրավարար վճիռ և գծեց Հայաստանի ու Թուրքիայի նոր սահմանները: Առաջին աշխարհամարտում հաղթանակած դաշնակիցներն ամրագրեցին Գերմանիայի լիակատար պարտությունը, ինչպես նաև Օսմանյան, Ավստրո-հունգարական և Ռուսական կայսրությունների անդառնալի փլուզումը:


Վեհաժողովի ավարտից հետո Փարիզ ժամանեց դառնացած, հուսախաբված, հանիրավի ամբաստանված Անդրանիկ Օզանյանը: Գեներալական համազգեստը փոխարինել էր քաղաքացիական կոստյումով, որը կարճատև անհանգստություն պատճառեց:
Մի օր նա իր անձնական թիկնապահ Սուրեն Մելիքյանի ուղեկցությամբ, որի թևատակին երկարավուն փաթեթ կար, քայլերն ուղղեց փաշայի տուն:
Մեծ մարդ մականվամբ Պողոս Նուբարն ապրում էր Փարիզի կենտրոնում` 16-րդ շրջանում, մի պողոտայում, որն ԱՄՆ-ի նախագահի պատվին ստացել էր Վիլսոնի անունը` Avenue du President Wilson:


Թիվ 12 շենքի ապարտամենտում հանդիպեցին մեր ժողովրդի երկու ազգընտիր զավակները: Սուրենը փաթեթը բացեց, երևաց հրացանը: Զորավարը զենքը հանձնեց Պողոս Նուբարին, ասելով. «Այս հրացանը իմ կեանքիս անբաժան ընկերը եղած է, այս հրացանով է, որ հարստահարիչին դէմ մղեցի բոլոր կռիւները: Զինուորական կեանքէն քաշուելուս, ցաւով կը բաժնուիմ անկէ, եւ անիկա Ձեր ոտքին առջեւ կը դնեմ` որպէս հիացումի արտայայտութիւն այն ծառայութեանց համար, զոր Ձեր Վսեմութիւնը ինէ աւելի արժանաւորապէս կը մատուցանէ Հայ Ազգին»:
Սա լոկ «հիացումի արտայայտութիւն», առավել ևս, զենընկերություն չէր: Ցեղասպանված, ջարդուկոտոր եղած ժողովրդի Զինյալը` Վիլսոնի իրավարար վճռից գոհ, իր առաքելությունը համարում էր ավարտված, զենքն ընդամենը ի պահ էր հանձնում` ուժը, դիմադրությունը փոխանցելով քաղաքականությանը:


…Անցան տարիներ: 1924-ին մահացավ նախագահ Վիլսոնը` անկատար թողնելով հայոց կիսատ երազանքը, 1927-ին վախճանվեց Զորավարը` չտեսնելով իր մեծ երազանքի իրականացումը:
1930-ին, կանխազգալով իր մոտալուտ մահը, Մեծ մարդը հրացանն ուղարկեց ՀԲԸՄ վարիչ-պատվիրակ Վ. Մալեզյանին, կից նամակով, որում մասնավորաբար գրել էր. «Գուրգուրանքով պահեցի այս փառապանծ զէնքը, բայց պէտք է ապագան նախատեսել, եւ ինծի կը թուի, որ լաւագոյն բանը ըրած կ’ըլլամ` այդ յաղթական յիշատակին պահպանումը վստահելով ՀԲԸ Միութեան, որպէսզի, մեր մեծ եւ քաջ հայրենակցին շքանշաններուն եւ ուրիշ յիշատակներուն հետ, մեր Բարիզի մատենադարանին սրահներէն մէկուն մէջ պահուէ վայելչօրէն: Տարակոյս չունիմ, թէ ՀԲԸ Միութիւնը սիրայոժար պիտի ընդունի այս թանկագին ընծային պահպանումը, երջանիկ, որ հիացողներուն նայուածքներուն առջեւ դնելով, իր կարգին յաւերժացուցած պիտի ըլլայ յիշատակը մեր ազգային հերոսին, որուն համար այնքան արդարացիօրէն հպարտ ենք եւ որուն կորովն ու արիութիւնը, զոր ցոյց տուաւ մեր հայրենիքին ձերբազատումին համար, հիացումը առթած են նոյնիսկ դաշնակից բանակներուն, որոնց իր կամաւորներով Զօրավար Անդրանիկ այնքան մեծ ծառայութիւններ մատուցած է»:


Ազգային հերոս…
Ալբոնի բուլվարի թ. 11 հասցեում գտնվող ՀԲԸՄ մատենադարանում, Միության բարերար Արամ Համբարձումյանի ծախքով, պատրաստվեց ցուցափեղկ, և «փառապանծ զէնքը» զետեղվեց այդտեղ:

Թե որտեղ է այսօր գտնվում Անդրանիկի հրացանը` ես չգիտեմ, բայց վստահ եմ, որ նման մասունքները չեն անհետանում: Համոզված եմ նաև, որ նրա գտնվելու իսկական վայրը Հայաստանն է, Երևանը: Պետական դրոշի հետ մեկտեղ, հաղթական հիշատակը պիտի բացի ռազմական շքերթը: Այդ փառապանծ զենքը մեր ժողովրդի դիմադրական ոգու, պատմական անարդարացիության հետ անհաշտվողականության խորհրդանիշն է, որի առջև պիտի ծնկի գա ու երդվի հայ զինվորը:
Ըստ իս, դա են մեզ ավանդել Զորավարն ու Մեծ մարդը։


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ