«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Իրավասու մարմինները, որոնք հովանավորել են մրցույթը և Գոհար Հարությունյանին, այսօր մի կողմ են քաշվել»

«Իրավասու մարմինները, որոնք հովանավորել են մրցույթը և Գոհար Հարությունյանին, այսօր մի կողմ են քաշվել»
17.10.2017 | 06:53

«Միսս Հայաստան-ազգային գործակալություն» ՀԿ-ի նախագահ ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր «Միսս Արմենիա-2017» մրցույթի կազմակերպական ու կանոնակարգային խնդիրները: Մասնավորապես նշելով, որ «Միսս Արմենիա» ապրանքային նշանն ապօրինի է օգտագործվել, ինչի համար քրեական գործ է հարուցվելու:

Լրագրողներին իր պարզաբանումներն էր ներկայացրել նաև «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի տնօրեն, «Միսս Հայաստան-1998» Գոհար Հարությունյանը` անհեթեթ համարելով Կարեն Արիստակեսյանի հիմնավորումները մրցույթի չափորոշիչների վերաբերյալ:
«Այս կերպ փորձում են հասարակական թյուր կարծիք ստեղծել: Նախ` որակումների մեջ պետք է լինել շատ զգույշ, առավել ևս, որ ինքդ եղել ես մրցույթի մասնակից, սակայն տարրական պատկերացում չունենալով կազմակերպական խնդիրներից, խոսում ես միջազգային փորձից: Չափորոշիչները, որոնց մասին խոսում եմ, միջազգային են, գործում են ազգային և միջազգային մրցույթներում: Գոհար Հարությունյանն ինքը, կարծեմ, մրցանակակիր է դարձել ըստ այդ չափորոշիչների,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ:- Փորձել անձնավորել մրցույթն իմ անձի շուրջ, կամ ասել, որ ես ի սկզբանե վատ վերաբերմունք եմ դրսևորել մրցույթի հանդեպ, մեղադրանք և զրպարտություն է: Ես երբևէ որևէ ակնկալիք չեմ ունեցել, զրպարտության դեպքում մեղավոր անձինք կարող են ենթարկվել օրենքով սահմանված պատասխանատվության»:


Անդրադառնալով «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի փաստաբան Դավիթ Ասատրյանի այն դիտարկմանը, որ մշակութային մոնոպոլիա է իրականացվում, մեր զրուցակիցն ասաց, որ ազգային մրցույթի իրավատերը «Միսս Հայաստան-ազգային գործակալությունն» է. ««Միսս Հայաստան», «Miss Armenia», «Միսս Արմենիա» ապրանքային նշանը` որպես մտավոր սեփականության օբյեկտ, պաշտպանված է օրենքով, կա դատական ակտ` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին: Այդ դատական ակտը նույնքան ուժ ունի, որքան դատական վճիռը: Խնդիրները շատ են, և ես ցավում եմ, որ պետական իրավասու մարմինները, որոնք հովանավորել են մրցույթը և Գոհար Հարությունյանին, այսօր մի կողմ են քաշվել»:


Կ. Արիստակեսյանի կարծիքով` այսօր Հայաստանում առաջնային չէ գեղեցկության մրցույթների կազմակերպումը, բայց եթե կա դրա պահանջը, կան հովանավորներ, մրցույթը պետք է կազմակերպվի առանց օրենքի խախտման. «Ես նրանց ասել եմ` ուզում եք համագործակցել, համագործակցենք, ուզում եք առանձին կազմակերպել, կարող ենք տրամադրել լիցենզային պայմանագիր, բայց լիցենզային պայմանագրով ևս պետք է սահմանվեն մրցութային պարտադիր կանոններ: Առանց կանոնակարգի մրցույթ չի լինում: Եթե այդպես լինի, բոլոր աղջիկները կարող են բեմ բարձրանալ»: Անդրադառնալով Գոհար Հարությունյանի այն հայտարարությանը, որ մրցույթում պլաստիկ միջամտությամբ մեկ մասնակից են ունեցել, «Միսս Հայաստան- ազգային գործակալության» նախագահն ասաց, որ եթե մրցույթն ունի թեկուզ մեկ այդպիսի մասնակից, բավարար հիմք է մրցույթը որակազրկելու:


«Միսս Արմենիա» հիմնադրամի փաստաբանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Կարեն Արիստակեսյանի հետ բանակցել են, բայց համաձայնություն ձեռք չի բերվել, քանի որ Արիստակեսյանը մեծ ակնկալիքներ է ունեցել, և որոշել են սեփական նախաձեռնությամբ կազմակերպել մրցույթը: Մեր զրուցակիցը հակադարձեց՝ ասելով, որ նրանց կողմից է անընդհատ ձգձգվել համագործակցության առաջարկը: Հուլիսին, երբ արդեն գրանցվել է «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը, իրեն զանգահարել է հիմնադրամի տնօրենը և ասել, որ համագործակցության եզրեր չունեն, ինքն էլ մաղթել է ապօրինի մրցույթին հաջողություն. «Այն ամենը, ինչ ասվել է, չի համապատասխանում իրականությանը: Ես չեմ կարծում, թե Գոհար Հարությունյանն այնպիսի մեծ հեղինակություն է, որ ես պետք է ջանք գործադրեմ իրեն հեղինակազրկելու: Գոհար Հարությունյանի մասին կարելի է կարծիք կազմել իր հրավիրած մամուլի ասուլիսներով ու հարցազրույցներով»:
Կարեն Արիստակեսյանը կեսկատակ, կեսլուրջ ակնարկեց նաև, որ Գոհար Հարությունյանի համար Եվրոպա մայր ցամաքը կազմված է 96 երկրից, որտեղ աղջիկներից մեկը, որը «մասնակցել է» «Միսս Եվրոպա» մրցույթին, գրավել է 13-րդ տեղը. «Ինքն էլ վեցերո՞րդ տեղն է գրավել «Միսս Եվրոպայում...»:


Նշենք, որ «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը մասնակցելու է Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվող «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին։
««Միսս աշխարհով» չի սկսվում ու ավարտվում այս մրցույթը: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, որ Հայաստանը օրինական ճանապարհով մասնակցի միջազգային մրցույթներին: Սա մեր պետության հեղինակությանը, վարկանիշին է առնչվում, և ոչ ոք իրավունք չունի իր տանը մրցույթ կազմակերպելու և ասելու` սա «Միսս Հայաստան» է»,- ասաց Արիստակեսյանը, ընդգծելով, որ հայտարարվելու է «Միսս Հայաստան» մրցույթ, որքան էլ որ խանգարեն: Նրա տեղեկացմամբ` տարիներ շարունակ ամենատարբեր ձևերով խանգարել են այս մրցույթը կազմակերպելու, այս տարի հնչել են նաև սպառնալիքներ: Հարցին, թե կարո՞ղ է մի երկրում անցկացվել գեղեցկության երկու մրցույթ` պատասխանեց, որ ազգային մրցույթը կարող է լինել մեկը:


Հետաքրքրվեցի, ինչպե՞ս են մրցույթի աջակից գերատեսչություններն արձագանքել զգուշացումներին, որ մրցույթն ապօրինի է:
«Մշակույթի նախարարությունից ասել են` դատի տվեք, սփյուռքի նախարարությունն ասել է, որ իրենք միայն տեղեկատվական հովանավորներ են: «Միսս Հայաստան» համահայկական մշակութային հիմնադրամը գրանցվել է 2017-ի հուլիսի 12-ին, Գոհար Հարությունյանը որպես հիմնադրամի նախագահ ներկայացել է և մրցույթի կազմակերպման մասին սկսել է խոսել հունվարից: Եվ այդ ինքնակոչ մրցույթի կազմակերպչին ու չգրանցված հիմնադրամի նախագահին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարը: Մամուլում արդեն եղել են հրապարակումներ մրցույթի հետևում կանգնած մարդկանց մասին: Ժամանակը բոլոր փակագծերը կբացի: Ես իմ առաքելությունը այլ տեղ եմ տեսնում և չեմ ծնվել «Միսս Հայաստան» կազմակերպելու համար, «Միսս Հայաստան-ազգային գործակալությունը» ստեղծել եմ Հայաստանի Հանրապետությունն ըստ արժանվույն ներկայացնելու համար: Գործակալությունը երեք գեղեցկուհիներ է պարգևել Եվրոպային` «Վիցե միսս» Լուսինե Թովմասյան, լավագույն գեղեցկուհիների մեջ՝ Մարինա Վարդանյան, Իրինա Թովմասյան»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ