Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսկ ուր մնացին հայ-թուրքական արձանագրությունները

Իսկ ուր մնացին հայ-թուրքական արձանագրությունները
18.10.2017 | 08:33

Անցած շաբաթ թուրքական թերթերը հաճույքով քննարկում էին թուրք-ռուսական հարաբերությունները` տարբեր կողմերից։ Yeni Şafak-ը, շարունակելով մեկնաբանել Սաուդյան Արաբիայի թագավորի այցը Ռուսաստան, ուշադրություն է հրավիրում ոչ միայն Մոսկվայի ու Էր Ռիադի մերձեցման կարևորությանը, այլև տարածաշրջանային ու գլոբալ հավասարակշռության ստեղծմանը։ Ընդգծվում է, որ մի կողմից Սաուդյան Արաբիան փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, մյուս կողմից` Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախաձեռնությամբ սկսված Աստանայի գործընթացը սաուդցիներին հետին պլան է մղել սիրիական դոսիեում, և Սաուդյան Արաբիան` նպատակ ունենալով սիրիական կարգավորման բանակցություններին ներկա լինել, անհրաժեշտ է համարել Ռուսաստանի հետ մերձեցումը։


Medya Günlüğü-ը հաղորդելով թուրք զինվորականների Իդլիբ մտնելու մասին` Սիրիայում դեէսկալացիոն գոտիներ ստեղծելու Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համաձայնության շրջանակներում, նշում է, որ Իդլիբի իրավիճակը կառավարողների թվում լինել Թուրքիային հնարավորություն է տվել Ռուսաստանի` Սիրիայում գլխավոր խաղացողի հետ, հարաբերությունների կարգավորումը։


Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և փաստացի Սիրիան, առանց նրա համաձայնության Իդլիբի գործողությունը հնարավոր չէր լինի, միասնական ճակատով են հանդես գալիս, մինչդեռ նախկինում միմյանց թշնամի ճամբարներում էին` եզրակացնում է Aydınlık-ը։
Milli gazete-ի կարծիքով` Իդլիբի գործողությունը Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի դաշինքի քայլն է ԱՄՆ-ի «Մեծ Մերձավոր Արևելք» աշխարհաքաղաքական նախագծի դեմ: Մի շրջանում, երբ թափ են հավաքում Թուրքիայի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները և Թուրքիայի ու Իրանի համագործակցությունը անվտանգության առանցքով, ամեն ինչ տանում է նոր «Աստանայի միության» ձևավորմանը` իբրև ձգողականության կարևոր կենտրոն։
Թուրքիան, անհանգստացած քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) / ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) ԱՄՆ-ի աջակցությամբ դեպի Իդլիբ շարժվելու ծրագրերից, գործողություններ սկսեց այդ նահանգում, իսկ Ռուսաստանն ու Իրանը առայժմ, կարծես, համաձայն են, որ Իդլիբը վերահսկեն ընդդիմության ուժերը, այլ ոչ քրդերը` գրում է Birgün-ը:


Իդլիբի գործողության պայմանները, որի շրջանակներում թուրք զինվորականները կտեղակայվեն Իդլիբում դեէսկալացիոն գոտու ներսում, իսկ ռուսական ուժերը արտաքին շրջագծով և պիտի ապահովեն աջակցությունն օդից, ավելի բարդ են, քան Թուրքիայի «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում` ընդգծում է Sabah-ը։ «Հայաթ Տահրիր աշ Շամը» Իդլիբում ԻՊ-ից մեծ հասարակական աջակցություն ունի, և այդ խմբավորումը կարող է Իդլիբի բնակիչներին դրդել ռազմական դիտորդների դեմ, իսկ «փաստը, որ Ռուսաստանը ռմբակոծում է` ուշադրություն չդարձնելով քաղաքացիական բնակչությանը, Թուրքիային կարող է բարդ վիճակում դնել»։


Թուրքիայի համագործակցությունը Ռուսաստանի ու Իրանի հետ սիրիական հարցում, ռուսական ЗРК С-400 գնելը հիմնականում պատճառ դարձան Թուրքիայի ու ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամի, որ փոխադարձաբար կասեցրին ոչէմիգրացիոն վիզաների տրամադրումը` կարծում են Güneş-ի ու Cumhuriyet-ի հեղինակները:
Ռուսաստանի ու Իրանի հետ Թուրքիայի համագործակցության դեմ է ԱՄՆ իստեբլիշմենտը, որ հակադրվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այդ ընթացքում ինքը` Թրամփը «ռացիոնալ» է համարում Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները, սակայն անհանգստացած է Թուրքիայի ու Իրանի հարաբերություններից` գրում է Star-ը։
Պնդումները, որ վիզային խնդրով Թուրքիային «պատժում են» Իդլիբում դեէսկալացիոն գոտու ստեղծմանը մասնակցելու համար, իրոք անհիմն են` կարծում է Hürriyet-ը։ Չնայած ԱՄՆ-ի ու Թուրքիայի տարաձայնություններին Մերձավոր Արևելքի խնդիրներում ու նախ և առաջ` Սիրիայում, Աստանայի գործընթացի շրջանակներում դեէսկալացիոն գոտու ստեղծմանը նպաստելու Թուրքիայի քաղաքականությանը ԱՄՆ-ն աջակցում է: Ըստ էության` «հրադադարի երաշխավորի» համանման գործառնություն ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ կատարում է Դերիա նահանգում` Սիրիայի հարավում, Հորդանանի սահմանի մոտ։


Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանին ժամանակավոր, մարտավարական ու կոնյունկտուրային բնույթ ունի` ասում է քաղաքագետ Բարիշ Դոստերը Birgün-ի հետ զրույցում։ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը իր գաղափարական նախընտրությունների, քաղաքական կողմնորոշման, պատմական փորձի տեսակետից` չի կարող լինել եվրասիական քաղաքականության կողմնակից։ Ավելին` Մերձավոր Արևելքում Անկարայի նախընտրությունները, ձգտումներն ու հավակնությունները շատ ավելի համաձայնեցվում են ատլանտյան իմպերիալիզմի պահանջների հետ և շատ ավելի ուժեղ են Արևելքի ու Եվրասիայի նկատմամբ հետաքրքրությունից։ Այն, որ Թուրքիան հիշում է Ռուսաստանի ու Եվրասիայի մասին ամեն անգամ, երբ լարվածություն է առաջանում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերություններում, ռազմավարական նախապատվություն չէ:
Sözcü-ն տեղեկացնում է Ռուսաստանից գյուղմթերքների ներկրման Թուրքիայի սահմանած նոր կարգերի մասին: Թուրքիան սկսել է պահանջել առևտրական խորհրդականների կամ ատաշեների հավաստագիր` ՌԴ-ից մեկ տասնյակ մթերքների ներկրման համար: Ստամբուլի արտահանողների միության ղեկավար Զեքերիա Մետեի կարծիքով` Թուրքիայի սահմանած նոր կարգերը սխալ է դիտարկել «սահմանափակում» կամ «արգելք»: Այդ պահանջը «մասնակի արգելք» է, որին Թուրքիան դիմում է, որովհետև Ռուսաստանը չի վերացրել թուրքական պոմիդորի մատակարարման սահմանափակումները:


Dünya-ն, մեջբերելով Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովի հայտարարությունը, որ Ռուսաստանը պատրաստ է պատասխանել Թուրքիայի նոր սահմանափակումներին, հարց է տալիս` Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր դիլեմա՞ է ծագել:
«Գյուղատնտեսական պատերազմ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև» հոդվածում Vatan-ը թուրք արտահանողների կարծիքն է մեջբերում, որ ռուսական գյուղմթերքների Թուրքիա արտահանման նոր կանոնները բացասաբար կազդեն Թուրքիայից արտահանումների վրա:
Վերջին տարիներին թուրք-ամերիկյան հարաբերություններում ամենամեծ ճգնաժամի շրջանում նախագահ Էրդողանը ՈՒկրաինա այցի ժամանակ հայտարարեց. «Մենք դեմ ենք Ղրիմի անօրինական միացմանը Ռուսաստանին», չնայած գործակցում է Մոսկվայի հետ Սիրիայում իր սեփական քրդաֆոբիայի պատճառով` գրում է Birgün-ը:
ՈՒկրաինացիները շատ լավ գիտեն, որ Ղրիմը երբեք ՈՒկրաինա չի եղել` ասում է Թուրքիայում Ղրիմի թաթարների ընկերակցությունների միության նախագահ ՈՒնվեր Սելը Cumhuriyet-ին տված հարցազրույցում: Դեռ 1991-ին, երբ ՈՒկրաինան անկախություն հռչակեց, Ղրիմի բնակիչներն ուզում էին անջատվել ՈՒկրաինայից։ Վերջին տարիներին Ղրիմում սկսվել է զարգացման մեծ աշխատանք, նկատելի է պետության ներկայությունը, թեպետ ուկրաինական շրջանում չէր երևում։ Մոտ ապագայում Ղրիմը կդառնա Սևծովյան տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած շրջանը, Ղրիմում չկա որևէ ճնշում` մշակութային կամ կրոնական։ Ճնշվել են արմատական իսլամիստական շարժումները, որ ուկրաինական շրջանում իրենց ազատ էին զգում։


Karar-ը, մեջբերելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը` «Ղրիմի ճանաչման կամ չճանաչման որևէ մեկի խոսքերը չեն ազդի այն փաստի վրա, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մաս է», գրում է, որ Ռուսաստանը «հանդուգն» պատասխան տվեց Էրդողանին։ Ի պատասխան Կիևում Էրդողանի հայտարարության` Ռուսաստանն ազդանշան տվեց` Մոսկվայում ընդունելով քրդական YPG-ի ներկայացուցիչների պատվիրակությանը և նրանց հետ քննարկելով քաղաքական կարգավորումն ու ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում` գրում է Sabah-ը:


Թուրք-ռուսական հարաբերություններում վերջին իրադարձությունները կարող են խնդիրներ ստեղծել մի քանի ասպարեզներում` գրում է Medya Günlüğü-ն: Այդ իրադարձությունները վերաբերում են С-400-ների շուրջ շարունակվող առևտրին, Թուրքիայի ներմուծած` ռուսական գյուղմթերքերի արտահանման դեպքում ապրանքագրերի պարտադիր վավերացմանը առևտրական խորհրդականների ու ատաշեների կողմից, Ռուսաստանի հնարավոր պատասխան քայլերին, Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու Էրդողանի հայտարարությանը, տեղեկությանը, որ Թուրքիան փակել է իր նավահանգիստները Ղրիմից դուրս եկող նավերի առաջ: Խոսել թուրք-ռուսական հարաբերությունների նոր ճգնաժամի մասին դեռ վաղ է, բայց պետք է հասկանալ, որ այս ամենը լարվածության հնարավոր պատճառ է:
Inosmi.ru


Հ.Գ. Այս կարճլիկ դայջեստում տեսա՞ք որևէ ակնարկ, որ Թուրքիային մտահոգում են հայ-թուրքական հարաբերությունները, հարևանի հետ փակ սահմանը կամ 10 տարի առաջ ստորագրված ինչ-որ արձանագրություններ: Առավել ևս հիմքեր կա՞ն, որ թուրք-հայկական հարաբերություններում ինչ-որ դեր կարող է խաղալ Մոսկվան` ինչպես պարբերաբար գրում են ռուս փորձագետները: Փաստացի` ռուս-թուրքական հարաբերությունները դիվանագիտական խայծ են Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում Անկարայի համար իր ցանկացածը ստանալու համար: ՈՒ դա շատ լավ հասկանում է Բրյուսելը, որ դուռը չի փակում Անկարայի առաջ` վերջնականապես Մոսկվայի գիրկը չգցելու համար:


Եվ մի «մանրամասն», որին թուրքական թերթերը չեն անդրադարձել` Թուրքիայի Իդլիբ մտնելու դեմ առարկեց Դամասկոսը` հայտարարելով, որ համաձայնություն չի տվել իր տարածքում ռազմական գործողություններ ձեռնարկելու: Գաղտնիք չէ, որ Թուրքիան Սիրիայում ահաբեկչության դեմ չի պայքարում, այլ` քրդերի: Նույնիսկ եթե քրդերը կռվում են ԻՊ-ի ու մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ: Եվ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների պատճառներից մեկն էլ քրդերին զինելն է, որի հետ Անկարան չի հաշտվում: Իսկ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները երբեք չեն եղել ու չեն կարող լինել ռազմավարական, ընդամենը մարտավարական են: ՈՒ այդ մարտավարական հարաբերությունները չեն բացառում ոչ պարենային պատերազմներ, ոչ զենքի վաճառք, ոչ էլ միմյանց օգտագործելու քաղաքականություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ