Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Նապոլին» մնաց հպարտ մենության մեջ

«Նապոլին» մնաց հպարտ մենության մեջ
17.10.2017 | 07:12

Վերջին հանգստյան օրերից հետո եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում ընդամենը մեկ թիմ մնաց, որը դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը: Դա իտալական «Նապոլին» է: Մինչ այդ պարտություն չունեցողներից էին Դորտմունդի «Բորուսիան» ու «Բարսելոնը», ու եթե վերջինիս միավոր կորցնելու մեջ նաև հոգեբանական խնդիրներ կային, պայմանավորված Կատալոնիայում կայացած քաղաքական զարգացումներով, ապա առաջինի սայթաքումը բացառապես մարզական բնույթի էր:

ԱՆԳԼԻԱ
Մրցաշրջանի բոլոր հանդիպումներում ձախողված «Կրիստալ Պալասն» ութերորդ տուրում հյուրընկալեց «Չելսիին» ու մինչ այդ ունեցած պարտությունների մուռը թափեց երկրի գործող չեմպիոնի վրա: «Արիստոկրատները» հարկավ ամեն ինչ արեցին խայտառակությունից խուսափելու համար, սակայն Օլիմպոսի բոլոր աստվածներն այդ օրը տանտերերի կողմն էին՝ 2:1:
Այդ նույն Օլիմպոսի աստվածները բարեհաճ չէին և Արսեն Վենգերի սաների նկատմամբ, ովքեր լավ սկսեցին, սակայն վատ ավարտեցին «ՈՒոտֆորդի» հետ մրցակցությունը: Այստեղ էլ գրանցվեց նույն 2:1 հաշիվը, ու հաղթող կողմը դարձյալ տանտերերն էին:
Ամբիցիոզ Մոուրինյոն իր գլխավորած նույնքան ամբիցիոզ «Մանչեստր Յունայթեդով» հյուրընկալվել էր Լիվերպուլում: Մրցաշրջանն այնքան էլ ոչ միանշանակ սկսած «Լիվերպուլը» թեև չկարողացավ պարտության մատնել առաջնության առաջատարներից մեկին, բայց մեկ միավորից ավելի էլ չտվեց մրցակցին: Գոլազուրկ ոչ-ոքին 13 միավորով Յուրգեն Կլոպի սաների համար տեղ է ապահովել աղյուսակի միջնամասում, իսկ ավելի ստույգ՝ ութերորդ հորիզոնականում: Ի դեպ նույնքան միավոր ունեն և «Չելսին» ու «Արսենալը», պարզապես մեկի մի քիչ վերևը մյուսի մի քիչ ներքևի համեմատ պայմանավորված է լրացուցիչ գործակիցներով, բայց որ ոչ մեկի մեկնարկն էլ հաջող չես անվանի, միանշանակ է:
«Մանչեստր Յունայթեդի» ոչ-ոքիով ավարտվեց պրեմիեր լիգայի երկիշխանությունը, քանի որ «Մանչեստր Սիթին» սեփական հարկի տակ երեք միավոր վաստակեց «Ստոք Սիթիից»՝ պարտության մատնելով անպատշաճորեն խոշոր հաշվով՝ 7:2:
«Յունայթեդի» ոչ-ոքին որոշակիորեն ձեռնտու էր և «Բոռնմուտին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնած «Տոտենհեմին», որը, ճիշտ է, շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում, սակայն ունեցած 17 միավորով արդեն երեք նիշով է հետ «Մանչեստր Յունայթեդից»: Ինչ վերաբերում է մանչեստրյան մյուս ակումբին՝ «Սիթիին», նրա միավորների քանակը 22 է:

ԳԵՐՄԱՆԻԱ
«Լայպցիգի» հետ Դորտմունդի «Բորուսիայի» մրցակցությունը նշանավորվեց նրանով, որ տնային խաղում դորտմունդցիները կրեցին ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունը (2:3)՝ մնալով ունեցած 19 միավորով: Դորտմունդցիների միակ մխիթարությունը, թերևս, այն է, որ խփել են հանդիպման առաջին ու վերջին գոլերը: Ի դեպ, երկուսի հեղինակն էլ Օբամեյանգն է: Հաղթանակը հյուրերին օգնեց բարձրանալու երրորդ հորիզոնական ու ընդամենը մեկ միավորով հետ մնալու Մյունխենի «Բավարիայից», որը, լեգենդար Յուպ Հայնկեսի ղեկավարությամբ, հինգ անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց «Ֆրայբուրգին»: Ընթերցողի համար, հավանաբար, հետաքրքիր կլինի իմանալ, որ մարզական կարիերայի ընթացքում այս մասնագետը չորրորդ անգամ է գլխավորում մյունխենյան ակումբը: Ավելացնենք, որ Հայնկեսը թիմի պատմության ամենահաջողակ մարզիչն է:
Ներկայիս չորրորդ հորիզոնականի փոխարեն շատ ավելի վերևում կլիներ «Հոֆենհայմը», եթե հյուրընկալելիս միավոր չկիսեր «Աուգսբուրգի» հետ՝ 2:2:

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայում վերջապես գտնվեց մեկը, որը կարողացավ կանգնեցնել 14 անընդմեջ հանդիպումից բաղկացած «Բարսելոնի» հաղթական ընթացքը (յոթը բաժին է հասնում նախորդ մրցաշրջանին): Այդ թիմը Մադրիդի «Աթլետիկոն» է: Ճիշտ է, դա եղավ առաջատարի հետ ոչ-ոքի խաղալու տեսքով (մեկական գոլ է փոխանակվել, հյուրերն են վերականգնել հաշվի հավասարությունը), այդուհանդերձ, կատալոնցիների համար կորցրածը մնում է կորցրած: Եվ, այնուամենայնիվ, այդ ոչ-ոքիի մեջ որոշակի սիմվոլիկ բան կա, եթե, իհարկե, չենք մոռացել կատալոնյան հանրաքվեն, նրանով առաջ եկած բարդությունների շարքը: Իսկ սիմվոլիկն այն է, որ քաղաքական հողի վրա եղած դրամատիկ զարգացումներից հետո (գուցե և՝ ընթացքում) Մադրիդն ու Բարսելոնը մարզական կյանքում եկան մեկ ընդհանուր հայտարարի:
Մադրիդյան հիշյալ ոչ-ոքին շահեկան եղավ «արքայականի» համար, որը նախօրեին արտագնայում «Խետաֆեի» հետ բավական ծանր խաղ էր ունեցել. Ռոնալդուն 85-րդ րոպեին է կարողացել փոխել հանդիպման 1:1 հաշիվը: Հաղթանակը «Ռեալին» հնարավորություն տվեց 17 միավորով բարձրանալու երկրորդ հորիզոնական՝ մեկ միավորով շրջանցելով «Աթլետիկոյին», որի հետ հավասար միավորներ ունի արտագնայում նվազագույն հաշվով «Աթլետիկին» զիջած «Սևիլիան»:
Մրցաշարային աղյուսակը վերը նշած դասավորությունն էլ կունենար, եթե չլիներ տուրի վերջին՝ «Բետիս»-«Վալենսիա» առճակատումը, որը գերազանցեց ամեն կարգի սպասում: Գերգոլառատ այս հանդիպումում արձանագրվեց դարպասի ինը գրավում, և առանձնակի հաջողակ էին հյուրերը՝ դարպասի վեց գրավումով: Ինչ վերաբերում է տանտերերին, նրանք 0:4 հաշվով պարտության ժամանակ երեք գոլից բաղկացած պոռթկում ունեցան, սակայն այդքանով էլ բավարարվեցին: Այս հաղթանակը «Վալենսիային» 18 միավորով բարձրացրեց առաջնության երկրորդ հորիզոնական:

ԻՏԱԼԻԱ
Դրամատիկ զարգացումներով աչքի ընկավ «Յուվենտուս»-«Լացիո» դիմակայությունը, որը տանտերերին ոչ մի վատ բան չէր գուժում: Հակառակը, «ծեր սինյորան» հանդիպումը սկսեց վստահ ու, շնորհիվ Դուգլաս Կոստայի, ընդմիջման գնաց հաշվի մեջ առաջ անցած: Ամպրոպը որոտաց երկրորդ խաղակեսում: Ամենայն հավանականությամբ, հիշելով, որ տհաճ պարտությունների կողքին «Յուվենտուսի» նկատմամբ հրաշալի հաղթանակների ավանդույթ էլ ունի, «Լացիոն» անմիջապես անցավ գործի: 47-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնված էր, իսկ յոթ րոպե անց լուսատախտակի վրա 2:1-ը վկայությունն էր հօգուտ հյուրերի: Բնականաբար, «Յուվեն» չէր կարող պարտության մտքի հետ հաշտվել, այն էլ՝ սեփական հարկի տակ: Գրոհ գրոհի էր հետևում, ու ի վերջո բանը հասավ նրան, որ տանտերերը տասնմեկմետրանոցի տեսքով հաշիվը վերականգնելու փայլուն հնարավորություն ստացան… 97-րդ րոպեին: Այո, այո, խաղի հիմնական ժամանակահատվածին մրցավարը 7 րոպե էր ավելացրել, սակայն Պաուլո Դիբալան ձեռքից բաց թողեց հարյուրտոկոսանոց շանսը:
Եթե դարպասաձողերն այդպես համառորեն «կրակի» տակ առնելու փոխարեն «Ռոման» գեթ մեկ անգամ կարողանար դիպուկ լինել, «Նապոլին» երեք միավոր վաստակած չէր հեռանա հավերժական քաղաքից ու պարտության դառնահամը չզգացած միակ թիմը չէր լինի եվրոպական գերտերությունների առաջնություններում:
«Միլանի» հետ դիմակայության անհաջող ելքն անգամ չէր կարող սասանել մրցաշարային աղյուսակում «Ինտերի» դիրքերը: Միլանյան այս դերբիում «Ինտերը», որ հյուրընկալող կողմն էր, երեք անգամ առաջ անցավ հաշվի մեջ, ու այդ երրորդ անգամն էր, որ նրան, ի վերջո, անհաշտ այս մրցակցությունում հաղթանակ ապահովեց:
ՈՒթերորդ տուրից հետո «Նապոլին» ունի 24, «Ինտերը»՝ 22, «Յուվենտուսը»՝ 19 միավոր: Նույնքան է և «Լացիոյի» ունեցածը, սակայն լրացուցիչ գործակիցներն են ավելի վատ:

ՖՐԱՆՍԻԱ
Լիոնում տեղի համանուն թիմի հետ «Մոնակոյի» սայթաքումը (2:3) արտագնայում «Դիժոնի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակի հասած «Պարի Սեն Ժերմենին» օգնեց ինը տուրից հետո երկրի գործող չեմպիոնից առաջ անցնելու վեց միավորով: Միջանկյալ նկատենք, որ սա արդեն 25 միավոր ունեցող մայրաքաղաքացիների հազվադեպ հանդիպումներից է, որի հաղթական ելքում մասնակցություն չի ունեցել ՊՍԺ-ի հարձակման գծի եռյակը:
Դիվիզիոնի երրորդ հորիզոնականում է «Սենտ Էտիենը», որը սեփական հարկի տակ «Մեցին» հաղթել է 3:1 հաշվով ու մոնեգասկներից հետ է արդեն երկու միավորով: Ի դեպ, «Սենտ Էտիենի» պես 17 միավոր ունի նաև «Նանտը»: Տուրի արդյունքներով այս երկյակին միացավ արտագնայում «Ստրասբուրգի» հետ մրցած «Մարսելը»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով՝ 3:3: Լրացուցիչ գործակիցներով չորրորդ հորիզոնականում է «Մարսելը», որը վերջին վայրկյաններին է կարողացել խուսափել պարտությունից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ