USD483.75
EUR568.65
RUB8.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Հայն ամենուր ստիպված է ապրելու, ստեղծագործելու իր իրավունքը պաշտպանել ավարառու տեսակից»

«Հայն ամենուր ստիպված է ապրելու, ստեղծագործելու իր իրավունքը պաշտպանել ավարառու տեսակից»
13.10.2017 | 07:45

«Իրատեսի» հյուրը գրականագետ, բանասիրության դոկտոր, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ՝ ԱՌԱՆՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ»


-Տիկին Մարգարիտ, վերջին տարիներին Ձեր աշխատասիրությամբ հրատարակել եք Համաստեղի ստեղծագործություններն ամփոփող ստվարածավալ հատորները, սակայն անհրաժեշտ գտաք առանձին գրքով հրատարակել նաև նրա «Աղօթարանը»: Ինչո՞վ է սա բացատրվում:
-«Համաստեղ. Մոռացված էջեր» քառահատորի Գ հատորում եմ զետեղել «Աղօթարանը»։ Հատորի 500 օրինակը վաղուց բաժանել եմ ընկերներիս ու բարեկամներիս, բայց նորից ու նորից խնդրում էին։ Լրանում էր «Աղօթարանի» առաջին հրատարակության 60-ամյակը (Բեյրութում է լույս տեսել 1957-ին)։ Գևորգ Յազըճյանի հետ որոշեցինք առանձին գրքով հրատարակել 1000 օրինակ։ Փաստորեն, գրքի հոբելյանին գիրք նվիրեցինք, մանավանդ որ գրեթե աննկատ անցավ Համաստեղի գրական գործունեության 100-ամյակը, եթե չհաշվենք մի քանի ձեռնարկները մայրաքաղաքի գրադարաններում։ Շնորհանդեսի ժամանակ բոլոր ներկաները գրքեր ստացան ու էջ առ էջ հետևեցին Կամո Տեր-Պետրոսյանի ներկայացրած հատվածներին։ Մի քանի օր անց պարզվեց՝ պահանջարկը չենք բավարարել։ Հրատարակեցինք ևս 1000 օրինակ։ Արդեն վերջին օրինակներին ենք հասել: Եթե չեմ սխալվում, քեզ չեմ էլ հասցրել նվիրել։ Ներիր։ Գրքի 22 աղոթքները յուրատեսակ բանալի են ամեն մեկի համար: Շնորհանդեսից հետո շատերը երկար նստած մնացին դահլիճում ու հրճվանքով միմյանց ցույց էին տալիս իրենց զարմացրած, հիացմունք պատճառած բառերը, պատկերները։ Գիրքը գրողի զրույցն է ընթերցողների հետ։ Հրաշալի է, որ Համաստեղի գիրքը դեռ ասելիք և ընթերցող ունի։
-Հայաստան-Սփյուռք կապերն ամուր պահելու գործում բոլոր ժամանակներում անուրանալի է եղել գրականության դերը: Այսօր, երբ այդ կապերի հարցում նախանձախնդիր են մեր երկրի բոլոր կառույցները՝ առանց բացառության, գրականությունը շարունակու՞մ է իր նախկին առաքելությունը նույն արդյունավետությամբ:
-Իհարկե շարունակում է։ Մի քանի օր առաջ իմ և ուսանողներիս հյուրն էր դրամատուրգ Կարինե Խոդիկյանը։ Զրուցեցինք ժամանակակից գրականության մասին։ Սաներս լսեցին, գրառումներ արեցին, ու հաջորդ դասին որոշեցինք հերթով ուսումնասիրել մի քանի գրողների ստեղծագործություններ։ Ընտրել են Գուրգեն Խանջյանին և Հրաչյա Սարուխանին։ Տղաներից մեկը ցանկություն հայտնեց խոսելու Սլավի-Ավիկ Հարությունյանի՝ «Գրական թերթի» վերջին համարներից մեկում տպագրած շարքի մասին։ Չգիտեմ՝ ինչ կստացվի, բայց շատ հետաքրքիր է՝ ինչպես են ընկալում գրավոր խոսքը։
-Դուք հոգևոր կյանքին մեծ նշանակություն տվող մարդ եք, Ձեզ հաճախ կարելի է տեսնել հայաստանյան և ոչ միայն հայաստանյան եկեղեցիներ ուխտագնացություն կազմակերպողի առաքելության մեջ, կարծում եք, որ սա՞ է մահկանացուներիս փրկության ամենահավաստի ճանապարհը:
-Թե ինչ եմ կարծում, այս դեպքում կարևոր չէ։ Ամեն մեկն իր ընտրության տերն է, բայց չեմ կարծում, թե որևէ մեկը կկարողանա հրաժեշտ տալ երկրային կյանքին՝ առանց Ճշմարտությանն առնչվելու հնարավորության։ Իմ բախտը պարզապես բերել է։ Մեր տանը միշտ Աստվածաշունչ է եղել, կողքին՝ տոհմական Նարեկ։ Կիրակի օրերը Հերիքնազ տատիկս (մորս մորաքույրն էր. Մարգարիտ տատիկս շուտ է մահացել) թոռների երկար շարանի հետ գնում էր Մայրավանք, որտեղ ծնկաչոք Պատարագ էր լսում։ Խոստովանեմ՝ շատ անկարգ էինք, բազմաթիվ նկատողություններ էինք ստանում, բայց տուն գալուց հետո սեղան էինք նստում Անուշավան պապիկի հետ ու վայելում նրա աննման երգերը, հումորով հարուստ խոսքը: Քիչ-քիչ սովորեցինք լռել ու Պատարագ լսել, հետո սկսեցինք արագ նկատել՝ Լուսինե Զաքարյանը եկել է, թե ոչ։ Մի խոսքով, դաստիարակությանս մեջ կա հոգևորը, ու փորձում եմ գրականության միջոցով սաներիս փոխանցել հոգևոր դաշտի օրենքները։ Լրագրողների առաջին կուրսում կարդացել ու քննարկել ենք Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» և սպասում ենք տեր Վահրամ Մելիքյանի հետ հանդիպմանը. շատ հարցեր ունենք:

«ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ, ՀԱՄԱՍՏԵՂԻ, ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶԻ ՑԱՆԱԾ ՍԵՐՄԵՐԸ ԾԼԱՐՁԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԱԲԱՂՁՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԵՐԱՆԳՆԵՐՈՎ»


-Ձեր մասնագիտական զննության դաշտում առավելապես դասականներն են՝ Դերենիկ Դեմիրճյան, Համաստեղ, Արամ Հայկազ: Նրանց ցանած սերմերն այսօր նշմարո՞ւմ եք ժամանակակից հայ գրականության անդաստանում:
-Լրացնեմ. հիմա իմ հետաքրքրության առարկան Հակոբ Խաշմանյանի թողած շատ հարուստ գրական, թարգմանական ժառանգությունն է։ Ամեն օր շշմեցուցիչ նոր փաստեր եմ գտնում։ Հենց միայն նրա նամակագրությունն ու անձնական հարաբերությունները Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ հսկայական նյութ են։ 1957-ի գարնանը բաց նամակ է գրել Վեհափառին ու դարձել խաչաձև կրակի թիրախ։ 1960-ին Համաստեղի, Արամ Հայկազի պես ուրախությամբ մասնակցեց հովվապետական այցով ԱՄՆ-ում գտնվող Վազգեն Առաջինին նվիրված բոլոր ձեռնարկներին, 1964-ին եկավ հայրենիք, մի քանի անգամ հյուրընկալվեց Վեհարանում։ Խոսելու, քննարկելու շատ հարցեր կային (հավելեմ՝ հիմա էլ այդ հարցերի զգալի մասը լուծում չի ստացել)։ Ինչևէ։ Դերենիկ Դեմիրճյանի, Համաստեղի, Արամ Հայկազի ցանած սերմերը ծլարձակում են հայրենասիրական ու հայրենաբաղձության նոր երանգներով, ափսո՛ս, որ հայն ամենուր ստիպված է ապրելու, ստեղծագործելու իր իրավունքը պաշտպանել ավարառու տեսակից:

«ԱՆԳԱՄ ՀԱՅՐԵՆԱԲՆԱԿ ԴԱՐՁԱԾ ՄԵՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ՌՈՒՍԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼ, ՈՐ ՀԱՍԿԱՆԱՆ ՄԵՐ ԽՈՍՔԸ»


-Դուք դասավանդում եք հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, որտեղ արդեն իսկ արտոնյալ կարգավիճակ ունի ռուսաց լեզուն: Ի՞նչ կարծիք ունեք արտոնյալության շրջանակներն ընդլայնելու մասին, արդյո՞ք մենք պիտի ռուսերենը կարևորենք պետական մակարդակով:
-Սկսենք արտոնյալ կարգավիճակից։ Մենք ենք ստեղծում այդ կարգավիճակը մեր ցուցամոլությամբ ու մայրենին չսովորելու ծուլությամբ, «խառնածին» լեզվով, որով խոսում ենք։ Անգամ հայրենաբնակ դարձած մեր սփյուռքահայ եղբայրները ստիպված են ռուսերեն սովորել, որ հասկանան մեր խոսքը։ Կամ ո՞վ է մեզ պարտադրում հայերենին խորթ կառույցներով խոսել ու գրել։ Հաշվե՞լ եք, թե հեռուստահաղորդումների ընթացքում հաղորդավարներն օրը քանի անգամ են «կիսվում իրենց կարծիքներով» կամ «ի՞նչ են իրենցից ներկայացնում» այդ հաղորդումներն ու անհամ, անվերջանալի, օտարի հոգեբանություն սերմանող «ֆիլմաշարերը» («սերիալ» բառից խուսափում եմ)։ Պետական մակարդակով պետք է կարևորել մայրենին։ Չգիտեմ՝ պետական այրերն ինչի՞ են ձգտում և ինչի՞ կհասնեն, բայց լավ գիտեմ՝ լեզուները կռիվ չունեն և խաղաղ գոյատևում են՝ ամեն մեկն իր տեղում։ Որոշում կայացնելու ենք ազգովին։ Հուսանք։ Մեր համալսարանում մայրենին սովորելու հնարավորություններ շատ կան, ցանկության դեպքում կարելի է օգտագործել դրանք ու հասնել զգալի հաջողությունների։ Օրինակները շատ են։

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՐԵԽԱՆ ՄԻ ԳԵՐԽՆԴԻՐ ՈՒՆԻ՝ ԼՐԱՑՆԵԼ ՀՆԴԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ ԽԵՂԴՎՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՉՏՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՊԱԿԱՍԸ»


-Ձեր շրջապատում մշտապես մատաղ սերնդի դաստիարակությամբ զբաղվող մարդիկ են՝ ուսուցիչներ, դասախոսներ: Դուք էլ ժամանակին ուսուցիչ եք եղել դպրոցում, 1993-ին արժանացել ՀՀ «Տարվա ուսուցիչ» տիտղոսին: Ի՞նչ դեր է վերապահված այսօր մեր երկրում դպրոցին, և կարողանու՞մ է այն պատվով կատարել այդ դերը:
-Դպրոցում պակասել է ուսուցչի հպարտ տեսակը, որի տեղը գրավեցին հարմարվող ու պատրաստակամ մարդիկ՝ դասատուներ (սրանք հիմնականում ընտրությունների «հաջողությունները» ապահովողներ են): Սաներիս, որոնք իրենց բալիկներին առաջին դասարան տանելուց առաջ խորհրդակցում են, խորհուրդ եմ տալիս գտնել ոչ թե համբավավոր դպրոց և դասատու, այլ իր գործը լուռ կատարող մասնագետ։ «Համբավավոր» դասատուները հասել են նրան, որ կարող են զուգահեռ աշխատել երկու առաջին դասարաններում։ Զարմանալի զարմանք: Պարբերաբար փոփոխվող ծրագրերով ու դասագրքերով մենք վաղուց խորթացրել ենք սերունդներին ու հասել նրան, որ սեպտեմբերի 1-ից դպրոց նոր ոտք դրած երեխայի համար պարապող են փնտրում (հաճախ հենց նրա դասատուին են վճարում)։ Ծնողները (էլ ու՜ր մնաց պապիկներն ու տատիկները) պարզապես «գլուխ չեն հանում» դասագրքերից ու փրկության օղակ են որոնում։ Այնինչ ընտանեկան հարաբերությունները կայունացնում էին նաև սերնդից սերունդ փոխանցվող դասագրքերը՝ չնչին փոփոխություններով: ՈՒսումնառության առաջին օրերից ուրիշի հետ տնային աշխատանքը խզմզող երեխան տարիների ընթացքում դառնում է անողնաշար և որոշումներ ընդունելու անընդունակ էակ, որին մեկն անպայման պիտի ուղղորդի և օգնի։ ՈՒ այսպես՝ ամբողջ կյանքում: Ահա թե որտեղից է ծնվում առաջին իսկ դժվարության դեպքում ընկրկող, փախչող մարդկանց, հատկապես տղամարդկանց հոգեբանությունը։ Ահա թե ինչու ենք շտապում սահմանն անցնել ու ապրել օտարի հողում. այնտեղ մեր փոխարեն որոշումներ ընդունողներ շատ կան, հողի ու երկրի նկատմամբ էլ պատասխանատվություն չկա: Ժամանակակից դպրոցում երեխան մի գերխնդիր ունի՝ առողջ լինել ու լրացուցիչ զբաղմունքներով, պարապմունքներով լրացնել հնդկական ֆիլմերի դաշտում խեղդվող մանկավարժների չտված գիտելիքների պակասը։ Հանգամանքների բերումով, տարիներ շարունակ ուշադրությանս կենտրոնում է Մուղնու Մեսրոպ Աշճյանի անվան հիմնական դպրոցը։ Սարսափով եմ սպասում այն օրվան, երբ Սրբազանի անունը կրող այդ կրթօջախին էլ կհասնի «բարեփոխման» կործանարար ալիքը։ Փակվող դպրոցը գյուղի ապրելու հեռանկարի կորուստն է: Իսկ մենք ամեն օր լսում ու կարդում ենք «բարեփոխումների» մասին:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ