Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մշակույթի նահանջն ու իշխանության վերելքը

Մշակույթի նահանջն ու իշխանության վերելքը
15.10.2017 | 13:51

«Լևադա» կենտրոնի տվյալներով` Պուտինին աջակցողների կամ «պուտինյան մեծամասնության» մեջ հասարակության բոլոր տարիքային խմբերն ու շերտերը ներկայացնող քաղաքացիներն են: Վերջերս 41-ամյա փաստաբան Ալեքսեյ Նավալնիին` Ռուսաստանում ամենաճանաչված ընդդիմադիրին ու հակակոռուպցիոն ակտիվիստին, իշխանությունները «չթույլատրված հանրահավաքների կազմակերպման» մեղադրանք ներկայացրին և 20 օրով կալանավորեցին: Չնայած դատավճռին` Նավալնին կողմնակիցներին համոզեց Կրեմլին կոչ անել` հնարավորություն տալ արդար ու ազատ նախընտրական պայքարի` նախագահական ընտրություններից առաջ: Ռուսաստանի քաղաքացիներն իրենց նոր նախագահին ընտրելու են 2018-ի մարտին, բայց ԿԸՀ-ն հայտարարել է, որ Նավալնին դատապարտված է եղել կեղծարարության համար, ուստի չի կարող ընտրություններին մասնակցել։ ԿԸՀ-ի որոշմանը հաջորդեցին զանգվածային բողոքի ցույցեր ռուսական քաղաքներում հոկտեմբերի 7-ին` Պուտինի ծննդյան օրը: Պուտինի ծննդավայր Սանկտ Պետերբուրգում հանրահավաքին հազարից ավելի ակտիվիստներ մասնակցեցին կարմիր ու սպիտակ դրոշներով, որ բացականչում էին «Պուտինը գող է», «Ազատություն Նավալնիին»: Բողոքի ակցիաների 260 ակտիվիստների ոստիկանությունը ձերբակալեց: Չնայած ժողովրդական բողոքներին` «Լևադա» կենտրոնը շարունակում է պնդել, որ նախագահ Պուտինը նախկինի նման վայելում է հասարակության լայն աջակցությունը։


«Լևադա» կենտրոնի վերջին հարցման տվյալներով` նախագահական ընտրություններում ՌԴ քաղաքացիների 68 %-ն ամենայն հավանականությամբ կաջակցի նախագահ Պուտինին: Հարցմանը մասնակցել է 1600 մարդ ՌԴ տարբեր քաղաքներից: Դա համեմատաբար մեծ հիմք չէ նման պնդումների համար, բայց եզրակացությունները նախկինի պես հիմնականում համապատասխանում են նախագահ Պուտինի հանրաճանաչության պատմական ցուցանիշներին Ռուսաստանի պահպանողական ընտրախավի շրջանում:
Հարցման արդյունքներով` հանրաճանաչությամբ երկրորդը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է: Նրան աջակցում է 8 %-ը, իսկ լիբերալների նախագահ Ժիրինովսկու և կոմունիստների նախագահ Զյուգանովի վարկանիշը 2 % է: Նավալնիին աջակցում է ընդամենը 1 %-ը, սակայն այդ թիվը հազիվ թե հավաստի է` հաշվի առնելով նրա հանրահավաքներին մասնակցող մարդկանց թիվը:
Կամ հարցման ընտրությունը չի արտացոլում ռուսական հասարակության մեջ կատարվող ժողովրդագրական փոփոխությունները, կամ Ռուսաստանում քաղաքական հարցումների մասնակիցներն իրենց պահում են արևմտյան ընտրողների նման և նախընտրում են հարցումների ժամանակ իրենց մտքերը չբացահայտել:


Հարցման արդյունքների մյուս եզրակացությունն է, որ հարցվածների 55 %-ը չի կողմնորոշվել ում ձայն կտա, եթե Վլադիմիր Պուտինը չառաջադրի թեկնածությունը: Այդ պատասխանը բնութագրական է ռուսական պահպանողական հասարակության համար, որ հազվադեպ է փոփոխությունների կողմ լինում։ Բայց նաև վկայում է, որ ընտրախավը, զգուշանալով «քաղաքական վրեժխնդրությունից»` չի ցանկանում ոչինչ ասել, որ կարող է մեկնաբանվել իբրև գործող նախագահի դեմ ելույթ: Հարցման արդյունքներով` նախագահ Պուտինն ունի լիակատար ու լայն աջակցություն երկրի բոլոր շրջաններում ու տարիքային բոլոր խմբերում:
«Պուտինյան մեծամասնության» հիմնական մասն ապրում է մեծ քաղաքներից հեռու` առավել պահպանողական տրամադրություններ ունեցող շրջաններում: Պատմականորեն այդ մարդկանց գրավում է նրա կառավարման կոշտ ոճը և «վճռական տղայի» իմիջը: Ռուսական հասարակության բոլոր շերտերում նա ունի ուսանողների, բիզնեսմենների, թոշակառուների աջակցությունը, որ հակված են հավատալ, թե երկրի էլիտան գործում է հօգուտ երկրի շահերի: ԶԼՄ-ներում Պուտինի ծննդյան օրվան նվիրված հրապարակումներում նրա PR թիմը փորձել էր ցուցադրել նրան աջակցող ընտրախավի բազմազանությունը և տպավորություն ստեղծել, որ նախագահին ծննդյան օրը շնորհավորողների թիվը գերազանցում է փողոցային բողոքի հանրահավաքների մասնակիցների թվին։ Չնայած նրանց ջանքերին, անկասկած, Ռուսաստանի հասարակության բոլոր խավերի ու դասերի ներկայացուցիչները` ուսուցիչներ, հրշեջներ, իրավաբաններ, բժիշկներ, ոստիկաններ, ակտիվ հայտարարում են նրան անկեղծ աջակցելու մասին։ Նույնիսկ եթե Նավալնիին հաջողվի հաղթահարել նախագահի թեկնածու առաջադրվելուն խանգարող պետության անշնորհք փորձերը, ռուսական ընդդիմությունը բախվելու է վիթխարի դժվարությունների` ստիպված լինելով դիմակայել ընտրողների սրտերի ու ձայների համար պայքարում կոշտ ընտրապայքարի` ստանալու համար հասարակության աջակցությունը ու ձայներ «խլելու» ներկա ղեկավարությունից, որ այդքան խոր է տեղավորվել իշխանական թիկնաթոռին: Ընդդիմությունը ստիպված է հաղթահարել իշխանության դիմադրությունը, որ օգտագործելու է կառավարման ամբողջ համակարգը` իշխանության մնալու համար:
Ջեյմս ՈՒԻԼՍՈՆ, Brussels Express, Բելգիա


Հ.Գ. Իսկ ինչու՞ ոչ, եթե հասարակությանը հմայում է «ուժեղ տղայի» կերպարը ու իդեալ են մնում ստալինյան ժամանակները` «երկաթե բռունցքի» կառավարմամբ: Քաղաքականությունը` քաղաքականություն, բայց սա ռուսական մշակույթի պարտությունն է: Փառահեղ ու հիասքանչ մշակույթի, որ Արծաթի դարի բռնկումից հետո մեկ էլ իրեն դրսևորեց Հալոցքի տարիներին` փայլուն պոեզիայով ու արձակով ու... տարրալուծվեց իշխանական կաբինետներում ու ռուսական խրճիթներում: Ռուս փիլիսոփաների վիթխարի պատմական ժառանգությունից 21-րդ դարն ընտրեց ազգայնականության փառաբանումն ու ռուսական եսի ընդգծումը` իբրև աշխարհը փրկելու հատուկ առաքելություն ունեցողի, որ համահունչ էր Կրեմլի նախընտրած քաղաքականությանը: ՈՒ մինչ ռուսները փրկում են աշխարհը, որ իրենց փրկության կարիքը չունի, Ռուսաստանը մնում է սովետական պատկերացումների ու իդեալների շրջանակներում` պետությունը պիտի պահի ժողովրդին, ցարն ամեն ինչ գիտի, ցարն ամենազոր է: Մշակույթի ու գաղափարների պարտությունը ուժեղացնում է ցանկացած իշխանության: Հազիվ թե պատճառն այն է, որ բոլշևիկյան բռնապետությունը հերթով սպանեց կամ մեկուսացրեց մտածողներին` Գումիլյով, Եսենին, Մանդելշտամ, Մայակովսկի, Ցվետաևա, Ախմատովա, Պաստեռնակ, Բուլգակով, Ֆադեև, Սոլժենիցին, Բրոդսկի, Սախարով, Աբրամով, Աստաֆև, Բելով, Զալիգին, Շուկշին, Ռասպուտին, Վամպիլով, Վիսոցկի, Եվտուշենկո, Վոզնեսենսկի, Ռոժդեստվենսկի, Ախմադուլինա, Լյուբիմով… Գիտնականների, գրողների, փիլիսոփաների, երաժիշտների, նկարիչների, քանդակագործների, ռեժիսորների, դերասանների, երգիչների` մարդկանց, որ հանրային ազդեցություն ունեին ու ազատ մտածողություն, որ իշխանական շրջանակներից դուրս էր գալիս ու կարող էր դուրս բերել հասարակությանը: Մշակույթի դիմադրողականության թուլացումը ժամանակի մեջ հանգեցնում է ժողովրդի անպաշտպանության ու ազգի նահանջի: Իսկ դա միշտ ձեռնտու է իշխանությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ