Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ընտրություններ 2018` Կրեմլը պատրաստվում է

Ընտրություններ 2018` Կրեմլը պատրաստվում է
18.10.2017 | 14:30

Ռուսաստանի նախագահի ընտրություններից 4 ամիս առաջ Կրեմլը որոշակիություն չի մտցնում ընտրարշավի գլխավոր ինտրիգում` ովքե՞ր են նախագահ Պուտինի մրցակիցները լինելու: Ոչ հրապարակային խորհրդակցությունների մի քանի ամիսներից հետո պաշտոնյաները վճռեցին` Պուտինի գլխավոր ընդդիմախոսը` Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին թեկնածու չի գրանցվի: Նրա` ընտրություններին մասնակցության անհնարինության մասին երեքշաբթի հայտարարեց ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան: Պուտինը դեռ չի հայտարարել իր մասնակցության մասին:

«Լևադա» կենտրոնի հոկտեմբերին արված հարցումների տվյալներով` նա անվիճելի թիվ 1 թեկնածուն է, նրան ձայն կտա ընտրողների 64 %-ը, որ մտադիր է ընտրությունների գնալ: Կրեմլը մտահոգված է ոչ թե Պուտինի ընտրությամբ, այլ` ընտրություններին մասնակցությամբ: Ռուսների հետաքրքրությունը կանխորոշված ընտրությունների նկատմամբ մեծ չէ` 2016-ի Պետդումայի և 2017-ի ռեգիոնալ ընտրություներին մասնակիցները սակավաթիվ էին: Ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու, մասնակցությունը մեծացնելու ու ինտրիգ ստեղծելու համար Կրեմլում քննարկում էին անգամ Նավալնուն գրանցելու հնարավորության հարցը` տարեսկզբին գրում էր Bloomberg-ը: Նավալնին ամենահանրաճանաչ ռուս ընդդիմադիրներից մեկն է` «Լևադա» կենտրոնի հարցումներով` նրա մասին գիտի հարցվածների 55 %-ը: Ընտրարշավին Նավալնու մասնակցության հավանականության քննարկման մասին կողմնակի վկայում են և ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովայի մեկնաբանությունները` հուլիսին նա ասում էր, որ Նավալնին գրանցվելու շանս ունի, եթե հրաշք լինի` հանվի նրա դատվածությունը կամ փոփոխություններ լինեն օրենքներում: «Ոչ մի խորամանկության կամ կոնկրետ քաղաքացուն օրենսդրության հարմարեցման նախագահի աշխատակազմը չի գնա»` հավատացրել են նախագահի աշխատակազմում: Հիմա Պամֆիլովան առավել կատեգորիկ է: Երեքշաբթի, ելույթ ունենալով Սոչիում երիտասարդության ու ուսանողների համաշխարհային փառատոնում` ԿԸՀ նախագահը կտրուկ հայտարարեց, որ Նավալնին հիմա իրավունք չունի մասնակցել առաջիկա ընտրություններին: «Ինչ-որ ժամանակ` 2028-ին+ 5 ամիս»` հաշվեց Պամֆիլովան, թե Նավալնին ե՞րբ կարող է նախագահի թեկնածու դառնալ։

Նավալնիին չգրանցելու որոշումն ընդունվել է և միանշանակ է: «Քվեաթերթիկում նրա ներկայությունը կամ բացակայությունը չի ներգործելու ընտրությունների նկատմամբ հետաքրքրության և մասնակցության վրա` առանց այդ էլ ընտրությունները հետաքրքիր են ընտրողների համար»` հայտարարել է կրեմլամերձ ЭИСИ փորձագիտական կենտրոնի տնօրեն Գլեբ Կուզնեցովը։ «Ինչու՞ պիտի ինչ-որ մեկը ինտրիգ հնարի: Բոլոր արտաքին ինտրիգները և մամուլին հետաքրքիր թեկնածուների ցանկը ոչ մի կերպ չեն ազդում մասնակցության վրա։ Հանրաքվեատիպ ընտրությունները նույնիսկ ավելի մեծ մասնակցություն են ունենում, քան մրցակցայինները»` ամփոփում է Գլեբ Կուզնեցովը:


Ալեքսեյ Նավալնին ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին հայտարարեց 2016-ի դեկտեմբերին: Այդ ժամանակից նա ակտիվ քարոզչություն է վարում` բացել է 79 ընտրական շտաբ Ռուսաստանի տարբեր ռեգիոններում (վիճակագրությունը նրա նախընտրական սայթից է) և բողոքի բազմահազարանոց ակցիաներ է կազմակերպել։ Շտաբները որոնում են կողմակիցների, որ կօգնեն Նավալնուն գրանցվել ինքնառաջադրումով` օրենքով նա պիտի հավաքի 300 000 ստորագրություն։ Սեպտեմբերին Նավալնու ընտրության իրավունքին իր աջակցությունը հայտնեց ԵԽ նախարարների կոմիտեն, որ վերահսկում է ՄԻԵԴ-ի որոշումների կատարումը` կոմիտեն անհանգստություն հայտնեց, որ հայցեր ներկայացնողները նախկինի պես տուժում են դատավճիռների հետևանքների պատճառով և առաջարկեց ՌԴ իշխանություններին հետևանքների վերացման ճանապարհներն արագորեն օգտագործել, մասնավորապես` ընտրություններին Նավալնու մասնակցության արգելքի դեպքում։


Սակայն ռուսական օրենքներով Նավալնին չի կարող մասնակցել 2018-ի ընտրություններին: 2013-ին Կիրովի դատարանը նրան դատապարտել է 5 տարվա պայմանական ազատազրկման «Կիրովլեսի» գործով։ Դատվածությունը մարելուց հետո 10 տարի նա չի կարող առաջադրվել նախագահի թեկնածու։ Մեկ անգամ Նավալնու փաստաբաններին հաջողվեց դատավճիռը վիճարկել` 2016-ի փետրվարին ՄԻԵԴ-ն ընդունեց, որ ռուսական կողմը խախտել է Նավալնու և երկրորդ դատապարտյալ Պյոտր Օֆիցերովի արդար դատավարության իրավունքները։ ՌԴ Գերագույն դատարանը բեկանեց դատավճիռը և ուղարկեց նոր հետաքննության ու Նավալնին քվեարկվելու ժամանակավոր իրավունք ստացավ:


Բայց 2017-ի սկզբին նույն Կիրովի դատարանը նորից նրան պայմանական դատապարտեց, մայիսին դատավճիռն ուժի մեջ մտավ և Նավալնին հիմա նորից զրկված է առաջադրվելու իրավունքից: Նավալնու կողմնակիցները ընտրություններին մասնակցելու արգելքը անհիմն են համարում: «Ալեքսեյը կարող է քվեարկվել Սահմանադրության հիման վրա` համաձայն որի միայն ազատազրկման վայրերում գտնվող մարդիկ չեն կարող քվեարկվել։ Իսկ որոշումները, որ իրար հետևից ընդունում է ՄԻԵԴ-ը հօգուտ Նավալնու, վկայում են, որ ռուսական դատարանների դատավճիռները նրա նկատմամբ անիրավազոր են և չեն կարող խոչընդոտել ընտրություններին նրա մասակցությանը»` ասել է Նավալնու քարտուղար Կիրա Յարմիշը։ Չնայած Պուտինի գլխավոր քաղաքական ընդդիմախոսից հրաժարվելու որոշմանը, նախագահի աշխատակազմում չեն ցանկանում բավարարվել խորհրդարանական կուսակցությունների ավանդական ներկայացուցիչներով: Դա պետք է` ցույց տալու, որ իշխանության քննադատների ճանապարհը ընտրություններում փակված չէ: «Կա ընկալում, որ արմատական ընդդիմադիրներից ինչ-որ մեկը կցանկանա ներկայանալ: Կամ Դմիտրի Գուդկովը կցանկանա իրեն գովազդել քաղաքապետի ընտրություններից առաջ, կամ Լև Շլոսբերգը»` ասել են նախագահի աշխատակազմից: Եթե նրանք ցանկանան ընտրություններին մասնակցել, Կրեմլը չի խոչընդոտի: Սակայն այդ թեկնածուները առաջադրվել չեն ծրագրում: «Яблоко»-ի Պսկովի մասնաճյուղի ղեկավար Լև Շլոսբերգն ասել է, որ կպաշտպանի կուսակցության նախագահ Գրիգորի Յավլինսկու թեկնածությունը, որ կառաջադրվի կուսակցության դեկտեմբերին նախատեսված համագումարում: Նախկին պատգամավոր Դմիտրի Գուդկովը նույնպես ասել է, որ «Յավլինսկու հետ համաձայնություն ունի»։


Հաստատ իր թեկնածուին կառաջադրի Աճի կուսակցությունը, հիմա ներկուսակցական պրայմերիզով փորձում են որոշել թեկնածուին: РБК-ն հաղորդել էր, որ նախնական ընտրություններին մասնակցում են բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովը, նախկին պատգամավոր Օքսանա Դմիտրիևան, ինտերնետ օմբուդսմեն Դմիտրի Մարինիչևը և բիզնեսմեն Դմիտրի Պոտապենկոն։ Սպասվում է, որ ընտրություններում իրենց թեկնածուներին կառաջադրեն «փոքր կուսակցությունները» ևս, որ Դումայում ներկայացված չեն։ Ընտրությունների ևս մեկ հնարավոր թեկնածու է հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, ում դեմ Կրեմլը առարկություն չունի: Սոբչակը ոչ հաստատել, ոչ հերքել է իր մասնակցությունը: Հոկտեմբերի սկզբին նա առանձնազրույց է ունեցել Պուտինի հետ։
Ավանդաբար ընտրություններին կմասնակցի Պետդումայի եռյակը` լիբերալ դեմոկրատների նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, «Արդար Ռուսաստանի» նախագահ Սերգեյ Միրոնովը: Լիբերալ դեմոկրատները արդեն հաստատել են իրենց մասնակցությունը ու հայտարարել են, որ իրենց թեկնածուն Վլադիմիր Ժիրինովսկին է։ «Արդար Ռուսաստանը» որոշում կընդունի կուսակցության համագումարում։ Կոմկուսը ևս պաշտոնապես իր մասնակցության մասին կհայտարարի դեկտեմբերին` համագումարից հետո։ Սեպտեմբերին ընտրություններին մասնակցելու մտադրություն է հայտնել Բորիս Յակիմենկոն` «Մերոնք» շարժման հիմնադիր ու նախկին ղեկավար Վասիլի Յակիմենկոյի եղբայրը: Նախագահի թեկնածու դառնալու ցանկություն ունի քաղտեխնոլոգ Անդրեյ Բոգդանովը, որ նաև 2008-ի ընտրություններին էլ է մասնակցել ու ստացել 1,29 %:


Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել ընտրություններին մասնակցության մասին, սակայն ամբողջ թափով նախապատրաստվում է: Սպասվում է, որ նա կհայտարարի դեկտեմբերին:
Թեկնածուների մեջ ռեալ ընդդիմախոսի ներկայությունը, որ լրջորեն կքննադատեր Պուտինին, իհարկե, կմեծացներ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը` ասում է քաղաքագետ Աբաս Գալյամովը: Բայց Նավալնուն գրանցելու պլյուսներն այդքանով ավարտվում են, մինչդեռ մինուսները ավելի շատ են: «Գրանցելով Նավալնուն` փաստացի ընդունում ես, որ նա ամերիկյան լրտես չէ, թեպետ առաջ հակառակն էին պնդում։ Մեր ժողովուրդն այդ լիբերալիզմը պարզապես չի հասկանա»` ասում է Գալյամովը։ Բացի այդ` հասկանալի չէ` ինչպե՞ս իրեն կպահի Պուտինի ընտրողը, երբ Առաջին ալիքով լսի ընդդիմախոսի բացահայտումները: «Ոչ ոք չի կարող կանխատեսել նրա արձագանքը: Որքան էլ բարձր է Պուտինի վարկանիշը, հիմքում քննադատության բացակայությունն է»` կարծում է քաղաքագետը։ Վերջապես` Նավալնու գրանցումը կարող է ոգևորել նրա կողմնակիցներին և բարոյալքել իշխանական ընտրողներին` ասում է Գալյամովը. «Նավալնին անպայման իր գրանցումը կմեկնաբանի որպես հաղթանակ: Արդյունքում նրա կողմնակիցները 100 %-ով կմասնակցեն ընտրություններին և ամբողջ ընտրարշավը վերելքով կանցկացնեն` իրենց ճամբար տանելով տատանվող ընտրողների մեծ մասին»։ «Նավալնին ունի՞, թե՞ չունի ընտրություններին մասնակցելու իրավունք` սուտ հարց է: Նա արդեն այդ ընտրությունների մասնակից է: Բայց ամեն ինչ առջևում է։ Ընտրարշավը կսկսի սրվել դեկտեմբերին և հավանաբար կլինեն իշխանությունների բախումներ այն քաղաքացիների հետ, որ կպահանջեն գրանցել Նավալնուն»` կարծում է քաղաքագետ Գլեբ Պավլովսկին: Նրա կարծիքով` Պուտինը կպահի ինտրիգը` նա «մտադիր է պայթեցնել ընտրարշավը, որին դեռ չի մասնակցում»։ «Ես կարծում եմ` այսօր չկա Կրեմլի միասնական կարծիք, կան տարբեր տեսակետներ, որ վերջնականապես ձևավորված չեն, քանի որ չկա քաղաքական բաց հարթակ, որտեղ կարող են բարձրաձայնվել»` ասում է Գլեբ Պավլովսկին:
Պյոտր ԿՈԶԼՈՎ, ВВС


Հ.Գ. Ընդամենն ավարտել Սիրիայի պատերազմը` հաղթելով «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումներին ու ստեղծել Բաշար Ասադի հետագա նախագահության նախապայմաններ, ավարտել ՈՒկրաինայի քաղաքացիական պատերազմը` անջատելով Դոնեցկն ու Լուգանսկը, բարելավել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունները, ՆԱՏՕ-ին հեռացնել ՌԴ սահմաններից, հանել տալ ՌԴ-ի պատժամիջոցները, վերականգնել նավթի ու գազի նախկին գները` ապահովելով պետբյուջեի նախկին մուտքերը, հնարավորինս շատ զենք վաճառել` ապահովելով ռազմարդյունաբերական համալիրի շահութաբերությունը և նոր բարձունքներ նվաճել ձյուդոյում ու ստորջրյա ձկնորսության մեջ` ահա ՌԴ նախագահի չհրապարակված ծրագիրը, որը կատարելու համար նա պիտի ընտրվի ու կընտրվի: Իսկ ընտրությունից հետո ո՞ր իշխանությունն է 100 տոկոսով կատարում խոստումները: Եթե կատարի, ի՞նչ կմնա հաջորդ իշխանությանը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ