Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Այդպիսի Հայաստանում չէ, որ ապրել են ուզում

Այդպիսի Հայաստանում չէ, որ ապրել են ուզում
17.10.2017 | 06:13

Խոսքն այն Հայաստանի մասին է, որը հռչակեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ-Ավակյանը Հ-1-ի «Օրակարգից դուրս» հաղորդման ընթացքում: Լրագրողի այն հարցին, թե երբ հայաստանցին համեմատաբար գոհ կլինի իր առօրյայից, Հարվարդ ավարտած կառավարման մասնագետն ասաց հետևյալը. «ՀՀ բնակչության կյանքի որակը էականորեն կփոխվի, երբ երկրում արտադրվող համախառն ներքին արդյունքը 1 բնակչի հաշվով կազմի տարեկան 7000 դոլար»:


Երևանի պետհամալսարանի ժուռնալիստ շրջանավարտս առանց մեծ դժվարության հետևյալ հաշվարկը կատարեցի: Այսօր կանխատեսված ցուցանիշը մոտ 3500 դոլար է: Այն կրկնապատկելու համար տարեկան 5 տոկոս աճ սահմանեցի, որին ձգտում է ՀՀ կառավարությունը: Պահանջվեց 13 տարի, ասել է՝ 2030-ին այդ ցանկալի 7000 դոլարը կունենանք: Սակայն հումանիտար կրթությունը չէ պատճառը, այլ մեր մարդկանց, թող որ սիրողական մակարդակով, տնտեսագիտական, թե տնտեսավարական նվազագույն ունակությունը, որ համոզվածից առավել վստահ են, որ 2030 թվականին իրենց կյանքի որակը էականորեն չի փոխվի: Ոչ այն պատճառով, որ հենց միայն հեռուստահարցազրույցից հետո սկսված հերթական գնաճը կլափի այդ 3500 դոլարի հիմնական մասը, այլ նախանշված 7 հազարն այն ցուցանիշը չէ, որը հարկավոր է անգամ մասամբ նշաձող սահմանել: Իսկ այսպես ենք վարվում, քանզի ՀՀ տնտեսության կայացման առումով պատկերացումից առավել վստահություն չկա: Հենց Հարվարդի համալսարանի տեղաբաշխման երկիր ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2017» տեղեկատուի օգնությամբ փորձեմ հիմնավորել ասվածը: Ծանոթանում եմ այբբենականով առաջին իսկ երկրների 2015-ի նշված ցուցանիշներին. 2015-ին Անգոլայում 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 7300 դոլար, Բելիզում՝ 8400 դոլար, հաջորդ «գ» տառով սկսվող Գաբոնում՝ 18600 դոլար: Աֆրիկյան մայր ցամաքից արտագաղթի ահագնացող պատկերը խոսում է այն մասին, որ աշխարհամասում կյանքի որակը 7000 դոլար ցուցանիշի պարագայում բոլորովին էլ էականորեն փոխված չէ, այլապես միլիոնավոր մարդիկ Եվրոպայի փոխարեն իրենց հարևանների մոտ աշխատանքի հույս կունենային, կանանց ու երեխաների կյանքը վտանգի չէին ենթարկի, հարազատ միջավայրում կմնային: Իսկ այնքանով, որքանով աֆրիկացիներն անգամ վստահ են, որ 20000 դոլար տարեկան ՀՆԱ-ն էլ իրենցից յուրաքանչյուրին գոհացնող ցուցանիշ չէ, բազում փորձություններն անտեսելով, ձգտում են հասնել այն երկրներ, որտեղ այդ ՀՆԱ կոչվածը 40000 դոլար և ավելի է. Գերմանիա՝ 47000, Շվեդիա՝ 48000, Հոլանդիա՝ 50000, ԱՄՆ՝ 56000…
Դե, ու՜ր Եվրոպան ու Ամերիկան, ուր մենք, սիրում է արդարանալ հայաստանյան հիմնավորապես քաղաքականացած տնտեսավարական ու տնտեսագիտական միտքը, դժվար ու անլուծելի է հայտարարություններով խուսափել որևէ աստիճանի պատասխանատվությունից: Թե ինչպես են փորձում այս վիճակը հաղթահարել և իրենց մարդկանց կյանքի որակը փոխել արդեն կայուն կայացման հասած տասնյակ երկրներ, փորձեմ ներկայացնել մեր երբեմնի բախտակից, ասենք, մեծ տարածք ու հարուստ ընդերք չունեցող Էստոնիայի օրինակով: 1990-ականներին այստեղ 1 բնակչի հաշվով` ՀՆԱ-ն հազիվ 5000 դոլար էր, հիմա մոտ 30 հազար: Անշուշտ, ցուցանիշը ներկայացնելու համար տնտեսագիտական խոր ունակություններ են պահանջվում, որը թողնենք մասնագետներին:

Փորձեմ ներկայացնել այն միջավայրը, որը փաստալրագրողի կարգավիճակով պարբերաբար եմ ներկայացրել հանրությանն ու հատկապես ՀՀ բարձրագույն իշխանության ուշադրությանը: Համաշխարհային վիճակագրությունն ու փորձը, արդեն կայացած և այդ կարգավիճակում գտնվող երկրների տնտեսության անգամ մակերեսային պատկերը դիտարկելով, նկատում ենք, որ դրանցում ամենուր գրեթե լուծված է մարդկանց առաջնահերթ սննդակարգի հիմնական բաղադրիչ համարվող կենդանական ծագմամբ սննդահումքի բավարար քանակի, որակի և մատչելիության արտադրության խնդիրը: Կոռուպցիա և օլիգարխիա, ստվեր ու տնտեսահանցավորություն, քաղաքական համակարգ ու շուկայագիտություն և համանման այլ որակումներով իրենց քաղաքացիների ուշադրությունը շեղելուն ուղղված արտահայտչամիջոցների փոխարեն նշված երկրների իշխանություններն իրենց մարդկանց կերակրում են արդեն հիշատակված կենդանական ծագմամբ սննդով, որտեղ առաջնահերթը միսն ու կաթն են, դրանց վերամշակումները: Այսկերպ ամենուր համեմատաբար բարերար միջավայր է ստեղծվում հանրություն-իշխանություն հարաբերություններում, թե առաջինները, թե երկրորդները տրամադրվում են առավել ստեղծարար աշխատանքի: Թե ինչու կենդանական ծագմամբ սննդահումքի, այլ ոչ կարտոֆիլի ու կաղամբի, թեյի ու սուրճի, բանանի ու անանասի, կարծում եմ` պարզից էլ պարզ է մեզնից յուրաքանչյուրին, քանզի մարդ-արարածը, ինչ կրոն էլ դավանի, Աստծո յուրաքանչյուր օրը նախընտրում է սկսել նախաճաշի մեկ բաժակ կաթով, մեկ հավկիթով, մեկական կտոր պանրով ու երշիկով: Մեզանում տարօրինակորեն այս պարզ ու հասարակ միջավայրի ստեղծումը գրեթե անլուծելի խնդիր է դիտարկվում, Հայաստանի տնտեսական ու քաղաքական երևելիները երկրի անգամ նվազագույն պարենապահովությունն են անլուծելի հարց հռչակում, այդկերպ հուսալքում հանրությանը, նրան օտարում որպես նվեր ստացած հողից և ամենուր արարող հային դատապարտում անպատվաբեր աղքատի կարգավիճակի: Արդեն հիշատակված Էստոնիայի օրինակը դիտարկելով՝ այլ բան մտածել չես կարող, քանզի ոչ մի առանձնահատուկ ունակության չտիրապետելով հանդերձ, որն ընդունում են հենց այդ ժողովուրդները, կայացած երկրների հանրություններն այլ միջավայրում են ապրում, որն անհասանելի է հռչակվում հայաստանցիներիս համար: Այլ միջավայր ասվածը հայաստանաբնակի համար սկսվում է արդեն հիշատակված նախաճաշի բացակայությամբ, շարունակվում հայ հանրության բացարձակ մեծամասնության համար սովորական դարձած կեսօրի ճաշով ու ընթրիքով, երբ կարտոֆիլին փոխարինում է մակարոնեղենը, դրան էլ՝ հերթական հատիկաընդեղենը: Ակամայից հիշում եմ ֆրանսիական 430 տեսակի պանիրների և 420 հացատեսակների մասին զրույցը և ընկերոջս տարակուսանքը, թե ինչով են ուտում հավելյալ 10 տեսակի պանիրները: Սա կատակի ժանր դիտարկենք, փորձելով մտորումներիս առավել կոնկրետություն հաղորդել:
Բազմիցս եմ ներկայացրել արտերկրներում ապրող տասնյակ հարազատներիս ու ընկերներիս այն հարցադրումը, թե խոզի ու հավի միսն ի՞նչ է, որ չենք կարողանում արտադրել: ՀՀ գյուղնախարարներից Սերգո Կարապետյանը երկրի պարենային ապահովությամբ մտահոգ քաղաքացուս մի հարցմանը դեռ 2013 թվականին էր ընդարձակ պատասխան տվել, որից մի հատված ներկայացնում եմ ստորև. «… Ինչ վերաբերում է առաջիկա 1-2 տարիների ընթացքում հանրապետությունում խոզի մսի արտադրության ծավալները 80-100 հազար, հետագայում 150-180 հազար տոննայի հասցնելու խնդրին, ապա հայտնում եմ, որ խոզի մսի արտադրության նման ծավալներ ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գլխաքանակ և անհրաժեշտ քանակի խտացրած կերեր, որի հնարավորությունը այսօր հանրապետությունը չունի:


Միաժամանակ հայտնում եմ, որ խոզի մսի արտադրության նման աճ, ինչպես նշվում է նամակում, չի արձանագրվել անգամ խորհրդային տարիներին: Անգամ 1986 թվականին, որը համարվում էր անասնաբուծության զարգացման համար լավագույն տարիներից մեկը, երբ հանրապետությունում հաշվառվում էր ավելի քան 340 հազար գլուխ խոզ և գործում էին 3 խոշոր խոզաբուծական համալիրներ, 4 տոհմային վերարտադրողական տնտեսություններ և միջտնտեսային խոզաբուծական ձեռնարկություններ, խոզի մսի արտադրության ծավալները չեն գերազանցել 35 հազար տոննայից»: Չծավալվելով՝ ընդամենը տարօրինակ եմ դիտարկում նման պատասխանը: Ստացվում է, որ խնդիրը կա, միայն թե մոտ ապագայի համար անլուծելի է: Տարօրինակից էլ առավել է, որ այսկերպ է գնահատվում պարզ ու հասարակ տնտեսավարումը, որն է համապատասխան գլխաքանակ և անհրաժեշտ ծավալի խտացրած կերեր ունենալը, երբ ՀՀ թող որ աղքատիկ բյուջեից յուրաքանչյուր տարի միլիարդավոր դրամներ են ծախսվում գյուղոլորտը բարեփոխելու ուղղությամբ: Ծանոթանանք այդ բարեփոխումներ հայտարարվող գործընթացի ընդամենը մեկ կետին: Արդեն հիշատակված խոզագլխաքանակի դիմաց այսօր վիճակագրությունը նշում է մոտ 150 հազար խոզի մասին, որն անգամ ամբողջությամբ սպանդի ենթարկելու պարագայում դժվար ստացվի ՀՀ-ում խոզի մսի տարեկան 8 հազար տոննա արտադրության ցուցանիշը: Այս պարագայում ինչու էր կառավարության հաստատած «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման 2003-2005 թթ ռազմավարություն» ծրագրում ժամկետի ավարտի համար նշվում 370 հազար խոզի մասին: Արդյոք տեղին չէ՞ ՀՀ քաղաքացու այն տարակուսանքը, որ դրանք շատ հաճախ բյուջեի միջոցները պարզապես մսխող կառույցները կազմում են սիրողականից էլ պարզունակ ձևերով ու մեթոդներով, «Մերն ուրիշ է» հիմնազուրկ մոտեցումներով: Արդեն հիշատակված Էստոնիայում 1,3 մլն բնակչի հաշվով, երբեմնի 100 հազար խոզի դիմաց հիմա ունեն մոտ 400 հազար խոզ, 1 բնակչի հաշվով ապահովում են տարեկան 45 կգ խոզի մսի արտադրություն, երբ ՀՀ ցուցանիշն անգամ 3 կգ չէ, բնականաբար, անգամ սահմանափակ պահանջարկ-առաջարկի պայմաններում դրա գնի բարձրացման պարագայում: «Դե, Էստոնիան փոքր երկիր է, այնտեղ բարեփոխումներն առավել դյուրին է իրականացնել» ասողներին առաջարկում եմ ծանոթանալ Երկիր մոլորակի ամենաշատ բնակչությունն ունեցող Չինաստանի վիճակագրությանը: ՀՍՍՀ հանրագիտարանի «Չինաստան» բաժնից տեղեկանում ենք, որ երկիրը 1982-ին ուներ 1 մլրդ-ից ավելի բնակչություն և 250 մլն խոզ: 2015-ին բնակչությունը 1,3 մլրդ էր, խոզերի գլխաքանակը 476 մլն, բնակչության ընդամենը 30 տոկոս աճի կողքին այս անասնատեսակի մոտ կրկնակի աճ: Լիարժեք անասնակերի օգտագործման շնորհիվ, որտեղ առաջնայինը երկրում արտադրվող 220 մլն տոննա եգիպտացորենի հատիկն է, երկրում խոզի մսի տարեկան արտադրությունը 50-55 մլն տոննա է, համաշխարհային արտադրության կեսը, 1 չինացու հաշվով էլ՝ տարեկան 40 կգ: Ահա մեզ չինական ֆենոմեն, որտեղ իշխանություն-հանրություն հարաբերություններում վերջին անգամ առճակատում արձանագրվել է հեռավոր 1989-ին:


Դիտարկելով այլ երկրների այսօրինակ վիճակագրությունը, պատկեր է ուրվագծվում, որ աշխարհի 4 կողմերում այս մսատեսակից օգտվողները դեմ չեն տարեկան 40-50 կգ սպառմանը, որը հարկ է տարածել նաև հայաստանաբնակներիս վրա, երբ այս մսատեսակը առավել հաճախ տեսնում ենք կազմակերպվող խորովածի տոների ընթացքում: Համանման պատկեր ենք նկատում նաև փոքր ու մեծ բնակչությամբ այս երկրներում հավի մսի արտադրության պարագայում: Էստոնիայում 1 բնակչի հաշվով այն տարեկան 20 կգ է, Չինաստանում՝ 16 կգ, ՀՀ-ում՝ հազիվ 3 կգ: Արդեն հիշատակված ռազմավարական փաստաթղթում 2015-ի համար նշված է ՀՀ-ում 10 մլն հավ ունենալու մասին, երբ այն չի կազմել անգամ 4 մլն: Արդյունքում նշված մսատեսակների այնպիսի ծավալների ներկրումներ են իրականացվում, այդ թվում՝ հեռավոր Բրազիլիայից, որ ակամայից պարտադրված ենք հարցնել. ՀՀ պարոնայք կառավարիչներ, ինչու՞ ձեր կանխատեսումներն անտեսում և հարգարժան հայրենակիցներին խոր սառեցված մսատեսակներով բավարարվելու պայմաններ եք պարտադրում, այդկերպ ու՞մ շահերն եք սպասարկում: Շինշիլա-բրոկոլիի, գինի-կոնյակի, կեռաս-ծիրանի, սուրճ-ծխախոտի արտահանումներով տարվելով, երբ երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունն անտեղյակ է դրանց համ ու հոտից, Հայաստան երկիրը 100 տարի անց էլ իր համեստ բնակչի ակնկալիք երկրի չի վերածվի, որպիսի պայմաններից խուսափելով էլ նա արտագաղթում է: Այլ որակներ դրսևորեք, որն է՝ համաշխարհային գործընթացների պարզ ու հասարակ կիրառումը, որտեղ առաջնահերթը մարդ-արարածի հայաստանաբնակ տեսակի ամենօրյա սննդակարգի բարելավումն է, նախապատվելին՝ հայրենական արտադրության որակյալ և մատչելի կենդանական ծագմամբ սննդահումքը, դրանց վերամշակումները: Այստեղից է սկսվում ու կայանում հանրություն-իշխանություն հարաբերությունների բարելավումը... տեսար՝ ջերմացումը:
Մոտալուտ ցրտերի նախօրեին արժե այս մասին մտորել ու գործել:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6730

Մեկնաբանություններ