Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բեկանել ձգողականության օրենքը

Բեկանել  ձգողականության օրենքը
17.10.2017 | 01:03

Կա ժամանակի զգացողություն, ու կա պահի զգացողություն: Քիչ թե շատ` ժամանակի զգացողություն ունեն բոլորը, պահի զգացողություն` ոչ: Գուցե այն պատճառով, որ երբ տրվում ես պահի զգացողությանը, կորցնում ես ժամանակի զգացողությունը: Պահը ամենատեր է. եթե տալիս է, տալիս է ամեն ինչ։ Եթե խլում է, խլում է ամեն ինչ: Պահերի հանրագումարը դառնում է ժամանակ, ու ժամանակին է մնում կամ սպասարկել պահի հաջողությունը, կամ սփոփել պահի ձախողումը։ Պահը միակն է։ Կորցրիր` չի կրկնվում: Ժամանակը թվում է անվերջ ու անհնար հնարավորությունների տեր, բայց նույն պահն է` ոչինչ չի կրկնվում ու չի վերադառնում: Անգամ ապագան:


Նոյեմբերի 24-ից առաջ` հոկտեմբերի 13-ին, ԵՄ-ն, ապա ՀՀ ԱԳՆ-ն հրապարակեցին ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը: Նախաստորագրված համաձայնագիրը, որ պիտի ստորագրվի Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Եթե պահն ու ժամանակը համընկնեն, որ Հայաստանում հազվադեպ է լինում: Ինչու՞ կողմերը թոթափեցին գաղտնիության հանդերձները: ԵՄ-ը, փորձից ելնելով, փակու՞մ էր Հայաստանի հնարավոր նահանջի ճանապարհը: Հայաստանը մնացած 40 օրում փորձելու է ապահովագրվել թե՛ ստորագրելու, թե՛ չստորագրելու հետևանքների՞ց։ Ով չալարի, կարող է կարդալ։ Ով չալարի` քննադատել: Պետք է սխալներ ու վտանգներ տեսնել, եթե ոչ մի տեղ չես ուզում գնալ: Պատրվակներ` առավել ևս։ Համենայն դեպս, այլևս ոչ ոք չի կարող ասել, որ համաձայնագիրը գաղտնի է պահվում, որովհետև Հայաստանի դեմ կետեր կան։ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը տնտեսական, քաղաքական, ռազմական սպառնալիքներ չունի ու չի ոտնահարում Հայաստանի անվտանգությունը, ազգային արժեքներն ու արժեհամակարգը (եթե կա): Դեռ չի լռել «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրինագծի աղմուկը, որ մեծ հաջողությամբ քաղաքականացրին ու վերածեցին ոչ թե բովանդակության քննարկման, այլ ԵՄ-ՌԴ հեռակա առճակատման նոր ու անհեթեթ հարթակի, ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը փոխում է հարվածի ուղղությունը: Հուսանք, որ քաղաքական անմեղսունակությունը չի գերակայի: Թե՛ քննարկման ժամանակ, թե՛ ստորագրելու պահին:


Քաղաքական անմեղսունակությունը դարձել է թրենդ ու լավ էլ վաճառվում է: Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց Կոնգրեսին վստահեցնել, որ Իրանի հետ միջուկային գործարքը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին և կոչ արեց Իրանին լրացուցիչ պայմաններ առաջադրել պատժամիջոցների հետագա կասեցման դիմաց: 2015-ին Բարաք Օբամայի վարչակազմի ստորագրած համաձայնագրով` ԱՄՆ-ի նախագահը 3 ամիսը մեկ Կոնգրեսին վստահեցնում է, որ համաձայնագիրը պահպանվում է ու համապատասխանում ազգային շահերին: Դոնալդ Թրամփը չկամությամբ, բայց երկու անգամ հաստատել էր, երրորդի վրա կանգ առավ։ Ի՞նչ կանի Կոնգրեսը: Օրենսդիրները տարբեր կարծիքներ ունեն, հենց այդ պատճառով Թրամփը հայտարարեց, որ եթե Կոնգրեսում ու իր դաշնակիցների հետ կոնսենսուսի չհասնի, Իրանի հետ միջուկային գործարքը «վայրկենակապես» կբեկանվի: Միջազգային դիտորդները բազմիցս հայտարարել են, որ 2015-ից Իրանը կատարում է համաձայնագրի բոլոր պայմանները: Թրամփը միայնակ կարծում է, որ պայմանները չափազանց մեղմ են և Իրանին հնարավորություն են տվել ավելացնելու ծանր ջրի թույլատրված լիմիտները: Նույն օրը Մակրոնը, Մերկելն ու Մեյը համատեղ հայտարարությամբ անհանգստություն հայտնեցին ու կոչեցին մտածել, թե ինչ հետևանքներ կունենա որոշումը ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների անվտանգության վրա` մինչև որոշումներ ընդունելը, որ հակառակ են պայմանագրին, այդ թվում` պատժամիջոցների վերադարձը: ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասաց, որ Իրանի հետ գործարքը լիարժեք է, և Թեհրանը որևէ խախտում չի արել:

«Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կսրի Իրանի միջուկային խնդիրը, Թեհրանը կհետևի Վաշինգտոնի օրինակին, դա միանշանակ կվնասի անվտանգության և միջուկային զենքի չտարածման մթնոլորտին ամբողջ աշխարհում»,- ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իրանի իշխանությունները կատարում են բոլոր պարտավորությունները, որ ստանձնել են Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում` ուղղված սեփական միջուկային ծրագրի կրճատմանը»,- հայտարարեց ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկի Ամանոն, ընդգծելով, որ այդ երկրի ստուգման ռեժիմն ամենահուսալին է: «Իրանը պատրաստ է հրաժարվել միջուկային գործարքի գործողությունների համապարփակ համընդհանուր պլանից, եթե դուրս գա ԱՄՆ-ը»,- Թեհրանի պատասխանը հնչեցրեց խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։ «Միջուկային համաձայնագիրը երկկողմ համաձայնագիր չէ, ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։ ԱՄՆ-ի կողմից գործողությունների համապարփակ համընդհանուր պլանը խախտելը կամ դրանից դուրս գալը վիրավորանք է առաջին հերթին ՄԱԿ-ի հասցեին»,- ասաց նա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեռ սպասում է Կոնգրեսի որոշմանը, լռում է նաև Պեկինը` զբաղված իր համագումարով: ԱՄՆ-ը մնում է մենակ, ու դա նաև Թրամփի ճակատագիրն է: Դոնալդ Թրամփն ունի թերարժեքության բարդույթ Բարաք Օբամայի նկատմամբ` նա ինքնահաստատման համար հերթով բեկանում է Օբամայի հաստատած օրենքներն ու համաձայնագրերը և չի կարողանում դուրս գալ շոումենի կարգավիճակից: Շոուն տեղափոխվել է Սպիտակ տուն, և նա իրեն համարում է ճակատագրի պարգև ԱՄՆ-ին, որ նորից «մեծ» պիտի դառնա:


Ղրղզստանի հեռացող նախագահ Ալմազբեկ Աթամբաևը սպառնաց ԵԱՏՄ արտահերթ նիստ հրավիրել: «Եթե ընտրություններից հետո 2 օրում սահմանին իրավիճակը անփոփոխ մնա, ես կպահանջեմ ԵԱՏՄ արտահերթ նիստ հրավիրել: Ես այդ իրավունքն ունեմ»,- հայտարարեց Աթամբաևը: Իսկ ի՞նչ է ուզում ԵԱՏՄ-ից, որ կարգի հրավիրեն Նուրսուլթան Նազարբաևի՞ն: Հարաբերությունները լարվեցին, երբ Նազարբաևը սեպտեմբերին աջակցություն հայտնեց նախագահի թեկնածու մեծահարուստ Օմուրբեկ Բաբանովին։ Աթամբաևը նրան մեղադրեց երկրի ներքին գործերին խառնվելու մեջ, հայտարարելով, որ Ղազախստանը ղեկավարում են կոռումպացված «սուլթանները», Բաբանովին էլ օտար երկրի «սպասարկու» անվանեց: Ղազախստանը խստացրեց սահմանային անցումը, փաստացի փակեց: Կբացի, եթե նախագահ Օմուրբեկ Բաբանովն ընտրվի: Կիրակի օրը հաղթեց Սորոնբայ Ժենբեկովը` Աթամբաևի թեկնածուն: Հիմա «սուլթան» Նազարբա՞ևն է ԵԱՏՄ արտահերթ նիստ պահանջելու:


Թուրքիան պաշտոնապես փակեց նեղուցները Ղրիմի նավահանգիստներից դուրս եկած նավերի առաջ. «Նավերին, որ մեր երկիր են գալու Ղրիմից, չի թույլատրվելու նավահանգիստներ մտնել: Արգելքը վերաբերում է ցանկացած դրոշի տակ նավարկող նավերին»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան ու Մոսկվան քննարկում են C-500 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հարցը, և հույս հայտնեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան կպայմանավորվեն նաև C-400 զենիթահրթիռային համակարգերի համատեղ արտադրության շուրջ: Համադրեք երկու փաստերը ու որոշեք` ինչպիսի՞ն են ռուս-թուրքական հարաբերությունները: Կամ` Թուրքիայի ու ԱՄՆ-ի: Անկարայում ԱՄՆ-ի դիվանագետների ձերբակալությունից հետո սկսված վիզային պատերազմը շարունակվում է: Իրո՞ք խնդիրը քաղաքակրթությունների բախումն է: Թուրք-ռուսական սիրավեպը Էրդողանն օգտագործում է ԱՄՆ-ի հետ իր պայմաններով համագործակցելու՞ համար, թե՞ Ռուսաստանն է Թուրքիային օգտագործում ՆԱՏՕ-ի ու Արևմուտքի հետ իր հարաբերություններում: Մոսկվայում հավատու՞մ են, որ Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս կգա հանուն C-500-ների կամ C-400-ների տեխնոլոգիաների: Թուրքիան, որ ո՛չ եվրոպական է, ո՛չ կովկասյան, ո՛չ կենտրոնասիական, ո՛չ սևծովյան, ո՛չ անատոլիական, ո՛չ մերձավորարևելյան, հրաշալի օգտագործում է իր «անկապությունը»: Հավերժ կոնֆլիկտների մեջ` ոչ մի կողմի հետ հավերժ բարեկամ չէ ու փորձում է ալիքի վրա մնալ շրջապատը խառնելով ու շրջադարձի խաբսերով:


ՈՒզում է, բայց չի կարողանում այդպիսին լինել Բաքուն: ԵԽԽՎ բյուրոն ՄԻԵԴ-ից Ադրբեջանին հանելու հարց դրեց` Բաքուն չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները: ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ երկու բանաձև ընդունեց: Ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵՄ-ը չեն կատարում Ադրբեջանի պահանջները: Միակ մխիթարությունը մնացել է Բելառուսը։ Միայն Բատկան է սիրում Ալիևին ու Ադրբեջանին և ամեն ինչ անում է, որ «խաղաղասեր ժողովրդի» պաշտպանությունը հուսալի լինի` անընդհատ կրկնելով, որ առիթ չունի այս կամ այն պետության առաջ արդարանալու: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ասել էր։ Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովին էլ ասաց ու բացատրեց. «Մենք մեր հարաբերությունները կառուցում ենք այնպես, ինչպես մեր ազգերը կարգադրում են մեզ` ի շահ իրենց բարեկեցության»: Հետաքրքիր է` «կարգադրությունը» ազգից Բատկան գրավո՞ր, թե՞ բանավոր է ստացել։ Այդ մասին կասի, երբ Իլհամ Հեյդարովիչին գրկի ու համբուրի` բարեկամաբար` ստուգելու գրպաններում վարկեր կա՞ն, թե՞ «Հեյդար Ալիև» շքանշանն արդեն «աշխատեց»` ավարտեց ու հին մեկենասներին պիտի վերադառնա:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Կայի՞ն սպասումներ: Ալիևի հայտարարությունները կառավարության նիստում սպասումների տեղ չթողեցին` նա մնում է իր խրամատում։ Հայաստանի պատասխանը` առավել ևս: Փորձենք հասկանալ` ի՞նչ են նշանակում տարածքային ամբողջականության ու ազգի ինքնորոշման իրավունքի սկզբունքները, ի՞նչ կապ կա ժողովուրդների ազգային ինքնագիտակցության վերելքի ու տրամաբանական ինքնիշխանության ձգտման, շարունակվող գլոբալացման, պետությունների իրավասությունները վերազգային կառույցներին պատվիրակելու միտումների ու իրենց սահմաններն անփոփոխ պահելու ազգային կառավարությունների ձգտումների մեջ։ Կա՞ ընդհանուր կանոն բոլոր դեպքերի համար, թե՞ սկզբունքային նշանակություն ունեն կոնկրետ երկրները, ժամանակը, նպատակները, ձևերը։ Սուբյեկտության պահը: Ո՞ր սուբյեկտներն են մտադիր այս կամ այն սկզբունքին ապավինելով` մյուսը խախտել: Ի վերջո, տարածքային ամբողջականությունն ինչի՞ համար է պահպանվում: Որ բազմազգ պետության մեջ հիմնական էթնոսը կամ շրջանը ստանան լրացուցիչ արտոնություններ, առավել բարեկեցիկ ապրելու հնարավորություն ի վնաս մյուս ազգերի կամ շրջանների՞։ Ինչի՞ համար է ժողովուրդն ուզում ինքնորոշվել: Ֆիզիկական գոյության ապահովմա՞ն։ Պատմական տարածքը վերստանալու՞։ Ինքնուրույն պետություն կառուցելու՞: Սուբյեկտը, որ ցանկանում է պահպանել տարածքային ամբողջականությունը, համարժե՞ք է ընկալում իրավիճակն ու իր խնդիրը։ Սկզբունքների հակադրության, համադրության, տարբերակների ու վարկածների մեջ տեղ մնու՞մ է նպատակին, պատասխանվու՞մ է հարցը` մեկն ինչու՞ է ուզում անկախանալ, մյուսն ինչու՞ է ուզում սահմանները անխախտ պահել։ Ի՞նչ կապ ունեն այս սկզբունքները և այլ պետությունների շահերը։ Ի զորու՞ են ինչ-որ սկզբունքներ կանոնակարգել ժողովրդի ու պատմության շարժումը, առավել ևս` կասեցնել: Չկա՞ ոչինչ պատերազմից բացի, որ այդ հարցերին պատասխանի, եթե պատերազմից հետո էլ բանակցություններով են սահմանները որոշվում: Չի՞ ստացվում, որ ժամանակը սկզբունքները փոխելու անհրաժեշտության առաջ է կանգնեցրել: Հնարավոր չէ շրջանակել կյանքը ու կախել սկզբունքի պատից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ժամանակի ու պահի զգացողության տարբերությունը մեկն է` պահը չի կրկնվում, ժամանակը կրկնության պատրանք է տալիս։ Ձգողականության օրենքը ոչ ոք չի վիճարկել: Իսկ գուցե պե՞տք է: Առավել ևս, երբ ձգողականությունը բնության մեջ մեկ առանցք ունի, քաղաքականության մեջ ձգողականության կենտրոնները փոփոխական են, ընտրովի ու առանցքի հարցում հաճախ են շեղվում:

Դիտվել է՝ 3155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ