Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մենք աշխատում ենք ցանկացած տարիքի հանդիսատեսի համար ունենալ հետաքրքիր նախագծեր»

«Մենք աշխատում ենք ցանկացած տարիքի հանդիսատեսի համար  ունենալ հետաքրքիր նախագծեր»
17.10.2017 | 06:56

Այս օրերին Երևանում անցկացվում է Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Երկու ամիս շարունակ՝ մինչև դեկտեմբերի 11-ը, մոտ 20 համերգ կներկայացվի դասական երաժշտության սիրահարներին։ Փառատոնն իր առջև դրել է շատ բարձր նշաձող. այն մեկնարկեց Հոլիվուդի գերաստղ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ և հետաքրքիր ձևաչափով։ Առաջիկայում նույնպես հայ երաժշտասերներին սպասում են բացառիկ նախագծեր։
Փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու ՍԱՐԳԻՍ ԲԱԼԲԱԲՅԱՆԸ նշում է, որ յուրաքանչյուր տարի փառատոնի համերգային ծրագիրը որոշվում է մոտ մեկ-մեկուկես տարի առաջ։ «Մենք աշխատում ենք ունկնդրին ներկայացնել բազմաժանր ծրագիր և ցանկացած տարիքի հանդիսատեսի համար ունենալ հետաքրքիր նախագծեր։ Բացի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից, ռուս, արևմտաեվրոպացի հայտնի հեղինակների գործերից, ունենում ենք նաև պրեմիերաներ։ Այս տարի առաջին անգամ Հայաստանում ներկայացվելու է Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» ստեղծագործությունը, սակայն ոչ թե սյուիտային, այլ բալետի տարբերակը, որի նոտաները մեծ դժվարությամբ կարողացանք գտնել։ Հայաստանում առաջին անգամ ներկայացվելու է Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, որի 4-րդ մասը միայն այս տարվա ապրիլի 24-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է Համահայկական նվագախումբը։ Փառատոնի շրջանակներում կարևորում ենք նաև կամերային համերգները և ներկայացնում ենք շատ հետաքրքիր կոնցեպտով համերգային ծրագրեր, որոնց մասնակցում են ինչպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերը, այնպես էլ հրավիրվում են հայ և արտասահմանցի մենակատարներ։ Փառատոնը համախմբում է նաև այլ կոլեկտիվների»,- ասում է Սարգիս Բալբաբյանը։


Խաչատրյանի միջազգային փառատոնը և՛ Եվրոպայում, և՛ ԱՊՀ երկրներում մեծ համբավ ունի։ Շատ մենակատարներ, որոնք անցած չորս տարիներին հյուրընկալվել են փառատոնին, եղել Հայաստանում, իրենց դրական տպավորությունները, բարձր գնահատականները տարածել աշխարհով մեկ, և այսօր արդեն մենակատարները, լսելով Խաչատրյանի փառատոնի մասին, ցանկություն են հայտնում մաս կազմելու երաժշտական այս տոնին։


Սարգիս Բալբաբյանի տեղեկացմամբ՝ այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվելու են դաշնամուրային մենահամերգներ։ Հայ հանդիսատեսի կողմից շատ սիրված դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, որը դարձել է խաչատրյանական փառատոնի ռեզիդենտ մենակատարը, հանդես կգա ոչ թե նվագախմբի հետ, այլ առանձին մենահամերգով։ Մենահամերգով ելույթ է ունենալու նաև հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանը։
Խաչատրյանի 5-րդ փառատոնին հյուրընկալվելու է նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի մի յուրօրինակ տրիո՝ սոպրանո, մեցցո-սոպրանո և տավիղ։ Այս հետաքրքիր հնչողությունների համադրությամբ տրիոն կատարելու է հայտնի դասական (և ոչ միայն դասական) կոմպոզիտորների ստեղծագործություններ։


Մեր զրուցակիցը նկատում է, որ դասական համերգների կողքին պետք է լինեն այնպիսի հետաքրքիր նախագծեր, որոնք կարող են նոր ունկնդիր ներգրավել, նոր մարդկանց ծանոթացնել դասական երաժշտարվեստին։ Դրան օգնում են այն հետաքրքիր գաղափարները, որոնք փորձում են փառատոնի կազմակերպիչները ներդնել։ Այս համատեքստում հետաքրքիր ձևաչափով մատուցվելու է «Արքայական համերգ» խորագրով նախագիծը. Դանիել Երաժշտի մեկնաբանմամբ կներկայացվեն ստեղծագործություններ, որոնք գրել են արքաները տարբեր դարաշրջաններում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4223

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ