Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սեր և նվիրվածություն

Սեր և նվիրվածություն
17.10.2017 | 12:41

Ամեն անգամ այցելելով Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան (հասցեն` Նանսենի 20)` դուրս եմ գալիս հոգեկան մեծ բավականությամբ։

Խնամքով դասավորված հարուստ գրականությունը, տնօրեն տիկին Արզումանյանի հաճելի ու ջերմ վերաբերմունքը, աշխատակիցների պատրաստակամությունը հույս են ներշնչում, որ գիրքն ու գրականությունը մեր ժողովրդից միշտ անպակաս կլինեն։


Գրադարանը ստեղծվել է 1997 թվականին։ Քսան տարվա հարուստ կենսագրություն ունի, և դա պայմանավորված է ոչ միայն տարիների քանակով, այլև կատարված աշխատանքի որակով։
Տնօրեն տիկին Արզումանյանն արդեն 10 տարի է, որ աշխատում է գրադարանում, նրա ստեղծագործական և կազմակերպչական ունակությունների շնորհիվ է նաև, որ գրադարանը կատարում է իր առաքելությունը։
Կատարված աշխատանքները բազմաբովանդակ են և բազմաբնույթ։ Այստեղ կազմակերպվում են գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների, բանաստեղծների, արվեստագետների հետ, տպագրվում են գրքեր տիկին Արզումանյանի և գրական միավորման նախագահ Յուրի Սահակյանի նախաձեռնությամբ։ Օրինակ, տպագրվել է Պ. Սաֆարյանի «Գործն է անմահ» գիրքը, կազմակերպվել են Էլեն Ավագյանի «Ճակատագրի լույսն ու ստվերը», Գ. Վարդանյանի «Դուդուկն է երգում Գյումրվա» գրքերի շնորհանդեսները։


Կազմակերպվել են հանդիպումներ կամրջաշինարար, բանաստեղծ Գևորգ Կարապետյանի, գրող Գագիկ Վարդանյանի, երաժիշտ, ֆլեյտահար Վազգեն Մինասյանի, ռուսաստանաբնակ բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանի, գրող Սաթենիկ Ղազարյանի և շատ այլ արվեստագետների հետ, հայրենասիրության դասեր են անցկացվում դպրոցներում (Կ. Դեմիրճյանի անվ. թ. 139 դպրոց), քոլեջներում (Առևտրի քոլեջ)։ Կազմակերպվում է ճամբար, միջոցառումներ և ինտելեկտուալ միջոցառումներ են անցկացվում դպրոցներում («Հեքիաթին հյուր»)։ Միջոցառումների ոգին Աստղիկ Սահինյանն է, որ սիրով և նվիրվածությամբ է կատարում իր աշխատանքը։


Եվ հենց այստեղ էլ մեծ հանդիսավորությամբ նշեցին գրադարանավարի օրը։
Ռադիոյի վաստակաշատ հաղորդավարներ Անահիտ Նավասարդյանն ու Կարեն Վարդանյանը ողջունեցին ներկաներին, շնորհավորեցին գրադարանավարի օրվա առթիվ, ջերմ խոսքեր ասացին տիկին Արզումանյանին և կոլեկտիվի անդամներին։ Ելույթ ունեցան նաև հյուրերը։ Բոլորը միաբերան նշեցին կոլեկտիվի կատարած մեծ աշխատանքը մատաղ սերնդի դաստիարակության գործում։
Սակայն միայն ջերմ խոսքերով չգնահատվեց նրանց աշխատանքը։
Տիկին Արզումանյանը արժանացավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ոսկե մեդալի։ Գրադարանի երկարամյա աշխատողներ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն ՈՒլիխանյանի կողմից արժանացան պատվոգրերի։ Մյուս աշխատողների աշխատանքը նույնպես գնահատվեց։ Նրանք էլ պատվոգրերի արժանացան տնօրեն տիկին Արզումանյանի կողմից։ Որովհետև, ինչպես իր ելույթում նշեց տիկին Արզումանյանը, կատարված այս բոլոր աշխատանքները կոլեկտիվ աշխատանքի արդյունք են։


Ժասմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2656

Մեկնաբանություններ