Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Պետությունը, որպես հիմնական պատվիրատու, իր տեղը զիջեց կառուցապատող սեփականատերերի խայտաբղետ բանակին, որոնք իրենց ճաշակն ու ցանկությունները թելադրեցին քաղաքին»

«Պետությունը, որպես հիմնական պատվիրատու, իր տեղը զիջեց կառուցապատող սեփականատերերի  խայտաբղետ բանակին, որոնք իրենց ճաշակն ու ցանկությունները թելադրեցին քաղաքին»
13.10.2017 | 08:00

Զրուցում են Հայաստանի ճարտարապետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ և գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Դ.Մ.Ս. -Պարոն Մինասյան, Ձեր մասնագիտական երկարամյա գործունեության ընթացքում զբաղեցրել եք ոլորտի կազմակերպմանն ու իրացմանն ուղղված մի շարք պատասխանատու պաշտոններ, մշտապես եղել եք ճարտարապետական-քաղաքաշինական իրադարձությունների հորձանուտում, որոնք նաև իրարամերժ գնահատականների են արժանացել հանրության, տարբեր մասնագետների, անձամբ նաև Ձեր կողմից: Մշակույթի բնագավառում ընդունված սկզբունքներից է զարգացումն ազգային ավանդույթների հիմքի վրա, միաժամանակ օգտվելով համաշխարհային նորարարական մտքի հնարավորություններից: Պահպանել ազգային մշակութային ինքնությունը և լինել ժամանակակից: Կարծում եմ` միանգամայն ընդունելի և առողջ, նաև բարդ մոտեցում է: Այս տեսանկյունից կարո՞ղ ենք դիտարկել հայ ճարտարապետության ներկայիս վիճակը վերջին հարյուրամյակի ընթացքում՝ հայոց պետականության վերականգնման տարիներին:
Մ.Մ.- Ամեն մի երկիր ունի ճարտարապետական-քաղաքաշինական քաղաքականության իր հայեցակետը, առկա են տարբեր դպրոցներ, տարբեր ուղղություններ: Այս կամ այն ուղղության ընտրությունը թելադրում են տվյալ ժամանակաշրջանը, երկրի բնությունն ու լանդշաֆտը, ազգային մտածողությունը, ճարտարապետական ժառանգությունը, երկրի քաղաքական-տնտեսական վիճակը:
1920-1930 թթ. եվրոպական, ռուսական ճարտարապետության հիմնական ուղղություններից մեկը կոնստրուկտիվիստականն էր, որտեղ շեշտը դրվում էր միայն շենքերի ֆունկցիոնալ լուծումների պահանջների առավելագույն բացահայտման վրա և հաշվի չէր առնվում մինչ այդ տվյալ երկրին բնորոշ ազգային մտածողությամբ ստեղծված արժեքների, կուտակած հսկայական փորձի օգտագործումը: Տաղանդավոր ճարտարապետների մի մեծ խումբ (Քոչար, Մազմանյան, Երկանյան, Հալաբյան) Խորհրդային Հայաստանում փորձում էր համոզել կառավարությանը ճարտարապետական գործունեությունն ուղղորդելու այդ կողմ: Ա. Թամանյանը, ավարտելով Սանկտ Պետերբուրգի Կայսերական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետության բաժինը, ճարտարապետական ակտիվ աշխատանքներ էր կատարել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և այլ քաղաքներում, մեծ հեղինակություն էր վայելում գործընկերների միջավայրում: Տակավին 1914 թվականին Ռուսաստանի Կայսերական ակադեմիան նրան շնորհել էր ակադեմիկոսի կոչում: Նա լավագույնս ուսումնասիրել էր Եվրոպայի և Ռուսաստանի դասական ճարտարապետությունը, քաջատեղյակ էր ճարտարապետական գործող բոլոր հոսանքներին: Ա. Թամանյանը 1919 թվականին հրավիրվեց Հայաստանի կառավարության կողմից, որպես մեծ հեղինակություն վայելող և հմուտ մասնագետ, և նշանակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության գլխավոր ճարտարապետ: Նրան հանձնարարվեց մշակել Երևանի գլխավոր հատակագիծ՝ 150 000 բնակչի համար: Հայտնի պատճառներով, 1921 թ. Թամանյանը տեղափոխվեց Թավրիզ, որտեղ շարունակեց Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները և դարձյալ վարեց ակտիվ գործունեություն:
1923 թ. Հայաստանի խորհրդային կառավարությունը, անձամբ Ա. Մյասնիկյանը, Թամանյանին երկրորդ անգամ է հրավիրում Հայաստան՝ գլխավորելու քաղաքաշինության, ճարտարապետության և շինարարության բնագավառը, շարունակելու Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Վերջինս տեղյակ էր երկրի տնտեսական վիճակին, ուսումնասիրել էր մեր ճարտարապետական ժառանգությունը: Թորամանյանի, Սարյանի և մշակութային գործիչների հետ ունեցած զրույցներն ու քննարկումները ճարտարապետության, ճարտարապետական ժառանգության պահպանման տարբեր հարցերի շուրջ ամրապնդեցին արդեն իսկ իր որդեգրած հայեցակարգը՝ ճարտարապետական գործընթացները շարունակելու հայկական ճարտարապետության մինչ այդ ստեղծված արժեքների հիմքի վրա: Դա նպատակ էր հետապնդում առաջին հերթին հանրությանն ի ցույց դնելու մեր հսկայական ժառանգությունը և թե ինչպես է այն նորովի վերադարձվելու տիրոջը՝ ժողովրդին: Թամանյանի առաջարկած այս մոտեցումն անվերապահորեն ընդունեց Խորհրդային Հայաստանի կառավարությունը: Թամանյանն ունեցավ բազմաթիվ հետևորդներ: Նրան միացան նաև ճարտարապետներ, որոնք մինչ այդ այլ մոտեցումներ ունեին:
Թամանյանի, թամանյանական դպրոցի տաղանդավոր ճարտարապետների կողմից (Գ. Թամանյան, Լ. Բախշինյան, Ռ. Իսրայելյան, Գ. Աղաբաբյան, Կ. Հակոբյան) նախագծվեց և կառուցվեց այսօրվա Երևանը, իսկ Թամանյանի նախագծած կառավարական տունը դարձավ կամերտոն հետագա բոլոր կառույցների համար:
Երևանի գլխավոր հատակագիծը, 150 000 բնակչի համար, հաստատվեց 1924 թվականին: Դրա հիմքում դրված էր քաղաք-այգու գաղափարը: Հաշվի առնելով Երևանի եղանակային պայմանները՝ Թամանյանը կարևոր նշանակություն էր տալիս կանաչ զանգվածների, այգիների, պուրակների տարածքների կազմակերպմանը՝ հագեցած ջրային հայելիներով (Օղակաձև զբոսայգի, Գլխավոր պողոտա, Զանգվի ձոր): 1924-1936 թթ. նա հասցրեց իրագործել Երևանի գլխավոր հատակագծի մեջ ամրագրված հիմնական խնդիրները: 1936 թվականին հաստատվեց արդեն 450 000 բնակչի համար նախատեսված հատակագիծը: 1960-ական թվականների կեսերից քաղաքի բնակչության աննախադեպ աճը, շինարարական նոր տեխնոլոգիաների օգտագործումը, տիպային շենքերի նախագծման և կառուցման թելադրանքը կենտրոնական կառավարության կողմից, էական ազդեցություն ունեցան քաղաքի զարգացման հետագա ընթացքի և ճարտարապետական նկարագրի վրա: 1990 թվականից սկսած քաղաքական-տնտեսական փոփոխություններն առաջադրեցին նոր խնդիրներ: Պետությունը, որպես հիմնական պատվիրատու, իր տեղը զիջեց կառուցապատող սեփականատերերի խայտաբղետ բանակին, որոնք իրենց ճաշակն ու ցանկությունները թելադրեցին քաղաքին:
Դ.Մ.Ս.- Թելադրեցի՞ն, թե՞ պարտադրեցին, պարոն Մինասյան: Ով որտեղ, ինչ և ինչպես ցանկացավ՝ կառուցեց՝ աղավաղելով քաղաքի դիմագիծը, ոտնահարելով քաղաքաշինական-ճարտարապետական, ընդհանրապես բոլոր տեսակի նորմերը: Խախտվեցին նաև բնիկ սեփականատերերի իրավունքները: Բազմաթիվ փաստեր վկայում են, որ պետական գերակա շահի հասկացությունը հետապնդում էր ընդամենը ոմանց անձնական շահամոլությունը, ում գրպանում հայտնվել էր ամենազոր փողը, որը շատերին ծառայեց ոչ թե մթության մեջ լույս վառելուն, այլ լույսը մթնեցնելուն: Որքան տեղյակ եմ, Սպիտակի երկրաշարժից հետո կառավարությունը որոշում է ընդունել նաև բարձրահարկ շենքերի հարկերի սահմանափակման վերաբերյալ։
Մ.Մ. - Եկավ, այսպես կոչված, անցումային շրջանը, որը շարունակվում է մինչ այժմ: Կառավարման համակարգի թուլությունն ու անորոշությունն իրենց բացասական ազդեցությունը թողեցին քաղաքաշինական, ճարտարապետական գործընթացների վրա: Կառուցվեցին բազմաթիվ բազմահարկ շենքեր (էկլեկտիկ), որոնք իրենց չիմաստավորված բարձրությամբ, քաղաքի կենտրոնում անտրամաբանական, պատահական, տեղադրությամբ քաղաքի ամբողջական հատվածներ զրկեցին արդեն կանոնակարգված միջավայրային հասկացությունից: Կառույցները նվաճեցին հասարակական և կանաչ տարածքները, որոնք մինչ այդ անձեռնմխելի էին: Կայացած այգիներն անհարկի ծանրաբեռնվեցին սրճարանների և ռեստորանների խիտ ցանցով (Օպերային այգի, Օղակաձև զբոսայգի, Զանգվի ձոր, Գլխավոր պողոտա, Մյասնիկյան փողոց): Բնակելի բարձրահարկ, այսպես կոչված, «Էլիտար» շենքերը տեղակայվեցին նույնիսկ այնպիսի տարածքներում, որոնք գլխավոր հատակագծով ռեզերվացված էին հասարակական, մշակութային կառույցների համար:
Հյուսիսային պողոտայի շուրջ ծավալված վեճերը հենց այդ պատճառով էին: Երկու հրապարակները (Ազատության և Հանրապետության) անկյունագծով միացնող Հյուսիսային պողոտան նախատեսված էր հիմնականում մշակութային, հասարակական շենքերով կառուցապատելու, ծառուղիներով և ջրային հայելիներով հասարակական բարեկարգ տարածք ձևավորելու համար: Մինչդեռ կատարվեց տրամագծորեն ճիշտ հակառակը՝ կառուցվեցին բնակելի բազմահարկ «էլիտար» շենքեր մեծ և անթույլատրելի խտությամբ՝ անտեսելով նույնիսկ սեյսմիկ պաշտպանության տարրական նորմերը:
Դ.Մ.Ս. - Հետաքրքիր է, բնակելի շենքեր կառուցելիս կատարվու՞մ է դրանց պահանջարկի նախնական ստուգում: Կա՞ն հաշվարկներ, թե այդ շենքերի բնակարաններից քանիսն են բնակեցված, քանիսը՝ թափուր: Այնպիսի տպավորություն է, թե դրանք կառուցվում են ինքնանպատակ, պարզապես կառուցելու համար: Եթե այդպես է, ապա կարելի էր գոնե ներդրումները նպատակաուղղել դեպի մշակութային շինություններ, ասենք, թանգարան և այլն: Մանավանդ որ մեր թանգարանները չունեն տարածքներ ֆոնդերի գերակշիռ մասը ցուցադրելու համար: Ինչևէ: Պարոն Մինասյան, այսօր մեր հանրապետությունն իր մայրաքաղաքով հիշեցնում է մեծ գլխով փոքրամարմին մի օրգանիզմ, որը հայտնվել է համաչափ զարգացմանը սպառնացող լրջագույն արգելքների առջև: Այս երևույթի արմատները խոր են: Դեռ խորհրդային տարիներին խոսակցություններ եղան մայրաքաղաքում գրանցումը սահմանափակելու, նույնիսկ արգելելու մասին: Պարզ է, որ լուծման բանալին այդ չէ, այլ բազմապիսի և բազմաքանակ բաղադրիչների ամբողջություն, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի ստանալ քիչ թե շատ համաչափ զարգացող հանրապետություն, որտեղ ամենահեռավոր գյուղում բնակվողը, շատ առումներով, մայրաքաղաքային բնակչին չզիջող պայմաններով ապահովված քաղաքացին կլինի և այլն: Այս խնդրում էական են նաև ճարտարապետա-քաղաքաշինարարության դերն ու անելիքը:
Մ.Մ.- 1924 թվականին 150 000 բնակչի համար մշակված գլխավոր հատակագիծը 1932 թվականին վերանայվեց՝ Երևանում բնակչության սրընթաց աճի և դրա հետևանքով առաջացած խնդիրների պատճառով: 1932 թ. Ա. Թամանյանը սկսեց 450 000 բնակիչ ունեցող քաղաքի հատակագծի մշակման աշխատանքները: Նրա արվեստանոցի ճարտարապետները զուգահեռաբար մշակում էին հանրապետության մյուս քաղաքների և ավանների գլխավոր հատակագծերը՝ նպատակ ունենալով ապահովել ամբողջ հանրապետության համաչափ զարգացման խնդիրների լուծումը, նախագծվում էին բնակելի, հասարակական, ուսումնական, մշակութային, ինչպես նաև արդյունաբերական խոշոր կառույցներ ու համալիրներ:
Թամանյանի հիվանդությունն ու մահը (1936 թվականին) թույլ չտվեցին ավարտել Երևանի գլխավոր հատակագիծը 450 000 բնակչի համար: Այն հետագայում մշակեց Ն. Զարգարյանի ղեկավարած քաղաքաշինական խումբը, սակայն երկրորդ գլխավոր հատակագիծն իրեն սպառեց ժամանակից շուտ՝ բնակչության թվի շեշտակի աճի պատճառով: Երևանը քիչ թե շատ հագեցած էր ինժեներական կոմունիկացիաներով, բարեկարգ ճանապարհներով, բնակելի մակերեսի անհրաժեշտ քանակությամբ և, վերջապես, մայրաքաղաք էր, որտեղ կենտրոնացված էին պետական, վարչական հիմնարկները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, նորաբաց ֆաբրիկաներն ու գործարանները, նաև տեխնիկական բարձրագույն կրթություն ստացած երիտասարդ մասնագետները:
Արդեն 1970-ական թվականների վերջերին կառավարությունը ջանքեր գործադրեց բեռնաթափելու մայրաքաղաքը, որի բնակչությունը մոտենում էր 1 միլիոնի սահմանագծին: Ստեղծվեցին արբանյակ քաղաքներ Երևանի ագլոմերացիայում (Չարենցավան, Աբովյան), որտեղ կառուցվեցին նոր գործարաններ՝ մեծաքանակ աշխատատեղերով: Ավելի մեծ ուշադրություն դարձվեց Լենինական (Գյումրի), Կիրովական (Վանաձոր) քաղաքներում նոր արտադրական ձեռնարկություններ ստեղծելուն: Կառուցվեցին բնակելի թաղամասեր, ուսումնական, առողջապահական նոր համալիրներ: Գյումրիում կազմակերպվեց քարի և մետաղամշակման հաստոցների գործարան, ընդարձակվեց տեքստիլ արդյունաբերությունը, Վանաձորում կյանքի կոչվեց քիմիական կոմբինատ՝ համալրված նորագույն սարքավորումներով: Եվ չնայած այդ բոլոր նախաձեռնություններին, Երևանը շարունակում էր աճել: 1990 թվականից կենտրոնացման գործընթացը մայրաքաղաքում շարունակվեց քաղաքատնտեսական փոփոխությունների, աղետալի երկրաշարժի, տնտեսական ճգնաժամի և այլ պատճառներով, որոնք բացասաբար ազդեցին նախ և առաջ միջին չափի քաղաքների վրա: Աշխատատեղերի բացակայության պատճառով տեղի ունեցավ մեծ հոսք շրջաններից դեպի Երևան, որտեղ դեռևս որոշ աշխուժություն պահպանվել էր: Երևան էին գալիս բոլոր շրջաններից՝ աշխատանք գտնելու հույսով:
2004 թ. «Հայնախագիծ» ինստիտուտում մշակվեց Հայաստանի տարաբնակեցման նախագիծ, որի դրույթները պետք է ուղեցույց դառնային հանրապետությունում բնակչության հավասարաչափ տեղաբաշխման, արտադրական կարողությունների օպտիմալ տեղադրման համար: Նախատեսված էին զբոսաշրջության զարգացման և, դրա հիմքի վրա, շրջաններում տուրիզմի զարգացման հեռանկարները, ճանապարհային ցանցի բարելավումը: Տնտեսական լուրջ հիմքերի և ֆինանսական աղբյուրների խիստ սակավությունն առայժմ հնարավորություն չեն տալիս իրականացնելու այդ նախագծի դրույթները: Երևանի բեռնաթափման համար անհրաժեշտ է զարգացնել մայրաքաղաքից հեռու տեղակայված քաղաքներն ու ավանները, ստեղծել բավարար քանակությամբ աշխատատեղեր, հանգստի և ուսման պատշաճ պայմաններ, որոնք չեն զիջի երևանյանին, նույնիսկ ավելի գերադասելի կլինեն: Նման պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ են ֆինանսական մեծ միջոցներ, տնտեսության արագ առողջացման պայմաններ: Տեսանելի ապագայում մենք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ նման պոտենցիալ ունի միայն Երևանը և, ուրեմն, առայժմ այստեղ կշարունակեն կենտրոնանալ մարդկային և ֆինանսական ռեսուրսները:
Դ.Մ.Ս.- Տարբեր հրապարակումներում հաճախ է հանդիպում այն միտքը, որ հայերս պատմականորեն նշանակալի ազդեցություն ենք ունեցել այլ երկրների ճարտարապետական զարգացումների վրա: Պատմաճարտարապետական ի՞նչ սկզբունքային առանձնահատկություններ ունենք մենք, որոնցով հարաբերվում ենք համաշխարհային ճարտարապետությանը: Եվ հետո, մեր ճարտարապետական ժառանգությանն անդրադառնալիս ավելի հաճախ կենտրոնանում ենք վանքային համալիրների, եկեղեցիների, հոգևոր կառույցների վրա, ավելի սակավ հիշում կենցաղային կառույցների, իջևանատների, կամուրջների, ամրոցների, հասարակական կառույցների մասին, մինչդեռ ունեցել ենք այնպիսի բացառիկ և եզակի կամուրջ, ինչպիսին, ասենք, Անիի երկհարկանի կամուրջն է և այլն:
Մ.Մ.- Մշակութային որևէ բնագավառ մեզանում այնպես չի պահպանվել իր հարուստ բազմազանության ամբողջականությամբ, ինչպես ճարտարապետությունը: Դրա վկայությունն են Հայաստանի տարածքում ցրված բազմաթիվ կոթողների, ամրացված բնակավայրերի բերդշենների (Ծաղկահովիտ, Գուսանագյուղ, Պեմզաշեն), Այրարատյան (ուրարտական) թագավորության ժամանակաշրջանի ամրոց-բնակավայրերի, տաճարների, պալատական համալիրների (Էրեբունի, Արգիշտիխինիլի, Տուշպա-Վան), հելլենիստական ժամանակաշրջանի քաղաքների, պաշտպանական կառույցների (Արտաշատ, Գառնի, Տիգրանակերտ) հետքերը, որոնք դեռ սպասում են իրենց ուսումնասիրողներին: Վաղ քրիստոնեական ճարտարապետական ձևերը թափանցել են Սիրիայից եկած քրիստոնյաների հետ: Դրանք հիմնականում միանավ քրիստոնեական կառույցներ են:
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո ոչնչացվեցին բազմաթիվ տաճարներ, մեհյաններ, վերացվեց մշակութային մի հզոր շերտ: Հեթանոսական մի շարք կառույցներ, տաճարներ որոշակի վերակառուցումներից հետո դարձան կրոնական առաջին սրբատեղիներ կամ նրանց հիմքերի վրա կառուցվեցին քրիստոնեական տաճարներ (Էջմիածնի Մայր տաճար, 4-րդ դ.): Վաղ միջնադարում (4-7-րդ դդ.) ստեղծվեցին միմյանց չկրկնող սրահատիպ, կենտրոնագմբեթ խաչաձև բազմաթիվ տաճարներ՝ իրենց տարբերակներով: Տեսակների բազմազանությունը և հիմնական ճարտարապետական գաղափարը՝ ինտերիերի միավորումն էր գմբեթատակ տարածության շուրջ: Դրանք 4-7-րդ դարերի հայկական ճարտարապետությանը բնորոշ հատկանիշներն են, որոնք առանձնանում են վաղ միջնադարի մյուս երկրների ճարտարապետական դպրոցների սկզբունքներից:
Հայ ճարտարապետության ժառանգության ականավոր տեսաբան Թորոս Թորամանյանը, որը գիտական հիմքի վրա դրեց ոլորտի ուսումնասիրությունը, իր աշխատանքներում ցույց տվեց, որ հայկական ճարտարապետությունն ինքնուրույն ստեղծագործական մտքի արդյունք է՝ հակառակվելով եվրոպական գիտության մեջ ամրացված այն թյուր կարծիքին, թե հայկական ճարտարապետությունը բյուզանդականի անմիջական և ուժեղ ազդեցությունն է կրում և նրա տարատեսակներից է:
Եվրոպական գիտնականներից առաջինը Յ. Ստրժիգովսկին ուշադրություն դարձրեց Թ. Թորամանյանի ուսումնասիրություններին: 1913 թ. Թորամանյանը մեկնեց Վիեննա և դասախոսությունների մի շարքով ներկայացրեց իր ուսումնասիրությունների արդյունքները: Ստրժիգովսկին, հիմք ընդունելով վերջինիս ուսումնասիրությունները, որոնցում ներառված էին Անիի պեղումների նյութերը, 1918 թ. հրատարակեց «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» աշխատությունը, որը ստիպեց եվրոպական որոշ գիտնականների վերանայել իրենց թյուր տեսակետները հայ ճարտարապետության վերաբերյալ:
12-16-րդ դարերում մեծ զարգացում ապրեց վանքային համալիրների կառուցումը (Օհանավանք, Սաղմոսավանք, Տաթև, Սանահին, Կեչառիս և այլն), որոնք նաև գիտության և դպրության խոշոր կենտրոններ էին: 11-րդ դարից սկսած վանական համալիրներում կառուցվեցին ժամատուն-գավիթներ, որոնք իրենց գեղագիտական և կոնստրուկտիվ լուծումներով նոր խոսք էին:
Ավելացնենք նաև, որ հայ ճարտարապետական յուրաքանչյուր կառույցի բնորոշ են բնության, լանդշաֆտի հետ ներդաշնակությունը, ներքին տարածքների միասնությունն ու վեհությունը, արտաքին պատերի զուսպ՝ առանց պաճուճանքների ասկետիկ հարթությունները: Չմոռանանք նաև, որ կրոնական շինություններին զուգահեռ ունենք աշխարհիկ կառույցների հրաշալի օրինակներ՝ պալատական համալիրներ (Զվարթնոց, Անի, Դվին), հյուրատների, իջևանատների բազմաթիվ ինքնատիպ և իրար չկրկնող կառույցներ, կամուրջներ, ամրոցներ ու դղյակներ՝ շրջապատված անառիկ պարիսպներով (Ամբերդ), ժայռափոր եկեղեցիներ ու տնտեսական կառույցներ:
Հայ ճարտարապետության բազմաթիվ ուսումնասիրողներ՝ Յ. Ստրժիգովսկին, Ա. Տոկարսկին, Ն. Մառը, Ալպագո Նովելլոն, Պաոլո Կունեոն և այլք, իրենց աշխատություններում հաստատում են հայ ճարտարապետության, որպես առանձին, ինքնուրույն դպրոցի, բացառիկ դերը համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ:
Դ.Մ.Ս.- Որքան հասկացա, Դուք հիմնականում անդրադարձաք ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանված հուշարձաններին: Պատկերացնում եմ, թե ինչ հոյակերտ հուշարձաններ ունենք սփռված մեր հայրենիքի պատմական հատվածում, և ինչեր են ավերվել ու կործանվել… Սակայն մեր ժամանակներում, մեր իսկ ձեռամբ և ներկայությամբ՝ աչքի առաջ, ոչնչացվեցին եզակի կառույցներ, որոնցով պայմանավորված է մեր ազգային պատմական հիշողության խոսուն մի հատված: Դրանք նաև մեր քաղաքակրթության վկայագրերը և մշակույթի անքակտելի մասն էին (պատմական նշանակություն և մշակութային հիշողություն կրող բազմաթիվ կառույցներ հատկապես մայրաքաղաքի կենտրոնում): Ցավոք, նույնիսկ հասարակական ընդվզումներն ու ցասումն անկարող էին զսպելու և կասեցնելու այդ չարագործությունն ու ավերածությունը: Մինչդեռ հայտնի է, որ քաղաքակիրթ, նույնիսկ քաղաքակրթությունից հեռու երկրներում, խորին հարգանք են տածում իրենց հայրերի և պապերի արարման նկատմամբ, խոնարհումով և ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում նույնիսկ նվազ մշակութային արժեք ունեցող հնություններին, խնամքով վերանորոգում, վերականգնում և նոր կյանք են հաղորդում դրանց, ոչ թե վայրենաբար հավասարեցնում հողին: Փորձենք մի պահ անտեսել մեր հարևան երկրների մայրաքաղաքների հին հատվածները, առհասարակ, որևէ քաղաք, պատկերացնենք առանց պատմական դիմագծի: Մի՞թե մեզանում դեռ կենսունակ է այդ տեսակը, ամենազոր, իսկ քաղաքի և մշակույթի նվիրյալները՝ անկարող: Պարտադի՞ր է մեզ համար հինը ոչնչացնելով նորը կառուցելու միտումը, մանավանդ որ այդ նորերը, բացի շահագրգիռ մի քանիսի գրպանները լցնելուց, ոչինչ չեն ավելացնում, այլ որբացնում և ցնցոտիավոր են դարձնում վարդագույն տուֆով կառուցված արևային քաղաքամայր Երևանը։
Մ. Մ.- Յուրաքանչյուր քաղաք ունի իր պատմական հիշողությունը՝ ամրացված քաղաքի պատմական միջուկի, գեղագիտական, ճարտարապետական առանձին մեծարժեք կառույցների, պատմական-միջավայրային տարածքների, պետության կողմից պահպանվող պատմական և ճարտարապետական հուշարձան-կառույցների ամբողջության մեջ: Պահպանել այդ մշակութային շերտերը կնշանակի քաղաքը լիարժեք ու գրավիչ դարձնել իր քաղաքացիների, քաղաք այցելող բազմաթիվ հյուրերի համար: Ցավալի է, բայց մենք երբեմն չենք կարողանում մեր իսկ սիրած և ընդունած շենքերն ու կառույցները, քաղաքի համար կարևոր միջավայրային տարածքները պահպանել: Տնտեսական, քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելիս երբեմն հաշվի չեն առնվում դրանք: Նման մոտեցումներ եղել են Խորհրդային Հայաստանի տարիներին, երբ Երևանում քանդվեցին կրոնական բարձրարժեք բազմաթիվ կառույցներ, 19-րդ դարի քաղաքացիական շենքեր: Տարիների ընթացքում այդ խնդիրները կանոնակարգվեցին, ընդունվեցին համապատասխան օրենքներ, ապահովվեցին պայմաններ մեզ հասած արժեքավոր կառույցները պահպանելու համար: Թվում էր` անկախություն ձեռք բերելուց հետո մենք ավելի ուշադիր ու հոգատար կլինենք մեր ժառանգության պահպանման հարցերում: Սակայն տեղի ունեցավ հակառակը և մեծ չափերով…
Սեփականաշնորհման գործընթացն իրագործվեց առանց համապատասխան օրենքների և վերահսկողության: Նոր սեփականատերերը, չնչին գումարներով ձեռք բերելով ժողովրդի ստեղծած արժեքները, սկսեցին անխնա քանդել դրանք՝ իրենց մերկանտիլ խնդիրները լուծելու համար: Դա կատարվեց պետական հսկողական և վարչական մարմինների լուռ համաձայնությամբ և թողտվությամբ: Այդպես ոչնչացվեց Երևան քաղաքի առաջին գլխավոր ճարտարապետ Ն. Բունիաթյանի նախագծած «Սևան» հյուրանոցը, որը մինչև սեփականացումն ամբողջովին վերակառուցված և ամրացված էր: Բոլորի աչքի առաջ քանդվեց Երևանի խորհրդանիշերից մեկը՝ Երիտասարդական պալատը: 19-րդ դարի բազմաթիվ կառույցներ հանվեցին պետության կողմից պահպանվող հուշարձան շենքերի ցանկից և քանդվեցին: Ճարտարապետների, հասարակության բողոքն այդ երևույթների դեմ չարժանացավ պետական, վարչական, իրավասու մարմինների ուշադրությանը: Բողոքի ալիքները, որոնց միացան երիտասարդական բազմաթիվ կազմակերպություններ, կարողացան ոչնչացումից փրկել «Մոսկվա» կ/թ-ի ամառային դահլիճը, աղավաղված, կիսով չափ իր ամբողջականությունից զրկված Փակ շուկան (ճարտարապետ՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Գ. Աղաբաբյան), «Զվարթնոց» օդանավակայանը, «Հրազդան» ստադիոնը, «Այրարատ» կ/թ-ը, որոնք առայսօր գտնվում են վտանգի տակ: Նման վերաբերմունքի արժանացան նաև քաղաքի հասարակական և կանաչ տարածքները, զբոսայգիներն ու պուրակները: Չփրկվեց նույնիսկ «Հաղթանակ» զբոսայգին (հիմնվել է ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված 300 000 հայ զինվորների), որից մի հսկայական տարածք, սեփական հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով, հատկացվեց անձանց, ովքեր իրենք էին պարտավոր պահպանել օրենքները: Նույն ճակատագրին արժանացավ նաև զբոսայգու դիմացի կանաչ ծառապատ տարածքը՝ հյուսիսային ճառագայթի առանցքի վրա, որտեղ իրենց շքեղ առանձնատները կառուցեցին հանրապետության բարձրաստիճան ղեկավարները, որոնք ի պաշտոնե պետք է արգելեին նման անօրինականությունները: Կանաչ զանգվածների ոչնչացումը, դրանց տեղերը կառուցապատելը առանձնապես վտանգավոր է Երևանի համար՝ հաշվի առնելով օդի չորությունը, անապատային կլիման: Եվ չնայած այդ իրողություններին՝ ամբողջովին կառուցապատվեցին քաղաքը շրջապատող երբեմնի անտառապատ բարձունքները (դեպի «Հաղթանակ» զբոսայգի, Նորքի հեռուստատեսային աշտարակի տարածք):
Հետխորհրդային հանրապետություններից որևէ մայրաքաղաք (Մոսկվա, Մինսկ, Բաքու, Թբիլիսի, Կիև, Տալլին և այլն) նման ահավոր դեֆորմացիաների չենթակվեց, նրանք պահպանեցին իրենց կենտրոնական քաղաքների պատմական միջուկը, վերականգնեցին ինքնությունը և բարեկարգեցին դրանք՝ ավելի գրավիչ դարձնելով ոչ միայն քաղաքը, այլև իրենց երկիրը, հարգանք ներշնչելով իրենց ազգային արժանապատվության հանդեպ:
Դ.Մ.Ս.- Այսինքն` գործ ունենք պաշտոնապես իրականացված վանդալիզմի փաստերի հետ: Այդպես թշնամաբար սեփական ազգային հարստության և արժեքների հետ, հանուն անձնական նկրտումների, կարող են վարվել միայն իրենց երկիրը, քաղաքը, վերջապես ազգը չսիրող, ավելին, ատող մարդիկ: Ողբերգություն է, երբ օրենքը սահմանող և այն պաշտպանելու կոչված պաշտոնյան ինքն է խախտում և ոտնահարում այն: Եվ ի՜նչ դերակատարություն կարող էր ունենալ ճարտարապետների կամ Ձեր ղեկավարած միության բարձրացրած բողոքի ձայնը, և ու՞մ հասցեագրեիք Ձեր անհամաձայնությունը, եթե բողոքելու էիք նրանց, ում դեմ բողոքում եք… Այսինքն, մշակութային հանգուցալուծումները հայտնվում են փակուղում: Ի դեպ, ստեղծագործական միության մասին: Հաճախ են հնչում տարբեր որակումներ, տարբեր գնահատականներ ստեղծագործական միությունների վերաբերյալ, ներառյալ դրանք խորհրդային մնացուկներ և ավելորդ կառույցներ որակելը: Մի՞թե ստեղծագործական միությունները, որպես այդպիսին, սպառել են իրենց և նոր իրավիճակում չունեն անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու լծակներ։ Գիտեմ, որ ճարտարապետները նախապատրաստել են օրենսդրական և կանոնադրական նախագիծ և պատրաստվում են արմատական բարեփոխումների միության աշխատանքներում:
Մ.Մ.- ԽՍՀՄ ճարտարապետների միությունը կազմավորվել է 1932 թվականին, որի առաջին նախագահ է ընտրվել Կարո Հալաբյանը: 1937 թ. կայացել է Հայաստանի ճարտարապետների միության առաջին համագումարը, որը վարչության նախագահ է ընտրել վաստակաշատ ճարտարապետ Գևորգ Քոչարին: Կազմավորման օրվանից ՀՃՄ-ն ակտիվորեն մասնակցել է Խորհրդային Հայաստանի տնտեսական և մշակութային կյանքին: Միության անդամները լծվել են ստեղծագործ աշխատանքի քաղաքաշինության և ճարտարապետության, հուշարձանների պահպանության, երիտասարդ ճարտարապետների կրթության, ճարտարապետության տեսության զարգացման և պատմության ուսումնասիրության, հայ ճարտարապետության իրազեկման և քարոզչության գործընթացներին: ԽՍՀՄ ճարտարապետների միության մաս կազմելով մենք մասնակցել ենք միութենական կազմակերպության ստեղծագործական, կազմակերպչական, հասարակական կյանքին: Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՃՄ անդամներն ակտիվորեն մասնակցեցին Հայաստանի անկախացման, Արցախի ազատագրման, Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ և ինքնիշխան պետության գործընթացներին: Նրանք, քաղաքական-տնտեսական նոր հարաբերությունների պայմաններում, անմիջական մասնակցություն ունեցան քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտների օրենսդրական դաշտի ստեղծման պարագայում: 1992 թ. կազմակերպվեց Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիան (MACA), որի հիմնադիր անդամներից մեկը Հայաստանի ճարտարապետների միությունն է: 1995 թվականից մենք մասնակցում ենք ասոցիացիայի աշխատանքներին որպես լիարժեք անդամ՝ ձայնի իրավունքով: Ասոցիացիայի կազմում ընդգրկված են աշխարհի շուրջ 150 երկրի ճարտարապետների միություններ (կազմակերպություններ):
Քաղաքական-տնտեսական նոր հարաբերություններն իրենց հետ նոր խնդիրներ են բերել՝ թե կազմակերպչական, թե ստեղծագործական առումով: Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր գործելաոճ, որոնք կնպաստեն ճարտարապետության և քաղաքաշինության զարգացմանը, ճարտարապետների միության ստեղծագործական-մասնագիտական, հասարակական գործունեության ակտիվացմանն ու արդյունավետությանը: Մնալ զուտ հասարակական կազմակերպություն՝ նոմինալ հնարավորություններով, և այդ շրջանակներում շարունակել միության աշխատանքները սոսկ հասարակությանն իրազեկելով ճարտարապետական խնդիրների մասին կամ քարոզելով ճարտարապետական ժառանգությունն ու պատմությունը, վարել միայն, այսպես ասած, «ակումբային» գործունեություն, այլևս անբավարար է: Աշխարհի առաջավոր երկրներում ճարտարապետական գործունեության կարգավորումը, միության անդամների շարունակական ուսուցումն ապահովելը, գեղագիտական և սոցիալական տարբեր խնդիրների լուծումը, արտոնագրերի, հավատարմագրերի տրամադրումը, ճարտարապետական մրցույթների կազմակերպումն ու անցկացումն օրենքով վերապահված են ինքնակառավարվող ճարտարապետական կազմակերպություններին, այսինքն` նրան, ինչին մենք ձգտում ենք: Այդ նպատակով 2007 թվականից միության անդամներն աշխատում էին «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագծի վրա, որը միության անդամների և ՀՀ քաղաքաշինության նախարարության մասնագետների ընդհանուր ջանքերի շնորհիվ, վերջնական տեսք ստացավ 2016 թվականին: Այժմ օրենքի նախագիծը ՀՀ կառավարությունը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը: Այն ԱԺ ընդունումից և ՀՀ նախագահի հաստատումից հետո կմտնի ուժի մեջ, և մենք հնարավորություն կստանանք մեր աշխատանքները կազմակերպելու միջազգային չափանիշներին համահունչ, այնպես, ինչպես աշխարհի առաջավոր երկրների ճարտարապետական կազմակերպությունները:
Դ.Մ.Ս.- Հայկական ճարտարապետությունը և հայ ճարտարապետները համաշխարհային մակարդակներում միշտ արժանացել են հարգանքի և բարձր գնահատանքի: Հուսանք, որ կազմակերպական փոփոխությունները նոր խթան և լծակ կհանդիսանան մեր ճարտարապետության զարգացմանը և նրա առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը:
Հաջողություն եմ մաղթում Ձեր աշխատանքին:

Դիտվել է՝ 5381

Մեկնաբանություններ