Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մենք` ինչպես Քրիստափոր Կոլումբոսը

Մենք` ինչպես Քրիստափոր Կոլումբոսը
15.10.2017 | 08:50

Քրիստափոր Կոլումբոսը, նավարկությունը սկսելով եվրոպական մայր ցամաքից արևմտյան ուղղությամբ և դուրս գալով Ատլանտյան օվկիանոս, ձգտում էր Հնդկաստան հասնել: 525 տարի առաջ, 1492-ի հոկտեմբերի 12-ին նա հասավ Հյուսիսային Ամերիկա: Այն ժամանակ Կոլումբոսը չգիտեր, որ նոր մայր ցամաք է հայտնաբերել, և նրա հայտնագործած հողերն անվանվեցին «Վեստ-հնդկական կղզիներ»: Ամերիկյան մայր ցամաքում հոկտեմբերի 12-ը նշվում է իբրև «Կոլումբոսի օր»` ի նշան հարգանքի ծովագնացի, որ ինքն էլ չգիտեր իր Ամերիկա հայտնագործելը: (Հաստատված տեղեկություններով` ամերիկյան մայր ցամաքն առաջինը գտել են վիկինգները 11-րդ դարում): Թեպետ Կոլումբոսի «ակամա» հայտնագործությունից անցել է 525 տարի, Թուրքիան մինչև այսօր տվայտում է անհավանական թեթևամտության գրկում Ամերիկայի ճանաչման առումով: Թուրք-ամերիկյան հարաբերությունների պատմությունը երկար չէ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, կորեական պատերազմի ժամանակ մենք մոտիկից ծանոթացանք ԱՄՆ-ի հետ, որ լավ հասկացավ Թուրքիայի աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակությունը։ Երբ մենք դարձանք ՆԱՏՕ-ի անդամ 1952-ին, Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև սկսեցին դաշնակցային հարաբերություններ զարգանալ:


Այսօր վիզային ճգնաժամի պատճառով մենք թուրք-ամերիկյան հարաբերությունների պատմության ամենաճգնաժամային շրջաններից մեկում ենք հայտնվել: Ինչու՞: Ոչ Վաշինգտոնում է վստահություն մնացել Թուրքիայի նկատմամբ, ոչ Անկարայում` ԱՄՆ-ի նկատմամբ: Փոխադարձ վստահության այս ճգնաժամը տանում է դեպի 70-ամյա դաշնակցային հարաբերությունների լրջագույն խարխլման: Նախկինում «ռազմավարական համագործակցություն» հասկացությունը, որ վերջին տարիներին, ինչպես հայտարարվում է, մեր առաջ եղած ամեն մի երկրի հետ հաստատում ենք, մենք օգտագործում էինք միայն ԱՄՆ-ի առնչությամբ: Հիմա` ամենաքիչը ԱՄՆ-ի առնչությամբ:


2009-2013-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական, 2013-2015-ին նախագահի հատուկ խորհրդական և Սպիտակ տան համակարգող Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի ու Պարսից ծոցի հարցերով` Ֆիլիպ Գորդոնը Financial Times-ում գրում է, որ Թուրքիան նախկինը չէ: Ֆիլիպ Գորդոնը կարևոր դիվանագետ է, որ լավ գիտի Թուրքիան և անձամբ ծանոթ է մեր ԱԳՆ-ի բարձրաստիճան բազմաթիվ դիվանագետների ու նախկին նախարարների հետ, այդ պատճառով նրա դիտարկումը Թուրքիայի վերաբերյալ բավարար է հասկանալու` ինչպես է ԱՄՆ-ը Թուրքիային վերաբերվում: Գորդոնը գրում է, որ ԱՄՆ-ի նկատմամբ թշնամանքը Թուրքիայում հասել է 72 %-ի։ Թուրքիայում անցկացվող հասարակական կարծիքի հարցումները համանման արդյունքներ են տալիս: Ցավոք, թուրքական հասարակությունում հակաամերիկյան տրամադրությունների սրման հետ այդ ցուցանիշը աճում է և երկու երկրների ժողովուրդներն աստիճանաբար հեռանում են միմյանցից:


Այո, այսօր ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև լուրջ տարաձայնություններ կան Մերձավոր Արևելքի խնդիրների շուրջ, նախ և առաջ` Սիրիայի: Չնայած դրան` պնդումը, որ վիզային հարցը ծագել է ԱՄՆ-ի կանխակալ վերաբերմունքի պատճառով Թուրքիայի նկատմամբ, և Թուրքիային «պատժում են», որ իր ներդրումն է ունեցել Սիրիայի Իդլիբ նահանգում դեէսկալացիոն գոտու ստեղծման մեջ, իրոք հիմնավորված չեն: Ավելին` երբ Սիրիայի ազատ բանակը առաջին քայլերն արեց Սիրիայի տարածքում Իդլիբի գործողության հետ կապված, Պենտագոնը դրական գնահատեց «Թուրքիայի ներդրումը Սիրիայում դեէսկալացիոն գոտու ստեղծման մեջ և ահաբեկչության դեմ նրա պայքարը Սիրիայի Արաբական Հանրապետությունում` սեփական անվտանգության հաստատման համար»։


Սիրիայում Թուրքիայի վարած դեէսկալացիոն գոտիների ստեղծման աջակցության քաղաքականությանը, Աստանայի գործընթացի շրջանակներում, ԱՄՆ-ը աջակցում է: Իրականում հրադադարի պահպանման համանման գործառնություն ԱՄՆ-ը ևս կատարում է Ռուսաստանի հետ միասին Դերիա նահանգում` Հորդանանի սահմանի մոտ, Սիրիայի հարավում: Վարչակարգի ուժերի ու Սիրիայի ընդդիմության միջև բախումների կանխումը, համատեղ պայքարը ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ հարավում իրականացվում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությամբ, հյուսիսում` Թուրքիայի ու Ռուսաստանի: Հետևաբար, ԱՄՆ-ը կարիք չունի հայտնագործելու հնարովի հարց, թե «ինչու՞ է Թուրքիան համագործակցում Ռուսաստանի հետ» ու այդ հարցին նույնքան հնարովի պատասխան տալ, որ «Թուրքիայի առանցքը տեղաշարժվել է»: Դա հազիվ թե համապատասխանում է ստեղծված իրականությանը: ԱՄՆ-ում տպավորություն է ստեղծվել, որ վերջին տարիներին Թուրքիան էականորեն հեռացել է իրավական պետության սկզբունքներից ու պրակտիկայից: Այդ կարծիքը ձևավորվել է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև մեր բոլոր դաշնակից երկրներում, որ նշանակություն են տալիս այդ սկզբունքներին ու պրակտիկային և ընկալում են իբրև ունիվերսալ չափանիշ: Թուրքիային անհրաժեշտ է շտկել այդ ընկալումը, քանի դեռ այն պահպանվում է, ուժեղանալու է տպավորությունը, որ Թուրքիան հեռանում է ունիվերսալ արժեքներից: Ֆիլիպ Գորդոնն ընդգծում է, որ Թուրքիան չի կարող մի ակնթարթում փոխել պատկերացումը, որ շարժվում է Մերձավոր Արևելքի երկիր դառնալու ուղղությամբ: Ինչու՞ պիտի մենք փոխենք այդ պատկերացումը։ Մերձավոր Արևելքի բոլոր հարևան պետությունները Թուրքիան համարում են արևմտյան երկիր և փորձում են մեզ ընդօրինակել: Բայց երբ հասկանան, որ այդպես չէ, Թուրքիան կկորցնի իր գրավչությունը նրանց համար։
ՈՒնալ ՉԵՎԻԿՈԶ, Hurriyet


Հ.Գ. Մեղմասացության` լիտոտայի, ինչ փառահեղ օրինակ է` ընդամենը տպավորություն է ստեղծվել, որ Թուրքիան հեռացել է իրավական պետության սկզբունքներից ու պրակտիկայից։ Եվ` այն երկրներում, որ նշանակություն են տալիս այդ հասկացություններին։ Այսինքն` Թուրքիայում նշանակություն չեն տալիս, բայց ուզում են արևմտյան երկրի տպավորություն թողնել: Եվ ոչ մի խոսք քրդական խնդրի վերաբերյալ, որտեղ ռազմավարական շահերը տարբերվում են: Սիրիան, Իրանը, Իրաքը, Իրաքյան Քրդստանը, Սաուդյան Արաբիան, Իսրայելը` ոչ ամբողջական թվարկումը խնդիրների, որտեղ ԱՄՆ-ի ու Թուրքիայի տեսակետները տարբերվում են: Ռուսաստանին մնում է օգտագործել այդ տարբերությունները, ինչու՞ ոչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ