Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ժնև և արև

Ժնև և արև
16.10.2017 | 23:30

Հոկտեմբերի 16, Ժնև, երկուշաբթի: Արևոտ եղանակ, շվեյցարական դաստակերտ ու Իլհամ Ալիև` ի՞նչ պիտի զգար Սերժ Սարգսյանը։ Ժնևում էին նաև համանախագահներն ու ԱԳ նախարարները: Հետո նրանք հայտարարեցին. «Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են ձեռք առնել միջոցներ՝ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար, և լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը: Համանախագահները շարունակում են պատրաստակամ լինել՝ շարունակել միջնորդական աշխատանքը կողմերի հետ՝ ԼՂ հակամարտության խաղաղ և բանակցված լուծմանը հասնելու համար: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները մոտ ապագայում աշխատանքային քննարկումներ կունենան ԱԳ նախարարների հետ»:


Ժնևում ՀՀ նախագահը ևս մեկ հանդիպում ունեցավ` ՀՀ դեսպանատանը և շվեյցարահայերին ասաց. «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և Ադրբեջանի նախագահը, և ես դրանում խորապես շահագրգռված ենք»: «Տա Աստված, որ միշտ այդպես կարծի [Ալիևը]: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»:


«Մեկ օր Ժնևում» թեմայով` այսքանը: Ապրիլյան պատերազմից հետո երրորդ հանդիպումից ակնկալիքները շատ չէին: Երկու նախագահներն էլ վաղեմի ավանդույթով հեռակա «թեթև հրաձգություն» կազմակերպեցին` նշելով իրենց հետաքրքրությունների արեալը, և հերթական անգամ արձանագրեցին տեսակետների բախումը: Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների համեմատությամբ` Ժնևի հանդիպումը ՙամենասակավախոսն՚ էր` թե հրապարակված արդյունքների, թե համանախագահների հայտարարության առումով։ Տարիուկես հետո դա բնական էր` հաշվի առնելով այս ընթացքում կուտակված իրադարձությունները և սպասվող իրադարձությունները: Փաստացի` սա հրադադարի հանդիպում էր, եթե, իհարկե, Իլհամ Ալիևը հասկանում է` դա ինչ է:
Բայց Ալիևը հասկանում է, որ «մեծ եղբայր» Թուրքիայի հետ հայտնվել է ոչ լավագույն ժամանակներում` միջազգային մեկուսացումը, քննադատական բանաձևերն ու պատժամիջոցների սպառնալիքները ցանկալի հարթակ չեն կոնֆլիկտի լուծման համար։ Գուցե նաև հրաժեշտի հանդիպում էր` 2018-ի ապրիլից առաջ: Ոչ միայն պարզ չէ` ո՞վ կլինի Հայաստանի վարչապետը, այլև հասկանալի չէ` ո՞վ կլինի Ադրբեջանի նախագահը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Արցախի ԱԳՆ-ն Ժնևի հանդիպումից հետո հայտարարեց. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 16-ի հանդիպումը կարևոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում։ Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 և 1995 թթ. համաձայնագրերի անշեղ պահպանումը, նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանն ու դիտարկման կարողությունների ավելացմանը։
Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռք բերելու ճանապարհին ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»:
Նայենք առաջ:

Դիտվել է՝ 9102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ