Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ԵՄ համաձայնագրի ոչ մի կետ ԵԱՏՄ-ի հետ հակասություն չի ստեղծի»

«ԵՄ համաձայնագրի ոչ մի կետ ԵԱՏՄ-ի  հետ հակասություն չի ստեղծի»
17.10.2017 | 01:07

Օրերս հրապարակվեց Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստը, որը բավական ընդգրկուն փաստաթուղթ է, շոշափում է և՛ տնտեսական, և՛ ժողովրդավարական հարցեր: Այս համաձայնագրի շուրջ «Իրատեսը» զրուցեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

-Հրապարակվել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստը։ Այն Ձեզ գոհացնու՞մ է: Ի՞նչ կառանձնացնեիք:
-Նորմալ տեքստ է: Այնտեղ և՛ բարեփոխումների, և՛ տարբեր ոլորտներում տնտեսական համագործակցության դրույթներ կան: Այլ խոսքով, այս համաձայնագրում առկա կետերը փակում են ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո մնացած բացերը: Օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի մասին է մանրամասն խոսվում: Ես չեմ լսել, որ այլ համագործակցությունների ժամանակ այս հարցը դրվի: Կա նաև «ավելի լավ կառավարում» դրույթը, որը շատ էական է, քանի որ մենք ամեն օր բախվում ենք վատ կառավարման: Մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների առնչությամբ, ինչպես նաև տնտեսական հարթությունում կարևոր կետեր կան, օրինակ, առևտրի ոլորտը, փոքր ու միջին բիզնեսի զարգացումը: Էներգետիկ ոլորտում ևս ուշագրավ առաջարկ կա, որը եթե կյանքի կոչվի, մենք գազը, նավթամթերքը մի աղբյուրից չենք ստանա, դրանք կգան տարբեր ճանապարհներով: Արդեն թվարկեցի որոշ հետաքրքիր դրույթներ, սակայն ակնհայտ է նաև, որ առևտրի ոլորտում հնարավոր չէ խոր համագործակցություն, ինչպիսին կար ԵՄ-ի ասոցացման պայմանագրում: Սակայն հարկ է նշել, որ զբոսաշրջության, բանկային, տրանսպորտի, ծառայությունների, գյուղատնտեսության և այլ ոլորտների համար կան առաջարկներ: Այսուհանդերձ, այս փաստաթուղթը մեզ համար շատ օգտակար է:
-Համաձայնագիրը հակասությունների առիթ չի՞ տա ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններում, հատկապես տնտեսական ոլորտում:
-Կան տեխնիկական հակասություններ, որոնք չեն առաջանա, քանի որ համաձայնագրում հստակ նշված է, որ կողմերն առաջնորդվելու են առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներով: Մենք այդ կազմակերպության անդամ ենք` միաժամանակ լինելով ԵԱՏՄ-ի անդամ, այսինքն` մինչ այս հակասություն չի եղել, չէ՞: Համաձայնագրում նշված չէ, որ շարժվելու ենք Եվրոպական առևտրի խաղի կանոններով: Նախ` ԵԱՏՄ-ի հետ պետք է ունենալ դրական զարգացում, որ ինչ-որ բան դրան հակասի: Քանի դեռ որևէ առաջընթաց չկա, ոչ մի հակասություն էլ չի լինի: ԵԱՏՄ-ի կողմնակիցները թող հեքիաթներ չպատմեն, գոնե ինձ թող չպատմեն: Եթե ԵԱՏՄ-ն լավ աշխատեր, չէի բացառի, որ քաղաքական հակասություններ կլինեին: Բայց քանի որ ԵԱՏՄ-ի հետ ոչինչ չի ստացվում, ես որևէ մտավախություն չունեմ: Ավելին, ԵԱՏՄ-ի անդամակցությունից հետո ներդրումները երկուսուկես անգամ նվազեցին:
-Իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե հնարավոր չէր երեք տարում ԵԱՏՄ-ից էական արդյունքներ սպասել, պտուղները կքաղենք առաջիկա տարիներին: Համամիտ չե՞ք:
-Իշխանության և փորձագետների տարբերությունն այն է, որ իշխանությունը չի կարող ընդունել, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով մեծ սխալ է արել: Հասկանում եմ նրանց, բայց երբ ասում են, թե ավելի ուշ ԵԱՏՄ-ի պտուղները կքաղենք, ուզում եմ մի քանի հարց տալ` ինչպե՞ս է ստացվում, որ բացասականը շատ արագ իր ազդեցությունն ունենում է, ինչպե՞ս է լինում, որ սահմանային, այսպես ասած, փոքր առևտուրը Վրաստանի հետ փակվում է, ինչպե՞ս է լինում, որ Իրանից նավթամթերքներ Հայաստան էլ չեն գալիս: Հայտնի է, որ մենք նավթամթերք բերում էինք ոչ միայն Ռուսաստանից, այլև Իրանից, Ռումինիայից, Բուլղարիայից: Իսկ հիմա չենք կարող հասկանալ, թե ինչպես է, որ աշխարհում բենզինի գինը չի բարձրանում, իսկ մեզ մոտ այն թանկանում է: Մեզ մոտ նավթամթերքի գինը բարձրանում է, իսկ աշխարհում` ընկնում: Սա է ԵԱՏՄ-ի արդյունքը: Սկսեցին այդ միության խաղի կանոններն աշխատել, ու ավելի որակյալ իրանական նավթամթերքն այլևս Հայաստան չի գալիս, քանի որ հակասում է ռուսական նկրտումներին: Մենք հիմա օգտագործում ենք ավելի ցածր որակի նավթամթերք, քանի որ ԵԱՏՄ-ի անդամ ենք: Ստացվում է` տուժում ենք և՛ որակի, և՛ բարձր գնի պատճառով: ԵԱՏՄ-ի անդամակցության բացասական ազդեցության ընդամենը մի օրինակը նշեցի, կան բազմաթիվ նման օրինակներ: Շատ արագ, արդյունավետ աշխատում է բացասականը, բայց դրականը ոչ մի տեղ չի երևում: Այնպես որ, ԵՄ-ի հետ կարող ենք հանգիստ խորացնել մեր հարաբերությունները` մտավախություն չունենալով, որ որևէ հարցում հակասություն կառաջանա: Այնպես չէ, որ ԵԱՏՄ-ից ներդրումներ են եկել և ԵՄ-ի ծրագրերին կխոչընդոտեն: Այդ միությունը պարզապես չի գործում, ինչպե՞ս կարող է հակասություններ ստեղծել կամ խանգարել:
-Վիզային ռեժիմը բոլորին ամենաշատն է հետաքրքրում: Այս համաձայնագրով ազատ վիզային ռեժիմի անցումն ի՞նչ ապագա ունի:
-Մեր կազմակերպությունը միակն է, որ այդ հարցով մոնիտորինգ է անցկացրել: Հայաստանը ստորագրեց վիզայի հեշտացման պայմանագիրը, որը բավական լավ է գործում: Բայց հարցն այն է, որ եթե դու ուզում ես վիզայի ռեժիմի ազատականացում ստանալ, պետք է պատրաստ լինես բարեփոխումներ անելու: Հիմա էական էր, որ Եվրոպան տար մեզ այդ հնարավորությունը, մնացածը կախված է մեզնից, ինչպես կօգտագործենք այդ հնարավորությունը և մյուս քայլերը կանենք: Համաձայնագրում մի քանի տեղ հստակ նշված է, որ Հայաստանը ստանում է հնարավորություն վիզայի ազատականացման համար, երբ համապատասխան բարեփոխումներն իրականացվեն, այսինքն, եթե երկրում լավ կառավարում, փողերի լվացման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար լինեն: Իհարկե, այս ամենը մեզանում իրականացվում է, բայց չափորոշիչների խնդիր կա, պահանջները մեծանում են: Գնդակը մեր դաշտում է, մենք պետք է լուրջ քայլեր անենք:
-Համաձայնագիրը Հայաստանի տնտեսական դաշտում աշխուժություն կառաջացնի՞:
-Մենք ԵԱՏՄ-ի շրջանակում առևտուր անում ենք, ունենք բիզնեսներ, որոնք աշխատում են և Չինաստանի, և ՌԴ-ի, և Եվրոպայի հետ: Բայց Հայաստան-ԵՄ-ն միակ հարթակն է, որտեղ ասվում է, որ փոքր և միջին բիզնեսը պետք է ունենա հավասար իրավունքներ և հնարավորություններ, արդյունաբերության ոլորտում պայմանավորվածություն կա` քանի ձեռնարկություն վերակենդանացնել, վերագործարկել: Բոլոր կետերում սկզբունքների մասին է խոսվում, որ Հայաստանում բոլորը պետք է լինեն հավասար, փոքր բիզնեսմենն էլ, մեծն էլ: ԵԱՏՄ-ում ոչ ոք չի ասում, որ մեր երկրում կան մոնոպոլիաներ, ու եկեք դրա դեմ պայքարենք, իսկ այս համաձայնագրում այդ մասին փաստված է: Եվրամիությունը մեր երկրի արատավոր խնդիրներին անդրադառնում է, լուծումներ առաջարկում, դա վերաբերում է և՛ տնտեսական, և՛ քաղաքական ոլորտներին:
-Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ ԵԱՏՄ-ն լավ չի աշխատում, քանի որ մենք լավ չենք օգտագործում տրված հնարավորությունները, հնարավո՞ր է, որ ԵՄ-ի այս համաձայնագրի տված հնարավորություններից էլ չկարողանանք օգտվել:
-Այս համաձայնագրում մեծ է քաղաքացիական հասարակության դերը, որը պարտավորված է հարթակ ստեղծել և ազդել գործընթացների վրա, փորձագետները կարող են ազդել թափանցիկ, ճիշտ որոշումներ ընդունելու վրա, հնարավորություն կունենանք անձամբ ներգրավված լինելու այդ որոշումների կայացման գործում, առաջարկներ անելու: Այս համաձայնագրի առնվազն երկու հոդվածներ նվիրված են քաղաքացիական հասարակությանը, և մենք մեր հնարավորությունները գործի կդնենք: Նույնիսկ, եթե իշխանությունը որոշ հարցերում հապաղի, քաղաքացիական հասարակության ճնշմամբ ստիպված կլինի կատարել այդ քայլերը: Մեր աշխատանքները ցույց են տալիս, որ դա աշխատող տարբերակ է: Վերջին չորս տարում մենք ուշադիր հետևում, մոնիտորինգներ ենք անում, ու համակարգը ստիպված արձագանքում է այդ քայլերին: Ոչ միայն կառավարությանը, այլև ԵՄ-ին ենք շատ առաջարկներ ներկայացրել: Տեսեք, դեսպանատներում որքան դյուրացվեց վիզաների տրամադրման կարգը, մարդիկ հիմա հստակ հասկանում են, թե ինչու են մերժում ստացել:
-Այսուհանդերձ, մտավախություն չկա՞, որ այս համաձայնագիրն էլ կարժանանա նախորդի բախտին, այսինքն` չի ստորագրվի:
-Մտավախություններ միշտ էլ կան ու պետք է լինեն, բայց կարծում եմ, որ եթե պետության նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից ասում է, որ կստորագրենք, ուրեմն կստորագրենք: Եթե արտգործնախարարը Եվրոպայի արտգործնախարարների նիստում ասում է, որ կստորագրենք, որևէ հիմք չունեմ հակառակը մտածելու: Մենք և այլ կազմակերպություններ մշտապես հարց էինք բարձրացնում, որ հրապարակեն այս փաստաթուղթը: Մարտից արդեն նախաստորագրված է, ինչու՞ չեք հրապարակում, որ գործընթացին խոչընդոտելու հնարավորություն չլինի: Փաստաթուղթը կա, թող հասարակությունն ասի, որ կետն իրեն դուր չի գալիս, կամ Ռուսաստանն ասի, թե որն իր սրտով չէ: Ոչ մի կետում ես ԵԱՏՄ-ի հետ հակասություն չեմ տեսնում: Գիտեմ և՛ ԵԱՏՄ-ի խաղի կանոնները, և՛ ԵՄ-ի, ուստի փաստում եմ, որ այս համաձայնագրում այն ոլորտներն են, որտեղ մենք գրեթե չենք խաչվում ԵԱՏՄ-ի հետ: ԵԱՏՄ-ն ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի խնդիր չի դնում, օրենսդրական բարեփոխումների, անկախ դատարանի խնդիր չի դնում: ԵԱՏՄ-ում չի կարևորվում ազատ մրցակցությունը, ուրեմն ոչ մի խնդիր չի կարող լինել այս երկու միությունների միջև:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ