Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Շվեյցարիա` Ժնև

Շվեյցարիա` Ժնև
17.10.2017 | 00:51

Կարող էր և Բեռնը լինել: Նույնիսկ Ցյուրիխը: Էական չէ: Շվեյցարիան հայ-թուրքական արձանագրությունների երկիրն է նաև: ՈՒ քանի որ մեծ քաղաքականության մեջ մանրուքներ չկան, նկատենք` կրկին նուրբ հաշվարկ է արվել Մոսկվայի ու Փարիզի «արանքում» գտնվող չեզոք երկիր Շվեյցարիայի մասով, որպեսզի հանդիպումն անպայման տեղի ունենա, ռուսական կողմը չընդվզի, կողմերին հանդիպումից հետ չքաշի: Այն էլ` աշխարհաքաղաքական այս գերլարված իրավիճակում, երբ Թրամփն ու Իրանը «միջուկայինի» շուրջ «հաշիվներ» են մաքրում, երբ Իրաքն իր զորքերն է մոտեցնում «անկախացյալ»-նավթառատ Քրդստանի սահմաններին, երբ ԵԱՏՄ-ական Ղրղզստանի սահմանները «փակում» է այդ երկրի ընտրություններում «պարտված» մեկ այլ ԵԱՏՄ-ական անդամ` Ղազախստանը, իսկ Ղրղզստանի նախկին նախագահ Աթանբաևը պահանջում է Ղազախստանի սահմանը չբացելու դեպքում հրավիրել ԵԱՏՄ նիստ… Պետք է ձգել պաուզան:


Բանն այն է, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Հայաստանում` առաջիկա օրերին: Եթե Ղազախստան-Ղրղզստան «պոլեմիկան» չստացվի, արտահերթ նիստ հրավիրվի. որտե՞ղ է հրավիրվելու այն: Անչափ էկզոտիկ կլինի նման օրակարգով Երևանում նիստ հրավիրելու հեռանկարը: Էլ չենք ասում, որ ըստ «Լավրովի ծրագրի»` ԵԱՏՄ անդամ պետք է «դառնա» նաև Ադրբեջանը, եթե Հայաստանն ազատագրված տարածքները «տա» Ղարաբաղին: Ի դեպ, Ղարաբաղից էլ ասացին` էլ չկա նման տարածք: «Պրծել» է: Այն այսուհետ Ղարաբաղի մաս է, և վերջինիս հետ կազմում է մեկ ամբողջություն: Չծանրանանք` ամենամեծ ճշմարտության վրա` Ադրբեջանը երբեք, ոչ մի դեպքում ԵԱՏՄ անդամ չի դառնա` միլիոն պատճառներով:


Անցնենք առաջ` արձանագրելու, որ, բոլոր դեպքերում, Շվեյցարիան գտնվում է Եվրոպայում, որի հետ մեկ ամսից Հայաստանը պետք է «հարևանության» համաձայնագիր ստորագրի: Արևմտյան հաջորդ նոու-հաուն էլ ԵՄ-Հայաստան համաձայնագրի «անժամանակ» հրապարակումն էր: Այո՛, Արևմուտքը ևս շտապում է: Արևմուտքն անում է ամեն ինչ, որ այս անգամ համաձայնագիրը «փոզմիշ» չլինի:
Համարձակություն ունենանք ասելու` չի՛ լինի. դե, գոնե այդպես են վստահեցնում հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները` «նեղ միջավայրում»։ «Փոզմիշի» միակ պատճառը, ըստ նրանց, ոչ թե Ռուսաստանի «նեպրիյազնը» կարող է լինել, այլ եվրոպական բարդ ընթացակարգը. ԵՄ անդամ երկրները թե՛ համաձայնագրի ստորագրումից առաջ, թե՛ հետո պետք է տան իրենց համաձայնությունը:
Համարձակություն ունենանք ասելու նաև, որ ոչ մի էական շարժ չի լինի Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ:


Մեծ շարժն ինքնին հանդիպման փաստն է, կողմերին մեկ սեղանի շուրջ մի երկու ժամով նստեցնելը: Հաջորդ շարժն էլ այն է, որ արևմտյան համանախագահությունն ամենևին էլ մտադիր չէ ղարաբաղյան խնդրում հետ քաշվել, առավելությունը տալ Ռուսաստանին, դրանով ևս մեկ անգամ ազդանշանելով` դեմ է «լավրովյան», այն է` սանկտպետերբուրգյան ծրագրին, այն է` ռուսական խաղաղապահների «գոյությանը»… Էլի ձգենք պաուզան` ասելու` Ռուսաստանը փորձում է խաղաղապահների համանման` ՀԱՊԿ ուժերի «ակցիա» իրականացնել նաև Սիրիայում, ՈՒկրաինայում, սակայն ամերիկյան օրակարգը, գոնե Ղարաբաղի մասով, բոլորովին այլ է. այդ մասին խոսել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, այն ներառում է Վիեննայի «օրակարգը», ինչը բոլորին է հայտնի, որի մատրիցան հետաքննողական սարքերի տեղակայումն է:
Իսկ այս երկու հակընդդեմ մոտեցումները միմյանց «կցել-կցմցելը», անգամ ամենամեծ ցանկության դեպքում, ուղղակի անհնար է, այն էլ` մեկ-երկու ժամ տևող հանդիպման ընթացքում:
Լինի դա Ժնևում, Ցյուրիխում, թե Բեռնի Ծաղկի փողոցում: ՈՒ մեր «Շտիռլիցը» դա գիտեր: Դրա համար էլ գնաց հանդիպման:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ