«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ի՞նչը կխանգարեր, որ ադրբեջանցիները 100 միլիոն դոլար ծախսեին՝ Հայաստանի ամենահզոր մեքենաշինական գործարանը քանդելու և հողին հավասարեցնելու համար»

«Ի՞նչը կխանգարեր, որ ադրբեջանցիները 100 միլիոն դոլար ծախսեին՝ Հայաստանի ամենահզոր մեքենաշինական գործարանը քանդելու և հողին հավասարեցնելու համար»
17.10.2017 | 06:31

(Նախորդ մասը)

-Ձեր կարծիքով, ինչու՞ են քանդելու գործը հիմա սկսել՝ գործարանը մասնավորեցնելուց 14 տարի անց:
-Իրականում սա գործարանը քանդելու առաջին փորձը չէ: Առաջին անգամ այս խնդրին ես առնչվեցի 2009 թվականին, երբ իմացա, որ գործարանը ապամոնտաժվելու է, փոքր կորպուսը (4000 քմ) տանելու են Քաջարան՝ գարաժ կառուցելու համար, մեծ կորպուսը (10 000 քմ) քանդում են՝ մետաղական կոնստրուկցիաները 2,3 միլիոն դոլարով Գերմանիային վաճառելու համար: Այն ժամանակ ինձ հաջողվեց կասեցնել գործարանի ապամոնտաժման աշխատանքները, Երևանում մամուլի ասուլիս հրավիրեցի ու հեռակա կարգով դիմեցի գործարանի տնօրեն, «Դե ֆակտո» հանդեսի կողմից տարվա մարդ հռչակված Մաքսիմ Հակոբյանին: Խոսքս այսպիսին էր. «Դուք հռչակվել եք ոչ թե Քաջարանի, այլ ողջ Հայաստանի տարվա մարդ, Սպիտակն էլ է Ձերը, մտածեք Սպիտակի տառապյալ ժողովրդի մասին»: Հաջորդ օրը Մաքսիմ Հակոբյանը մի պատվիրակություն ուղարկեց Երևան, հանդիպեցինք «Շիրակ» հյուրանոցի առաջին հարկում: Առաջարկեցի այդ գործարանում համատեղ արտադրություն կազմակերպել, ես կտամ իմ արևային տեխնոլոգիաները, Դուք՝ Ձեզ պատկանող գործարանային դատարկ տարածքները: Պատասխանը չոր էր.
-Դա մեր պրոֆիլին չի բռնում:- Ասողը պատվիրակության ղեկավարն էր՝ Քաջարանի գործարանի անվտանգության տեխնիկայի գծով ինժեները:- Գործարանը մենք վաճառում ենք, կարող եք գնել:
-Շատ լավ, ասացեք ձեր գինը:
-1,5 միլիոն դոլար:
-Ես գիտեմ, որ Սպիտակի գործարանի համար Դուք վճարել եք 750 հազար դոլար:
-Դա թղթի վրա գրվածն է, տակն էլի բան կա (պարզ էր՝ խոսքը վերաբերում էր «ատկատներին»):
-Այդ գնին համաձայն եմ, գնորդ կգտնեմ,- եղավ իմ պատասխանը: -ՈՒ գտա այդ գնորդին Իրկուտսկից մի հայ գործարար էր, որը համաձայնեց Ռուսաստանի իր գործարաններից մեկը վաճառել՝ Սպիտակի գործարանը գնելու և միասին շահագործելու համար: Զանգահարում եմ Քաջարան: Պատասխանն այսպիսին էր.
-Պայմանները փոխվել են, հիմա 5 միլիոն ենք ուզում:
Սրանով ամեն ինչ ավարտվեց: Սպիտակի գործարանը գնելու մի տարբերակ էլ առաջացավ Նորայր Մուրադյանի ու Գորբաչովի հանդիպման ժամանակ: Գորբաչովը պատրաստ էր իր «Միջազգային կանաչ խաչ» ընկերությունից (Ժնև, Շվեյցարիա) անհրաժեշտ գումարը տրամադրել՝ վերելակների գործարանը գնելու և այնտեղ արևային տեխնիկայի արտադրությունը կազմակերպելու համար: Մի քանի օր անց զանգահարում եմ Շվեյցարիա, ընկերության տնօրեն Լիխոտալին.
-Ալեքսանդր Ալեքսանդրովիչ, Գորբաչովի նամակը ստացե՞լ եք:
-Ոչ միայն ստացել ենք, այլև Միխայիլ Սերգեևիչն անձամբ է զանգահարել, հանձնարարել է, որ օգնենք սպիտակցիներին:
Այս գործն էլ ես կասեցրի այն բանից հետո, երբ Ռոբերտ Նիկոլաևիչ Նազարյանը հեռախոսով ինձ հավաստիացրեց, թե մեր նախագահականից երբեք թույլ չեն տա, որ Գորբաչովի փողերը մտնեն Հայաստան, թե ի՞նչ կար դրա տակ թաքնված, ինձ հայտնի չէ, Լիխոտալի հետ իմ բանակցություններն այդքանով ավարտվեցին: Հիմա Մաքսիմ Հակոբյանը այլևս տնօրեն չէ, նրա փոխարեն նոր, ավելի հեռուն տեսնող տնօրեն ունեն, որը, հավանաբար, ավելի շատ բան գիտի ու որոշել է քանդել գործարանը և չի պատրաստվում իր խոսքից հետ կանգնելու:
-Միգուցե այնտեղ ևս կան 9-բալանոց արտադրական կորպուսներ, մասնավորապես, Ձեր նշած գարաժը կառուցելու խնդիրը, Սյունիքի մարզը ևս գտնվում է սեյսմիկ գոտում, 9-բալանոց կառույցը ապամոնտաժում են Սպիտակում, 9-բալանոց շինությունը կկառուցեն Քաջարանում, ի՞նչ կա այստեղ դատապարտելի:
-Դա տեխնիկապես անիրագործելի է: 9- բալանոց արտադրական կորպուսներ կառուցելու համար մետաղական կոնստրուկցիաների առկայությունը բավարար չէ: Նման սեյսմակայունությամբ կորպուսներ հավաքելու համար հատուկ տեխնոլոգիաներ են կիրառվում, սկզբում կառուցվում են երկաթբետոնե ամբողջական պլատֆորմները, որոնց մեջ տեղադրվում են անկերային հեղույսներն ու համապատասխան մետաղական հարթակները: Հետագայում դրանց վրա տեղադրվում են 12-մետրանոց ծանր հեծանները, որոնք պատրաստվում են լեգիրացված ձուլածո պողպատից՝ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ: Մետաղի ջարդոնի շուկայում այս հեծանները ոսկու գին ունեն ու, իմ կարծիքով, Սպիտակի գործարանը քանդելու բուն իմաստն այն է, որ այդ հեծանները դուրս տարվեն՝ միջազգային շուկայում վաճառելու համար: Կապրենք, կտեսնենք, թե ինչով է ավարտվելու այդ գործարանի էպոպեան, ու որտեղ կհանգրվանեն բելառուսական արտադրության այդ հեծանները, որոնք ուղարկվել էին աղետի մեջ հայտնված եղբայրական հայ ժողովրդին օգնելու նպատակով: Եթե, ամեն դեպքում, Քաջարանում փորձեն այդ օգտագործված կոնստրուկցիաներից հավաքել արտադրական մասնաշենքեր, ապա դրանք չեն կարող 9-բալանոց սեյսմակայունություն ապահովել, մաքսիմում կստանան 6-7 բալ, ոչ ավելի, որովհետև այդպիսի վայրենի գործողությունների միջոցով ապամոնտաժված կոնստրուկցիաների ամրության պաշարը կտրուկ ընկնում է: Ավելին, նրանք չեն կարող հավաքվել նույնությամբ, որովհետև հենասյուների մետաղական հարթակները մնում են բետոնի մեջ, դրանց անվնաս հանելու ձևերն ու տեխնոլոգիաները հայտնի չեն: Բելառուսական գործարանները հավաքվում են մեկ անգամ ու ապամոնտաժելու և այլ վայրում հավաքելու համար պիտանի չեն: Բացի այդ, Սպիտակից տեղեկացել եմ, որ գործարանի մետաղական կոնստրուկցիաների մի մասը արդեն վաճառում են տեղում, դա նշանակում է, որ Քաջարան են տեղափոխվում ապակոմպլեկտավորված կոնստրուկցիաները, որոնցից հնարավոր չի լինի հավաքել լիարժեք արտադրական կորպուսներ:
Վերելակների գործարանի կառուցումը սկսվել էր 1989 թվականին՝ ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ: Նիկոլայ Ռիժկովը պնդում էր, որ Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման գործը պետք է սկսել եղած գործարանների ու ֆաբրիկաների վերագործարկմամբ, բավարար աշխատատեղերի ստեղծմամբ, դա դիտարկում էր որպես առաջնահերթ խնդիր. մարդիկ պետք է աշխատանք ու զբաղմունք ունենան, որ կարողանան դուրս գալ սթրեսային վիճակից: Բնակարանաշինության հարցը ևս համարվում էր շատ կարևոր խնդիր, բայց, ամեն դեպքում, սկսելու ենք գործարանների ու ֆաբրիկաների վերագործարկումից: Խորհրդանշական էր, որ երկրաշարժի զոհերի քառասունքի օրը սկսեց աշխատել Սպիտակի կարի արտադրական միավորումը, ձմեռվա ցրտին, ուղղակի վրանների տակ: Սպիտակցիները հույս ունեին, որ Ռիժկովի միջոցով հնարավոր կլինի վերականգնել իրենց քաղաքի բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները ու որպես երախտագիտության նշան, Սպիտակի կենտրոնում տեղադրվեց Նիկոլայ Ռիժկովի արձանը՝ Նորայր Մուրադյանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ: Բայց, ինչպես հայտնի է, մենք անկախացանք, ժամանակները, գաղափարները, արժեքներն ու մոտեցումները փոխվեցին: Աղետի ենթարկված Սպիտակում հիմա այլ պատկեր է ձևավորվել, ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե իրենց քաղաքում ինչ է կատարվում, ինչ կլինի հետագայում, ինչ ապագա է սպասում իրենց ու իրենց երեխաներին: 2018 թվականին նշվելու է Սպիտակի երկրաշարժի 30 տարին, բայց ցանկալի «դբա լավը» ոչ մի շարժ չկա: Մի խոսքով՝ մենք ունենք մոռացված Սպիտակ քաղաք, հույսերն ու հավատը կորցրած Սպիտակի մոռացված ժողովուրդ: Դրությունը փրկելու իր անհավանական ճիգերն է գործադրում «Սպիտակի մոռացված ժողովուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Դիլբարյանը, նա դիմել է երկրի նախագահին, վարչապետին, մարզից ընտրված ՀՀ ԱԺ 4 պատգամավորներին, բայց ինչ կարող է անել 80-ամյա այդ ծերունին մեր օլիգարխապոլիայի դեմ, եթե նրա օրինակին չհետևեն մեր երիտասարդությունն ու մեր ողջ հասարակությունը: Պետք է քնից արթնանալ ու պայքարել սեփական իրավունքները պաշտպանելու, երեխաների ապագան որոշակի դարձնելու համար, այլ ճանապարհ մենք չունենք, մեր իշխանությունների վրա հույս դնել չի կարելի, նրանք արդեն սովորել են իրենց բիզնեսը կազմակերպել երկրի եղած-չեղածը վաճառելու, երկրի տնտեսությունը հետևողականորեն քայքայելու և մեր պաշտպանունակությունը թուլացնելու ճանապարհով: Շարունակաբար մենք սահմանին կանգնած երիտասարդ ենք կորցնում, որովհետև... մեր գործարանները անցել են այնպիսի մարդկանց ձեռքը, որոնք իրավունքներ ունեն, երկրի առաջին դեմքեր են կամ մինիմում՝ պատգամավորներ, գյուղապետեր, քաղաքապետեր և պաշտոնատար այլ անձինք: Սպիտակում քանդում են մարդկանց համար կառուցված գործարանը, վերելակների գործարանի քանդման աշխատանքները դեռևս շարունակվում են: Հետաքրքիր է, որ քանդողների բրիգադը համալրված է բացառապես սպիտակցիներով, գործը կազմակերպել են այնպես, որ սպիտակցիներն իրենց տունը քանդում են իրենց ձեռքերով. ամեն ինչ ճիշտ են հաշվարկել, գործազուրկ մարդկանց չնչին գրոշներ տալով:
-Դուք նշեցիք, որ վերելակների գործարանի քանդման դեմ պայքարողների մեջ առանձնանում է «Սպիտակի մոռացված ժողովուրդ» հասարակական կազմակերպությունը՝ Համլետ Դիլբարյանի գլխավորությամբ, ՀԿ-ի նման անվանումը շատ տարօրինակ չի՞ հնչում:
-Տարօրինակ ոչինչ չկա, շատ ճիշտ անվանում է, որը բնորոշում է Սպիտակի աղետի գոտու բնակչության իրական կարգավիճակը, այնտեղ ապրում են ծերեր, երեխաներ, առողջ, բայց գործազուրկ երիտասարդներ ու հաշմանդամներ, որոնց կյանքով հետաքրքրվողներ չկան, երկրի իշխանությունները բառացիորեն մոռացել են նրանց, նրանք ավելորդ բեռ են դարձել, մարդիկ գտնվում են ծայրաստիճան հուսահատ վիճակում, ավելի վատ, քան էր երկրաշարժի օրերին: Ոմանք բնակվում են տնակներում, ոմանք նոր բնակարաններ են ստացել, բայց հիմնականում գործազուրկ են: Ի միջի այլոց, «Սպիտակի մոռացված ժողովուրդը» Մայր Թերեզայի խոսքերն են, որոնք հնչել են Համլետ Դիլբարյանի ներկայությամբ, երբ 1989 թվականին նա այցելեց Սպիտակ ու մանկատուն բացեց հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Սրբադասված այդ կինը չափազանց հեռատես է գտնվել, կարողացել է գնահատել մեր ժողովրդին սպասող ավելի ծանր պայմանները: 2005 թվականին ես եղել եմ Մայր Թերեզայի կազմակերպությունում, նրանց մոտ պետք էր տեղավորել 19-ամյա հաշմանդամ մի աղջկա, որը կորցրել էր ծնողներին ու գտնվում էր զառամյալ պապի խնամքի տակ: Օգնեցին, տեղավորեցին, թեկուզ իրենց կանոնադրությամբ դա նախատեսված չէր, երեխաների տարիքը սահմանափակված էր 18-ով: Ինձ անչափ զարմացրեց մարդասիրական այդ կազմակերպության աշխատողների նվիրված ու հոգատար վերաբերմունքը հաշմանդամ սաների նկատմամբ, նրանք Աստծո իսկական զավակներ էին, որոնց չես համեմատի մեր այսօրվա բարբարոս օլիգարխների հետ, որոնք, հանուն իրենց «ջեբի փողերի», պատրաստ են քանդուքարափ անելու աղետյալ ժողովրդի համար կառուցված գործարանները, քանդելու այնպիսի վայրագությամբ, որ Վիկտոր Հյուգոն այնպայման կասեր՝ այստեղով թուրքն է անցել. շատ նման է: Հայկական ծագմամբ մեր «թուրքերը» թուրք են դարձել իրենց ագահության ու անկշտության պատճառով: Դատեք ինքներդ. այն չնչին շահույթը, որ այսքան թուքումուր ուտելուց ու մարդկանց անեծքի տակ մտնելու դիմաց ստանալու են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունն ու փայատերերը, չի գերազանցելու այն շահույթը, որը մեկ օրվա ընթացքում նրանք կարողանում են ստանալ մոլիբդենի խտանյութը արտահանելու միջոցով: Այս դեպքում ինչ կարիք կար քանդելու աղետի գոտում կառուցված, աղետի ենթարկված մարդկանց համար նախատեսված մեքենաշինական գործարանի ահռելի մասնաշենքերը, որտեղ կարելի էր կազմակերպել ոչ միայն վերելակների, այլև արևային տեխնիկայի կամ երկրի պաշտպանության համար անհրաժեշտ հրթիռների արտադրությունները: Վիկտոր Հյուգոյի խոսքերը մտաբերելիս ես քանդելու հետևյալ հավանական վարկածն եմ առաջ քաշում. հնարավոր է, Սպիտակի վերելակների գործարանը քանդելու գաղափարը դրսից է գալիս կամ մեր թշնամիների պատվերն է: Եթե Բաքուն իրեն թույլ է տալիս 2,7 միլիարդ դոլար ու տոննաներով խավիար տրամադրել եվրոպացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառելու համար, ապա ի՞նչը կխանգարեր, որ նրանք, օրինակ, ադրբեջանցիները, 100 միլիոն դոլար ծախսեին՝ Հայաստանի անենահզոր մեքենաշինական գործարանը քանդելու և հողին հավասարեցնելու համար: Դա թույլ կտա ոչ միայն զգալիորեն թուլացնել Հայաստանի տեխնիկական պոտենցիալը, այլև հուսալքության աննախադեպ աստիճանի հասցնել մեր քաղաքացիներին: Իմ օրինակով կարող եմ ասել. Սպիտակի վերելակների գործարանի քանդելը արմատապես փոխել է իմ արևային ծրագրերը Հայաստանում իրականացնելու մտադրությունը, այսուհետ հնարավոր եմ համարում, որ իմ աշխատանքները տեղափոխվեն ԱՄՆ, Ռուսաստան և այլուր, որտեղ հայություն կա, որտեղ միջավայրն այս աստիճանի ապականված չէ: «Որտեղ հայություն, այնտեղ էլ հայկական արդյունաբերություն», սա էլ իմ նոր նշանաբանն է: Դժվար է հավատալ մի երկրի իշխանավորներին, որ մի բան ասում, բայց այլ բաներ են անում: Եթե Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ցանկանում է այդ կոնստրուկցիաները տանել և օգտագործել իրենց արտադրական կարիքների համար սեյսմակայուն նոր մասնաշենքեր կառուցելու համար, ապա կարող է իր խնդիրները լուծել ավելի հեշտ տարբերակով. կարելի է վաճառել Սպիտակի վերելակների գործարանը և ստացված գումարներով նույն բելառուսական գործարանին պատվիրել, որ իրենց համար անհրաժեշտ սեյսմակայունությամբ շինություններ կառուցեն: Ավելին, նրանք կարող են նույն խնդրով դիմել չինական ընկերություններին, որոնք նման արտադրական մասնաշենքերը կառուցում են անհամեմատ ցածր գներով՝ 110 դոլար մեկ քառակուսի մետրի դիմաց, դա կլինի առավել շահավետ ու տեխնիկապես ավելի գրագետ: Կարծում եմ, որ Սպիտակի գործարանի քանդման գործում սխալ տնտեսագիտական հաշվարկներ են արվել, ենթադրում եմ, որ այստեղ կարող են այլ հաշվարկներ լինել՝ կապված հելիոֆիկացիայի իմ ծրագրի հետ:
-Բայց ի՞նչ կապ կարող է լինել Ձեր ծրագրի ու Սպիտակի գործարանի քանդման միջև:
-Այդ կապը կարող է լինել նաև անմիջական ու խիստ մոտիվացված: Ես երբեք չեմ թաքցրել իմ մտադրությունները, որ ցանկանում եմ Սպիտակի վերելակների գործարանի տարածքում հելիոտեխնիկական սարքերի արտադրություն կազմակերպել: Իմ մշակած տեխնոլոգիաներում հաշվի են առնված վերելակների գործարանի մասնաշենքերի բացառիկ մեծ հնարավորությունները: Մեծ մասնաշենքում՝ 10 հազար քմ տարածքի վրա ծրագրել էի կազմակերպել DVH տիպի արևային սարքերի հոսքագծային արտադրությունը, իսկ փոքր մասնաշենքում՝ 4 հազար քմ տարածքում, կարելի էր կազմակերպել հելիոտեխնիկական արդյունաբերության համար նախատեսված հատուկ հաստոցների ու սարքավորումների արտադրությունը՝ ելնելով հելիոտեխնիկական մեքենաշինության համար իմ մշակած կոնցեպտուալ դրույթներից: Հելիոֆիկացիայի գործընթացը չի կարող սահմանափակվել միայն Հայաստանով ու Ղարաբաղով, պետք է դուրս գալ հելիոտեխնիկայի միջազգային շուկա՝ մոնոպոլ դիրքեր ապահովելով կոմբինացված անհատական հելիոհամակարգերի, արևային տեխնոլոգիաների բազայի վրա աշխատող պահածոների գործարանների ու այլ նոր ոլորտներում, որտեղ մենք առայժմ զբաղված ենք միայն հետազոտական, նորարարական ու գյուտարարական աշխատանքներով: ՈՒնենք նաև հայկական մշակման արևային տեխնիկան միջազգային շուկա մտցնելու մեր ռազմավարությունը, որը հիմնված է ապագա շուկաների երկրներում հայկական հելիոտեխնիկական բազային գործարաններ կազմակերպելու վրա: Դրա համար յուրաքանչյուր երկրում անհրաժեշտ կլինի կառուցել 10 հազար քմ տարածքով արտադրական կորպուսներ: Հիմա ես նախագծում ու փորձարկում եմ մի աննախատիպ արևային սարք, որի առաջին օրինակները պատրաստվում եմ նվիրելու Ամերիկայի և Ռուսաստանի նախագահներին, ափսոսում եմ, որ Պուտինի ծննդյան օրվա առիթով այն չկարողացա ավարտին հասցնել, հայկական արևային տեխնիկայի միջազգային ճանաչման ու գովազդի համար դա կլինի աննախադեպ ու արդյունավետ քայլ, աշխատում ենք, մի օր դա էլ կլինի: Մեր ծրագրերը չեն բավարարում ՀՀ իշխանություններին, և լուրջ խնդիրներ են առաջացել: Բանն այն է, որ արևային թեմատիկան գտնվում է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի բիզնես հետաքրքրությունների դաշտում, մենք դարձել ենք մրցակիցներ. ես՝ իմ չունեցած ֆինանսական հնարավորություններով, բայց նախագծերի ու փորձարկված նմուշների մեծ պորտֆելով, նա՝ իր ազդեցիկ բարեկամներով, դիրքով ու ֆինանսական լայն հնարավորություններով: Մրցակիցներ մենք դարձել ենք ոչ իմ կամքով ու մեղքով, հանդիպել եմ նրա հետ, առաջարկել եմ համագործակցել, Ամերիկայից հետ բերել Վահագն Հերունուն, բայց ապարդյուն: Հիմա նա Հայաստանում իրականացնում է չինական արտադրության արևային տեխնիկայի մասսայականացման լայնամասշտաբ գործընթաց, որը մեր տնտեսությանը ոչինչ տալ չի կարող, կհանգեցնի միայն վարկային միջոցների մսխման ու ատկատային տնտեսության մեջ նոր ոլորտի ձևավորման:
-Ինչու՞ եք այդպես կարծում, ես գիտեմ, որ նա մտադիր է կառուցելու 50 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայան, որը թույլ կտա լրացուցիչ էլեկտրական էներգիա ստանալ ու արտահանել, օրինակ, Թուրքիա:
-Դրա հնարավորությունը մենք չունենք ու չենք էլ կարող ունենալ, որովհետև այդ նույն 50- մեգավատտանոց կայանները Թուրքիան ինքը կարող է կառուցել: Ի՞նչ է, նրանք Չինաստանի կամ Ճապոնիայի տեղը չգիտե՞ն, թե՞ խեղճ են, ֆինանսական միջոցներ չունեն: Էներգետիկայի նախարարությունը մի կարևոր նորամուծություն է մտցրել. «հելիոֆիկացիայի» փոխարեն որոշել են օգտագործել «արևաֆիկացիա» տերմինը: Այստեղ էլ ռազմավարական բնույթի սխալ է թույլ տրված, դրանով արևային տեխնիկայի տարածման գործընթացը սահմանափակվելու է միայն Հայաստանով: «Հելիոֆիկացիա» բառը շրջանառության մեջ է մտել իմ ջանքերով ու ենթադրում է արևային տեխնիկայի տարածումը աշխարհով մեկ՝ շեշտը դնելով հայկական մշակման հելիոսարքավորումների տարածման վրա: Մեր հիմնական նպատակը հելիոտեխնիկական սարքերի արտադրության կազմակերպումն է այնպես, որ միջազգային շուկայում հնարավորություն ստանանք մոնոպոլ դիրք գրավելու, սա կլինի մի գեղեցիկ, շախմատային լեզվով ասած, էտյուդային տարբերակ՝ Հայաստանի տնտեսությունը այս մղձավանջային վիճակից դուրս բերելու համար: Համոզված եմ, որ այլ, առավել իրատեսական տարբերակներ մենք չունենք, համենայն դեպս ես դրանք չեմ տեսնում: Եթե հելիոտեխնիկական գործարանը մեզ հաջողվեր կազմակերպել Սպիտակում, ապա մենք միաժամանակ կլուծեինք և՛ մեր տնտեսության զարգացման, և՛ սպիտակցիների համար բավարար աշխատատեղեր լուծելու խնդիրները:
-Սպիտակի գործարանի քանդման հարցում կա՞ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական միջամտության անհրաժեշտությունը:
-Իհարկե, դա շատ կարևոր կլիներ հատկապես այս պահին, երբ մոտենում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30 տարին, ես պատրաստ եմ հելիոտեխնիկական սարքերի արտադրությունը կազմակերպելու Սպիտակ քաղաքում, որը, միաժամանակ, կնպաստի Հայաստանի տնտեսության առաջընթացին, դա հնարավոր է, դա առավել քան իրատեսական է: 2017 թվականի սեպտեմբերին, դպրոցականների հետ կայացած հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահը մատնանշեց իր համար առաջնահերթ խնդիրները. ա) զարգացնել Հայաստանի տնտեսությունը, բ) կասեցնել արտագաղթը, դա նաև մեր ժողովրդի ու իմ մտահոգության առարկան է: Մեր խնդիրները մենք կարող ենք լուծել միասին, միասնական ճակատով, եթե կարողանանք զերծ մնալ նման տեսակի վրիպակներից, երբ, օրինակ, Սպիտակում քանդում են Հայաստանի ամենախոշոր մեքենաշինական գործարանի մասնաշենքերը, իսկ մենք ձեռքներս ծալած սպասում ենք, թե այս ամենը ինչով կավարտվի, կավարտվի նրանով, որ Սպիտակում այլևս գործարանի հույս անգամ չենք ունենա: Դա անթույլատրելի է հատկապես աշխարհաքաղաքական տեսակետից բարդ տարածաշրջանում գտնվող մեր երկրի համար:
-Դուք ընդդիմադի՞ր եք մեր իշխանություններին:
-Ես ընդամենը հայ ինժեներ եմ, որը տեսնում է մեր երկրի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու իրատեսական ճանապարհները, պատրաստ է պայքարելու մինչև վերջ ու լուծելու իշխանությունների կարծիքով անլուծելի թվացող մեր արդյունաբերական խնդիրները: Եթե իշխանությունների հանցագործ գործելակերպին մշտապես հակադրվելը նշանակում է ընդդիմադիր լինել, ապա ես միանշանակորեն ընդդիմադիր եմ: Նշեմ նաև, որ ես երբեք թույլ չեմ տվել քննադատել Սերժ Սարգսյանի գործողությունները՝ հաշվի առնելով նրա թափած գերմարդկային ջանքերը Հայաստանի համար, մի օր ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում (փայլուն ելույթ, որի համար կարելի է միայն հպարտանալ), հաջորդ օրը Երևանում է՝ ելույթ Հայրենիք-Սփյուռք համաժողովում, հետո Սոչի՝ հանդիպում Պուտինի հետ և այլն, և այլն: Այս ամենի համար ֆիզիկական ուժ է պետք, թեկուզ և թռիչքների վրա ու միշտ պետք է ֆորմայի մեջ լինել, հավատացեք, որ դա հեշտ գործ չէ: Հաճախ է պատահում, որ մեր բացթողումների համար քննադատում են մեր երկրի առաջին դեմքերին, դա ճիշտ չէ, իրական մեղավորները նստած են մեր միջին օղակներում, աշխատում են «ի միջի այլոց» սկզբունքով: Մենք արդեն քննարկեցինք Նելլի Մկրտչյանի կազմած ձևական պատասխանը, որն առնչվում է երկրի համար շատ կարևոր հարցի, նույնը վերաբերում է այդ նամակը ստորագրող փոխնախարարին, այնտեղ դրված է նրա էլեկտրոնային ստորագրությունը, հնարավոր է, որ նա անգամ ժամանակ չի տրամադրել նամակն ընթերցելուն և այդպես շարունակ: Հայաստանում դրությունը փրկելու համար պետք է հետևել Պուտինի օրինակին, տեսնել, թե ինչ բծախնդրությամբ է նա մոտենում ղեկավար կազմի ընտրությանը, միայն երիտասարդներին ու պատասխանատվության զգացում ունեցող անհատներին է առաջ մղում: Սա է հաջողության հասնելու գրավականը:



Զրույցը վարեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 7913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ