Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայոց ջրերի ողբն ու ոդիսականը (ուղերձներ աղբյուրի ակունքը կալնած բազմագլուխ դևին)

Հայոց ջրերի ողբն ու ոդիսականը (ուղերձներ աղբյուրի ակունքը կալնած բազմագլուխ դևին)
13.10.2017 | 07:50

ՆԱԽԵՐԳ


Արագածն օրեր առաջ լանջից մինչև գագաթ պատվեց լուսեղեն ձյունով, և նմանվում է հսկա սառնաշաքարի։ Ձյունը շերտ առ շերտ կկուտակվի «ալմաստ-վահան» լեռան վրա և յոթ ամիս անց, գալիք մայիսին, երկնակապույտ և մանկաժպիտ վտակներով վար կսահի, սնուցելով հայոց անհամար աղբյուրները։ Արագածը տեսանելի է մայրաքաղաքի բարձրավայրերից։ Օրինակ` Նորքից, և զորօրինակ` Մարաշից։ Բարձրացա դեպի Մարաշ` կամենալով շարունակել ճանապարհս և հարմար մի վայրից նկարել Արագածն իր նոր ձյունե տարազով։ Անհնար էր, Մարաշի ինձ անհրաժեշտ փողոցները կարծես պատերազմի մասին կինոնկարահանման հրապարակ լինեին։ Մարաշի մի հատվածի փողոցները ծայրեծայր խրամատավորված են, փոշին էլ պատուհասել է այս շեն ու այգեպատ թաղամասի տները, տնամերձները, հյուրասենյակներն ու խոհանոցները։ Մայրաքաղաքում, իհարկե, տեր ու տնօրենն է երևանյան հանրածանոթ և բարեգութ ոսկի աշունը, որը Մարաշում այնքան էլ զգալի չէ...


Արդեն մի քանի ամիս է, ինչ Մարաշի որոշ հատվածներ «վիրահատված են» այնպիսի դիվային հնարագիտությամբ, որ անհնար է դարձել ավտոմեքենաների ելումուտը։ (Կներեք, իսկ եթե, Տերը մի արասցե, այստեղ հրդեհ բռնկվի կամ էլ ծննդկանը երկունքային ցավերով տառապի՞)։ Այդտեղ ապրում են ծերեր և մանուկներ, կան տկար մարդիկ, որոնց համար քայլելը ծանր ու հոգեմաշ գործ է, վերջապես կան մարդիկ, որոնք ամենևին էլ պարտավոր չեն ամիսներ շարունակ տանել քանդող բրիգադի քմահաճույքը, քանզի 4-5 աշխատող է այս ու այնտեղ խրամատը փորփրում և, ինչ խոսք, ծրագրված քայքայում է բնակիչների նյարդերը։ Մարաշի խրամատի գլխին կանգնած պարբերություն առ պարբերություն, տող առ տող և խոստովանանք առ խոստովանանք հիշում էի մեր կառավարիչների մեջբերումները քաղաքակիրթ աշխարհի կյանքի օրինաչափություններից։ ՈՒղղակի ապշեցուցիչ է. քաղաքական և կառավարական վերնադասը Եվրոպայում և այլուր տարին բոլոր շրջագայելով` քաջատեղյակ է, որ մասնավորապես քաղաքներում անհնար է նման բիրտ կամայականությամբ շինաշխատանքներ իրականացնել։ Օրինախախտը, ով էլ լինի, վարչական (երբեմն էլ քրեական) խստագույն պատժի կենթարկվի։ Բայց ո՞վ է հրահրել նշյալ չակերտված պատերազմը, զայրացած հարցնում են պատվարժան ընթերցողներս։ Չզարմանաք ամենևին, «պատերազմի» հրձիգը «Վեոլիա ջուր» ընկերությունն է, հայոց ազգային ջրերի տերն ու վատնիչը։

ՈՂԲԸ. ԱՐՏԱԳԱՂԹՈՂ ՋՐԵՐ
Հայկական լեռնաշխարհը տարածաշրջանի գլխավոր ջրբաշխն է։ Հայոց շուշան երկինքներից ճերմակ ձյունը տեղում, ամբարվում է լեռնագագաթներին և սարալանջերին։ Գարնան գալուն պես մեր ջրերի ճնշող մասը «արտագաղթում» է։ Այսինքն` վար է իջնում և զովացնում հարևան, հաճախ ոչ բարեկամ, առավել հաճախ էլ` ուղղակի թշնամի երկրների արոտները, այգիները, հանդերն ու անտառները։ Անկասկած, անհնար է արգելափակել Դեբեդի հոսքը դեպի Վիրք, կանխարգելել Հրազդանի (այն է` Սևանա լճի) սառնակունք ալիքների թավալգլոր ընթացքը դեպի Կասպից ծով։ Եղբայր հողմաղաց, զայրացկոտ հարցնում են պատվարժան ընթերցողներս, այդ ինչու և այդ ինչպես։ Իրազեկում եմ։ Խելահաս երկրները (զորօրինակ, ըստ մեզ` կիսաբարբարոս Թուրքիան), երբ խելքներին փչի կիրառում են «ջրային մտրակի» քաղաքականությունը։ Փչում է սովորաբար միջպետական հակամարտության ժամանակ, երբ, դիցուք, ջրբաշխ պետությունը կամենում է ծնկի բերել սահմանակից և ջրասակավ դրկիցին, իր գետերի ջրերը ամբարում է վաղօրոք կառուցված ջրամբարներում և ջրազրկում է դրկից երկրների այգիներն ու բանջարանոցները։ Այս հնարքը հաճախ է կիրառում Թուրքիան, ի դեպ, օգտագործելով հայկազյան Արածանի և Եփրատ հորդահոս գետերի ջրերը։ Իսկ մե՞նք...

Հայաստանում «արտագաղթում է» անուշահամ ջրերի կեսից ավելին։ Ամենատարբեր ճանապարհներով դրանք դառնում են գրողի բաժին, կորչում են անհայտ ու անհիշատակ։ «Ինչու»-ն այստեղ անտեղի է հնչում, «ինչպես»-ն է մեր բկին չոքում և պահանջում է ուշքի գալ ու կանխել մեր ջրերի զանգվածային արտագաղթը։ Թե ինչպես, կիրազեկեմ այս հանդիպման վերջերգում։ Այժմ արտագաղթող հայոց ջրերի ակունքները փորձենք մաքրել։ Դժվար գործ է, լի է բազում գարշաբույր ջրափոսերով։ Բայց ի՞նչ արած։ Տեսեք, եթե աչքի առաջ է գետերի արտագաղթը, և դա ունի բնաշխարհային հիմնավոր դրդապատճառ (մեր գետերի ակունքները սարերում են, նրանց պորտը հանգուցվում է ծովից բարձր վայրերում), ապա քաղցրահամ աղբյուրաջրերի անհետացման պատճառները մարդածին են (այստեղ, անշուշտ, մարդ ասվածը պետք է բազմակի չակերտել)։

«Իրատեսի» խմբագրությունից (Զաքյան 10) Ազնավուրի հրապարակ ճանապարհվելիս, մի փոքր երկարացնելով ուղիս, անցնում եմ «Մանկական այգով», հասկանալի է` վայելելով մանկական կարկաչը, ծառերի կանաչը և, ինչ խոսք, նարդու խաղաքարերի սարսափելի շխկոցը։ Զբոսայգու կենտրոնում երկու բազալտե ցայտաղբյուրներ կան, կարծես խմել եմ նրանց ջուրը մանուկ հասակում, հասկանալի է, որ նախորդ դարում։ Ցայտաղբյուրներից մեկը գողտրիկ-կարճ է, նախատեսված է մանուկների համար։ Մյուսը բնական չափերի է և հագեցնում է չափահասների ծարավը։ Երկուսից էլ ջուրը հոսում է օրնիբուն, ամառ թե ձմեռ։ Զբոսայգին անգամ ամռան ամիսներին մարդաշատ չէ։ Պաղատում եմ, պարզաբանեք, մեկ օրվա ընթացքում քանի մանուկ ու քանի ծեր, նաև այլք են հագեցնում իրենց ծարավը։ Հավատացնում եմ, որ մի քանի տասնյակ, ոչ ավելի։ Իսկ վաղ գարնանը, խոր աշնանը, ողջ ձմռանը, չկասկածեք, հատուկենտ են տանջող ծարավը հագեցնողները։
Լավագույն դեպքում մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր ցայտաղբյուրից խմվում է 10 լիտր կենարար ջուր։ Յուրաքանչյուր ցայտաղբյուր առնվազն 1000 լիտր քաղցրահամ և սառնորակ ջուր է թողարկում։ Թվաբանությունից միշտ 3 եմ ստացել, ինչը բավարար է հաշվելու, որ մեկ ցայտաղբյուրը մեկ օրվա ընթացքում 990 լիտր ջուր է մատնում կորստյան։ ՈՒ՞ր են հոսում այդ ջրերը, չզարմանաք և չզայրանաք, ուղիղ դեպի Աերացիայի կոյուղամբար։ Քանի՞ ցայտաղբյուր-պուլպուլակ է գործում միայն մայրաքաղաքում։ Ըստ պաշտոնական տվյալների` գործում է շուրջ 2200-ը։ Ես ամենևին չեմ կասկածում, որ հայրենի կառավարությունում շատերը գերազանց հաշվողներ են։ Նրանց էլ թախանձագին խնդրում եմ, որ հաշվեն, թե որքան է անտեղի հոսող ջրերի կորուստը, միայն թե չմոռանան ցայտաղբյուրներին միացնել տարբեր տրամաչափի խողովակներից, դարձյալ ու դարձյալ զօր ու գիշեր հոսող ջրերի ծավալները։
Այնինչ 21-րդ դարը համարվում է քաղցրահամ ջրի համար մղվող պատերազմների դար։
Մենք պատերազմում ենք մեր ռազմավարական աննախադեպ զենք ջրերի դեմ։ Այսպիսով, հայոց քաղցրահամ ջրերը նախ պետք է հայտարարել ազգային-պետական ռազմավարական գերակայություն և վաճառել այն Հարավի և Հյուսիսի, Արևելքի ու Արևմուտքի ջրազուրկ երկրներին։ Եվ եթե այն անգամ վաճառվի ջրի գնով, միևնույն է` հսկայական եկամուտ կապահովի երկրի, պետության և ժողովրդի համար։

ՈԴԻՍԱԿԱՆ. ՋՐԱՉԱՓԵՐԻ ԲԱՐՈՅԱԶՐԿՈՒՄԸ
Չմոռանամ ասել, որ Մարաշում զազրելի իրականությունից կտրվելու նպատակով մի պահ փորձեցի պոեզիայով ամոքել վիրավոր հոգիս։ Եվ հիշեցի Չարենցի N.N. էպիգրամը.

Նա մեջ է ընկնում տեղին-անտեղի,
Սխալվում է միշտ ու
կարծիք փոխում,
Նման է նա քիչ այն ծծկեր տղին,
Որ մատն ուզում է բերանը կոխի,
Բայց միշտ անպատեհ
տեղեր է կոխում...

«Նա»-ն այսօր և՛ «Վեոլիա ջուրն» է, և՛ «Սանիթեքն» է, և, առհասարակ, երկրի կառավարումն ստանձնած օտարերկրյա ընկերություններն են։

Նորք-Մարաշ վարչական շրջանի Մարաշ ենթաշրջանի սեփական տների ջրի հաշվիչները դուրս են բերվում փողոց, ի տես երկնային աստղերի և երկրային թափառաշրջիկ շների։ «Վեոլիա ջուրը» հսկայական ծախսեր է կատարում նման հակաբանական ծրագիր իրականացնելով։ Ինչու՞ է հակաբանական, կզարմանան ոմանք (այսինքն` նշյալ ընկերության ղեկավարությունն ու աշխատակազմը), չէ՞ որ մենք ի սրտե կամենում ենք քաղաքակրթել հայկական ջրերի մատակարարման հույժ բարեշնորհ գործընթացը, այն հասցնել միջազգային մակարդակի, չեղարկել ջուր սպառողների բողոքները...
Այո՛, հակաբանական է, քանզի բազմաբնակարան հազարավոր շենքերի բազմահազար ջրային հաշվիչները ավանդաբար տեղադրվել են բնակարանի խորհրդավոր խորքերում, այն է` սանհանգույցում։ Դրանք կապարակնքված են, ջրի ծախսը վերահսկվում է և՛ սպառող-բնակչի, և՛ ստուգող տեսուչի կողմից։ Այսպիսով, ինչու՞ են մասնավոր տների ջրահաշվիչները դուրս բերվում փողոց։ Մի՞թե իրենց սեփական առանձնատներում ապրող սպառողները անհասկանալի հակակրանք են տածում ջրային տեսուչների նկատմամբ, արգելում են նրանց մտնել սանհանգույց և խոհանոց, և ստուգել նախ կապարակնիքի անխաթարությունը և ապա` ծախսված ջրի ցուցանիշը։ Նման արգելանքների մասին «Վեոլիա ջուրը» չի ահազանգում։ Սա զավեշտ է, բայց և այնպես, արժանի է ուշադրության։ Գուցե «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետները վախենու՞մ են սեփական տներում ապրող ընտանի կենդանիներից, ասենք, թութակներից և կատուներից։ Կամ միգուցե նրանց սարսափեցնում են բակապահ շնե՞րը։ Ոչ, նման վախերի ու սարսափների մասին տեղեկություններ չկան։ Խնդիրը շատ ավելի պարզունակ-շահադիտական է. ջրային հաշվիչները փողոց դուրս բերելով` վերոնշյալ ընկերությունը հսկայական ծախսեր է կատարում, որոնք փոխհատուցում է ջրի սակագնի բարձրացմամբ, զանազան վարկերի ներգրավմամբ, այլազան նրբագեղ մեքենայություններով և այլնով։ Սրանից զատ, փողոցներում տեղակայված հաշվիչները դեպքից դեպք ենթարկվում են մարդածին աղետների, ստահակ մեկը, անկասկած, «պատահաբար», էապես վնասում է հաշվիչը և, ինչ խոսք, խոհեմաբար անհետանում է դեպքի վայրից։ Հաջորդ առավոտյան տեղամասը սպասարկող տեսուչը ներխուժում է դեպքի վայր, տեղազննում է, արձանագրություն է կազմում, նշանակում է տուգանքի չափը և տուգանում է հաշվիչի հանդեպ ահաբեկչական գործողության իրականացման հետ որևէ առնչություն չունեցող սպառողին։


Ինչ է սպասում Մարաշին։ Առանձնապես ոչինչ։ Եվրակրթված խողովակաշարերը օրերից մի օր կհասնեն բնակիչների սանհանգույց, ջրագծերի համար փորված խրամափոսերը կծածկվեն հողով և, ամենայն հավանականությամբ, չեն ասֆալտապատվի։ Եվ վե՛րջ, զավեշտախաղը ավարտվում է, բայց ո՞վ է պատասխան տալու վերոնշյալ «խրամատային խեղկատակության» համար, ո՞վ է հատուցելու Մարաշի տարաբախտ փողոցների բազմաթիվ բնակիչների բարոյական ու նաև նյութական վնասները։ Միով բանիվ, որպեսզի «Վեոլիա ջուրը» հանգիստ շնչի, արտաշնչի, նա պետք է շուտափույթ ավարտի աշխատանքները, ծածկի խրամափոսը, ասֆալտի այն, ծնրադիր ներողություն խնդրի 9, 11, 13-րդ փողոցների բոլոր բնակիչներից ու... Ամեն։

ՎԵՐՋԵՐԳ
1. Երկրի և մայրաքաղաքի բոլոր ոգեշունչ ցայտաղբյուրներն ու նվիրական հուշաղբյուրները (ներառյալ զվարճասեր պուլպուլակները) այսուհետև պետք է գործեն «Հեղնար աղբյուրի» սկզբունքով, ի դեպ, այսպես է գործում Հրանտ Մաթևոսյանի հուշաղբյուրը` Երևան, Պուշկինի փողոց, 3 հասցեում։
2. Խմելու ջուրը պետք է համարվի ազգային-պետական գերակայություն և պետք է դառնա համաժողովրդական սեփականություն։
3. Հայոց գետերը պետք է դառնան ռազմավարական գերհզոր զենք և անհրաժեշտության դեպքում որպես մտրակ շառաչեն սահմանակից պետությունների պարանոցին։
Իսկ Արագածն օրեր առաջ լուսեղեն ձյունով պատվեց։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ