Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Օդրի Ազուլայ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրեն

Օդրի Ազուլայ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրեն
14.10.2017 | 12:17

Ի՞նչ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
United Nations Educational, Scientific and Cultural Organization` Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն, որի պաշտոնական լեզուներն են անգլերենը, արաբերենը, չինարենը, ռուսերենը, ֆրանսերենը։ Շտաբ բնակարանը Փարիզում է:

Կազմակերպությունն ունի 195 անդամ պետություն (ԱՄՆ-ի դիտորդ դառնալուց և Իսրայելի հեռանալուց հետո կմնան 193-ը) և 10 ասոցացված անդամներ (գերազանցապես ինքնավար տարածքներ, որ ինքնուրույն արտաքին քաղաքականություն չեն վարում, ինչպես Բրիտանական Վիրգինյան կղզիները և Մակաոն): Դիտորդներից են Վատիկանն ու Մալթայի ուխտը:
Դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկրները, որ հետո կազմավորեցին ՄԱԿ-ը, քննարկում էին խաղաղ ժամանակներում կրթության համակարգի վերականգնման հարցերը: Պատերազմից հետո որոշվեց ստեղծել կազմակերպություն, որ կզբաղվի կրթության ու մշակույթի հարցերով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը ստորագրվել է 1945-ի նոյեմբերի 16-ին և ուժի մեջ է մտել 1946-ի նոյեմբերի 4-ին` 20 պետությունների վավերացումից հետո: ԽՍՀՄ-ը կազմակերպությանը միացել է 1954-ին: Պաշտոնապես սովետական կառավարությունը իր չանդամակցելը բացատրում էր նրանով, որ հիմնադիր կոնֆերանսի կազմակերպիչները 1946-ին չընդունեցին կազմակերպության ստեղծումը հետաձգելու իրենց առաջարկը: Արևմտյան պատմաբանները, սակայն, կարծում են, որ Իոսիֆ Ստալինը ի սկզբանե դեմ էր կազմակերպությանն անդամակցելուն, որը մտադիր էր կապեր հաստատել երկրի ինտելեկտուալ էլիտայի հետ: Նրա մահից հետո ԽՍՀՄ-ի հետ միաժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցեցին ՈՒկրաինական և Բելառուսական սովետական սոցիալիստական հանրապետությունները, որ ստեղծման պահից ՄԱԿ-ի անդամ էին:


ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրականացնում է 5 հիմնական ծրագրեր` կրթություն, բնական գիտություններ, սոցիալական և հումանիտար գիտություններ, մշակույթ, հաղորդակցություն և տեղեկատվություն: Կազմակերպությունն իրականացնում է նաև երկարաժամկետ նախագծեր մարդու և նրա բնական միջավայրի փոխգործակցության ոլորտում (կենսաբազմազանության կորստի և նրա կրճատման հետևանքների որոշարկում), Համաշխարհային ժառանգության օբյեկտների պահպանություն (օրինակ` Յելոուստոնյան ազգային արգելոցը և ԱՄՆ-ի Ազատության արձանը, Սթոունհենջը Մեծ Բրիտանիայում, մոսկովյան Կրեմլը և Բայկալ լիճը Ռուսաստանում), ոչնյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը (օրինակ` ավանդական երաժշտություն, պարեր, ծեսեր ու փառատոներ, արհեստներ), փաստագրական ժառանգության պահպանություն և օժանդակություն տեղեկատվության հասանելիությանը (պատմական փաստաթղթեր և արխիվներ):


Կազմակերպության բյուջեն երկու տարին մեկ հաստատվում է գլխավոր համաժողովում: 2016- 2017 ֆինանսական տարում բյուջեն եղել է 667 միլիոն դոլար: Բյուջեն կազմվում է անդամ երկրների վճարներից, որի չափը սահմանվում է ՄԱԿ-ի անդամավճարների սանդղակին համապատասխան: ԱՄՆ-ը դադարեցրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմանը մասնակցությունը (տարեկան 80 միլիոն դոլար), երբ 2011-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամ դարձավ Պաղեստինի ինքնավարությունը։ ԱՄՆ-ը և Իսրայելը դատապարտեցին այդ որոշումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորման դադարեցման պահին ԱՄՆ-ի վճարը կազմակերպության բյուջեի 22 % -ն էր: Foreign Policy-ի տվյալներով` կազմակերպությունից դուրս գալու ԱՄՆ ներկա որոշումը պայմանավորված է անդամավճարի 500 միլիոն դոլար պարտքով, որ երկիրը չի վճարել տարիների ընթացքում:


ՄԱԿ-ի բոլոր անդամներն իրավունք ունեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ լինելու և պատմության ընթացքում շատերն են կազմակերպությունից հեռացել ու վերադարձել: ԱՄՆ-ը ևս դուրս է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ից: 1984-ին Ռոնալդ Ռեյգանը որոշեց կազմակերպությունից հեռանալ` մեղադրելով կոռուպցիայի և գաղափարական չեզոքության մեջ ԽՍՀՄ-ի նկատմամբ: 2003-ին Ջորջ Բուշ կրտսերը վերադարձրեց կազմակերպության լիիրավ անդամակցությունը։
Մեծ Բրիտանիան հեռացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ից 1985-ին և վերադարձավ 1997-ին` կառավարության փոփոխությունից հետո: 2016-ին Իսրայելը դադարեցրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը, երբ կազմակերպությունը բանաձև ընդունեց Երուսաղեմի սրբավայրերի մասին` դատապարտելով սուրբ վայրեր մուսուլմանների մուտքի սահմանափակումները: Ի պատասխան բանաձևի` Իսրայելի կրթության նախարար Նաֆթալի Բենետը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային նամակ ուղարկեց` մեղադրելով կազմակերպությանը, որ անտեսում է հուդայականների հազարամյա կապերը Երուսաղեմի հետ և աջակցում է ՙիսլամիստական ահաբեկչությանը՚:
ВВС


Հ.Գ. Ինչպես բոլոր կազմակերպությունները` ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս առաջնորդվում է երկակի, երբեմն բազմակի ստանդարտներով և ընդունում է քաղաքականացված որոշումներ: Համենայն դեպս` այդպիսին էին Իրինա Բոկովայի գլխավոր տնօրինության 8 տարիները: Հոկտեմբերի 13-ին ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն ընտրվեց Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլայը: Նրա թեկնածությունը Գլխավոր համաժողովը կհաստատի նոյեմբերի 10-ին, պաշտոնը կստանձնի նոյեմբերի 15-ից:


2016-ի փետրվարից 2017-ի մայիսը Օդրի Ազուլայը Ֆրանսիայի մշակույթի նախարարն էր սոցիալիստներ Մանուել Վալսի և Բեռնար Կազնյովի կառավարություններում: Մինչ այդ տարիուկես աշխատել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խորհրդական մշակույթի հարցերով: Ազուլայը երկրորդ ֆրանսիացին է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում` 1950-ին Ռենե Մայոյից հետո: Կարիերան սկսելով իբրև թվային հեռուստատեսության փորձագետ` 2006-ին նա աշխատանքի անցավ Կինեմատոգրաֆիայի ֆրանսիական ազգային կենտրոնում, որտեղ զբաղվում էր թվային հեռուստակինոարդյունաբերությամբ: Նախարարության մեկուկես տարում Օդրի Ազուլայը սերտ համագործակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ամբողջ աշխարհի մարտական գործողությունների գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության հարցով: Ազուլայը մարոկկացի հրեաների ժառանգ է, այդ պատճառով նրա առաջադրումն արաբական երկրներում կտրուկ քննադատություն հարուցեց: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նրա հիմնական մրցակիցը Կատարի մշակույթի նախկին նախարար, այժմ էմիրի խորհրդական Համադ բին Աբդուլազիզ ալ Կավարին էր: Ազուլայը նրանից առաջ անցավ ընդամենը 2 ձայնով` 30-ը 28-ի դեմ: Լրատվամիջոցներում նաև տեղեկություններ կային, որ Կատարը փաթեթով ՙգնում է՚ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Փաստորեն` չգնեց: Իսկ պատկերացնու՞մ եք Հայաստանի մշակույթի նախկին նախարարներից որևէ մեկին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածու… Բա ասում էիք` համաշխարհայի՞ն ազգ ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ