Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կարեն Ավագյանը Սանկտ Պետերբուրգում կոչ է արել ՌԴ իշխանություններին վերացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների նկատմամբ ճամփորդական արգելքները

Կարեն Ավագյանը Սանկտ Պետերբուրգում կոչ է արել ՌԴ իշխանություններին վերացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների նկատմամբ ճամփորդական արգելքները
18.10.2017 | 13:14

Հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովի շրջանակներում կառույցի առողջապահական խմբում ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարեն Ավագյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ՀՀ ԱԺ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները։ Նշենք, որ Միջխորհրդարանական միության առողջապահական խմբում քննարկվում են համաշխարհային առողջապահական խնդիրները, մարտահրավերները, դրանց լուծման ուղիները։

Առողջապահական խմբում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով զեկուցողները երկուսն էին՝ ՀՀ-ն ներկայացնող Կարեն Ավագյանը և Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ադան Ռիոսը։
Խոսելով հայաստանյան փորձի մասին՝ ՀՀ ԱԺ պատգամավորը մանրամասն անդրադարձել է թեմային առնչվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես, ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ ճամփորդական արգելքների, պարտադիր հետազոտությունների վերացմանը։ Կարեն Ավագյանն իր ելույթում շեշտել է, որ երբ 1990-ականներին Հայաստանում գրանցվեցին ՄԻԱՎ-ի առաջին դեպքերը, բացասական տրամադրվածություն կար ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ, և փորձ էր արվում խստացնել նրանց վերաբերյալ ցանկացած կարգավորում։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ խիստ միջոցները որևէ կերպ չեն օգնում, որպեսզի խոցելի խմբերը թեստավորում անցնեն և բուժում ստանան։ Ուստի ՀՀ-ում փոխվեց քաղաքականությունը, որոշակիորեն ավելացան մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված պետական բյուջեի հատկացումները։ Այդ ամենն ի վերջո հանգեցրեց նրան, որ այսօր հղի կանանց գրեթե 100 տոկոսը հետազոտվում է ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի նկատմամբ, և դրական դեպք հայտնաբերվելու դեպքում կանայք ստանում են կանխարգելիչ բուժում՝ ունենալով առողջ երեխաներ։ Այս ամենի արդյունքում 2016թ. Հայաստանը ճանաչվել է երկիր, որն էլիմինացրել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը. մեր երկրում մորից երեխային ՄԻԱՎ այլևս չի փոխանցվում։


Կարեն Ավագյանն իր ելույթում հատուկ ընդգծել է, որ ցանկացած տիպի պատժիչ օրենսդրություն չի նպաստում էպիդեմիայի վերացմանը, ուստի անհրաժեշտ է հանրային առողջապահական մոտեցումներ ցուցաբերել և կիրառել նոր մեթոդներ՝ բուժումը դիտարկելով որպես կանխարգելում։


Կարեն Ավագյանը և առողջապահական խմբի մյուս անդամներն այցելել են Սանկտ Պետերբուրգի ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն, հանդիպումներ են ունեցել Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի, այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Պարոն Ավագյանը հանդիպումների ընթացքում բարձրացրել է իր մտահոգությունները, որոնք առանչվում են Ռուսաստանի կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամբ կիրառվող ճամփորդական արգելքներին, մասնավորապես, այդ մարդկանց արտաքսմանը։ ՌԴ օրենսդրական այս դրույթը առնչվում է նաև Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնողներին։ Որպեսզի խուսափեն ՌԴ-ից արտաքսումից, չպաշտպանված սեռական հարաբերություններ ունեցած միգրանտները չեն հետազոտվում և լինելով ՄԻԱՎ վարակակիր ու շատ դեպքերում տեղյակ չլինելով այդ մասին՝ վարակում են իրենց կանանց։ Կարեն Ավագյանը, վկայակոչելով հայաստանյան փորձը, առաջարկել է ՌԴ իրավասու մարմիններին քննարկել օրենսդրական նորմերը մեղմելու հարցը։

Դիտվել է՝ 2182

Մեկնաբանություններ