Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խոր վերափոխիչ Մակրոնը խոստացավ Ֆրանսիան անճանաչելի դարձնել

Խոր վերափոխիչ Մակրոնը խոստացավ Ֆրանսիան անճանաչելի դարձնել
17.10.2017 | 08:36

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջին մեծ հեռուստահարցազրույցը տվեց ուղիղ եթերում: Հինգ ամիս նա հրաժարվում էր հարցազրույցներից, բավարարվում էր մենախոսություններով և միայն մեկ անգամ մեծ «թղթե» հարցազրույց տվեց Le Point ամսագրին: Մակրոնի կիրակնօրյա հեռուստամենամարտը լրագրողների հետ դարձավ ֆրանսիական թերթերի հիմնաթեման:


Մակրոնը հեռուստահարցազրույցն ինչ-որ կոնկրետ իրադարձության հետ չկապեց` պարզապես արդեն վայելուչ չէր դադարը ձգել: Երբ «խոր վերափոխումներ՚ ես անում, ժողովրդիդ պիտի բացատրես` ինչ ես պատրաստվում նրա հետ անել։ Նա առաջին անգամ, հավանաբար ոչ այնքան համոզիչ, բացատրեց հուլիս-օգոստոսին նախագահական վարկանիշի ռեկորդային անկումը: Վերջին երկու ամիսներին, և դա հիշեցրին թե ձախ Libération-ը, թե ձախկենտրոնամետ Le Monde-ը, թե աջ Le Figaro-ն, Մակրոնին սկսեց կպչել «հարուստների նախագահ» պիտակը: Պատճառները` շքեղության հարկը վերացնելու որոշումը, աշխատանքային օրենսդրության բարեփոխումը, որտեղ շատ քննադատներ տեսնում են «կապիտալի ցանկությունը», Մակրոնի մի քանի կտրուկ ռեպլիկները արհմիութենական գործիչների ու ձախ ակտիվիստների հասցեին: Նախագահը նրանց անվանեց անհաջողակ և «պորտաբույծ», որ միշտ «բորդել են սարքում», երբ ուրիշներն աշխատում են:
Հարցազրույցի ժամանակ նախագահն իր խոսքերից հետ չկանգնեց, ընդգծելով, որ ձևակերպումը կոպիտ էր, բայց բովանդակությունը` ճիշտ: ՙԵս շարունակելու եմ ասել` ինչ մտածում եմ՚` խոստացավ Մակրոնը` ընդգծելով, որ այդպիսով առանձնանում է քաղաքական էլիտայի մյուս ներկայացուցիչներից: Ավելին` նա հավատացրեց. ՙԵս անում եմ` ինչ ասում եմ՚։ Ֆրանսիայի ներկա նախագահը հայտարարեց, որ, ի տարբերություն Օլանդի, որ պաշտոնավարման սկզբում իր կառավարման հաջողության ՙմիակ ցուցիչ՚ համարում էր գործազրկության մակարդակի նվազումը, ինքը բոլոր ճակատներով հաջողության նպատակ ունի։


Վերափոխումների դրական արդյունքները ֆրանսիացիները կարող են զգալ արդեն ՙմեկուկես-երկու տարուց՚` ասաց Մակրոնը և խոստացավ, որ փոփոխությունները հիմնարար են լինելու: «Ես այստեղ չեմ, որ պարզապես կառավարեմ կամ բարեփոխեմ, այլ` երկրի խոր վերափոխում կատարելու համար՚` ասել է Մակրոնը։ Դժվար է ասել` հաջողության կհասնի՞ նախագահ Մակրոնն այդ գործում, բայց այսօր նրա ՙմիակ հակառակորդը հենց ինքն է՚` գրում է Le Monde-ը` հիշեցնելով, որ արհմիությունները միասնական չեն, աջերը կենտրոնացած են ներկուսակցական պայքարի վրա, սոցիալիստները չափազանց թույլ են։ ՈՒստի ձախողման պարագայում Մակրոնը որևէ մեկին մեղադրել չի կարող` ստիպված է ամեն ինչի համար ինքը պատասխանել։


Առաջին մեծ հեռուստահարցազրույցում հարցերի պատասխաններին ֆրանսիական երեք տարբեր ուղղություններ ունեցող թերթերը տարբեր գնահատականներ տվեցին, բայց բավականաչափ հանգիստ` գովեցին ոչ շատ, քննադատեցին ոչ բարձր։
Աջ Le Figaro-ն դրական ածականներ էր շարում, ձախ Libération-ը քննադատական: Libération-ի գլխավոր խմբագիրը վստահ է, որ Մակրոնին չի հաջողվել ազատվել «հարուստների նախագահի՚ կլիշեից և հարցազրույցում նա ևս մեկ անգամ հաստատեց ֆրանսիական բուրժուազիայի ավանդույթը, որ հավերժաբար իրեն քննադատողներին անվանում է «նախանձ անհաջողակ»: «Ի՞նչ անեն անհաջողակները»` հարցնում է Libération-ը և հաստատում, որ Մակրոնի պատասխանը մեկն է` «հաջողության հասիր»։ Իհարկե, լավ է, եթե հասարակության մեջ շատ լինեն հաջողության հասած մարդիկ, բայց եթե ՙհաջողությունը՚ միակ նպատակը դառնա, ի՞նչ հասարակություն մենք կկառուցենք` հարցնում է թերթի խմբագիրը։


Le Monde-ը, ինչպես Libération-ը, կարծում է, որ Մակրոնը չկարողացավ համոզիչ համատեղել երկու դերերը և ֆրանսիացիներին ցույց տալ, որ և տնանկների պաշտպանն է, և ոգեշնչողը նրանց, որ հաջողության են հասել։
Աջ Le Figaro-ն հավատացնում է իր ընթերցողներին, որ նախօրեին երեկոյան միլիոնավոր համերկրացիների առաջ հայտնվեց «վճռական տրամադրված» նախագահ, որ «մի կողմից ուզում է հանել տնտեսության կշռաքարերը՚, որ «խթանի աճը», մյուս կողմից` պաշտպանել ֆրանսիացիներին «աշխարհից, որ չորս կողմից բաց է քամիների առաջ»: Չորս քամիներն էլ են նշված` «(վայրի) մրցակցություն, միգրացիա, ահաբեկչություն, կլիմայական փոփոխություններ»:
RFI


Հ.Գ. Հետաքրքիր է, որ ֆրանսիացիները առավելապես ներքին հարցերով են հետաքրքրվում, արտաքին քաղաքականությունը նրանց շատ ավելի քիչ է մտահոգում: Ֆրանսիայի նախագահը ասել է, որ պատրաստվում է Իրան մեկնել` միջուկային համաձայնագրի հարցով: Ճիշտ կաներ` հետդարձին Հայաստան գար, այստեղ էլ անելիքներ ունի, որ խոստացել է ընտրվելուց առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ