Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ձեր ներսը մաքրեք, և ամեն բան մաքուր կլինի»

«Ձեր ներսը մաքրեք, և ամեն բան մաքուր կլինի»
13.10.2017 | 00:14

Քանի որ մարդկությունը մեղքով է վարակված, ապա այդ ներքին ապականությունը մարմնի հիվանդություններով է արտահայտվում։ Սակայն արդի ժամանակներում, երբ մարդը դարձել է ավելի նյութապաշտ, քան աստվածապաշտ, բնական է, որ իր հիվանդությունների համար առաջին հերթին դիմում է բժշկի ու դեղորայքի: Բայց մենք գիտենք, որ դա, շատ ժամանակ մեծ ծախսերի ու երբեմն էլ բժշկական վրիպումների պատճառով, բարդությունների, անհույս ու տխուր հետևանքների է հանգեցնում (կան հավաստի տվյալներ, որ հիվանդների 25 տոկոսը մահանում է բժիշկների տգիտության կամ անփութության պատճառով), իսկ Աստծուն ապավինողը երբեք ամոթով չի մնացել ու չի էլ մնա:


Մարդկային հոգու, մարմնի ու բանականության եռամիասնության, բայց մեղքով խաթարված ներդաշնակությունը երբեմն ի զորու չեն վերականգնելու և ոչ մի բժիշկ ու հոգեբույժ, եթե նրանք բացառեն Աստծո ամենակարող միջամտությունը: Որպես ապացույց ասվածի, եթե բացեք հայոց հին բժշկարանները, կկարդաք, որ մեր աշխարհահռչակ բժիշկները իրենց դեղերի բաղադրատոմսերի վերջում միշտ ավելացրել են. «Եթե Աստված կամենա՝ կբժշկվի»: Այսինքն՝ առանց Աստծո միջամտության ու ողորմության իրենք ոչինչ չեն կարող անել: Նաև շատերն են լսել կամ ականատես եղել, թե ինչպես են մահվան շեմին հասած երեխային ծնողները տարել եկեղեցի, որ գոնե մկրտված մեռնի, բայց, հուրախություն և ի զարմանս նրանց, քահանայի աղոթքների ու սուրբ մեռոնի զորությամբ, մկրտությունից անմիջապես հետո մահամերձ երեխան հանկարծ վերակենդանացել է ու լիովին առողջացել: Ի՞նչ է սա: Հավատացյալի աչքով՝ աղոթքի խոսքի միջոցով Աստծո հերթական հրաշագործություն, որի նկարագրություններով լեցուն է Աստվածաշունչ մատյանը, իսկ անհավատի աչքով՝ պարզապես զուգադիպություն: Իսկ Հիսուսն ասաց. «Հոգին է կենդանություն տվողը, մարմինը բոլորովին չի օգնում»:
Սա հաստատում է այն, որ հոգու առողջությունը առաջնային է մարդու համար, որը և մարմնին է փոխանցվում: Այդ պատճառով, երբ Հիսուսին էին մոտենում բժշկության խնդրանքով, Հիսուսը նախ հարցնում էր խնդրատուի հավատի մասին, քանի որ բժշկությունը սկսվում է ներսից` հոգուց, որի միջոցով Աստծո զորությունը փոխանցվում է մարմնին։ Տերը այդ մասին ուղղակի է անում. «Ձեր ներսը մաքրեք, և ամեն բան մաքուր կլինի»։ ՈՒրեմն, այն մարդը, ով Աստծուց մարմնավոր հիվանդության բժշկություն է խնդրում, նախ պետք է սկսի իր հոգուց, քանզի առանց հավատի անհնար է Աստծուն մոտենալ։

«ՄԵՂԱ»-Ն ԲԱՆԱՎՈՐ ՍՊԵՂԱՆԻՆ Է ՀՈԳՈՒ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ, ՈՐ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՄԱՐՄՆԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ


Կարելի էր այս մի քանի խոսքով բավարարվել, քանզի ամեն ինչ ասվեց դրանով, բայց առավել հաստատման համար դիմենք նախ մեր ազգի «գլխավոր բժշկին»՝ Նարեկացուն, ում «Մատյան ողբերգության» աղոթքներով բուժվել են դարեր առաջ ու այժմ էլ շարունակում են բուժվել, ու էլի կբժշկվեն, մինչև որ նորից կգա Երկնային ԲԺՇԿԱՊԵՏԸ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, Ով իսպառ կվերացնի մեր բոլորի ցավերն ու հիվանդությունները, որովհետև Ինքն է խոստացել. «Ապա տեսա նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին. և այլևս ծով չկար: Եվ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծուց և երկնքից՝ զարդարված ու պատրաստված, ինչպես հարսը իր փեսայի համար: Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. Ահավասիկ Աստծո խորանը, որ մարդկանց մեջ է. Նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն Նրա ժողովուրդը, և Նա էլ՝ նրանց Աստվածը. և պիտի սրբի նրանց աչքերից ամեն արտասուք. և այլևս մահ չկա. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցավ» (Հայտնություն 21. 1-4):


Սկսենք մեղաներից, քանզի, ինչպես վերնագրեցինք, «Մեղա»-ն բանավոր սպեղանին է հոգու առողջացման, որ փոխակերպվում է մարմնի բժշկության»։ Չնայած շատերն ասում են. «Առողջ մարմնում է առողջ հոգի բնակվում», ինչը, իհարկե, ճիշտ չէ, քանզի Ավետարանից մենք օրինակներ գիտենք, որ սրբերը երբեմն մարմնավոր տկարություններ են ունեցել, իհարկե, Աստծո թույլտվությամբ, որպեսզի հոգին զորավոր լինի, ինչպես Պողոս առաքյալը երբ խնդրեց, որ Տերն իրենից հեռացնի իր տկարությունը, և ստացավ այս պատասխանը. «Բավական է քեզ Իմ շնորհքը, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարվում»: Նմանապես հիվանդ էր նաև Պողոս առաքյալի սիրելի աշակերտը՝ Տիմոթեոսը, ում նա խորհուրդ է տալիս. «Այսուհետև միմիայն ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի էլ խառնիր՝ քո ստամոքսի և հաճախակի տկարությունների պատճառով» (Ա Տիմոթեոս 5.23): Վերջում ավելացնեմ, որ առաքյալի խորհրդին հետևելով, ես էլ եմ արդեն քանի տարի ջրախառն գինի օգտագործում և մեծ օգուտ եմ զգում։


ՈՒրեմն, այս ամենը իմանալուց հետո մենք էլ Գրիգոր Նարեկացու հետ աղոթենք և ասենք.
...Մեղա՛ եմ Մեծիդ բարերարությանը, անա՜րգս, մեղա՛,
Մեղա՛ եմ ծագմանը ճառագայթիդ, խավա՜րս, մեղա՛,
Մեղա՛ եմ բոլոր Քո շնորհների անբավ երախտաց, արդարև՜, մեղա՛,
Մեղա՛ եմ սիրուդ անհուն, վերնային գթության հանդեպ, հայտնապես մեղա՛,
Մեղա՛ ոչնչից կյանք ստացողիդ, ստուգիվ մեղա՛,
Մեղա՛ գերունակ գոգիդ գրկանքին, անսահման մեղա՛,
Մեղա՛ աննվազ լույսիդ վայելման, նենգո՜ղս, մեղա՛,
Մեղա՛ ճաշակմանն անճառ Քո կյանքի, բյո՜ւր անգամ մեղա՛,
Մեղա՛ եմ անհաս Քո պարգևների բոլոր ձիրքերին, հանապազ մեղա՛,
Մեղա՛ եմ գովյալ Մարմնիդ Աստծո, մահո՜ւ չափ մեղա՛,
Մեղա՛ պաշտելի արյանն Արարչիդ, իսկապե՜ս, մեղա՛:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ